Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայր

Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայր, հանքավայր ՀՀ Սյունիքի մարզում՝ Ողջի գետի վերին ավազանում։ Հետազոտվել է 1931 թվականից (1936-1945 թվականներին՝ մանրամասն), շահագործվել 1945 թվականից։ Արդյունաբերական նշանակության հանքայնացումը երակիկացանավոր է՝ տեղադրված ջրաջերմային փոխակերպված մոնցոնիտների մեջ՝ դրանց հատող գրանոդիորիտ-պորփյուրային դայքերի երկայնքով։ Հանքանյութն առաջացել է երկարատև ժամանակամիջոցում՝ ջերմաստիճանի աստիճանական անկման պայմաններում՝ հանքայնացման մի քանի փուլերով, և կազմված է հիմնականում մոլիբդենիտ, խալկոպիրիտ, մագնետիտ, պիրիտ միներալներից։ Պարունակում է նաև թանկարժեք ուղեկից տարրեր՝ ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, բիսմութ և այլն։ Տարածված են նաև մոլիբդեն ու պղինձ պարունակող արդյունաբերական նշանակության 0, 1-0, 5-ից մինչև 5 մ հաստության քվարցի երակներ։ Հանքանյութը հարստացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մոլիբդենը կորզվում է Երևանի Մաքուր երկաթ գործարանում։

Մոնցոնիտների և պորֆիրիտների միջև տեղադրված է կոնտակտային եղջրաքարերի լայն գոտին։ Հանքավայրի հիմնական հանքավերահսկող ստրուկտուրան Դեբաքլուի խզվածքն է։ Այն արտահայտված է հզոր (100 մ) բեկորատված զոնայով և ձգվում է մոնցոնիտների ու պորֆիրանման գրանիտների կոնտակտով։ Հանքայնացումը տեղաբաշխված է մոնցոնիտներում։ Հանքավայրի երկրաբանակն կառուցվածքում առկա են և կարևոր նշանակություն ունեն նաև գրանոդիորիտ–պորֆիրային, դիորիտ–պորֆիրային դայքաները, կերսանտիտները, օդինիտները և սպեսարտիտները։ Հանքայնացումն արտահայտված է երեք մորֆոլոգիական տիպերով՝ շտոկվերկային, երակային և ցանային։ Հանքավայրում սահմանված է 10 միներալային ասոցիացիա, որոնցից արդյունավետ են քվարցմոլիբդենայինը, քվարցմոլիբդեն–խալկոպիրիտայինը և քվաբցխալկոպիրիտայինը։ Հիմնական հանքային միներալներն են՝ մոլիբդենիտը, խալկոպիրիտը, մագնետիտը և պիրիտը։ Հանքավայրում պարզորոշ դրսևորված է օքսիդացման զոնան, որը ներկայացված է լիմոնիտով, գյոթիտով, մալաքիտով, ազուրիտով, կուպրիտով և բնածին պղնձով, իսկ մոլիբդենի միներալներից՝ պովելլիտով և ֆեռոմոլիբդիտով։ Հանքավայրից ստանում են մոլիբդենի և պղնձի հարստանյութ։ Հանքանյութերում հանդիպում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր՝ ռենիում, սելեն, տելուր, բիսմուտ, ոսկի, արծաթ։ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը դասվում է միջին խորություններում ձևավորված բարձր–միջին ջերմաստիճանային հիդրոթերմալ տիպին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png