Հիտլեր։ Հրեշի վերելքը
Հիտլեր։ Հրեշի վերելքը անգլ.՝ Hitler: The Rise of Evil | |
---|---|
Երկիր | Կանադա |
Ժանր | կենսագրական ֆիլմ և պատմական ֆիլմ |
Թեմա | Ադոլֆ Հիտլեր և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2003 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քրիստիան Դյուգեյ |
Սցենարի հեղինակ | Ջոն Փիլմեյեր |
Դերակատարներ | Ռոբերտ Քարլայլ, Սթոքարդ Չենինգ, Ջենա Մելոուն, Ջուլիանա Մարգուլիս, Մեթյու Մոդայն, Լև Շրայբեր, Պետեր Ստորմարե, Ֆրիդրիխ ֆոն Տուն, Փիթեր Օ'Թուլ, Զոի Թելֆորդ, Թերենս Հարվի, անհայտ, Քրիս Լարքին, Ջեյմս Բեբսոն, Հարվի Ֆրիդման, անհայտ, Թոմաս Սանգստեր, Ռոբերտ Գլենիսթեր, Իեն Հոգ և Բրենդան Հյուզ |
Օպերատոր | Պիեռ Ջիլ |
Երաժշտություն | Նորման Քորբեյլ |
Նկարահանման վայր | Չեխիա |
Կինոընկերություն | Alliance Atlantis |
Տևողություն | 180 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Հիտլեր։ Հրեշի վերելքը» («Հիտլեր։ Չարի ընդվզումը», անգլ.՝ Hitler: The Rise of Evil), Ադոլֆ Հիտլերի կյանքի մասին պատմող կանադական մինիսերիալ, որը բաղկացած է երկու սերիայից։ Ռեժիսորը Քրիստիան Դյուգեյն է։ Ֆիլմն արժանացել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» և «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգերում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն սկսվում և ավարտվում է անգլիացի պահպանողական փիլիսոփա և քաղաքական գործիչ Էդմոնդ Բյորկի հետևյալ խոսքով[2], որն ուղղված էր Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Ֆրանսիայում դեմոկրատական կարգեր հաստատելու դեմ.
Միակ բանը, որն անհրաժեշտ է չարի հաղթանակի համար, այն է, որ լավ մարդիկ ոչինչ չանեն։ |
Ֆիլմի սկզբում ցուցադրվում են մի քանի հատվածներ Ադոլֆ Հիտլերի կյանքից 1899-1907 թվականներին։ 10 տարեկանում Հիտլերը (Թոմաս Սանգստեր) իրեն շատ վեհ էր պահում և չէր լսում իր խիստ հորը՝ Ալոիսին (Յեն Հոգ), իսկ նրան սիրող մայրը՝ Կլարան (Ստոկարդ Չենինգ), հավատում էր, որ որդին ունի նկարչական ընդունակություններ, և աջակցում էր նրան։ Հայրը մահանում է սրտի կաթվածից, բայց Ադոլֆն անգամ չի տխրում։ Հոր մահից հետո 17-ամյա Հիտլերն (Սայմոն Սալիվան) իր փաստաթղթերը ներկայացնում է Վիեննայի արվեստի ակադեմիա, բայց մերժում է ստանում «տաղանդի պակասի» պատճառով։ Իմանալով մոր մահվան մասին՝ նա ընդմիշտ տեղափոխվում է Վիեննա, որտեղ շուտով նրա գումարը վերջանում է, և նա ստիպված գիշերում է փողոցներում։ Ավստրիայում այդ ժամանակ ծաղկում էր հակասեմականությունը, ինչը Հիտլերին օգնում է գտնել իր անհաջողությունների պատճառ հանդիսացողներին։
1914 թվականին արդեն չափահաս Հիտլերին (Ռոբերտ Կարլայլ) զորակոչում են գերմանական բանակ Առաջին աշխարհամարտի սկսվելու պատճառով։ Շատ դժվարությունների միջով անցնելուց հետո նրա կոչումը բարձրացնում են եֆրեյտորի աստիճանի, սակայն զինվորականների շրջապատում նրան այդքան էլ չէին հարգում և ծաղրում էին, քանի որ նրա բնավորությունը շատ դյուրաբորբոք, չշփվող և ուներ հակասեմական և հակամարքսիստական աշխարհահայցքներ։ Նրան պարգևատրում են նաև Երկաթե խաչ շքանշանով, բայց Հիտլերը դրան շատ էմոցիոնալ է արձագանքում և վստահեցնում, որ նա իրենց գնդի միակ արժանի հակասեմական զինվորականն է, ինչը անըմբռնողություն է առաջացնում նրա և նրա հրեա հրամանատարի միջև։ Պատերազմի վերջում, երբ գերմանական զորքերը նահանջում են, Ադոլֆը թունավորվում է գազային ռումբից, և նրան ուղարկում են հոսպիտալ, որտեղ նա պնդում էր, որ թույլ տան վերադառնալ մարտի դաշտ։ Ավելի ուշ նա իմանում է, որ գերմանական բանակը անձնատուր է եղել, ինչի պատճառով նրա մոտ նյարդային պոռթկում է առաջանում, և նա երդվում է փոխել պատմությունը և պատերազմում հաղթել ամեն գնով։
Հիտլերը վերադառնում է Մյունխեն, որը 1919 թվականին լի էր քաղաքական բողոքներով ու տարբեր կուսակցություններով։ Բանակային ղեկավարությունը Հիտլերին աշխատանքի է վերցնում՝ հանձնարարելով հետևել նոր կուսակցությունների գործունեությանը և տեղեկություններ հավաքել նրանց ծրագրերի մասին։ Այն բանից հետո, երբ նա ներկա է գտնվում գերմանական բանվորական կուսակցության ժողովին, նրան նկատում է նրանց ղեկավար Անտոն Դրեկսլերը (Ռոբերտ Գլենիստեր) և Հիտլերին առաջարկում ելույթ ունենալ իր սեփական ճառերով և օգնել իրենց ագիտացիոն աշխատանքով։ Հիտլերի ճառերի թեման չէր փոխվում. նա քարոզում էր, որ Առաջին աշխարհամարտում Գերմանիային դավաճանել են դաշնակից երկրները, և որ կոմունիստները, հրեաները և ներգաղթյալները ներսից քանդում են երկիրը։ Ժամանակի ընթացքում կուսակցություն են մտնում ավելի ու ավելի շատ մարդիկ, իսկ Հիտլերի ժողովրդականությունը դրա հետ մեկտեղ աճում էր։ Կուսակցությունով սկսում է հետաքրքրվել հաջողակ ձեռնարկատեր Էռնստ Հանֆշտենգելը (Լև Շրայբեր), ով Հիտլերին առաջարկում է ստեղծել սիմվոլիկա։ Արդյունքում Հիտլերը խուզում է իր բեղերը և որպես խորհրդանիշ ընտրում է սվաստիկան։ էռնստ Հանֆշտենգելն ապագա դիկտատոր Հիտլերին ծանոթացնում է բազմաթիվ բարձրաստիճան մարդկանց հետ, որոնցից էր նաև Հերման Գյորինգ (Քրիս Լարկին), ով հետագայում կուսակցությանն օգնում է ֆինանսական հարցերով։ Հիտլերը գնում է իր սեփական թերթը և Էռնեստ Ռյոմին (Պետեր Ստորմարե) նշանակում է գրոհային ջոկատի (ՍԱ) ղեկավար, ով նաև ղեկավարում էր նրա անձական թիկնապահական խումբը և կազմակերպում խառնաշփոթներ փողոցներում՝ գրոհելով հրեաների վրա։ Կոլեկտիվի նոր տրամադրություններն ու ուշադրության տեղափոխումը բանվորական դասակարգից բարձր խավի վրա անհանգստացնում են Դրեկսլերին, ով ցանկանում էր միավորվել մեկ այլ աջ կուսակցության հետ, սակայն ստանում է Հիտլերի կտրուկ մերժումը։ Ադոլֆն ասում է, որ կհամաձայնի, եթե Դրեկսլերին զրկեն լիազորություններից։ Վերջինս համաձայնվում է, և 1921 թվականին Ադոլֆ Հիտլերը պաշտոնապես դառնում է անվանափոխված Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ֆյուրեր[3]։
1923 թվականին Գերմանիայում տնտեսական վիճակը վատթարանում է, և բավարիական կոմիսիար Գուստավ ֆոն Կարը (Տերենս Հարվի) Հիտլերին արգելում է անցկացնել ցույցեր, քանի որ համարում է, որ ագիտացիոն ՆՍԳԲԿ-ն ավելի մեծ վրդովմունք է առաջացնում քաղաքում։ Հանֆշտենգելը ֆյուրերին ծանոթացնում է ֆոն Կարի ճառերի հեղինակ և լրագրող Ֆրից Գերլիխի (Մեթյու Մոդայն) հետ։ Հիտլերը հույս ուներ, որ կարող է Գերլիխի միջոցով Կարին համոզել միանալ կուսակցությանը։ Սակայն Գերլիխը նրա հետ առաջին հանդիպման ժամանակ հասկանում է, որ նա ունի հոգեկան խնդիրներ։ Հասկանալով գաղափարախոսության ամբողջ վտանգը՝ նա փորձում է ֆոն Կարին տրամադրել ֆյուրերի դեմ։ Գուստավ ֆոն Կարը փորձում է խորամանկության դիմել՝ Հիտլերին համոզելով, որ ինքը պատրաստվում է Բեռլինում կառավարության դեմ կազմակերպել ռազմական հեղափոխություն, և Հիտլերը պետք է լռի, այլապես նա չի կարող դրանում ոչ մի դեր խաղալ։
