Լեռնային Ղարաբաղի գործադիր մարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային Ղարաբաղի գործադիր մարմին
Տեսակգործադիր իշխանություն
ԵրկիրԼեռնային Ղարաբաղ
Ստեղծման թվականմարտի 12, 1917
Վերադաս մարմինԱնդկովկասյան Հատուկ Կոմիտե
Ծառայողների թիվ40

Լեռնային Ղարաբաղի գործադիր մարմին, 1917 թվականի մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղում ստեղծված գործադիր իշխանության մարմին, որը գործում էր Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (ՕԶԱԿՈՄ) ենթակայության տակ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարից Ղարաբաղ անվանվող տարածքը պատմական Հայաստանի Արցախ աշխարհի մի մասն է[1]։ Լեռնային Ղարաբաղը ֆիզիկաաշխարհագրական առումով ընդգրկել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի[Ն 1] տարածքը (Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանները), ինչպես նաև Լաչինի, Քարվաճառի, Դաշքեսանի, Գետաբեկի, Շահումյանի, Ջեբրայիլի, Աղդամի, Միր-Բաշիրի (այժմ՝ Թարթառ), Աղջաբեդի, Ղուբաթլուի, Կասում Իսմայիլի (այժմ՝ Գերանբո) շրջանները ամբողջությամբ, Խանլարի, Թովուզի, Շամխորի և Ֆիզուլիի շրջանները մասամբ։

1867 թվականի դեկտեմբերի 9-ին Ալեքսանդր Բ ցարը ստորագրեց «Կովկասյան և Ադրկովկասյան երկրամասի կառավարման բարեփոխումների մասին» կանոնադրությունը, որը գործողության մեջ դրվեց 1868 թվականի հունվարի 1-ից։ Ըստ այդ կանոնադրության՝ Անդրկովկասը բաժանվեց 5 նահանգների՝ Քութայիսիի, Թիֆլիսի, Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի։ Հին Գանձակ քաղաքը վերանվանվեց Ելիզավետպոլ, որի անունով էլ կոչվեց նոր նահանգը[Ն 2]: Այս նահանգի կազմ մտան Արցախը, Զանգեզուրը և հայկական այլ գավառներ։ Արցախի գավառական կենտրոններ դարձան Թարթառը` Ջիվանշիրի համար և Ջեբրայիլը՝ համանուն գավառի համար[2]։ Ղարաբաղն այս նահանգի կազմում մնաց մինչև 1917 թվականը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը վերջ դրեց Ռուսական կայսրությանը։ Հեղափոխության ալիքը ցնցեց նաև էթնոկրոնական ու մշակութային խայտաբղետ կազմ ունեցող Կովկասը։

Անդրկովկասում ստեղծված քաղաքական բարդ ու լարված իրադրությանը տիրապետելու և այն ի շահ հեղափոխության խնդիրներին ծառայեցնելու նպատակներից ելնելով, ժամանակավոր կառավարությունը երկրամասում կատարեց գործադիր ու օրենսդիր մարմիների փոփոխություններ, ինչպես նաև վարչատարածքային նոր բաժանումներ։ Ժամանակավոր կառավարությունը որոշել էր անցկացնել Ադրկովկասի վարչատարածքային բաժանումներ՝ ազգային-տարածքային ընդհանրության սկզբունքով։ Այս ընդհանուր քաղաքական ոլորտում էր կառավարությունը դիտում նաև հայկական գավառների հարցի լուծումը։ Նախատեսվող հայկական վարչական միավորի մեջ պետք է մտնեին հայկական բոլոր գավառները, այդ թվում նաև Ղարաբաղը[Ն 3]:

Հիմնովին վերափոխվում են Անդրկովկասի նախկին իշխանությունները, իշխանության ներկայացուցիչները և պաշտոնյաները։ Ժամանակավոր կառավարությունը վերացնում է Կովկասի փոխարքայությունը։ 1917 թվականի մարտի 9-ի որոշմամբ ստեղծվում է Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ՕԶԱԿՈՄ)։ Այս հատուկ կոմիտեն ձեռնարկում է ինքնավարության մարմինների կազմակերպումը երկրամասում։ Ժամանակավոր, մինչև սահմանադիր ժողովի հրավիրումը, գյուղերում, շրջաններում, գավառներում, նահանգներում և մարզերում ընտրությունների միջոցով ստեղծվում են գործադիր կոմիտեներ, որոնք հանդիասացան ՕԶԱԿՈՄ-ի մարմիններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծվում են տեղական իշխանության գործադիր մարմիններ։ Այդ ուղղությամբ արցախահայությանը մեծ օգնություն է ցույց տալիս 1917 թվականի մարտի սկզբին Թիֆլիսից Շուշի գործուղված Ադրկովկասյան հատուկ կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Միքայել Ղարաբեկյանը[4]։ 1917 թվականի մարտի 11-ին Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի նախագահությամբ քաղաքի Ղազանչեցոց եկեղեցում հրավիրվում է նախապատրաստական ժողով, որում քննարկվում է գավառի գործադիր մարմին ընտրելու հարցը։ Հաջորդ օրը՝ մարտի 12-ին գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի գործադիր մարմնի ընտրությունը, որին մասնակցեցին բնակչության բոլոր խավերը։ Ընտրվեց 40 հոգուց բաղկացած գործադիր կոմիտե՝ Լեռնային Ղարաբաղի կյանքը ղեկավարելու համար[5]։

Բացի այդ, Շուշի քաղաքում ստեղծվում է բանվորական ներկայացուցիչների խորհուրդ, որին հետագայում միանում են զինվորական և գյուղացիական խորհուրդները[6]։ Այս խորհուրդները գտնվում էին սոցիալ-դեմոկրատների ազդեցության տակ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1991 թվականի սեպտեմբերից՝ Արցախի Հանրապետություն։
  2. 1918 թվականի սկզբին Ելիզավետպոլը վերանվանվեց Գանձակ։
  3. Այդ սկզբունքով էլ ՀՅԴ-ն կազմել էր մի ծրագիր (ըստ որի Թիֆլիսի, Երևանի, Կարսի և Գանձակի նահանգների հայկական գավառներից պիտի տեղծվեին հայկական նահանգներ) և ուղարկել Պետրոգրադ՝ Ժամանակավոր կառավարությանը։ Ծրագիրը թեև հավանության արժանացավ, բայց կառավարությունը չհասցրեց այն իրագործել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Право на самоопределение основа демократическофо пешения межнациональных проблем. К проблеме Нагорного Карабаха», Ю.Г.Барсегов, Ереван, 1989, с. 5.
  2. Հայաստանի Հանրապետության պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ.199, ց.1, գ.128, թ.248:
  3. «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Ռուբեն Տեր-Մինասյան, Թեհրան, 1982, հ. 7, էջ 131։
  4. «Նեցուկ», օգոստոսի 18, 1917 թ.:
  5. «Մշակ», մարտի 30, 1917 թ.:
  6. «Նեցուկ», սեպտեմբերի 13, 1917 թ.: