Անատոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կազմախոսությունից)
Մարդու գլխի կողմնային մագնիտո-ռեզոնանսային սկանավորում

Անատոմիա (հուն.՝ ἀνα- նորից, վերևից և τέμνω կտրատում, անդամահատում), կազմախոսություն, գիտություն, որն ուսումնասիրում է օրգանիզմի և նրա առանձին օրգանների ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը՝ կապված նրանց դերի հետ։ Անատոմիա, մորֆոլոգիայի մասնավոր բաժինն Է։

Տարբերում են կենդանիների անատոմիա (զոոտոմիա), որից առանձնացնում են մարդու անատոմիա (անթրոպոտոմիա), և բույսերի անատոմիա (ֆիտոտոմիա)։ «Անատոմիա» տերմինը հաճախ օգտագործվում է որպես ուղղակի մարդու անատոմիայի (մարդակազմության) հոմանիշ։ Կենդանիների կազմության մեջ եղած նմանության ու տարբերության ուսումնասիրությամբ զբաղվում Է կենդանիների համեմատական անատոմիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոմիական նկարի օրինակ

Հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդակազմության մասին որոշ տեղեկություններ հայտնի էին հին եգիպտացիներին (դիակներ զմռսելու փորձից), որոշ տվյալներ էլ կային չինական կայսր Գվանգ Թիի բժշկարանում (մոտ 3000 տարի մեր թվարկությունից առաջ), հնդկական Վեդաներում (մեր թվարկությունից առաջ 1 հազարամյակ)։ Կազմախոսական նպատակներով առաջին հերձումը վերագրվում է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի հույն բժիշկ և փիլիսոփա Ալքմեոնեսին, որը հայտնագործել է տեսողական նյարդը, եվստախյան խողովակները., տարբերակել զարկերակներն ու երակները։

Անատոմիայի վերաբերյալ տեղեկություններ է տվել նաև Հիպոկրատը, ուսուցանում Էր, որ մարդու մարմինը կազմված է պինդ և հեղուկ մասերից, որ, իբր, կենսականորեն կարևոր դեր են կատարում մարմնի չորս հեղուկները՝ արյուն, ավիշ, լեղի և սև լեղի։

Արիստոտելը ցույց է տվել նյարդերի և ջլերի միջև եղած տարբերությունը։ Նա է առաջարկել «աորտա» տերմինը։ Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչներ Հերոփիլոսը և Էրազիստրատոսը (մեր թվարկությունից առաջ 3-րդ դար) ճշգրիտ տեղեկություններ ունեին նյարդերի, անոթների, ուղեղի և այլ օրգանների մասին։ Հռոմեացի բժիշկ Կ. Գալիանոսը (131—211 թվականներ), կապիկների և այլ կենդանիների վրա փորձեր կատարելով, անատոմիան հարստացրեց նոր տվյալներով։ Գալիանոսի հեղինակությունն այնքան մեծ էր, որ ավելի քան 1300 տարի, մարդու կազմության մասին նրա բազմաթիվ սխալներով լի ուսմունքը մնաց անձեռնմխելի։

Սուրինամի եղջյուրավոր գորտի կմախք

Ժամանակակից անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից անատոմիայի զարգացումն սկսվել է Վերածննդի ժամանակաշրջանից։ Բազմաթիվ դիահերձումների հիման վրա Լեոնարդո դա Վինչիի կատարած անատոմիական նկարները թույլ էին տալիս դատել մարդու օրգանիզմի ընդհանուր օրինաչափությունների մասին, որով նա իրավամբ համարվում է պլաստիկ անատոմիայի հիմնադիրը։ Վեզալիուսը «Մարդու մարմնի կազմության մասին» աշխատության մեջ մանրամասը ներկայացրեց մարդու անատոմիան։ Նա առաջինն ուղղեց Գալիանոսի մի շարք սխալները (օրինակ՝ ապացուցեց, որ սխալ է աջ և ձախ սրտերի միջև անմիջական հաղորդակցության գաղափարը)[1]։ 1628 թվականին անգլիացի բժիշկ Ու. Հայվեյը հայտնաբերեց արյան շրջանառությունը։ Անատոմիայի հետագա զարգացումը կապված է մորֆոլոգիական գիտությունների (հատկապես՝ համեմատական անատոմիայի և միկրոսկոպիական անատոմիայի) զարգացման հետ։