Հիտլերն իմանում է, որ դա միայն պայմանական գործողություն է, և Կարը չի պատրաստվում համագործակցել իր հետ։ Հիտլերը զենքի սպառնալիքով Կարին և նրա համագործակիցներին ստիպում է ստորգրել խռովարության պլանը։ Որպեսզի նրան համոզի համագործակցել, Հիտլերն ստանում է կարևորագույն գեներալներից մեկի՝ Էրիխ Լյուդենֆորդի (Ֆրիդերիկ ֆոն Տուն) համաձայնությունը։ Ռյոմը և նրա ջոկատը Բեռլին ուղևորվելու համար պլանավորում են բռնագրավել զենքերի պահեստը։ Սակայն Լյուդենֆորդն ազատ է արձակում ֆոն Կարին ու բավարիական բանակին տեղեկացնում է Հիտլերի պլանների մասին, և պլանավորված խռովությունը արագորեն ցրում են։ Պարտված Հիտլերը գնում է Գանֆշտենգլեյի տուն, որտեղ Հելենը (Ջուլիանա Մարգուլիս) կասեցնում է ինքնասպանության փորձը՝ նրա դողացող ձեռքից վերցնելով հրացանը։
Այնտեղ էլ Հիտլերին ձերբակալում են իրավապահ մարմինները։ Դատի ժամանակ Ադոլֆը, օգտագործելով իր թատերական ընդունակությունները ու պերճախոսությունը, ֆոն Կարին ու կառավարությանը մեղադրում է ազգի դավաճանության մեջ։ Դատարանը մեղմացնում է պատիժը և ենթարկում ինն ամիս ազատազրկման, որի ընթացքում ֆյուրերը գրում է իր ինքնակենսագրությունը՝ «Մայն Կամպֆը» («Իմ պայքարը»)։ Ազատվելուց հետո Հիտլերին դիմավորում է Գանֆշտենգլեյի ընտանիքը։ Էռնստը փոխում է իր կարծիքը Հիտլերի մասին և հրաժարվում է տպագրել գիրքը։ Նրանց հարաբերությոններն ավելի են վատթարանում՝. Հիտլերը համակրում էր Էռնստի կնոջը՝ Հելեն Հանֆշտենգելին, ում շնորհակալ էր իր կյանքը փրկելու համար։
1925 թվականին Հիտլերը լքում է քաղաքը։ Նրա խորթ քույրը՝ Անժելան (Ջուլի Էն Հասեթ) և նրա դուստր Գելի Ռաուբալը (Ջենա Մալոուն) ապրում են նրա հետ։ Շուտով Հիտլերն սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել գեղեցկուհի Գելիի հետ, ում փորձում է միշտ պաշտպանել։ Հիտլերը որոշում է վերականգնել իր կուսակցությունը և Գելիի հետ մեկնում է Մյունխեն։ Լյուդենորֆին մեղադրվելով խռովարության ձախողման համար՝ Հիտլերը վստահեցնում է, որ միայն ռազմական ուժերի վրա կենտրոնանալով՝ կուսակցությունը չի կարող տեղ ստանալ կառավարությունում և երկրի վրա ազդեցություն թողնել։ Այդպիսով նա ընտրում է ավելի օրինական և դեմոկրատիական ճանապարհ՝ հաղթել ընտրություններում։ Նման գործողությունները դուր չեն գալիս Ռյոմին, քանի որ նա կարծում էր, որ միայն ռազմական ուժի շնորհիվ կարելի է կառավարել երկիրը։ Սակայն նոր պլանն արժանանում է կուսակցության շատ անդամների, այդ թվում նաև հայտնի ագիտատոր Յզեֆ Գեբելսը (Ջասթին Սելինջեր) հավանությանը։
