Ինչո՞ւ են ազգերը ձախողվում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչո՞ւ են ազգերը ձախողվում
Why Nations Fail
ԵնթավերնագիրԻշխանության, բարգավաճման և աղքատության ծագումը
ՀեղինակՏարոն Աճեմօղլու և Ջեյմս Ռոբինսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրոչ գեղարվեստական
Թեմահամեմատական քաղաքականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր546
ԵրկիրԱՄՆ, Թուրքիա
ՀրատարակիչCrown Business
Հրատարակման տարեթիվ2012 թ., մարտի 20
ԳՄՍՀ0-307-71921-9
Կայքwhynationsfail.com(անգլ.)

«Ինչո՞ւ են ազգերը ձախողվում», ոչ գեղարվեստական գիրքը առաջին անգամ տպագրվել է 2012 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտի գիտնական, ամերիկահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի և Չիկագոյի համալսարանի գիտնական, բրիտանացի քաղաքագետ Ջեյմս Ռոբինսոնի կողմից։

Գիրքը վերաբերում է ինստիտուցիոնալ տնտեսագիտությանը, զարգացման տնտեսագիտությանը և տնտեսական պատմությանը՝ հասկանալու, թե ինչու են ազգերը տարբեր կերպ զարգանում. որոշները հաջողում են, իշխանություն ձեռք բերում և հզորանում, իսկ մյուսները՝ ձախողվում։

Հեղինակները նաև վարում էին գրքի ընթացիկ քննարկումների համար նախատեսված բլոգ, որը 2014 թվականից այլևս ակտիվ չէ[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնհինգ գլուխներում Աճեմօղլուն և Ռոբինսոնը փորձում են պարզաբանել այն գործոնները, որոնք պատասխանատու են քաղաքական և տնտեսական հաջողության կամ պետությունների ձախողման համար։ Նրանք պնդում են, որ բարգավաճման կամ աղքատության պատճառների ներկայիս բացատրությունները՝ աշխարհագրական դիրքը, կլիման, մշակույթը, կրոնը կամ քաղաքական լիդերների անիրազեկությունը ոչ բավարար են լիարժեք մեկնաբանության համար։

Աճեմօղլուն և Ռոբինսոնը պաշտպանում են իրենց տեսությունը՝ համեմատելով տարբեր երկրների ուսումնասիրությունները։ Նրանք առանձնացնում են այնպիսի երկրներ, որոնք վերոհիշյալ շատ գործոններով նման են իրար, սակայն, ընտրելով տարբեր ինստիտուցիոնալ և քաղաքական ուղիներ, դարձել են ուժեղ կամ թույլ զարգացած։ Առավել տիպիկ օրինակ է Կորեան, որը 1953 թվականին բաժանվեց Հյուսիսային և Հարավային Կորեաների։ Երկու երկրների տնտեսությունները տրամագծորեն տարբերվում են իրարից. Հարավային Կորեան դարձել է Ասիայի ամենահարուստ երկրներից մեկը, իսկ Հյուսիսային Կորեան՝ ամենաաղքատներից մեկը։ Հաջորդ օրինակներն են սահմանակից երկու քաղաքները, երկուսն էլ կոչվում են Նոգալս (մեկը՝ Մեքսիկայի Սոնորա նահանգում, մյուսը ԱՄՆԱրիզոնա նահանգում)։ Հղում կատարելով սահմանակից 2 քաղաքներին, հեղինակները վերլուծում են ինստիտուցիունալ միջավայրի ազդեցությունը բնակիչների բարեկեցության վրա նույն աշխարհագրական դիրքի և մշակույթի պայմաններում։

Աճեմօղլուի և Ռոբինսոնի տեսության հիմնական իմաստն այն է, որ տնտեսական բարեկեցությունը կախված է առաջին հերթին քաղաքական և տնտեսական ինստիտուտների ներառականությունից։ Ինստիտուտները «ներառող» են, երբ քաղաքական որոշումների կայացմանը մասնակցում են շատ մարդիկ, ի տարբերություն այն դեպքերի, երբ մարդկանց փոքր խումբ կառավարում է ինստիտուտները և չի ցանկանում փոփոխություններ կատարել։ Նրանք պնդում են, որ ժողովրդավարական և ազատ բազմակարծությամբ երկրներում երաշխավորվում է օրենքի գերակայությունը։ Հեղինակները նաև նշում են, որ «ներառող» ինստիտուտները նպաստում են տնտեսական բարգավաճմանը, քանի որ նրանք ապահովում են այնպիսի մեխանիզմ, որը խրախուսում է տաղանդներին և ստեղծարար գաղափար ունեցող մարդկանց։

Ի հակադրություն վերջինի՝ հեղինակները նկարագրում են այսպես կոչված «էքստրակտրվ» («չներառող») ինստիտուտները, որոնք էլիտային թույլ են տալիս կառավարել և շահագործել ուրիշներին, հարստություն կուտակել այն մարդկանց հաշվին, ովքեր էլիտար չեն։ Ըստ նրանց՝ «էքստրակտիվ» ինստիտուտ ունեցող երկրները չեն բարգավաճել, քանի որ ձեռնարկատերերը և քաղաքացիները ներդրումների ու խնայողությունների պակաս խթան ունեն։ Պատճառներից մեկն այն է, որ իշխող էլիտան վախենում է «կրեատիվ (ստեղծարար) ոչնչացումից». այս տերմինը ներդրվել է ավստրիացի տնտեսագետ Ժոզեֆ Շումպետերի կողմից, մի գործընթաց է, որի ժամանակ հին և վատ ինստիտուտները ոչնչացվում են և ստեղծվում նոր և ավելի լավ ինստիտուտներ։ «Կրեատիվ ոչնչացումը» կստեղծի նոր խմբեր, որոնք իշխանություն ձեռք բերելու համար պայքարում են կառավարող էլիտայի դեմ՝ վերջիններիս համար սահմանափակելով երկրի ֆինանսական և տնտեսական ռեսուրսների հասանելիությունը։

Հեղինակները բերում են Անգլիայում 1688 թվականի «Փառավոր հեղափոխությունից» հետո առաջացած ժողովրդական բազմակարծության օրինակը, որը կարևոր գործոն էր Արդյունաբերական հեղափոխության համար։ Գիրքը նաև փորձում է բացատրել Չինաստանի տնտեսական ծաղկման երևույթը։ Այս երկրի անցյալը չի հակասում գրքի փաստարկներին. չնայած Չինաստանի ավտորիտար ռեժիմին՝ տնտեսական աճը տեղի ունեցավ «ներառող» տնտեսական քաղաքականության շնորհիվ, որն իրականացրեց Չինաստանում բաց տնտեսական քաղաքականության «կնքահայր» Դեն Սյաոպինը։

