Հայկական ժողովրդական պարարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։

Նախնադարյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան շրջանում երաժշտական գործիքները (հիմնականում հարվածային) երգեցողության ուղեկցությամբ ունեցել են աշխատանքի կազմակերպման, հոգևորի և ֆիզիկական շարժումների ներդաշնակման նշանակություն։ Ավելի ուշ այս ամենը վերածվել է հմայական արարողությունների, որոնց նպատակը կենդանիների ու բույսերի բազմացմանը և նյութականի առատությանը նպաստելն էր։

Պարերը նախապես եղել են ծիսական արարողությունների հիմնական պայմանն ու անբաժան մասը, որոնք աստիճանաբար կորցրել են իրենց հնագույն նշանակությունը (պահպանվել է միայն հարսանեկան և տոնական արարողություններում)։

Հայ պատմիչները փառաբանել են Գողթն գավառն իր հեքիաթասացներով, երաժիշտներով ու հատկապես պարողներով՝ փանդիռի (բամբիռ) նվագակցությամբ։ Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում նշում է. « բայց ավելի հաճախ Արամյան ագգի ծերունիները փանդիռների նվագակցությամբ ցուցքերի ու պարերի երգերով հիշատակում են այս բաները»։

Ժողովրդական պարերը ըստ բովանդակության[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ժողովրդական պարերը, ըստ բովանդակության, կատարողների քանակի, սեռի, տարիքի, մշակույթում ունեցած դերի ու նշանակության, ունեն համապատասխան իմաստներ։ Նրանց օրինաչափությունները, առանձնահատկությունները, կառուցվածքի ու բովանդակության փոխհարաբերությունները բացահայտվում են պարաձևերով ու պարատեսակներով, որոնք մշակվելով՝ ստացել են իրենց անվանումները և ունեն սահմանումներ։ Մինչև 20-րդ դարի որոշ ծիսական պարերում խստորեն պահպանվել է դասակարգումը՝ ըստ սեռի ու տարիքի, երեխաներին արգելվել է պարել մեծահասակների, աղջիկներին (բացի երիտասարդական հավաքներից ու հարսանիքներից)՝ ամուրի տղաների հետ։

Ժողովրդական պարերի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական պարերը լինում են զանգվածային (խառը կազմով), խմբային (տղամարդկանց, կանանց, մանկական), որոնց մեջ առանձնանում են մենապարերը, զուգապարերը և շուրջպարերը։ Զանգվածային և խմբային պարերը կատարվում են տարբեր դասավորումներով (կլոր, փակ և բաց շրջանով, կիսաշրջանով, ուղիղ գծով), ունեն պարի ղեկավար՝ պարագլուխ (պարբաշի), և պարի պոչ՝ որոշակի պարտավորություններով (հսկել պարերի ճիշտ կատարումը, ուղղությունը և այլն)։ Մենապարերը կատարվում են ժողգործիքների, շուրջպարերը՝ հատկապես պարկապզուկի (կամ զուռնաների) ու դհոլի նվագակցությամբ, պարողների երգեցողությամբ։

Պարերի ուղղությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ժողովրդական պարերի հիմնական ուղղությունը աջ է, բայց կան նաև ձախ և հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգական իմաստը։ Հայտնի են գովնդ, շորոր, վերվերի, հետ ու առաջ, ծափպար, օձաձև, ոտ զարկելով ու թռիչքներով և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության, դասակարգվում են էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդական, սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական, հմայական պարատեսակների։ Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ, կատարողների կազմ, սեռ, տարիք, կատարման ձև, տեղ ու ժամանակ, երգվող տեքստ, անհատական երանգավորում (իմպրովիզացիա)։ Պարաձևերն ու պարատեսակները, ըստ ավանդության, կատարվել են հերթականությամբ՝ հաշվի առնելով նախ պարաքայլի կատարման բարդությունը, ապա՝ նպատակադրումը։