1920-ականների երկրորդ կեսին Գերմանիայի տնտեսական վիճակն ավելի վատացավ։ Այդ ընթացքում կուսակցությունն ավելի շատ տեղեր էր ստանում Ռայխստագում։ Գերլիխը, անհանգստանալով Հիտլերի հայտնիության աճից, գրում է մի քանի ընդդիմադրական հոդվածներ՝ Հիտլերին և ՍԱ-ին մեղադրելով մամուլի ցենզուրային կառավարման մեջ։ Թերթի գլխավոր խմբագիրը չի ցանկանում ռիսկի դիմել և հեռացնում է Գերլիխին։ Սակայն Գերլիխը շուտով ստեղծում է իր սեփական թերթը, որը հրատարակվում է նույն հրատարակությունում, ինչ Հիտլերի թերթը, որովհետև հասկանում էր, որ միայն այդ հրատարակությունը երբեք չի փակվի։
Այդ ընթացքում Գելիի հոգեկան վիճակը խանգարվում է, քանի որ Հիտլերը շատ էր նրա մասին հոգ տանում՝ դրանով իսկ մեծ ճնշում գործադրելով նրա վրա։ Գելին ինքնասպան է լինում։ Նրա մահից հետո Հիտլերը ծանոթանում է Եվա Բրաունի (Զոուի Թելֆորդ) հետ, ով շուտով դառնում է նրա պաշտոնական կինը։ Նա նույնպես մեծ ճնշում է զգում Հիտլերի մեծ հոգատարությունից և փորձում է ինքնասպան լինել, ինչն ավարտվում է անհաջողությամբ։ Եվան Հիտլերին աղաչում է ներել իր հիմար և կուսակցության գործունեությանը խանգարող արարքի համար։
1932 թվականին Հիտլերը փորձում է ստանալ Գերմանիայի քաղաքացիություն, քանի որ առանց դրա հնարավոր չէր դառնալ նախագահի թեկնածու։ Սակայն նրան մերժում են, բայց կուսակցությունը ավելի ու ավելի շատ տեղեր էր զբաղեցնում է Ռայխստագում, ինչը նրան ստիպում էր Պաուլ ֆոն Հինդենբուրգից (Պիտեր Օ'Թուլ) պահանջել կանցլերի պաշտոնը։ Հինդենբուրգը կանցլերի պաշտոնի համար հրավիրում է Ֆրանց ֆոն Պապենին և Կուրտ ֆոն Շլայդերին, բայց երկուսն էլ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։ 1933 թվականին Հինդենբուրգը, այլ ընտրություն չունենալով, պաշտոնը տալիս է Ադոլֆ Հիտլերին։ Նրա հրամանով Գերինգը և Գեբելսը հետևում են իշխանության գրավման իր պլանին։ Ռայխստագում հրդեհ է տեղի ունենում, ինչում մեղադրում են կոմունիստներին, և այդ դեպքը Հիտլերը օգտագործում է հօգուտ իրեն՝ ասելով, որ ինքն այդ ամենը կարող էր կանգնեցնել, եթե ունենար միապետի լիազորություններ։ Նա նաև պահանջում է քաղաքացիական իրավունքների սահմանափակում և մամուլի լիակատար վերահսկում։ Գերլիխի թերթը փակում են, իսկ նրան՝ ձերբակալում։
Չնայած նրան, որ Գերմանիան դարձավ ոստիկանական պետություն, և ամեն ինչ վերահսկողության տակ էր, բայց Հիտլերը իրեն անվստահ էր զգում և ցանականում էր մեկընդմիշտ ոչնչացնել ընդդիմադիրների խումբը։ 1934 թվականի հունվարի 30-ին տեղի է ունենում «երկար դանակների գիշերը», ձերբակալվում է Ռյոմը, ով չէր համաձայնում ՍԱ-ն միացնել գերմանական բանակին։ Հիտլերը նրան տալիս է ինքնասպան լինելու հնարավորություն, սակայն նա չի համաձայնում, և նրան գնդակահարում են։ Գերլիխին ուղարկում են Դահաուի համակենտրոնացված ճամբար։ Նրան այնտեղ անընդհատ ծեծում են և հասցնում մահվան, նրա կնոջն առանց պաշտոնական մահվան փաստաթղթի ուղարկում են նրա կոտրված ակնոցի կտորները։ Ֆոն Կարը, Շլայխտերը և այլ քաղաքական գործիչներ, ովքեր դեմ էին Հիտլերին, սպանվում են։ Հանֆշտենգելի և Հիտլերի հարաբերությունները վերջնականապես փչանում են, և նա կնոջ հետ փախչում է երկրից։ Հինդենբուրգի մահից հետո՝ 1934 թվականի օգոստոսին, Հիտլերը միաձուլում է կանցլերի և նախագահի պաշտոնները, ինչը նրան դարձնում է Գերմանիայի բացարձակ կառավարիչ։ Վերջին կադրերում ցուցադրվում են համակենտրոնացման