Ախթալայի բազմամետաղային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ախթալայի բազմամետաղային հանքավայր, հանքավայր ՀՀ Լոռու մարզում՝ Ախթալա երկաթուղային կայարանից 2 կմ հյուսիս-արևմուտք։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ջերմաստիճանի ջրաջերմային, հրաքարային հանքավայր է՝ ծագումնաբանորեն կապված յուրայի հրաբխային գործունեության հետ։ Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, սֆալերիտ, խալկոպիրիտ, գալենիտ միներալներից։ Հանքանյութը հոծ, երակիկացանավոր և ցանավոր է։ Առավել հարուստ հանքանյութը պարունակում է նաև կապար, ցինկ, պղինձ, կադմիում, ոսկի, արծաթ։

Ոսպնյականման, շտոկանման (զանգվածային) և ժապավենաձև շուրջ 13 հանքամարմինները տեղադրված են հանք պարունակող քվարցային դացիտների գմբեթային մասում։ Հանքամարմինների հաստությունը 5-20 մ է, լայնությունը՝ 75-95 մ, երկարությունը՝ 350-500 մ։ Հանքավայրը հայտնի է 6-րդ դարից, ընդմիջումներով շահագործվել է 12-րդ դարից։ 18-րդ դարի 2-րդ կեսին ակտիվ շահագործել են հույն հանքարդյունաբերողները։

Շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում հանքավայրից կորզվել են միայն արծաթ և ոսկի, հետագայում՝ նաև պղինձ, ցինկ, կապար, կադմիում, բարիում և պիրիտ։ 1986 թվականին հանքանյութի պաշարների նվազման և արդյունահանման անշահավետության պատճառով հետախուզական և շահագործողական աշխատանքները դադարեցվել են։ 1998 թվականից «Մետալ Պրինց» ընկերությունը վերսկսել է հետախուզական և հանութային աշխատանքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png