Համաձայն հեղինակների առաջ քաշած սկզբունքների՝ տնտեսական աճը կփոփոխի ռեսուրսների բաշխումը, ինչն էլ կազդի քաղաքական ինստիտուտների վրա։ Հետևաբար, չնայած Չինաստանի տնտեսական արագ աճին՝ եթե այդ երկիրը չբարելավի իր քաղաքական ներառականությունը, ապա սպասվում է, որ կկործանվի, ինչը տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ 1990-ականների սկզբին։

Տեսությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հիմնված է 2 հիմնական տեսությունների վրա. առաջինը նկարագրում է ժողովրդավարական և բռնապետական ռեժիմների շարժիչ ուժերը, իսկ երկրորդը մեկ քայլ առաջ է գնում և բացատրում, թե ինչպես է ժողովրդավարական ռեժիմը նպաստում տնտեսական աճին, իսկ բռնապետական ռեժիմը՝ խաթարում։

Ժողովրդավարության շարժիչ ուժերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեմօղլուի և Ռոբինսոնի տեսությունը այն մասին, թե ինչն է առաջ մղում ժողովրդավարությանը, հիմք է առել դեռևս իրենց նախորդ տեսությունից[2]։ Այս տեսության մեջ, Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ժողովրդավարացման պատմության վրա հիմնվելով, ներկայացվում է ժողովրդավարության և ոչ ժողովրդավարության միջև տատանումների մաթեմատիկական պատճառները։ Գրքում ընդգծվում է հեղափոխության և սոցիալական դժգոհությունների դերը, որը հանգեցնում է ժողովրդավարացման և էլիտայի այն ցանկությանը, որպեսզի սահմանափակի ոչ ժողովրդավարական ռեժիմի անցնելու արդյուքում սկսված տնտեսության վերաբաշխումը։

Մի շարք ենթադրություններ էլ ավելի են ընդգծում այս տեսության մոդելը՝ հեղինակներին թույլ տալով պարզեցնել հասարակության մոդելը։ Նախ, համարում են, որ հասարակությունը պարզորեն բաժանված է փոքրաթիվ հարուստ և մեծաթիվ աղքատ դասակարգերի։ Երկրորդ, նրանք պնդում են, որ ռեժիմը պետք է լինի կա՛մ ժողովրդավարական, կա՛մ ոչ ժողովրդավարական։ Երրորդ, հասարակության մեջ մարդկանց նախասիրությունները որոշվում են իշխող էլիտայի կողմից իրականացվող դրամական վերաբաշխմամբ։ Որքան շատ եկամուտներ են ստանում, այնքան ավելի են նախընտրում իշխող դասը։ Չորրորդ, մարդիկ դրամական վերաբաշխմանը ուշադրություն են դարձնում ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում։ Հետևաբար, մարդիկ այսօր ցանկանում են ոչ միայն մեծ վերաբաշխում, այլև ցանկանում են ապագայում ավելի մեծ կամ կայուն վերաբաշխման երաշխիքներ գտնել։ Հինգերորդ, երկրի տնտեսական արտադրանքը տարեց տարի տատանվում է, ինչը նշանակում է, որ հեղափոխությունը տնտեսական անկման ժամանակ իշխող խավի համար նվազ ծախսատար կլինի։ Վերջինը և ամենակարևորը, յուրաքանչյուր անհատ ցանկանում է առավելագույնի հասցնել իր օգուտները։

Իրենց մոդելում երկրները սկսում են ոչ դեմոկրատական հասարակությունից, որտեղ փոքր հարուստ խումբը տիրապետում է հարստության մեծամասնությանը և կառավարում մեծաթիվ աղքատներին։ Որպես իշխող դասակարգ՝ հարուստները հարկում են կատարում տնտեսության արտադրանքից, սահմանում են հարկերի դրույքաչափերը։ Աղքատ մեծամասնությունը կարող է կա՛մ ենթարկվել հարուստների սահմանած կանոններին, կա՛մ գնալ իշխող խավի դեմ հեղափոխություն անելու ճանապարհով, ինչը որոշակի ծախսեր է պահանջում։ Հեղափոխության մեջ աղքատների հիմնական «շահույթը» հեղափոխության հաղթանակն է։ Այս դեպքում՝ երբ աղքատները հաղթանակի են հասնում, իշխող դասի եկամուտները բաշխվում են, աղքատ խավը հարկային եկամուտների վերաբերյալ նոր համաձայնության է գալիս։

Այսինքն, հեղինակները բնութագրում են երկու հաջորդական փուլեր. սկզբում հարուստ խավը որոշում է կայացնում հարկային դրույքաչափերի և վերաբաշխման մակարդակի մասին, այնուհետև աղքատ խավը որոշում է ընտրել հեղափոխության ճանապարհը կամ ընդունել իշխող խավի որոշումները։ Իմանալով հեղափոխության հետևանքով սպառնացող տնտեսական պոտենցիալ կորուստների մասին՝ հարուստ խավը հակված է սահմանել հարկային այնպիսի դրույքաչափ, որը չի հանգեցնի հեղափոխության և միաժամանակ իրենցից շատ մեծ ծախսեր չի պահանջի։

Այսպիսով, ժողովրդավարացումը վերաբերում է այն գործընթացին, երբ հարուստները հեղափոխությունից խուսափելու համար պատրաստակամորեն ավելացնում են դրամական վերաբաշխումը՝ արտոնություն տալով աղքատներին։

Կան մի քանի գործոններ (փոփոխականներ), որոնք ազդում են երկու կողմերի որոշումների կայացման վրա.

E – տնտեսության տարեկան արտադրանքը,

C – հեղափոխության ծախսերը,

P – իշխող խավի պատիժը հեղափոխության հաղթանակի դեպքում,

T – իշխող խավի սահմանած հարկային դրույքաչափը,

B – հեղափոխության օգուտները:

Այս փոփոխականների ունեցած ազդեցությունը նկարագրված է հետևյալ աղյուսակում.