ճամբարները և այնտեղ մահացած մարդկանց դիակները։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատ Դեյվիդ Վիգենդը San Francisco Chronicle թերթում դրական է գնահատել ֆիլմը, ինչպես նաև Ռոբերտ Կարլայլի խաղն բնութագրել է որպես հիանալի[4]։ Վիգենդը նշել է դերասանների հետաքրքիր կերպով բացահայտվող կերպարները, հատկապես Հելենի և Էրնստ Հանֆշտենգելի կերպարները։ Սակայն նա քննադատել է ձանձրալի երկխոսությունները[5]։ Քեն Տակերի բացասական արձագանքը տպագրվել է Entertainment Weekly ամսագրում։ Տակերը ֆիլմն անվանել է «անիմաստ, անստույգ և աղքատ էմոցիաներով»[6][7]։
Սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործադիր պրոդյուսեր Էդ Ջերնոնը հեռացվել է, քանի որ նա Երրորդ Ռայխում գոյություն ունեցած վախի մթնոլորտը համեմատում էր ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում գոյություն ունեցածի հետ[8]։ Ջերնոնի մի քանի կոլեգաներ ասում էին, որ CBS-ը նման որոշում ընդունել է New York Post-ի հոդվածի պատճառով, որը հաստատում է, թե ասվածը Հոլլիվուդի հակաամերիկանիզմի ապացույցն է[9]։
Ֆիլմն արգելված է ցուցադրել Բելառուսում[10]։
Դերասանական անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Կարլայլ - Ադոլֆ Հիտլեր
- Ստոկարդ Չանինգ - Կլարա Հիտլեր
- Ջենա Մելոուն - Գելի Ռաուբալ
- Ջուլիանա Մարգուլիս - Հելեն Հանֆշտենգել
- Մեթյու Մոդայն - Ֆրից Գերլիխ
- Լև Շայբեր - Էռնստ Հանֆշտենգել
- Պետեր Ստորմարե - Էռնստ Ռյոմ
- Ֆրիդրիխ ֆոն Տուն - Էրիխ Լյուդենդորֆ
- Պիտեր Օ'Թուլ - Պաուլ ֆոն Հինդենբուրգ
- Զոի Թելֆորդ - Եվա Բրաուն
- Տերենս Հարվի - Գուստավ ֆուն Կար
- Ջասթին Սալինջեր - Յոզեֆ Գեբելս
- Քրիս Լարկին - Հերման Գյորինգ
- Ջեյմս Բաբսոն - Ռուդոլֆ Հեսս
- Պատրիկ Նետցեր - Սոֆի Գերլիխ
- Հարվի Ֆրիդման - Ֆրիդրիխ Հոլանդեր
- Նիկոլ Մարցիսկա - Բլենդին Էբինգեր
- Ջուլի Էն Հասեթ - Անգելա Հիտլեր
- Թոմաս Սանգստեր - Հիտլեր (10 տարեկան)
- Սիմոն Սուլիվան - Հիտլեր (17 տարեկան)
- Ռոբերտ Գլենիստեր - Անտոն Դրեկսլեր
- Բրենդան Հյուզ - Հյուգո Գուտման
- Իեն Հոգ - Ալոիս Հիտլեր
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակաբաշխություն | Թվական | Կատեգորիա | Անվանակարգվող | Արդյունք |
Ամերիկյան կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխություն | 2004 | Օպերատորի լավագույն աշխատանք | Պիեր Ժիլ | Հաղթանակ |
Նկարիչ-բեմադրողների միության մրցանակաբաշխություն | 2004 | Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք | Մարեկ Դոբրովոլսկի | Առաջադրված |
Կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխություն | 2004 | Օպերատորի լավագույն աշխատանք | Պիեր Ժիլ | Հաղթանակ |
Քասթինգի ոլորտում աշխատողների միության մրցանակաբաշություն | 2004 | Լավագույն քասթինգ | Սյուզան Գլիկսմեն Ալեքս Վալդ և այլք |
Հաղթանակ |
Ամերիկյան ձայնային ֆիլմերի միության մրցանակաբաշխություն | 2004 | Ֆիլմի կամ մինիսերիալի լավագույն ձայնային մոնտաժ | Մարտին Լի | Առաջադրված |
Դիզայների միության մրցանակաբաշխություն | 2004 | Հագուստների լավագույն դիզայն | Մարիա Շիկեր և այլք | Առաջադրված |