Պարային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե՛ պարատներում, թե՛ հարսանիքներում հարսանեկան պարերն սկսվել են նախնիների հիշատակության սգո պարերով, ապա անցել են այլ պարաձևերի, որոնք համարվել են հաջողության և երջանկության գրավական։ Այնուհետև կատարվել են արագ տեմպով, թռիչքներով ու ծափերով պարատեսակները։ Քնարական, կենցաղային, աշխատանքային պարերում նմանողական շարժումներով ներկայացվել են խմոր հունցելը, թել մանելը, հյուսելը, լվացք անելը, սխտոր ծեծելը, խաղող տրորելը և այլն։ Նմանողական են նաև որսորդական ու ռազմական պարերի շարժումները։ Սրբատեղի, ամառանոց, աշխատանքի գնալն ուղեկցվել է ճանապարհի պարերով, որոնք համարվել են «չար ոգիներից» խուսափելու, չարագործություններից ազատվելու միջոց։

Բացի թարս (ձախ գնացող), թաղման, հատուկ տոների ու արարողությունների ժամանակ կատարվող խիստ ծիսական պարերից («Մախոխապրի պարը», «Աստվածածնա պարը» և այլն), մնացածները կատարվել են հարսանիքներին։ Բազմաթիվ պարաձևեր ու պարատեսակներ ունեն ոգեպաշտական ծագում («Խնկի ծառ» «Ծիրանի ծառ», «Ղազ-ղազի», «Կռնգոցի», «Հավկու պար» և այլն)։ Պարերը հարսանիքի և այլ արարողությունների ժամանակ կատարվել են կենդանիների ու երևակայական կերպարների դիմակներով։ Պարերում մեծ դեր են ունեցել երաժիշտները, որոնք, կանգնելով պարողների շրջանի կենտրոնում, հետևել են մեղեդիների հաջորդականությանը, հուշել շարժումները, նաև պարել և թռչկոտել։ Հայկական ժողովրդական պարերի հիմնական (հատկապես կենցաղային) մասը ձևավորվել է ավելի ուշ։

19-20-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

16-ամյա Արև Բաղդասարյանը` գեղարվեստական ինքնագործունեության մասնակից, 1929 թ.

19-20-րդ դարերում հայկական քաղաքային պարերը որոշ ազդեցություն են կրել կովկասյան պարերից։ Ստեղծվել են մի շարք մենապարեր (շալախո, կինտաուրի, Շուշիկի, լեկուրի և այլն), որոնք կոչվել են կովկասյան։ Ժողովրդական պարերը թափանցել են նաև դասական պարային ներկայացումների մեջ. դրանց հիման վրա սկզբնավորվել են բեմական և բնութագրային պարերը։

Հայկական ժողովրդական պարերի հետագա զարգացմանը նպաստել են ժողովրդական պարի պրոֆեսիոնալ և սիրողական խմբերը (ազգագրական պարերի, ժողովրդական երգի ու պարի անսամբլներ և այլն), ստուդիաները, որոնք հիմք են դարձել ինչպես ժողովրդական պարարվեստի, այնպես էլ բալետի խմբերի կազմավորման համար։ 1924 թվականին Վահրամ Արիստակեսյանը Երևանում հիմնադրել է պարարվեստի պետական, 1927 թվականին Աննա Դուրինյանն ու Հասմիկ Սիրունյանը՝ Ռիթմի և պլաստիկայի ստուդիաները, որոնց հիման վրա 1930 թվականին Սրբուհի Լիսիցյանի ղեկավարությամբ կազմակերպվել է Ռիթմի, պլաստիկայի, ֆիզկուլտուրայի պետական տեխնիկումը (1937 թվականից՝ պարարվեստի ուսումնարան, 2006 թվականից՝ քոլեջ), որտեղ գործում է հայկական ժողովրդական պարի բաժինը։ Հայկական ժողովրդական երգերի, պարերի ու պարեղանակների, թատերական հանդիսությունների ու բազմաթիվ այլ բանահյուսական նյութերի հավաքմանը, պարերի բեմադրմանը մեծապես նպաստել են Սրբուհի Լիսիցյանը և Թաթուլ Ալթունյանը։ Վերջինս Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլում (հիմնադրվել է 1938 թ., 1974 թվականից՝ Թաթուլ Ալթունյանի անվան) միավորել է ժողովրդական երգը, խմբերգը, պարը, գործիքային նվագակցությունն ու տարազը։