Փոփո-խական Ազդե-ցություն Աղքատների օգուտն առանց հե-ղափոխութ-յան Աղքատների օգուտը հե-ղափոխությու-նից հետո Հարուստների օգուտն առանց հե-ղափոխութ-յան Հարուստների օգուտը հե-ղափոխութ-յունից հետո Նպատակա-հարմա՞ր կլինի արդյոք ժողովրդա-վարացումը Ինչու՞
E Նվազող Ցածր Անփոփոխ Ցածր Անփոփոխ Այո Անկման ժամանակ տնտեսությունը կրճատվում է, այդպիսով աղքատները ավելի շատ կցանկանան հեղափոխություն իրականացնել։ Դա կոմպենսացնելու համար հարուստները կմեծացնեն վերաբաշխումը և արտոնությունները հեղափոխությունը կանխելու համար։
C Նվազող Անփոփոխ Բարձր Անփոփոխ Անփոփոխ Այո Ինչքան ցածր է հեղափոխության ծախսը (եթե դուք գործազուրկ եք կամ զբաղված, ապա ծախսը ցածր կլնի գործազրկության դեպքում), այնքան աղքատները ավելի հակված են հեղափոխության, ուստի հարուստները կօգնեն աղքատներին, որպեսզի հեղափոխություն տեղի չունենա։
B Բարձր Անփոփոխ Անփոփոխ Անփոփոխ Ցածր Այո Ավելի խիստ պատժից խուսափելու համար հարուստները նախընտրում են աջակցել աղքատներին։
P Աճող Անփոփոխ Բարձր Անփոփոխ Անփոփոխ Այո Եթե հեղափոխության օգուտը մեծ է, և աղքատները շահագրգռված են դիմելու հեղափոխության, ուստի կրկին դրանից խուսափելու համար հարուստները հակված կլինեն մեծացնելու վերաբաշխումը։

Վերը նշված վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ հեղափոխության սպառնալիքը հարուստների համար անընդհատ խթան է հանդիսանում գնալու ժողովրդավարացման ուղով։ Այս տեսությունը համեմատվում է Կլարկի և Գոլդերի աշխատության հետ, որտեղ կառավարությունը որոշում է՝ ինչպես բաշխել եկամուտները, այդ դեպքում քաղաքացին կարող է արտագաղթել, հավատարիմ մնալ և ենթարկվել կամ բողոքել[3]։ Նմանապես, այս տեսությունը պատկերացում է տալիս, թե ինչպես են փոփոխականները, ինչպիսիք են արտագաղթը, բողոքը կամ հավատարմությունը, փոխում պետության վարքագիծը։

Ինչպես է ժողովրդավարությունն ազդում տնտեսական արդյունավետության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով ժողովրդավարական և բռնապետական ռեժիմների գործոնները՝ այս գրքի երկրորդ մասը բացատրում է, թե ինչու են «ներառող» («ինկլյուզիվ») քաղաքական ինստիտուտները ապահովում տնտեսական մեծ աճ։ Այս փաստարկը նախկինում պաշտոնապես ներկայացվել էր Աճեմօղլուի և Ռոբինսոնի մեկ այլ աշխատության մեջ, որը կոչվում է «Ինստիտուտները՝ որպես երկարաժամկետ աճի հիմնական պատճառ».[4]: Այս տեսության մեջ հեղինակները փորձում են մեկնաբանել բոլոր երկրների տնտեսական զարգացման տարբեր մակարդակները մեկ պարզեցված մեխանիզմի միջոցով։

Քաղաքական ինստիտուտները (օրինակ՝ սահմանադրությունը) դե յուրե (կամ գրավոր) սահմանում են քաղաքական իշխանության բաշխումը, մինչդեռ տնտնեսական ռեսուրսների բաշխումը դե ֆակտո (փաստացի) է որոշում քաղաքական ուժի բաշխումը։ Քաղաքական իշխանության և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո բաշխումը ազդում է տնտեսական ինստիտուտների վրա, թե ինչպես է իրականացվում արտադրությունը, նաև ինչպես պետք է ձևավորել քաղաքական ինստիտուտները հաջորդ փուլում։ Տնտեսական ինստիտուտները նաև որոշում են ռեսուրսների բաշխումը հետագա ժամանակաշրջանում։

Օրինակ Եվրոպայի ժողովրդավարացման դեպքում, հատկապես Անգլիայում մինչ «Փառահեղ հեղափոխությունը» քաղաքական ինստիտուտները կառավարվում էին միապետի կողմից։ Այնուամենայնիվ, միջազգային առևտրի զարգացման շնորհիվ ավելացող եկամուտները դե ֆակտո քաղաքական իշխանությունը միապետից տեղափոխեցին դեպի առևտրող զբաղվող ազնվականները և զարգացող առևտրական դասը։ Քանի որ այդ ազնվականները և առևտրական դասը նպաստել են տնտեսական արտադրանքի, ինչպես նաև միապետի հարկային եկամուտների զգալի ավելացմանը, երկու քաղաքական ուժերի միջև ստեղծվել է այնպիսի քաղաքական ինստիտուտ, որը պաշտպանում է առևտրական դասի շահերը։ Այս ցիկլում առևտրական դասի հնարավորությունները ասատիճանաբար մեծացան մինչև այնքան, որ դեռևս նրանց ուժերը բավարար չէին Անգլիայում միապետական համակարգը կործանելու և տնտեսական արդյունավետ ինստիտուտներ գեներացնելու համար։

Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական Սայմոն Ջոնսոնի հետ համատեղ աշխատությունում՝ «Համեմատական վերլուծության գաղութային ծագումը։ Պատմական հետազոտություն»[5], հեղինակները, օգտագործելով պատմության փորձը, ցույց են տալիս, որ տարբեր ինստիտուտներ առաջացնում են տարբեր մակարդակի տնտեսական աճ։ Այս աշխատության մեջ ուսումնասիրվում է մի շարք ազգերի ինստիտուտների ընտրությունը գաղութացման ժամանակ և նույն ազգերի տնտեսության զարգացվածության աստիճանն այսօր։ Այստեղ նշվում է, որ այն երկրներում, որտեղ հիվանդությունների բարձր մակարդակը դժվարեցնում է գաղութատերերի գոյատևումը (մահացության բարձր մակարդակ), նրանք հակված են ստեղծել «չներառող» ինստիտուտներ, որոնք հանգեցնում են ցածր տնտեսական աճ, իսկ այն երկրներում, որտեղ գաղութատերերի համար ավելի հեշտ է գոյատևել (մահացության ցածր մակարդակ), հիմնում և ամրապնդում են գաղութատեր երկրի ինստիտուտները, դրա վառ օրինակ են Մեծ Բրիտանիայի կողմից գաղութացված և մեծ հաջողություն ունեցած երկրները՝ մասնավորապես Ավստրալիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսպիսով, մահացության մակարդակը վերջին հարյուրամյակների ընթացքում այսօրվա հետգաղութային երկրների համար որոշիչ դեր է ունեցել։

