Հայաստանի հանքավայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալավերդու պնձամոլիբդենային կոմբինատը

Հայաստանի պետական պաշարների հաշվեկշռում գրանցված են 465 հանքավայրեր, որոնցից 196-ը շահագործվում է, 15-ը նախապատրաստվում է շահագործման, 248-ը պահուստային է, 6 հանքավայր գտնվում է մանրակրկիտ հետախուզման փուլում։ Հայաստանում հայտնաբերված են 60-ից ավելի օգտակար հանածոներ, որոնցից ավելի քան քառասունն ունեն արդյունաբերական նշանակություն։ Հայաստանի հանքավայրերից 24-ը մետաղային օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, երկաթ, ալյումին, ոսկի, արծաթ և այլն) հանքավայրեր են, որոնցից հինգը շահագործվում են։ 375-ը ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր են, որոնցից 145-ը շահագործվում են, այդ թվում՝ 198-ը երեսպատման շինարարական քարերի (գրանիտ, բազալտ, մարմար, կրաքար, տարբեր երանգի տուֆեր և այլն), 129-ը շինարարական նյութերի արտադրության հումքի (կրաքար, դոլոմիտ, ավազներ, կավեր և այլն), 11-ը բնագույն քարերի (փիրուզ, ագաթ, օբսիդիան, մարմարային օնիքս և այլն) և 37-ը բազմանպատակային օգտագործման հումքի (քվարցիտ, բենտոնիտային կավեր, աղեր, տրասներ, դոլոմիտ, կրաքարեր և այլն)։ 4-ը պինդ վառելանյութերի (ածուխ, տորֆ) հանքավայրեր են, երկուսը շահագործվում են։ Պինդ օգտակար հանածոների հանքավայրերը 403-ն են, որոնցից ներկայումս 152-ը շահագործվում են։

Հատուկ տեղ են գրավում ստորերկրյա քաղցրահամ, թերմալ և հանքային ջրերը, որոնցից են՝ Ջերմուկը, Արզնին, Բջնին և Հանքավանը։ Ստորերկրյա ջրերի հանքավայրերի թիվը 62-ն է, որոնցից 44-ը շահագործվում է։

Ոսկու հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում հայտնաբերվել են նաև նշված և մի քանի այլ օգտակար հանածոների 600-ից ավելի երևակումներ։ Ներկայումս արդյունաբերական գնահատական են ստացել ոսկու և ոսկի պարունակող 18 հանքավայրեր, որոնցից 9-ը ոսկու և ոսկի-բազմամետաղային հանքավայրեր են, մնացած 9-ը համալիր հանքավայրեր են, որտեղ ոսկին ունի սահմանափակ նշանակություն և կապված է այլ մետաղների հետ։

Ոսկու հանքավայրերից երեքը բուն ոսկու հանքավայրեր են՝ Սոթքը, Մեղրաձորը և Լուսաջուրը, որոնց արդյունաբերական նշանակությունը կապված է զուտ ոսկու և արծաթի հետ։ Սրանցից շահագործվում են Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերը, Լուսաջրի հանքավայրը մանրակրկիտ հետախուզման փուլում է։ Նշված հանքավայրերում ոսկու պարունակությունը տատանվում է 3-20 գ/տ սահմաններում, արծաթինը՝ 7-25 գ/տ։ Մնացած 6-ը ոսկի-բազմամետաղային տիպի են. Շահումյանի, Ազատեկի, Տերտերասարի, Լիճկվազ Թեյի, Մարջանի և Արմանիսի հանքավայրերն են, որտեղ ոսկու հետ առկա են պղինձը, կապարը, ցինկը և այլ հազվագյուտ և ցրված տարրեր։ Այս հանքավայրերում ոսկու պարունակությունը տատանվում է 2-11 գ/տ, արծաթինը՝ 40-90 գ/տ, պղինձը մինչև մեկ տոկոս, կապարը՝ 3-4%, ցինկը՝ 3-7%։ Շահումյանի հանքավայրում կատարվում են շահագործման նախապատրաստական աշխատանքներ և փոքր ծավալների փորձնական հանույթ։ Մնացած հանքավայրերը պահուստային են։

Համալիր հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջարանի հանքավայրը

Համալիր հանքավայրերից 5-ը ծագումով պղինձ- պորֆիրային են և կապված են հայտնի պղինձ-մոլիբդենային հանքայնացման հետ։ Դրանք Քաջարանի, Ագարակի, Թեղուտի, Դաստակերտի և Լիճքի հանքավայրերն են, որտեղ ոսկին ունի ցածր՝ մինչև մի քանի տասնորդական գ/տ պարունակություն, սակայն հարստացման ժամանակ լավ կորցվում է և հավաքվում է միայն պղնձի խտանյութի (կոնցետոստի) մեջ։ Շահագործվում են Քաջարանի և Ագարակի հանքավայրերը։

Կապանի, Ալավերդու և Շամլաղի պղնձի հանքավայրերի հանքաքարի մշակման և հարստացման ժամանակ ոսկին հավաքվում է պղնձի խտանյութի մեջ։ Մեկ հանքավայրը՝ Ախթալայինը, բարիտ-բազմամետաղային է, որի հանքաքարի հարստացման ժամանակ ոսկին անցնում է ինչպես պղնձի, այնպես էլ կապարի և ցինկի խտանյութերի մեջ։ Ախթալայի հանքավայրում ոսկի պարունակությունը հասնում է մինչև 1.0 գ/տ։

Ներկայումս երկրաբանահետազոտական աշխատանքների տարբեր փուլերում են գտնվում ոսկու և ասկի-բազմամետաղային հինգ հանքավայրեր։

Բնագույն քարերի հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունում հայտնաբերվել, հետախուզվել և արդյունաբերական գնահատական են ստացել փիրուզի (3,6 տ), ագաթի՝ Տավուշի մարզ, Մարիգյուղ՝ 1062 տ, Կարմիր քար՝ 22.2 տ, Լոռու մարզ՝ Մեծավան՝ 55.4 տ, օբսիդիանի՝ Արտենի՝ 45 հ.տ., Հանքավան՝ 41.4 հ.տ., մարմարային օնիքսի՝ Նոր Խարբերդ՝ 260 հ.տ., Արտավազդ՝ 419.7 հ.տ. երկրորդ հանքավայրեր։

Կան նաև շափյուղայի (սապֆիրի)՝ Մեղրի, Կալեր, դեմանտիոդի՝ Նռնալանջ, ռուբինի՝ Վեդի և Հասպիսի՝ Հատեր-Կաչագան, Մեծավան, Հերհեր երևակումներ, որոնք դեռ լրիվ ուսումնասիրված չեն։ Ըստ որոշ գնահատականների Հայաստանում տարեկան կարող է արդյունահանվել և արտադրվել 5-6 տոննա ձուլածո ոսկի։

Հանքային ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով՝ «Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Սևան», «Ջերմուկ» (ավելի քան 400 բնական ելքեր)։ Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ, ունեն 3-8 գ/լ միջին հանքայնացում։ Ջերմաստիճանը տատանվում է 4 °C-ից (Գռիձոր), 64 °C (Ջերմուկ) սահմաններում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Սարգսյան, ՀՀ բնական պաշարները և դրանց հետագա զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետություն, սեպտեմբերի 29, 1997, թիվ 183, (1888)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Բնաշխարհ հանրագիտարան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2006 թ., Երևան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]