Մասնակից:O'micron/Ուկրաինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռելիեֆ, օգտակար հանածոներ և հողածածկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ռելիեֆը աչքի է ընկնում բազմազանությամբ։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են ոչ բերրի տափաստանները և սարավանդները։ Լեռնային տարածությունները զբաղեցնում են տարածքի ոչ ավելի քան 5%-ը[1]։ Ուկրաինայի տարածքի մեծ մասը պատկանում է Արևելաեվրոպական հարթավայրի հարավ-արևմտյան վերջույթին և աչքի է ընկնում իր հարթ տեղանքով[2]։ Հարթավայրերն ունեն բարձրադիր և ցածրադիր շրջաններ, որոնք առաջացել են Արևելաեվրոպական պլատֆորմի հիմքերի ոչ հավասար բյուրեղացման հետևանքով։ Ուկրաինայի տարածքում են գտնվում հետևյալ ցածրավայրերը՝ հյուսիսում Պոլեսյան, երկրի կենտրոնում Մերձդնեպրյան և հարավում Մերձսևծովյան ցածրավայրերը։ Ուկրաինայի տարածքի բարձրավայրերն են՝ Վոլինյան, Պոդոլյան, Մերձդնեպրյան, ինչպես նաև հետևյալ բլրաշարերը՝ Տովրիները արևմուտքում, Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշարը հյուսիսում, Դոնեցի բլրաշարը և Մերձազովյան դաշտավայրը հարավ արևելքում։ Երկրի տարածքի մոտ 5%-ը զբաղեցնում են լեռները՝ Ուկրաինյան Կարպատները (բարձրությունը՝ 2061 մ) հարավ-արևմուտքում և Ղրիմի լեռները Ղրիմի թերակղզու հարավում։

Ուկրաինական Կարպատների լանդշաֆտը
Պրոտյատե Կամենին Ուկրաինայի տեղական նշանակության բնության երկրաբանական հուշարձան է՝ գեղատեսիլ ժայռերի խումբ։ Ժայռերը գտնվում են Ուկրաինական Կարպատներում՝ Չեռնովցիի շրջանի շրջակայքում։
Արշիցիան գեղատեսիլ բնավայր է Գորգան լեռնազանգվածում։ Գտնվում է Իվանո-Ֆրանկիվսկի մարզի Ռոժնատիվ շրջանի սահմաններում։

Ուկրաինայի տարածքում գտնվող Արևելաեվրոպական հարթավայրը բաղկացած է բարձրադիր և ցածրադիր շրջաններից: Դեպի արևելք՝ Հարավային Բուգի և Դնեպրի միջև, գտնվում է Մերձդնեպրյան բարձրավայրը[3] (բարձրությունը մինչև 323 մետր): Բարձրավայրի հյուսիսային մասը մտնում է անտառատափաստանային գոտու մեջ, հարավայինը՝ տափաստանային։ Բարձրավայրում են գտնվում երկաթի և մանգանի հանքավայրեր։ Հյուսիս-արևելքից այն հարում է Դոնեցի բլրաշարին (367 մետր բարձրությամբ ամենաբարձր կետը՝ Մոհիլա-Մեչետնայա լեռ), որի տարածքում հաճախ հանդիպում են մարդկային տնտեսական գործունեության արդյունքում առաջացած թափոնների կույտեր, քարհանքեր և ռելիեֆի այլ ձևեր։ Ջրային հոսքերը կարելի է բաժանել երեք մասերի՝ հյուսիսային (Սևերսկի Դոնեցի), հարավային (Ազովի ծով) և արևմտյան (Դնեպրի ավազան)։

«Չարիվնա Հավան» ազգային բնության պարկը բնության հատուկ պահպանության տարածք է Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Սև ծովի հարևանությամբ։