Քաղաքական և տնտեսական ինստիտուտների փոխազդեցության տեսությունը հետագայում ամրապնդվում է Աճեմօղլուի, Ջոնսոնի և Ռոբինսոնի համատեղ աշխատության մեջ՝ «Եվրոպայի բարգավաճումը։ Ատլանտյան առևտուրը, ինստիտուցիոնալ փոփոխությունները և տնտեսական աճը»[6], որը ներկայացնում է Եվրոպայի տնտեսական աճը 1500-ականներց սկսած։ Աշխատության մեջ նշում է, որ 1500 թվականից սկսած Ատլանտյան առևտրում շահույթը գնալով մեծանում էր, ուստի ստեղծվում էր առևտրական ուժեղ դաս, որը կարող էր մարտահրավեր նետել բռնատիրական իշխանությանը։ Կատարելով ռեգրեսիոն վերլուծություն ինստիտուտի տեսակի և Ատլանտյան առևտրի միջև՝ աշխատությունը նաև ներկայացնում է քաղաքական ինստիտուտների և Ատլանտյան առևտրի նշանակալի փոխազդեցությունը. բացարձակ միապետության առկայությունը խոչընդոտում է Ատլանտյան առևտրի ազդեցությանը տնտեսական աճի վրա։ Սրանով բացատրվում է, թե ինչու Իսպանիան, ունենալով միևնույն հնարավորությունները Ատլանտյան առևտրում, տնտեսական ավելի փոքր աճ գրանցեց, քան Անգլիան։

Աճեմօղլուն և Ռոբինսոնը նշում են, որ մեծապես ոգեշնչվել են ամերիկացի տնտեսագետ Դուգլաս Նորտի և ամերիկացի քաղաքագետ Բարրի Վայնգեսթի աշխատությունից։ 1989 թվականին գրված այդ աշխատությունում՝ «Սահմանադրություններ և պարտավորություն։ Հանրային ընտրությունը կառավարող ինստիտուտների էվոլյուցիան 17-րդ դարի Անգլիայում»[7] , նրանք եզրակացնում են, որ հաղթողները ստեղծում են այնպիսի ինստիտուտներ, որոնք կպաշտպանեն իրենց շահերը։ «Փառահեղ հեղափոխության» դեպքում հաղթանակած առևտրական դասը ստեղծեց սեփականության իրավունքի մասին օրենքներ և սահմանափակեց միապետի իշխանությունը, ինչը նպաստեց տնտեսական աճին։ Հետագայում Նորտը, Ուոլիսը և Վայնգեստը այս օրենքը անվանեցին «բաց-մատչելիություն» իրենց աշխատության մեջ՝ «Բռնությունը և պատվերների մատչելիության բարձրացումը»[8]։ Բաց-մատչելիության, իրավահավասարության և հասարակության բազմազանության շնորհիվ երկրները էլ ավելի ընդունակ են դառնում բարգավաճելու։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված քննադատությունները ուղղակի կամ անուղղակի կերպով վերաբերում են գրքին, հեղինակին կամ գրքի առաջ քաշած փաստարկներին։

Արվինդ Սուբրամանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդիկ տնտեսագետ Արվինդ Սուբրամանյանը նշում է հնարավոր հակադիր պատճառաբանական կապի մասին իր «Ամերիկայի շահերը» աշխատության մեջ[9]։ «Ինչու՞ են ազգերը ձախողվում» գիրքը քաղաքական ինստիտուտները համարում է որպես պատճառ, իսկ տնտեսական ցուցանիշները՝ որպես հետևանք։ Այնուամենայնիվ, ըստ մոդեռնացման տեսության՝ պատճառաբանական կապը կարող է այլ կերպ արտահայտվել, այսինքն քաղաքական ինստիտուտների բարելավումը կարող է լինել տնտեսության մոդեռնացման արդյունք։ Այսպես, գիրքը չի բացատրում, թե ինչու նշված այլընտրանքային տարբերակը չի կարող աշխատել։

Սուբրամանյանը նաև նշում է այս գրքի սահմանափակությունը՝ ցույց տալով Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական աճը։ Բռնապետական ռեժիմի ներքո Չինաստանը գրանցել է մեծ տնտեսական աճ, մինչդեռ ժողովրդավարական Հնդկաստանը բավականին հետ է մնացել։ Ըստ Սուբրամանյանի՝ կարող ենք ասել, որ կա՛մ այս 2 երկրները բացառություն են, կա՛մ դեռ վաղ է որևէ ենթադրություն անել (այսինքն՝ Չինաստանը կարող է անկում ապրել, իսկ Հնդկաստանը, ինչպես կախատեսված է գրքում, մեծ աճ գրանցել)։ Այնուամենայնիվ, այնքան էլ գոհացուցիչ չէ, որ այս տեսությունը չի կարող բացատրել աշխարհի բնակչության մեկ երրորդի իրավիճակը, և անհավանական է, որ նշված երկրները մոտ ապագայում մեծ փոփոխություններ կկրեն, ինչպես նշված է գրքում։

Աճեմօղլուն և Ռոբինսոնը ժխտում են[10], որ իրենց տեսությունը առանձնացնում է քաղաքական և տնտեսական ինստիտուտները, և որ քաղաքական ինստիտուտները չեն, որ հանգեցնում են տնտեսական աճի, սակայն տնտեսական ինստիտուտները ձևավորվում են քաղաքական ինստիտուտների կողմից։ Չինաստանի դեպքում, չնայած, որ քաղաքական ինստիտուտները շատ հեռու են «ներառական կոչվելուց», չինական ռեֆորմների խթանը գալիս էր հենց քաղաքական ինստիտուտներից (1978 թվականին ներքաղաքական պայքարից հետո՝ մշակութային հեղափողության ժամանակ, Դեն Սյաոպինի բաց տնտեսական քաղաքականության կիրառում)։ Սա համապատասխանում է այն տեսության հետ, որ քաղաքական ինստիտուտների փոփոխությունը ձևավորում է տնտեսական ինստիտուտներ՝ ազդելով տնտեսական ցուցանիշների վրա։ Կանխատեսվում է, որ տնտեսական այս աճը ապագայում կձևավորի քաղաքական նոր ինստիտուտ։ Կարելի է միայն ասել, որ Չինաստանը բացառություն կդառնա, երբ ապագայում, բռնապետական ռեժիմով հանդերձ, դառնա այնքան հարուստ, ինչպես ԱՄՆ-ն կամ Գերմանիան է։

Ինչ վերաբերում է Հնդկաստանին, հեղինակները ժխտում են «ներառող» ինստիտուտների և ընտրովի ժողովրդավարության միջև հավասարակշռությունը։ Ընտրովի ժողովրդավարությունը երկրի կողմից դե յուրե ընդունված համակարգ է, մինչդեռ քաղաքական ինստիտուտները վերաբերում են երկրի քաղաքական համակարգի դե ֆակտո կառուցվածքին և որակին։ Օրինակ, Հնդկաստանի քաղաքական համակարգը երկար ժամանակ գերիշխում է Կոնգրեսական կուսակցությունը. հանրային բարիքների տրամադրումը ենթադրում է քաղաքական պատրիմոնալիզմ. Լոկ Սաբհայի (Հնդկաստանի օրենսդիր մարմին) որոշ անդամներ ենթարկվում են քրեական պատասխանատվության, և դեռևս գործում է կաստաների միջև անհավասարությունը։ Ժողովրդավարության մակարդակը շատ ցածր է, հետևաբար քաղաքական ինստիտուտները գտնվում են վատ վիճակում, ինչը բացատրում է, թե ինչու այլ հավասար պայմաններում տնտեսական աճը այդքան փոքր է։

