Արմանիսի բազմամետաղային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմանիսի բազմամետաղային հանքավայր, հանքավայր ՀՀ Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքի շրջագծում՝ Չքնաղ գետի ավազանում։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետախուզվել է 1967-1985 թվականներին։ Տեղադրված է խորքային բեկվածքների հատման հանգույցում։ Հանքայնացման հասակը օլիգոցեն է։ Հանքավայրը ներփակված է միջին ու վերին էոցենի հրաբխային ու հրաբխանստվածքային ապարներով։ Ջրաջերմային հանքավայր է՝ ներկայացված առանձին երակներով, դրանց համակցություններով, բներով ու ցանային ներփակումներով։ Հանքամարմինների երկարությունը մի քանի հարյուր մ-ից մինչև 1000 մ է, լայնությունը՝ մի քանի մ։ Հանքանյութը կազմված է հիմնականում սֆալերիտ, խալկոպիրիտ, պիրիտ, գալենիտ, հեմատիտ միներալներից։ Կան նաև բնածին ոսկի (քվարցային երակներում), արծաթ, քվարց, գիպս, կարբոնատներ, բիսմութի միացություններ։ 1998 թվականից շահագործում է «Մետալ Պրինց» ընկերությունը՝ բաց եղանակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։