Jump to content

Հայաստանի շախմատային ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի շախմատային ֆեդերացիա
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը, որտեղ գտնվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան
Տեսակշախմատի ֆեդերացիա
Երկիր Հայաստան
ՀապավումՀՇՖ
Նախորդողշախմատի սեկցիա
Հիմնադրված1927 թ.
ՆպատակներՇախմատ խաղի զարգացումը Հայաստանում
Գլխադասային գրասենյակԵրևան
ՏարածաշրջանՀայաստան
Հիմնական մարմինԽորհուրդ
Կայքchessfed.am

Հայաստանի շախմատային ֆեդերացիա (կրճատ՝ ՀՇՖ), հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է Հայաստանում շախմատ խաղի զարգացման հարցերով։ Կազմակերպում է տղամարդկանց և կանանց Հայաստանի անհատական և ակումբային առաջնություններ, հանրապետական նշանակության և միջազգային տարբեր մրցաշարեր, ձևավորում է Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։ Կազմակերպության ղեկավարն է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը (2004 թվականից)։

Հիմնադրվել է 1927 թվականին որպես շախմատի սեկցիա։ 1959 թվականին վերածվել է ֆեդերացիայի։ 1958 թվականից Հայաստանի հավաքականը մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին։

Ֆեդերացիան ամեն տարի կազմակերպում է տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնություններ։ Առաջին առաջնությունն անցկացվել է 1934 թվականին։ Հայաստանի առաջին չեմպիոնը Հենրիկ Գասպարյանն է։ Հետագայում նա երկրի չեմպիոն է դարձել ևս ինը անգամ։ Գասպարյանը հայ առաջին վարպետն է, շախմատային կոմպոզիցիայի գծով՝ աշխարհում առաջին գրոսմայստերը։ Մինչև այժմ անցկացվել է Հայաստանի 75 առաջնություն։

Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից։ Հենց այդ թվականից Հայաստանի շախմատի հավաքականները մասնակցում են միջազգային թիմային մրցաշարերին և հասել են զգալի հաջողությունների։

Հայաստանում անցկացվել են ՀՇՖ-ի կազմակերպած բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ։ 1996 թվականին Երևանում անցկացվել է 32-րդ համաշխարհային օլիմպիադան, 2001 թվականին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը։ 2014 թվականի մարտին Երևանում կայացավ Եվրոպայի անհատական առաջնությունը։

1970 թվականից Երևանում գործում է շախմատի տունը, որը 1984 թվականից կոչվում է Տիգրան Պետրոսյանի անունով։ Խանջյան փողոցում գտնվող հենց այդ շենքում է տեղակայված ՀՇՖ-ն։ 1971-ին հիմնվել է շախմատի մասնագիտացված դպրոցը, որը կոչվում է Հենրիկ Գասպարյանի անունով։ 1972-2015 թվականներին լույս է տեսել «Շախմատային Հայաստան» հանդեսը։ 2002 թվականին հիմնադրվել է Հայաստանի շախմատի ակադեմիան։

Ղեկավար կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՇՖ-ի նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2008 թ. շախմատային օլիմպիադայում (Դրեզդեն, Գերմանիա)

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ղեկավարը նախագահն է, որն ընտրվում է երկու տարով ֆեդերացիայի հաշվետու-ընտրական ժողովում։ 2004 թվականից Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն է Սերժ Սարգսյանը՝ ընտրվելու պահին Հայաստանի պաշտպանության նախարար, այնուհետև Հայաստանի վարչապետ, ապա՝ Հայաստանի նախագահ[1]։ 2006, 2009, 2011, 2013, 2017[2] և 2022[3] թվականներին նա վերընտրվել է այդ պաշտոնում։

ՀՇՖ-ի ղեկավար մարմինը խորհուրդն է, որի կազմը հետևյալն է.

Հանձնաժողովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՇՖ-ն ձևավորում է հանձնաժողովներ, որոնք համակարգում են շախմատի տարբեր բնագավառներ և կայացնում են համապատասխան որոշումներ[5]։

  • Գրոսմայստերների հանձնաժողով (նախագահ՝ Տիգրան Պետրոսյան)
  • Արդարացի խաղի և էթիկայի հանձնաժողով (նախագահ՝ Լիլիթ Մկրտչյան)
  • Կանանց շախմատի հանձնաժողով (նախագահ՝ Էլինա Դանիելյան)
  • Կոմպոզիցիայի հանձնաժողով (նախագահ՝ Սուրեն Պողոսյան)
  • Շախմատը կրթության մեջ (նախագահ՝ Թամարա Սարգսյան)
  • Մարզչական (մանկապատանեկան) խորհուրդ (նախագահ՝ Վահագն Խաչատրյան)
  • Միջոցառումների և սոցիալական հարցերի (նախագահ՝ Վարդուհի Սարգսյան)
  • Մրցավարական և վիճակահանության հանձնաժողով (նախագահ՝ Անուշավան Առաքելյան)
  • Որակավորման և վարկանիշային հանձնաժողով (նախագահ՝ Վահրամ Մեժլումյան)
  • Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հանձնաժողով (նախագահ՝ Աղասի Ինանց)
  • Վետերանների հանձնաժողով (նախագահ՝ Ռաֆայել Չատինյան)
  • Վերստուգիչ հանձնաժողով (նախագահ՝ Հակոբ Գալստյան)[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի շախմատային ֆեդերացիա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 Հուլիս 10-ին.
  3. Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
  4. «Chessfed». chessfed.am. Վերցված է 2024-09-12-ին.
  5. «Հանձնաժողովների որոշումները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  6. «Chessfed». chessfed.am. Վերցված է 2024-09-12-ին.