Դեյվիդ Հենդերսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Հենդերսոնը ընդհանուր առմամբ դրական կարծիք է արտահայտել «Կարգավորում» ամսագրի մեջ[11], բայց քննադատում է հեղինակներին, երբ խոսքը տնտեսական աճի գործում կենտրոնական կառավարության դերի մասին է։ Գրքի տարբեր մասերում հեղինակները նշում են այնպիսի երկրների ձախողման մասին, ինչպիսիք են Աֆղանստանը, Հայիթին, Նեպալը, որը պայմանավորված է կարգ ու կանոն հաստատող կենտրոնական ուժեղ կառավարության բացակայությամբ։ Այնուամենայնիվ, գրքի այլ մասերում հեղինակները կարծես թե ընդունում են թույլ կառավարության պայմաններում տնտեսական աճը, և որպես օրինակ բերվում է Սոմալին՝ կենտրանական կառավարությունը կորցնելուց հետո։ Որպես լրացում, Հենդերսոնը նշում է, որ ԱՄՆ-ի հետ կապված՝ հեղինակները գրքում երկու սխալ են թույլ տվել։ Նախ, հեղինակները կեղծ մեղադրում են Ռոքֆելլերների նման մոնոպոլիստներին՝ որպես գնաճ առաջացնող մեծ ուժ։ Բայց փաստացի նրանք չեն բարձրացրել նավթի գները, այլ իջեցրել են, որպեսզի շուկայում մասնաբաժին ունենան։ Երկրորդ, նա պնդում է, որ հեղինակները մեծ ուշադրություն չեն դարձրել ԱՄՆ-ի տնտեսական պատմության այն ժամանակահատվածին, որը վերաբերում է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմին և քաղաքացիական շարժմանը։ Հարուստ հյուսիսից բաժանվելու փոխարեն, հարավը փաստացի միացավ նրան[11]։

Ֆրենսիս Ֆուկույամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Ամերկայի շահերը» աշխատության մեջ նա քննադատում է Աճեմօղլուին և Ռոբինսոնին այն բանի համար, որ իրենց գիրքը բովանդակային առումով շատ նման է Նորտի, Ուոլիսի և Վեյնգաստի 2009 թվականին հեղինակած «Բռնություն և սոցիալական կարգ» գրքին[12]։ Ֆուկույաման պնդում է, որ պետության՝ քաղաքական ինստիտուտների բաժանումը «ներառողի» և «ոչ ներառողի» չափից դուրս շատ է պարզեցնում հիմնախնդիրը։ Նա պնդում է նաև, որ մոտեցումը բավականին կոնցեպտուալ է և թույլ չի տալիս մեկնաբանել տարբեր ինստիտուտների գործնական նշանակությունը։ Խնդրի բացահայտման պատմական մոտեցումը նույնպես ենթարկվել է մեկնաբանության։ Վերջիվերջո, Ֆուկույաման հատուկ ցույց է տալիս, որ Չինաստանի մասին հեղինակների կողմից նշված փաստարկները չեն համապատասխանում ժամանակակից Չինաստանին, քանի որ այդ երկիրը ունի «չներառող» ինստիտուտներ, սակայն դեռևս տնտեսապես ծաղկում է ապրում։

Ֆուկույամայի քննադատություններին հեղինակները պատասխանեցին իրենց վարած բլոգում[13]։ Նախ, նրանք համաձայնվեցին, որ ոգեշնչվել են Նորտթի, Ուոլիսի և Վեյնգաստի գրքից, սակայն բացատրեցին, որ այս 2 գրքերը լրացնում են մեկը մյուսին։ Երկրորդ, գերպարզեցման մասին քննադատությանը նրանք հակադրվեցին՝ նշելով, որ դա հատուկ արվել է քաղաքական կոմպլեքս ինստիտուտները պարզեցնելու համար. կարևոր է կոնցեպտուալացնել և խուսափել որևէ ինստիտուտի մասին մեկ ասպեկտով շատ նեղ մեկնաբանություններ անելուց։ Վերջինը՝ կապված Չինաստանի հետ, հեղինակները մատնանշում են այդ երկրի տնտեսական աճը մինչև որևէ (սահմանափակ) մակարդակ՝ կախված, թե քաղաքական ինստիտուտները ինչքան են «ներառող». այս երևույթը դիտվել է նաև 1970-ականներին ԽՍՀՄ-ում։

Ժակ Ռոգոզինսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագետ, պետական ծառայող, մեքսիկացի գրող։ 2017 թվականի նոյեմբերի 7-ին մի քանի լրատվամիջոցներում (Milenio, El Financiero, El Informador) տպագրված հոդվածի մեջ ասել է, որ գիրքը բազմաթիվ կեղծիքներ է պարունակում, հատկապես Մեքսիկայի հեռահաղորդակցման ընկերության (Telmex) և ԱՄՆ-ում Կարլոս Սլիմի բիզնեսների մասնավորեցման գործընթացի վերաբերյալ։ Իր հոդվածում Ռոգոզինսկին բերում է մի շարք փաստաթղթեր, պատմական հիմնավորումներ, որոնք պաշտպանում են իր քննադատությունները։ Ռոգոզինսկին պնդում է, որ հեղինակները փորձել են Կարլոս Սլիմին ներկայացնել որպես ԱՄՆ-ում արդարադատության համակարգի պատճառով անհաջող բիզնես տակտիկա վարած գործարարի, ով Դալլաս Տեխասի դատական գործում կորցնում է CompUSA-ի արտոնագրերը։ Իրականում Սլիմը այդ գործը շահել է և՛ Տեխասի վերաքննիչ դատարանում, և՛ վճռաբեկ դատարանում։ Այս փաստը տեղի է ունեցել գրքի հրատարակումից վեց տարի առաջ, որը դիտավորյալ ժխտվում էր, սակայն մի քանի թերթեր տպագրել են այդ պատմությունը։ 2013 թվականից սկսած, Ռոգոզինսկին կապ է հաստատել հեղինակների հետ, որպեսզի իմանա այն փաստերի մասին, որոնք օգտագործվել են իրենց հետազոտությունները հիմնավորելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի այլ փաստեր։ Ի տարբերություն Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Մեքսիկական խմբագրության (Grupo Planeta)՝ միայն Random House-ը համաձայնվեց հետագա տպագրություններում փոխել տեքստը (2013 թվականի դեկտեմբեր)[14]։

