Մարդու անատոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբրեխտ Դյուրեր՝ Մարդու մարմնի համաչափությունները

Մարդու անատոմիա (հունարեն` ἀνατομή , հատում, կտրում), մարդակազմություն, գիտություն, ուսումնասիրում է մարդու օրգանիզմի և նրա առանձին օրգանների ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը (կապված դրանց ֆունկցիայի հետ)։ Անատոմիան տեսական և գործնական բժշկության հիմնական գիտակարգերից է։ Մարդու օրգանիզմի անատոմիական ոաումնասիրությունները ներառում են բնականոն օրգանների արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի հաջորդական ճշգրիտ նկարագրությունները։ Ուսումնասիրության նպատակահարմարությունից ելնելով՝ նյութը բաժանվել է օրգան-համակարգերի, որոնք միավորվել են ըստ ընդհանուր կառուցվածքի և զարգացման (կարգաբանական անատոմիա)։ Դրա հետ կապված՝ անատոմիան ենթաբաժանվում է ոսկրաբանության, հոդաբանության, մկանաբանության, ընդերաբանության (ներքին օրգանների՝ շնչառական, մարսողական, միզային և սեռական համակարգեր), անոթաբանության, նյարդաբանության (կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգեր), ներզատաբանության (ներզատիչ գեղձեր) և զգայաբանության։ Անատոմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարդու կյանքի տարիքային տարբեր շրջաններում օրգանների ձևի ու կառուցվածքի օրինաչափորեն առաջացող փոփոխությունները, կոչվում է տարիքային անատոմիա (այն ընդգրկում է նաև մանկան անատոմիա)։

Բաժիններ[խմբագրել]

Անատոմիան ենթաբաժանվում է մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ(հիստոլոգիա) մասերի։ Մակրոսկոպիկ անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի կառուցվածքը անզեն աչքով։ Այն ներառում է օրգանների ձևը, մակրոսկոպիկ կառուցվածքը ու դիրքը, տեղադրությունը, փոխհարաբերությունը հարևան օրգանների և ոսկրերի հետ, անոթավորումը և նյարդավորումը։ Միկրոսկոպիկ անատոմիան ընդգրկում է մանրադիտակի կիրառման միջոցով չափազանց փոքր անատոմիական կառուցվածքների ուսումնասիրությունը` հյուսվածաբանությունը(հիստոլոգիա)` օրգանների կառուցվածքը ենթաբջջային,բջջային և հյուսվածքային մակարդակներում։Մարդու անատոմիան,ֆիզիոլոգիան և կենսաքիմիան հանդիսանում են ժամանակակից բժշկագիտության հիմնարար գիտությունները,որոնք ուսուցանվում են բժշկական կրթության հենց առաջին տարիներին։ Մարդու մարմինը կազմված է հետևյալ մասերից.գլուխ,պարանոց,իրան(որը ներառում է կրծքավանդակը և որովայնը),վերին և ստորին վերջույթներ։Մարմնի ամեն մաս կազմված է մի քանի տեսակի բջիջներից։Հասուն տարիքում մարդու մարմնի բջիջների քանակը մոտ 37.2 տրիլիոն է։Այս թիվը ստացվել է բոլոր օրգանների բջիջների գումարման արդյունքում։

Ինքնուրույն կիրառական նշանակություն ունեն պլաստիկ անատոմիա՝ ուսմունք մարմնի արտաքին կառուցվածքի և նրա համամասնությունների մասին (անհրաժեշտ է նկարիչներին, քանդակագործներին, ինչպես նաև հագուստ և կոշիկ արդյունաբերողներին), տեղագրական (վիրաբուժական) անատոմիա՝ ուսմունք օրգանների, հյուսվածքների, անոթների և նյարդերի փոխադարձ տեղադրության մասին՝ ըստ մարմնի շրջանների (կարևոր նշանակություն ունի գործնական բժշկության, հատկապես վիրաբուժության համար): Կառուցվածքի և ձևի ոաումնասիրությունը, կապված առանձին օրգանների և համակարգերի գործունեության հետ, կոչվում է ֆունկցիոնալ անատոմիա: Օրգանների մանրադիտակային կառուցվածքի մասին ուսմունքն անվանում են մանրադիտակային անատոմիա, իսկ հյուսվածքներինը՝ հյուսվածաբանություն:

Հիմնական հասկացություններ[խմբագրել]

  • Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական մասնիկն է։Մարդու բջիջները,ինչպես մյուս էուկարիոտիկ բջիջները,կազմված են բջջաթաղանթից,ցիտոպլազմայից և կորիզից։Ցիտոպլազմայում են գտնվում բջջի օրգանոիդները։
  • Հյուսվածքը միանման բջիջների ամբողջությունն է,որոնք ունեն միևնույն ծագում և միասին կատարում են որոշակի ֆունկցիա։Հյուսվածքը,բջիջներից բացի,ընդգրկում է նաև միջբջջային նյութը և այլ տարբեր կառուցվածքներ։ Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։
  • Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիաներ։ Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգաններում առկա է հիմնական հյուսվածքը` պարենխիման, որը կատարում է օրգանի գլխավոր գորշառույթը։ Օրինակ, սրտում մկանային հյուսվածը հանդիսանում է պարենխիմա։ Պարենխիմայից բացի առկա են նաև լրացուցիչ հյուսվածքներ` օրգանի ստրոման։
  • Օրգան-համակարգը 2 և ավել օրգանների միասնությունն է, որոնք իրագործում են համատեղ ընդհանուր որոշակի գործառույթ։