Կանադացի ռեժիսորների միության մրցանակաբաշխություն | 2004 | Ֆիլմի կամ մինիսերիալի լավագույն ձայնային մոնտաժ | Ռոբերտ Բերտրոլա և այլք | Առաջադրված |
«Էմմի» պրայմ թայմ մրցանակաբաշխություն | 2003 | Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք | Մարտին Դոբրովոլսկի | Հաղթանակ |
Լավագույն ձայնային մոնտաժ | Թոմ Բելիկ և այլք | Հաղթանակ | ||
Լավագույն հագուստներ | Մարիա Շիկեր և այլք | Առաջադրված | ||
Լավագույն մինիսերիալ | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտական կոմպոզիցիա | Նորման Կորբեյ | Առաջադրված | ||
Լավագույն մոնտաժ | Սիլվեն Լեբել Հենկ Վան Էգեն |
Առաջադրված | ||
Լավագույն տղամարդկային դեր ֆիլմում կամ մինիսերիալում | Պիտեր Օ'Թուլ | Առաջադրված | ||
Ձայնային մոնտաժողների մրցանակաբաշխություն | 2004 | Լավագույն ձայնային մոնտաժ | Ջոն Դուգլաս Սմիթ և այլք | Առաջադրված |
Լավագույն ձայնային մոնտաժ՝ երաժշտության շրջանակում | Յուրի Գորբաչով Կրեգ Պետիգրյու |
Առաջադրված | ||
Լավագույն ձայնային մոնտաժ՝ ձայնային էֆեկտների շրջանակում | Թոմ Բելիկ և այլք | Առաջադրված | ||
ԱՄՆ-ի պրոդյուսերների միության մրցանակաբաշխություն | 2004 | Տարվա հեռուստատեսային պրոդյուսեր | Պիտեր Սուսման և այլք | Առաջադրված |
Արբանյակ | 2004 | Լավագույն տղամարդկային դեր մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում | Ռոբերտ Կարլայլ | Առաջադրված |
Հեռուստատեսային քննադատների ասոցացիայի մրցանակաբաշխություն | 2003 | Լավագույն ֆիլմ կամ մինիսերիալ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Imdb».
- ↑ Boller, Jr., Paul F.; George, John (1989). They Never Said It: A Book of Fake Quotes, Misquotes, and Misleading Attributions. New York: Oxford University Press. ISBN 0-19-505541-1.
- ↑ Amtliches Protokoll
- ↑ Wiegand, David (2011 թ․ հունիսի 24). «An attempt to fathom Hitler / Robert Carlyle conveys depths of tyrant's evil». The San Francisco Chronicle.
- ↑ Wiegand D. (2003 թ․ մայիսի 16). «An attempt to fathom Hitler» (անգլերեն). San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Tucker K. (2003 թ․ մայիսի 18). «Hitler: The Rise of Evil» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ ‘Hitler’ producer Gernon fired
- ↑ «Producer fired for view on Bush». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «'Hitler' producer Gernon fired» (անգլերեն). Los Angeles Times. 2003 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Список запрещённых в Белоруссии на сайте Министерства культуры». Мiнiстэрства культуры Рэспублiкi Беларусь. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paul F., Boller J., George J. They Never Said It: A Book of Fake Quotes, Misquotes, and Misleading Attributions. — USA: Oxford University Press, 1989. — 192 p. — ISBN 0195055411
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
- «Հիտլեր։ Հրեշի վերելքը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2003 ֆիլմեր
- Կանադական դրամա ֆիլմեր
- Կանադական պատմական ֆիլմեր
- Կենսագրական ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910-ականներին
- 2000-ականների կանադական ֆիլմեր