Ջարեդ Դայմոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրքում՝ «Նյու Յորքի գրքերի ուսումնասիրություն»[15], նա նշում է, որ հեղինակները հիմնականում առաջնորդվում են միայն ինստիտուտների գործոնով՝ անտեսելով մնացածը, օրինակ՝ աշխարհագրական դիրքը։ Ամենակարևոր հարցերից մեկը հեղինակների փաստարկների մեջ էնդոգենությունն է. եթե տնտեսական աճը բացատրվում է քաղաքական լավ ինստիտուտներով, ապա ինչո՞վ են բացատրվում քաղաքական լավ ինստիտուտները։ Ահա, թե ինչու զարգացման տարբերությունները բացատրելիս Դայմոնդը հիմնվում է իր սեփական տեսության վրա։ Նա համեմատում է արևադարձային (Կենտրոնական Աֆրիկա և Ամերիկա) և բարեխառն (Հյուսիսային ու Հարավային Աֆրիկա և Ամերիկա) տարածքներն ու եզրակացնում, որ ազգերի հարստության տարբերությունները կախված են եղանակային պայմաններից. օրինակ արևադարձային տարածքներում հիվանդությունները ավելի արագ են տարածվում, և գյուղատնտեսական արտադրանքը ցածր է։ Հաջորդ քննադատությունն այն մասին է, որ հեղինակները, անտեսելով Արևմտյան Եվրոպայի զարգացումը, կենտրոնանում են փոքր իրադարձությունների վրա, օրինակ՝ «Փառահեղ հեղափոխությունը» Անգլիայում։

Ի պատասխան Դայմոնդի քննադատությունների[16]՝ հեղինակները նշեցին, որ հաշվի են առել աշխարհագրական գործոնները, սակայն աշխարհագրական դիրքը չի բացատրում զարգացման մակարդակների տարբերությունը։ Աճեմօղլուն և Ռոբինսոնը աշխարհագրական դիրքը համարում են բնական գործոն, որով օժտված է տվյալ երկիրը, իսկ թե ինչպես է դա ազդում զարգացման վրա, դեռևս կախված է ինստիտուտներից։ Նրանք հիշեցնում են իրենց մեկ այլ տեսություն՝ «Հաջողության վերադարձը» (Reverse of Fortune)․ այն ժամանակվա աղքատ երկրները (ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան) հարստացել են՝ չնայած աշխարհագրական պայմաններին։

Դայմոնդը հերքեց[16] հեղինակների պատասխանը՝ ամրապնդելով գրքում իր գտած սխալները։ Նա համառորեն պնդում է, որ աշխարհագրական դիրքը երկրների՝ հարուստ կամ աղքատ լինելը որոշող կարևորագույն գործոնն է։ Նա որպես օրինակ նշում է, որ արևադարձային հիվանդությունների պատճառով Զամբիայի աշխատողները իրենց կյանքի մեծ մասը հիվանդ են լինում, ինչը նվազեցնում է աշխատանքի արտադրողականությունը։ Ըստ նրա՝ աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է զարգանալ հնագույն ագրարային պրակտիկան։ Գյուղատնտեսական պրակտիկան է ձևավորել նստակյաց կենսակերպը, ինչպես նաև սոցիալական փոխազդեցությունը․ երկուսն էլ իրենց հերթին ձևավորել են սոցիալական ինստիտուտներ, որոնք երկրներին շնորհել են բնութագրիչ տարբեր հատկություններ։

Դայմոնդի տեսությունը ներկայացվել է Թայլեր Քոուենի կողմից, «Մարգինալ հեխափոխություն» (Marginal Revolution) կոչվող բլոգում[17]։

Ջեֆրի Սաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսի[18]՝ «Ինչու են ազգերը ձախողվում» գրքի հիմնական խնդիրն այն է, որ շատ նեղ ասպեկտով է մոտենում քաղաքական ինստիտուտների հարցին և հաշվի չի առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են տեխնոլոգիական առաջընթացը և աշխարհաքաղաքականությունը։ Աշխարհագրական դիրքը մեծ դեր է խաղում ինստիտուտների ձևավորման գործում, իսկ, օրինակ, Արևմտյան Աֆրիկայի թույլ երկրների կարգավիճակը պայմանավորված է տարածաշրջանի գետերի անփոփոխ դիրքով։ Սաքսը նաև կասկածի տակ է դնում հեղինակների այն պնդումը, թե բռնապետական ռեժիմը չի կարող զարգացման խթան հանդիսանալ։ Մի քանի օրինակներ Ասիայում (Սինգապուր, Հյուսիսային Կորեա) ժխտում են հեղինակների փաստարկը այն մասին, որ ժողովրդավարական քաղաքական ինստիտուտները տնտեսական աճի նախադրյալ են։ Ավելին, Աճեմօղլուն և Ռոբինսոնը հաշվի չեն առնել մակրոտնտեսական այնպիսի գործոն, ինչպիսին է տեղնոլոգիական առաջընթացը (օրինակ՝ ինդուստրացում և տեղեկատվական տեխնոլոգիաներ)։

Ի հակադրություն Սաքսի քննադատության՝ Աճեմօղլուն և Ռոբինսոնը իրենց գրքի բլոգում 12 կետով պատասխանել են։ Առաջին, կապված աշխարհագրական դիրքի հետ, հեղինակները համաձայնվում են, որ այն կարևոր նշանակություն ունի, սակայն որոշիչ դեր չի կատարում տնտեսական ցուցանիշների մեջ։ Երկրորդ, բռնապետական ռեժիմը կարող է դրական դեր ունենալ տնտեսական աճի գործում, հատկապես Չինաստանի դեպքում արագ տնտեսական աճը կարող է լինել «հասնող» տնտեսական քաղաքականության էֆեկտի մի մասը: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ տնտեսական աճի տեսանկյունից բռնապետական ռեժիմը ավելի գերադասելի է, քան ժողովրդավարականը։ Հեղինակների կարծիքով դեռ վաղ է միայն Չինաստանի օրինակով որոշակի եզրակացություններ անել։ Վերջապես, ինդուստրացման հարցի հետ կապված, նրանք նշում են, որ ինդուստրացումը կախված է ինստիտուտներից։