Ուկրաինայի հյուսիսային մասը զբաղեցնում է Պոլեսիեի դաշտավայրի հարավը[2]՝ միջինում 150-200 մետր բարձրություններով, որի հարավային մասում իր հերթին առանձնանում է Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշարը (բարձրությունը մինչև 316 մետր)[3]։ Վերջինիս հարթ մակերևույթը (տեղ-տեղ խորդուբորդ, էոլիական լանդշաֆտներով) կազմված է հնագույն գետային սառցադաշտային և բերուկային հանքավայրերից: Դաշտավայրի մեծ մասում տարածվում են անտառներն ու ճահիճները (Պինսկի կամ Պրիպյատի ճահիճներ)։ Հարավ-արևելքում այն ​​աստիճանաբար անցնում է դեպի Մերձդնեպրյան ցածրավայր, որը ձգվում է Դնեպրի ձախ ափով (Սլավուտա)։ Մերձդնեպրյան ցածրավայրը բաղկացած է Դնեպրի լայն հովիտից՝ նրա ողողադաշտի տերասներով։ Մերձդնեպրյան ցածրավայրի սահմաններում առանձնացնում են երկու ենթաշրջան՝ Մերձդնեպրյան հարթավայրը և Պոլտավայի հարթավայրը։ Ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, այդ թվում առկա են գազի և նավթի հանքավայրերով[3]։

Ուկրաինայի հարավային շրջանները զբաղեցնում է Մերձսևծովյան դաշտավայրը[3], որն իրենից ենթադրում է տափարակ, Սև ծով և Ազովի ծովին հարող, դեպի հարավ թույլ թեքությամբ հարթավայր Դանուբի դելտայի և Կալմիուս գետի միջև։ Մերձսևծովյան դաշտավայրը կազմված է պալեոգեն և նեոգեն ծովային նստվածքային ապարներից (կրաքարեր, ավազներ, կավեր), որոնք ծածկված են դեղնահողերով և դեղնահողանման ավազակավերով[2]։ Այստեղ գերակայում են տափաստանային լանդշաֆտները հարավային սևահողերով և մուգ-շագանակագույն հողերով։ Հյուսիսային Ղրիմի հարթավայրերը Սև ծովի հարթավայրի շարունակությունն են, բացառությամբ Կերչի թերակղզու, որն առանձնանում է իր խորդուբորդ տեղանքով և ցեխահրաբուխների առկայությամբ։ Ափամերձ հարթավայրերը հարավում աստիճանաբար փոխարինվում են Ղրիմի լեռների երեք լեռնաշղթաներով, որոնցից ամենաբարձրը Ղրիմի գլխավոր լեռնաշղթան է (ամենաբարձրը՝ Ռոման-Կոշ, 1545 մետր)։

Ուկրաինայի արևմուտքում ձգվում են երկրի ամենից բարձրալեռնային շրջանները՝ Կարպատները[3]։ Կարպատյան Ուկրաինան իրենից ներկայացնում է Արևելյան Կարպատների նեղացած (մինչև 60-100 կմ) և իջեցված մասը, և բաղկացած է հյուսիս-արևմուտքից ձգվող մի շարք զուգահեռ լեռնաշղթաներից։ Այստեղ է գտնվում Ուկրաինայի ամենաբարձր գագաթը՝ Հովերլա լեռը 2061 մետր բարձրությամբ։ Ուկրաինական Կարպատների հարավ-արևմտյան նախալեռներում գտնվում է Անդրկարպատյան հարթավայրը (միջին բարձրությունը՝ 100-120 մետր):

Երկրի ընդերքը շատ հարուստ է օգտակար հանածոներով: Նշանավոր են Կրիվիյ Ռիհի երկաթահանքային, Նիկոպոլի մանգանահանքային, Դոնեցկի ածխային ավազանները: Կան սնդիկի, տիտանի, բոքսիտների, նեֆելինի, գրանիտի, կրաքարի, մարմարի, գրաֆիտի հանքավայրեր[4]: Շատ են հանքային բուժիչ ջրերը:

  1. «Geographical location of Ukraine». www.ukrexport.gov.ua. Վերցված է 2024-03-13-ին.
  2. 2,0 2,1 2,2 Маринич А. М., Пащенко В. М., Шищенко П. Г. Природа Украинской ССР. Ландшафты и физико-географическое районирование. — К. : Наукова думка, 1985. — 224 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Рельєф України. Навчальний посібник / Ред. Стецюк В. В. — К. : Видавничий дім «Слово», 2010. — 688 с.
  4. Заставний Ф. Д. Географія України. У 2-х кн / Ред. M. П. Парцей. — Л. : Світ, 1994. — 472 с. — ISBN 5-7773-0043-8.