ՀՀ երգի-պարի խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Վանաձորում հիմնադրվել է «Հորովել» ազգագրական երգի ու պարի պետական, 1958 թ. Երևանում՝ Հայաստանի պարի պետական (1978 թվականից՝ վաստակավոր կոլեկտիվ), 1963 թվականին՝ «Բերդ», 1987 թվականին՝ «Բարեկամություն» պարի անսամբլները, 1976 թվականին՝ «Ակունք», 1988 թվականին՝ «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբերը և այլն։ Հայ ժողովրդական պարարվեստի զարգացման մեջ ներդրում ունեն նաև մի շարք ինքնագործ խմբեր («Աշնակ» պարի խումբը՝ Վահրամ Արիստակեսյանի, Երկաթուղայինների պալատի «Հայաստան» պարի անսամբլը՝ Վարդգես Ռաշիդյանի, ավտոդողերի գործարանի երգի ու պարի անսամբլը՝ Ե. Ենգոյանի, Քանաքեռի ալյումինի գործարանի մշակույթի պալատի «Կանազ» պարի անսամբլը՝ Ս. Գյանջումյանի, էլեկտրատեխնիկայի գործարանի «Եղեգն» պարի անսամբլը՝ Ժորա Այվազյանի ղեկավարությամբ և այլն), որտեղ պարել են ուսանողներ, հիմնարկ-ձեռնարկությունների, գործարանների ու ֆաբրիկաների աշխատողներ։

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներից սկսվել է հայկական ժողովրդական պարարվեստի զարգացման նոր փուլը, ստեղծվել են բազմաթիվ պարախմբեր, անսամբլներ, որոնք ժողովրդական պարը լրացրել են դասական և խորեոգրաֆիկ ոճերի տարրերով՝ սկզբնավորելով նոր ուղղություն ժողովրդական պարարվեստում։ Ազգային պարեր են բեմադրվել Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Հախինյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռուբեն Ալթունյանի, Սեդրակ Երկանյանի, Ալան Հովհաննեսի, Արա Գևորգյանի ստեղծագործությունների ու մշակումների հիման վրա։ Հիմնադրվել են «Սարդարապատ» (1992, հիմնադիր՝ Մուրադ Հակոբյան), «Զարթոնք» (1995, հիմնադիր՝ Ղուկաս Ղուկասյան), «Առավոտ» (2000, հիմնադիր՝ Զարուհի Խաչատրյան), «Վալենս» (2001, հիմնադիր՝ Վահագն Գասպարյան) պարի անսամբլները, «Շիրխանի» ավանդական պարի անսամբլը (2003, հիմնադիր՝ Հովհաննես Հակոբյան), «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (2001, հիմնադիր՝ Գագիկ Գինոսյան) և այլն։ Հայկական ժողովրդական պարարվեստը Հայաստանում, ինչպես և արտերկրում ճանաչվել է պարուսույցներ Գեորգի Ասատրյանի, Էդուարդ Մանուկյանի, Վանուշ Խանամիրյանի, Նորայր Մեհրաբյանի, Սուրեն Չանչուրյանի, Կարեն Գևորգյանի, Գագիկ Գինոսյանի, Ասատուր Կարապետյանի, Գագիկ և Արտաշես Կարապետյանների և ուրիշներ ջանքերով։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/Հ
Կոլեկտիվի անվանումը
Գեղարվեստական ղեկավարը
Կոչումի շնորհման ամսաթիվը
Հիմնադրման տարեթիվը
Կոչումի շնորհման հիմքը
Ծանոթություն
1
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ
Նորայր Մեհրաբյան
24 հուլիսի 2008
1987
Մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ վաստակի, ինչպես նաև ցուցաբերած բարձր կատարողական վարպետության համար

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/Հ
Կոլեկտիվի անվանումը
Գեղարվեստական ղեկավարը
Կոչումի շնորհման ամսաթիվը
Հիմնադրման տարեթիվը
Կոչումի շնորհման հիմքը
Ծանոթություն
2
«ԲԵՐԴ» պարային անսամբլ
Բորիս Գևորգյան
26 մայիսի 2009
Հանրապետության տոնի առթիվ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png