Հիմնվելով Աճեմօլուի և Ռոբինսոնի պատասխանի վրա՝ Սաքսն իր անձնական վեբկայքում ներկայացրեց հակադիր փաստարկներ[19]։ Սաքսը չի ընդունում Աճեմօղլուի և Ռոբինսոնի պատմական դետերմինիզմի տեսությունը, քանի որ նա կարծում է՝ գաղութատերերի գործունեությունը 200 տարի առաջ չի կարող բացատրել այսօրվա տնտեսական ցուցանիշները։ Սաքսը պնդում է, որ տնտեսական ցուցանիշների բացատրության ժամանակ պարզորեն միայն մեկ գործոն հաշվի առնելու փոխարեն կարելի է կիրառել համակարգային մոտեցման սկզբունքը (աշխարհագրական դիրք, տեխնոլոգիական առաջընթաց և այլն)։ Ինչպես Սաքսը նշում է, տնտեսական աճը իրեմից ներկայացնում է բազմաչափ դինամիկ գործընթաց, որտեղ բոլոր գործոնները (քաղաքական, ինստիտուցիոնալ, տեխնոլոգիական, մշակութային և աշխարհագրական) որոշիչ դեր են խաղում։

Միթ Ռոմնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Միթ Ռոմնին իր նախընտրական քարոզներում չի հիշատակել գիրքը՝ բոլորովին տարբերվում են նրա մեկնաբանությունները[20] Իսրայելի և Պաղեստինի տնտեսական զարգացման տարբերությունների մասին։ Արտաքին քաղաքականության մասին "Uncultured"[21] կոչվող հոդվածում հեղինակները մատնանշում են Ռոմնիի սխալը։ Նախ, Ռոմնին միացրեց մշակույթը և ինստիտուտները։ Այն, ինչ նա անվանում է «լավ աշխատանքային էթիկա», մակերեսորեն կարելի է դիտարկել որպես մշակույթ, սակայն ըստ էության այն ձևավորվում է խթանող ինստիտուտների միջոցով։ Գրքի հետագա փաստարկներում Աճեմօղլուն և Ռոբինսոնը հղում են կատարում հրեաների կրթական համակարգին և պատմական հանգամանքներին, որոնցից ոչ մեկը մշակութային չէ։ Ինչու՞ է Պաղեստինը ավելի քիչ զարգացած, պարզապես նրա համար, որ այդտեղ տնտեսական «ներառող» ինստիտուտները չեն կարողանում զարգանալ գաղութային օկուպացիայի և տարածաշրջանային քաղաքական խարդախությունների պատճառով։ Վերջապես, հեղինակները բերում են Հյուսիսային և Հարավային Կորեաները որպես տնտեսական զարգացման մշակութային գործոնի հակառակ օրինակ, քանի որ երկու երկրներն էլ մինչև բաժանումը և տարբեր ինստիտուտների ընդունումը ունեցել են նույն մշակույթը։

Փոլ Քոլլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդի համալսարանի տնտեսագետ Փոլ Քոլլերը քննադատեց գիրքը «Պաշտպանը» թերթում[22]։ Նրա տեսակետը բաղկացած է 2 կարևոր տարրից․ առաջինը՝ կենտրոնացված կառավարություն, երկրորդը՝ քաղաքական և տնտեսական «ներառող» ինստիտուտներ։ Հիմնվելով Չինաստանի օրինակի վրա՝ կենտրոնացված կառավարությունը կարող է երկիրը հանել աղքատությունից, սակայն հետագա աճը կայուն չի լինի առանց «ներառող» ինստիտուտների։ Նման գործընթացը բնական չէ, սակայն տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ որոշակի հանգամանքներում էլիտան պատրաստ է իշխանությունը զիջել մեծամասնությանը։

Փիթեր Ֆորբս[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Ֆորբսը գրքի մասին իր կարծիքն է հայտնել «Անկախը» (The Independent) առցանց թերթում։ «Երկու ամերիկացի տնտեսագետի կողմից գրված այս գիրքը ակնհայտորեն գովաբանվում է նրանց նախորդների կողմից (Ջարեդ Դայմոնդ, Յան Մորրիս, Նայլ Ֆերգյուսոն, Չարլզ Մանն), և նրանց հաջողվել է ներկայացնել ժամանակակից դարաշրջանը Մեծ հայտնագործություններից մինչև մեր օրեր»[23]։ Բացի գրքի բարձր գնահատականից, Ֆորբսը կապ է հաստատում գրքի բովանդակության և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ժամանակակից քաղաքականության հետ։ Թեև այս երկու երկրների տնտեսությունների մակարդակը իրենց «ներառողականությամբ» ամենաբարձրերից է աշխարհում, սակայն նրանց որոշ մասեր դեռևս ունեն «չներառող» տնտեսության տարրեր՝ ստվերային բանկային համակարգ, կոնգլոմերատ արտադրողներ և այլն։ Նա նախազգուշացնում է այն տնտեսությունների մասին, որոնք, լինելով «չներառող», հանդես են գալիս «ներառող» տնտեսության քողի տակ։

Ռոբերտ Բարրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Հարվարդի համալսարանի տնտեսագետ Ռոբերտ Բարրոն ուղղակիորեն չի պատասխանել գրքի փաստարկներին՝ նրա հետազոտությունը ժողովրդավարության և տնտեսական աճի մասին չի արտահայտում այն փաստարկը, որ «ներառող» ինստիտուտները հանգեցնում են տնտեսական աճի։ Ըստ նրա՝ 1996 թվականին գրված «Ժողովրդավարություն և աճ» հոդվածի[24]՝ 1960-1990 թվականներին կատարված 100 երկրների հետազոտության արդյունքում էկոնոմետրիկ անալիզը հայտնաբերում է թույլ կապվածություն ժողովրդավարության և աճի միջև։ Օրենքի գերակայության և ազատ շուկայի գործոններից հետո ժողովրդավարությունը տնտեսական աճի վրա ունի վիճակագրորեն ավելի թույլ ազդեցություն։ Միևնույն ժամանակ կյանքի որակի բարձրացումը՝ ներառյալ բժշկական ծառայությունը, կրթությունը, զգալիորեն կմեծացնի քաղաքական ազատության հավանականությունը։ Բարրոն, ըստ էության, հակադրվում է Աճեմօղլուին և Ռոբինսոնին․ տնտեսական աճն է, որ հանգեցնում է լավ քաղաքական ինստիտուտների, հատկապես՝ երբ երկիրն աղքատ է։