Անատոմիան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում միջին դարերում կատարում էին կենդանահատումներ և դիահերձումներ։ Անատոմիայի հարցերով զբաղվել են Մխիթար Հերացին, Ներսես Լամբրոնացին, Գրիգորիսը, Գրիգոր Տաթևացին, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ։ Առանձնահատուկ տեղ են գրավում Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կա շուրջ 80 ձեռագիր անատոմիայի և ֆիզիոլոգիայի վերաբերյալ։ Ժամանակակից անատոմիան կոչվում է նկարագրական կամ նորմալ անատոմիա, քանի որ նկարագրում է նորմալ, չախտահարված ու չձևափոխված օրգանների և հյուսվածքների ձևն ու կառուցվածքը։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերին համապատասխան նորմալ անատոմիան բաժանվում է՝

19-րդ դարից սկսած, որպես ինքնուրույն գիտություններ, անատոմիայից անջատվել են հյուսվածաբանությունը՝ օրգանների և հյուսվածքների միկրոսկոպիական կազմության մասին ուսմունքը, ախտաբանական անատոմիան, որն ուսումնասիրում է ախտահարված և ձևափոխված օրգանների ու հյուսվածքների ձևն ու կառուցվածքը, և տեղագրական անատոմիան, որն ուսումնասիրում է մարդու մարմնի այս կամ այն շրջանի օրգպնների ու հյուսվածքների փոխադարձ դասավորությունը շերտ առ շերտ՝ կիրառական բժշկագիտության, հատկապես վիրաբուժության, նպատակներով (այս առումով էլ կոչվում է նաև վիրաբուժական անատոմիա)։ Բացի այդ, ինքնուրույն կիրառական նշանակություն ունեն դինամիկ անատոմիա (ուսումնասիրում է մարմնի շարժումները), պլաստիկ անատոմիա, տարիքային անատոմիա (ուսումնասիրում է օրգանիզմի և նրա առանձին օրգանների փոփոխությունները՝ կապված տարիքի հետ), տիպային անատոմիա (ուսումնասիրում է օրգանների, հյուսվածքների և համակարգերի անհատական փոփոխությունները), ֆունկցիոնալ կամ տեսական անատոմիան (ուսումնասիրում է օրգանների ձևերն ու կառուցվածքը՝ կապված նրանց դերի հետ)։

Թևի անատոմիական ուսումնասիրություն, (Լեոնարդո դա Վինչիի) մոտ 1510 թվական

Ժամանակակից անատոմիայի ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակակից անատոմիայի ուսումնասիրության առարկաներն են՝ ուղեղի նուրբ կառուցվածքը (ցիտոարխիտեկտոնիկա)՝ կապված նրա ֆունկցիաների հետ, արյան և ավշային անոթների կառուցվածքը, մարմնի տարբեր մասերի անոթների միացումները[2]։ Անատոմիայի ուսումնասիրության հնագույն և հիմնական մեթոդներն են՝ հերձումը և մարմնի խոռոչների բացումը։ Մարմնի հյուսվածքների նեխումը և նրանց կծկումը կանխելու նպատակով, նախքան հերձելը, դիակին ներարկում են ֆորմալինի լուծույթ։

Կմախքի ոսկրերի պատրաստուկները պատրաստում են կակղեցման (մացերացիայի) տարբեր եղանակներով։ Արյան ու ավշային անոթները, գեղձերի արտատար ծորանները և տարբեր օրգաևների խոռոչներն ուսումնասիրելու նպատակով նրանց մեջ ներարկում են հեղուկ կամ պնդացող ներկեր։ Ներարկվող զանգվածների համար որպես հիմք օգտագործում են բևեկնայուղ, մոմ, բևեկնախեժ, սոսինձ, ժելատին, ցելոիդին, արհեստական ռետին, օրգանական ապակի, զանազան պլաստմասսաներ և այլն։ Պնդացող զանգվածների ներարկման ժամանակ թթուների ազդեցությունից անոթը շրջապատող հյուսվածքները հաճախ քայքայվում են։ ժամանակակից անատոմիայում լայնորեն կիրառվում են՝

Մարդու անատոմիա դասավանդվում է բժշկական ինստիտուտներում և կենսաբանական ֆակուլտետներում։ ՀԽՍՀ-ում մարդու անատոմիայի առաջին դասախոսը եղել է Վ. Արծրանքն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Հ. Մ., Մարդու նորմալ անատոմիա, անոթաբանություն և ներվաբանություն, Երևան, 1961 թ.։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png