Ստորգետնյա ջրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստորերկրյա ջրերից)
Երկրի ընդերքից բխող ջուր (Ուկրաինա)

Ստորգետնյա ջրեր, երկրակեղևի տարբեր խորություններում՝ ապարային կազմավորումների ճեղքվածքներում և ծակոտիներում գտնվող ջրեր։ Ստորգետնյա ջրերի ջրհավաք ավազանը ջուր է ստանում գետերից, վտակներից, ինչպես նաև՝ անձրևներից։

Ունեն են խմելու, ոռոգման, ինչպես նաև կենցաղային օգտագործման նշանակություն։ Տաք աղբյուրների ջրերով հնարավոր է ջերմատների և բնակարանների ջեռուցում իրականացնել։[1]

Ստորգետնյա հանքային ջրերն ունեն բուժիչ հատկություններ։[1]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են ծանրահակ, գոլորշանման, թաղանթային, մազանոթային, բյուրեղային, պինդ (սառույց) և այլ ստորերկրյա ջրեր։ Ծանրահակը (գրավիտացիոն) ապարների ճեղքերով ազատ հոսող ջուրն է, որով հագեցած ապարաշերտերն առաջացնում են ջրառատ հորիզոններ։ Մակերևույթից հաշված՝ առաջին՝ ոչ ճնշումային ջրատար հորիզոնը գրունտային ջրերի հորիզոնն է, որից վեր աերացիային (օդավորման) գոտին է, որտեղ հանդիպում են ստորերկրյա ջրերի ժամանակավոր կուտակներ՝ վերնաջրեր։

Գրունտային ջրերից ներքև տեղադրված են հիմնականում ճնշումային՝ արտեզյան ջրերի միջշերտային հորիզոնները։ Ստորերկրյա ջրերը բնական լուծույթներ են՝ հագեցած ավելի քան 60 քիմիական տարրերով, միկրոօրգանիզմներով և գազերով։

Ըստ հանքայնացման աստիճանի՝ լինում են քաղցրահամ, կիսաքաղցրահամ, հանքային, ըստ ջերմաստիճանի՝ գերսառը, սառը, գոլ, տաք և գերտաք, ըստ ծագման՝ ներծծման, խտացման, նստվածքակուտակումային և մագմայական։ Ստորերկրյա ջրերը երկրի ջրային պաշարների մաս են․ կապ են ստեղծում քարոլորտի, ջրոլորտի, մթնոլորտի, կենսոլորտի միջև, շահագործման ընթացքում վերականգնվում են (հիմնականում մագմայական ջրերի հաշվին)։ Ջրատար հորիզոններն առաջացնում են ստորերկրյա ջրերի հանքավայրեր։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործման բնույթով ՀՀ-ում տարբերում են խմելու, տեխնիկական, արդյունաբերական և հանքային ջրեր։

ՀՀ-ում ստորերկրյա ջրերի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում, քանի որ տարածքի զգալի մասի ապարները հրաբխային են՝ ծակոտկեն, ճեղքավորված։ Մթնոլորտային տեղումները, ներծծվելով, առաջացնում են ստորերկրյա հոսք, որի մի մասը Երկրի մակերևույթ Է դուրս գալիս՝ սնելով գետերը։ ՀՀ-ում ստորերկրյա սնման բաղադրիչը մեծ է հետևյալ գետերում՝ Մեծամոր՝ 93%, Աշոցք՝ 85%, Գավառագետ՝ 83%, Մասրիկ՝ 78%, Գորիս՝ 73%, Ազատ՝ 69%, Ախուրյան՝ 59%, Որոտան՝ 54%, Արփա՝ 53%, Քասաղ՝ 51% և այլն։ Ներկայումս բնապահպանական լուրջ խնդիր է ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png