Ուորեն Բասս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորեն Բասսը անդրադարձել է գրքին «Washington Post» օրաթերթում՝ գրելով․ «Դա ոգեշնչող, խելամիտ, ամբիցիոզ և հուսադրող գիրք է։ Այն, ըստ էության, ինչ-որ տեղ գլուխգործոց է նաև»[25]։ Չնայած գովասանքի խոսքերին, Բասսը մատնանշում է մի քանի թերություններ։ Նախ, «ներառող» և «չներառող» ինստիտուտների սահմանումը անորոշ է այն առումով, որ այն չի կարող օգտագործվել քաղաքական կուրսի որոշման ժամանակ։ Չնայած Աճեմօղլուն և Ռոբինսոնը հավակնոտ են քննելու բոլոր ազգերի պատմությունները, սակայն այս փորձը ենթակա է ուսումնասիրության տարածաշրջանային հետազոտողների և պատմաբանների կողմից։ Օրինակ, հեղինակների մեղադրանքը Օսմանյան կայսրությանը որպես բացարձակ միապետության կարող է ճիշտ չլինել՝ հաշվի առնելով այդ երկրի՝ բազմազգ լինելը և տոլերանտության մակարդակը եվրոպական երկրների համեմատ։

Ուիլիամ Իսթերլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի մասին "Wall Street Journal"-ում իր կատարած անդրադարձն ընդհանուր առմամբ հավանություն էր տալիս գրքի գաղափարներին, սակայն քնադատորեն էր մոտենում այն հարցին, որ գիրքը քիչ է հղում կատարում վիճակագրական ներկայիս տվյալներին, որոնք էլ ավելի կհաստատեին հեղինակների կողմից իրականացված պատմական հետազոտությունների և վերլուծությունների ճշմարտացիությունը[26]։ Օրինակ, գրքում Կոնգոյի աղքատության պատճառ է բերվում այն, որ այդ երկիրը մոտ է գտնվում ստրուկների վաճառքի հիմնական կետերին։ Այս մոտեցումը հարցի մասին մեզ տալիս է խիստ սահմանափակ ինֆորմացիա։ Իսթերլին նաև մտավախություն է հայտնում պոստֆակտումի վտանգի մասին, որ գիրքը միայն նկարագրում է ինստիտուտների զարգացման տարբեր մակարդակները մի քիչ ավելի կոկիկ ձևով։ Օրինակ՝ Վենետիկի անկումը կարող է պայմանավորված լինել ինչպես «չներառող» ինստիտուտներով, այնպես էլ Միջերկրածովյան առևտրի տեղափոխմամբ դեպի Ատլանտյան առևտուր։ Այսպիսով, պատմական պատճառների ուսումնասիրման մոտեցումը կարող է ոչ արդարացի լինել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Why Nations Fail». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Acemoglu, Daron; Robinson, James (2001). «A Theory of Political Transitions». American Economic Review. 91 (4): 938–963. doi:10.1257/aer.91.4.938.
  3. Clark, William; Golder, Matt; Golder, Sona N. «Power and Politics: Insights from an Exit, Voice and Loyalty Game» (PDF). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Acemoglu, Daron; Johnson, Simon; Robinson, James A. (2005). «Institutions as a Fundamental Cause of Long-Run Growth». In Aghion, Philippe; Durlauf, Stephen (eds.). Handbook of Economic Growth. Vol. Vol 1, Part A. էջեր 385–472. doi:10.1016/S1574-0684(05)01006-3. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  5. Acemoglu, Daron; Johnson, Simon; Robinson, James (2001 թ․ դեկտեմբեր). «The Colonial Origins of Comparative Development: An Empirical Investigation». American Economic Review. 91 (5): 1369–1401. doi:10.1257/aer.91.5.1369.
  6. Acemoglu, Daron; Robinson, James (2005 թ․ հունիս). «The Rise of Europe: Atlantic Trade, Institutional Change, and Economic Growth». American Economic Review. 95 (3): 546–579. doi:10.1257/0002828054201305.
  7. North, Douglass; Weingast, Barry (1989 թ․ դեկտեմբեր). «Constitutions and Commitment: The Evolution of Institutions Governing Public Choice in Seventeenth-Century England». Journal of Economic History. 49 (4): 803–832. JSTOR 2122739.
  8. North, Douglass; Wallis, John; Weingast, Barry (2009 թ․ հունվար). «Violence and the Rise of Open-Access Orders». Journal of Democracy. 20 (1): 55–68. doi:10.1353/jod.0.0060.
  9. Subramanian, Arvind (2012 թ․ հոկտեմբերի 30). «Which Nations Failed». The American Interest. The American Interest. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  10. «China, India and All That». 2012 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. 11,0 11,1 Henderson, David (Spring 2013). «The Wealth -- and Poverty -- of Nations» (PDF). Regulation (a publication of the Cato Institute). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. Douglass, North. Violence and Social Order. ISBN 0521761735.
  13. Acemoglu, Daron (2012 թ․ ապրիլի 30). «Response to Fukuyama's Review». Why Nations Fail. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  14. http://www.elfinanciero.com.mx/opinion/harvard-miente.html
  15. Diamond, Jared (2012 թ․ հունիսի 7). «What Makes Countries Rich or Poor?». New York Review of Books. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  16. 16,0 16,1 Acemoglu and Robinson, Daron and James (2012 թ․ օգոստոսի 16). «Why Nations Fail». The New York Review of Books. The New York Review of Books. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  17. Cowen, Tyler (2012-03-18). «Jared Diamond reviews *Why Nations Fail*». Marginal Revolution. Վերցված է 2013-09-21-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  18. Sachs, Jeffrey. «Government, Geography, and Growth».(չաշխատող հղում)
  19. Jeffrey, Sachs (2012 թ․ դեկտեմբերի 3). «Reply to Acemoglu and Robinson's Response to My Book Review». Jeffrey Sachs. Jeffrey Sachs. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  20. Parker, Ashley (2012 թ․ հուլիսի 30). «Romney Comments on Palestinians Draw Criticism». The Caucus. The New York Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  21. Acemoglu and Robinson, Daron and James (2012 թ․ օգոստոսի 1). «Uncultured». Foreign Policy. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին – via Foreign Policy.
  22. Collier, Paul (2012 թ․ մարտի 11). «Why Nations Fail by Daron Acemoglu and James Robinson – review». The Guardian. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  23. Forbes, Peter (2012 թ․ մայիսի 26). «Why Nations Fail, By Daron Acemoglu and James A Robinson: A penetrating analysis of social organisation argues that the West's 'inclusive' states show signs of a relapse». The Independent. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  24. Barro, Robert (1996 թ․ մարտ). «Democracy and Growth» (PDF). Journal of Economic Growth. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.(չաշխատող հղում)
  25. Bass, Warren (2012 թ․ ապրիլի 20). «Book review: 'Why Nations Fail,' by Daron Acemoglu and James A. Robinson». Washington Post. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  26. Easterly, William (2012 թ․ մարտի 24). «The Roots of Hardship: Despite massive amounts of aid, poor countries tend to stay poor. Maybe their institutions are the problem». Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.