Մարդու օրգան-համակարգեր[խմբագրել]

  • Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից(գլխուղեղ և ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգից։ Գլխուղեղը մտածողության, զգացմունքների, հիշողության և զգայնության համար պատասխանատու օրգանն է։ Նրա միջոցով կատարվում են կամային մկանային շարժումները։ Այն կատարում է դիրիժորի դեր` վերահսկելով ու կարգավորելով մնացած օրգանների ու հյուսվածքների աշխատանքը։ Նյարդային համակարգի մեջ ներառվում են նաև զգայարանները` տեսողության, լսողության, համի և հոտի։ Աչքերը, ականջները, լեզուն և քիթը ստանում են տեղեկատվություն մարդուն շրջապատող միջավայրի վերաբերյալ։
  • Հենաշարժիչ(ոսկրամկանային) համակարգը կազմում են մարդու կմախքը(ոսկրեր, կապաններ, ջլեր և աճառներ) և դրան ամրացած մկանները։ Այս համակարգը պայմանավորում է մարմնի հիմնական ձևը և շարժվելու կարողությունը։ Բացի դրանից, մեծ ոսկրերը պարունակում են ոսկրածուծ, որտեղ կատարվում է արյունաստեղծումը։ Բոլոր ոսկրերը հանդիսանում են կալցիումի և ֆոսֆատային աղերի պահեստ։ Այս համակարգը կարելի է ենթաբաժանել մկանային և ոսկրային համակարգերի։
  • Արյունատար համակարգը կամ սրտանոթային համակարգը ներառում է սիրտը և արյունատար անոթները։ Սիրտը, կատարելով մղիչային ֆունկցիա, իրագործում է արյան անընդհատ շրջանառությանը։ Արյունը, որպես տրանսպորտային համակարգ, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ, իմուն համակարգի բջիջներ, հորմոններ մարմնի մի մասից դեպի մյուս մասը։
  • Շնչառական համակարգը կազմում են քթի պոռոչը, քթըմպանը, շնչափողը, բրոնխները և թոքերը։ Նրա հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրի արտազատումը։
  • Ստամոքսաղիքային համակարգը կազմում են բերանի խոռոչը, կերակրափողը (որկոր), ստամոքսը, բարակ և հաստ աղիները և ուղիղ աղին, ինչպես նաև լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։ Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող մոլեկուլների։
  • Ծածկույթային համակարգը կազմում են մաշկի ծածկույթը(մաշկը),ներառյալ մազերը և եղունգները։,ինչպես նաև այնպիսի կարևոր կառուցվածքներ, ինչպիսին քրտնագեղձերն ու ճարպագեղձերը։ Այն պաշտպանում է ենթադիր հյուսվածքներն ու օրգանները, ինչես նաև հանդիսանում է զգայական մեծ ընկալչային դաշտ։
  • Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։ Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութախոխանակության շլակները։
  • Վերարտադրողական համակարգը կազմում են սեռական գեղձերը, արտաքին ու ներքին սեռական օրգանները։ Այն պատասխանատու է սեռական բջիջների առաջացման, նրանց միավորման ու նոր օրգանիզմի զարգացման համար։
  • Իմուն համակարգը կազմում են լեյկոցիտները, թիմուսը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջներին օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել վերջիններին` օգտագործելով հակամարմիններ, ցիտոկիններ և այլն։
  • Լիմֆատիկ(ավշային) համակարգի հիմնական ֆունկցիան ավշի նյութափոխանակությունը, տեղափոխումը և արտազատումն է։
  • Էնդոկրին(Ներզատական) համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղ, վահանագեղձ, մակերիկամներ, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը, հարվահանագեղձեր և սեռական գեղձեր։ Սակայն գրեթե բոլոր օրգաններում և հյուսվածքներում արտադրվում են սպեցիֆիկ ներզատական հորմոններ։ Էնդոկրին համակարգի ֆունկցիան հորմոնների միջոցով օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաների կարգավորումն է։

Անատոմիայի զարգացումը[խմբագրել]

Անատոմիայի զարգացման առաջին փուլում՝ դիահերձման ժամանակ ուսումնասիրվում էին նկարագրական անատոմիայի մեթոդներով։ Հետո առաջացավ սիստեմային կամ համակարգային անատոմիան, հետո՝ տեղագրականը, որը անվանում են նաև վիրաբուժական։ Հաշվի առնելով կերպարվեստագետների պահանջները, առանձնացվեց պլաստիկ անատոմիան, որն ուսումնասիրում է մարմնի արտաքին ձևերը և համաչափությունները, կմախքի ումկանների կառուցվածքը, հետո՝ ֆունկցիոնալ անատոմիան։

Վերջին տարիներին զարգացել է նաև տարիքային անատոմիան, որն ուսումնասիրում է օրգանների փոփոխությունները տարիքի հետ կապված։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Մարդու անատոմիա։2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան Լույս 1992
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png