Բույսերի մորֆոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի մորֆոլոգիա, ֆիտոմորֆոլոգիա, բույսերի ձևաբանություն, գիտություն բույսերի կառուցվածքի և ձևագոյացման պրոցեսների օրինաչափությունների մասին անհատական (օնտոգենեզ) և էվոլյուցիոն-պատմական (ֆիլոգենեզ) զարգացման ընթացքում։ Բուսաբանության կարևորագույն բաժիններից է։

Հիմնական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության զարգացման ընթացքում, որպես ինքնուրույն գիտություններ, բույսերի մորֆոլոգիաից անջատվել են բույսերի անատոմիան, սաղմնաբանությունը և բջջաբանությունը։ Բույսերի մորֆոլոգիայի հիմնական խնդիրներն են՝ բնության մեջ բույսերի մորֆոլոգիական բազմազանության բացահայտումը, օրգանների կառուցվածքի և փոխադարձ տեղադրության, անհատական զարգացման ընթացքում բույսերի ընդհանուր կառուցվածքի ու առանձին օրգանների փոփոխությունների, օրգանների ծագման, ձևագոյացման վրա տարբեր արտաքին և ներքին գործոնների ազդեցության ուսումնասիրությունը։ Չսահմանափակվելով կառուցվածքի որոշակի տիպերի նկարագրությամբ, բույսերի մորֆոլոգիան ձգտում է պարզաբանել կառուցվածքների դինամիկան և ծագումը։

Հիմնական մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի մորֆոլոգիայի հիմնական մեթոդներն են․ նկարագրական՝ բույսերի օրգանների և համակարգերի ձևի նկարագրությունը, համեմատական՝ նկարագրվող նյութի դասակարգումը, բույսերի հասակային փոփոխությունների ուսումնասիրումը, օրգանների էվոլյուցիայի բացահայտումը կարգաբանական տարբեր խմբերի մոտ դրանց համադրմամբ, արտաքին պայմանների ազդեցության ուսումնասիրումը, և փորձառական՝ բույսերի մորֆոլոգիական ռեակցիայի ուսումնասիրությունը արհեստականորեն ստեղծված արտաքին պայմանների ազդեցության դեպքում, ինչպես նաև օրգանների ներքին վւոխադարձ կապերի հետազոտությունը վիրաբուժական միջամտության (պատվաստ, էտում) միջոցով։

Կապը այլ գիտությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի մորֆոլոգիան սերտորեն կապված է բուսաբանության մյուս բաժինների՝ պալեոբոտանիկայի, կարգաբանության, ֆիլոգենիայի, բույսերի ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, գեոբոտանիկայի և բուսաբուծության հետ։

Զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Դարվին

Որպես ինքնուրույն գիտություն բույսերի մորֆոլոգիայի ձևավորումը կապված է գերմանացի բանաստեղծ և բնագետ Յո.Վ. Գյոթեի (որը և առաջարկել է «Բույսերի մորֆոլոգիա» տերմինը) բույսերի օրգանների միասնությանը և մետամորֆոզին վերաբերող աշխատանքների հետ (XVIII դարի վերջ)։ Ըստ Գյոթեի բույսի ընձյուղի բոլոր օրգանները՝ շաքիլներից մինչև ծաղկի մասերը, միևնույն տարրական օրգանի՝ տերևի ձևափոխություններն են։ Այդ աշխատանքները որոշիչ ազդեցություն ունեցան բույսերի մորֆոլոգիայի զարգացման վրա, չնայած, նրա շատ հետևորդներ (Շ․ Գոդիշո, Կ․ Շուլց, Ա․ Բրաուն) իդեալիստական կոնցեպցիաների սկիզբը դրեցին։ Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության հրապարակումից հետո ձևավորվեց բույսերի մորֆոլոգիայի պատմական մեթոդը, կառուցվածքային միասնությունը և ձևերի բազմազանությունը ստացան մատերիալիստական բացատրություն։ Բույսերի մորֆոլոգիա էվոլյուցիոն կամ ֆիլոգենետիկ ուղղությունը հետագայում զարգացել է Վ․ Հոֆմայստերի, Գ․ Պոտոնյեի, Վ․ Ցիմմերմանի (Գերմանիա), Օ․ Լինեյի (Ֆրանսիա), է․ Ջեֆրիի, Ասա-Գրեյի (ԱՄՆ), Ն․ Արբերի, Զ․Պարկինի (Անգլիա), Ի․ Չիստյակովի, Ի․ Գորոժանկինի, Վ․ Բելյաևի, Ս․ Նավաշինի (Ռուսաստան), Ի․ Սերեբրյակովի, Կ․ Մեյերի (ԽՍՀՄ) աշխատանքներում։ Ծածկասերմերի էվոլյուցիայի հարցերը լայն զարգացում են ստացել հայ բուսաբան էվոլյուցիոնիստ Ա․ Թախտաջյանի աշխատություններում, որի ստեղծած դպրոցը ՀԽՍՀ-ում զբաղվում է բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիայով, կարգաբանությամբ, ծաղկավոր բույսերի ծագմամբ, բույսերի աշխարհագրությամբ։ Բույսերի մորֆոլոգիայի փորձառական ուղղության զարգացման մեջ մեծ ներդրում ունեն Ա․ Բեկետովը, Ֆ․ Լևակովսկին (Ռուսաստան), Գ․ Ֆյոխտինգը, Գ․ Կլեբսը, Կ․ Գյոբելը (Գերմանիա) և այլն։ Բույսերի մորֆոլոգիայի օնտոգենետիկ ուղղությունը նշանակալիորեն ձուլվել է փորձառականին և զարգանում է բույսերի ֆիզիոլոգիայի հետ սերտ առնչված (մորֆոգենեզ

Կարևոր ներդրում ունեն Ա․ Ֆոստերը, Է․ Սինոտը (ԱՄՆ), Լ․ Պլանդեֆոլը, Ռ․ Բյուվը (Ֆրանսիա), Օ․ Շյուպը (Շվեյցարիա), Գ․ Գուտենբերգը (Գերմանիա), Ֆ․ Կլոուսը (Անգլիա), Ֆ․ Կուպերմանը, Վ․ Սկրիպչինսկին (ԽՍՀՄ) և այլն։ Մորֆոգենետիկ ուղղությանը մոտ են հայ ֆիզիոլոգ Վ․ Ղազարյանի և նրա աշխատակիցների աշխատանքները, որոնք վերաբերում են ծառաթփային ձևերի օնտոգենեզում օրգանների գոյացման օրինաչափությունների ֆիզիոլոգիային։ Բույսերի ռեգիոնալ նկարագրությամբ ու կյանքի ձևերի դասակարգման հարցերով և բացառիկ պայմաններին (օրինակ, Պամիրում, ղազախական և միջինասիական տափաստաններում, անապատներում, տունդրաներում, անտառա-տունդրաներում և այլն) նրանց հարմարվելու բազմակողմանի ուսումնասիրությամբ զբաղվում է էկոլոգիական բույսերի մորֆոլոգիան (Ի․ Ռայկով, Ե․ Կորովին, Բ․ Տիխոմիրով և ուրիշներ)։ Բույսերի մորֆոլոգիայի տվյալները լայնորեն օգտագործվում են անտառաբուծության և մարգագետնաբուծության, այգեգործության և այլնի մեջ։ Բույսերի մորֆոլոգիայի վերաբերյալ աշխատանքները հրապարակվում են «Ֆիտոմորֆոլոջի» («Phytomorphology», Delhi, 1951) միջազգային հանդեսում, ԽՍՀՄ-ում պարբերաբար լույս է տեսնում ԽՍՀՄ ԳԱ բուսաբանության ինստիտուտի աշխատանքների ժողովածուն՝ «Морфология и анатомия растений» (1950), «Բոտանիչեսկի ժուռնալ» («Ботанический журнал», 1916 թվականից) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 57