Վիրք
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Արմազի, Մցխեթա, Թբիլիսի (5-րդ դարից) | |||
Լեզու | վրացերեն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Թագավորություն |
Վիրք (վրաց.՝ ქართლი, լատին․՝ Iberia, հին հունարեն՝ Ἰβηρία), պատմական երկիր Հարավային Կովկասի կենտրոնական մասում։ Հարավից և հարավ-արևմուտքից սահմանակցում էր Մեծ Հայքին, արևմուտքից՝ Կողքիսին, հյուսիսից Ալանիային, արևելքից Աղվանքին։ Մայրաքաղաքներ են եղել Մցխեթը, Արմազը և Թբիլիսին։ Հունա-հռոմեական հեղինակների մոտ կոչվել է նաև Իբերիա։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև մ.թ.ա. 3-2-րդ դարերում Իսպանիան ևս կոչվել է Իբերիա և անունների նմանություններից հույն և լատինական հեղինակները ենթադրել են, որ Կովկասի իբերները, այսինքն՝ վրացիները, առաջացել են Պիրենեյան թերակղզու իբերներից։ 19-րդ դարից սկսած առանց գիտական որևէ լուրջ կռվանի, որոշ հետազոտողներ ջանում են հիմնավորել այդ ենթադրությունը՝ առնչություններ որոնելով բասկերենի և վրացերենի միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուր գետի հովտում՝ ցեղային միության հիմքի վրա, մ.թ.ա. IV-III դդ. սահմանագծում առաջացավ վաղ ստրկատիրական պետություն, որի հիմնադիրը, ըստ վրացական ավանդական պատմության, Քարթլիի տանուտեր Փառնավազն էր։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Մայրաքաղաք Մցխեթայում, ինչպես նաև մյուս քաղաքներում զարգացած էին արհեստներն ու առևտուրը։
Արտաշես Ա-ն Վիրքից ազատագրում է զավթված և Երվանդունիների օրոք Երվանդյան Հայաստանի կազմի մեջ մտնող Գուգարք նահանգը և միացնում Մեծ Հայքին։ Տիգրան Մեծի ժամանակ Վիրքը եղել է Մեծ Հայքի գերիշխանության տակ։ Մ.թ.ա. 66 թ. Արտաշատի պայմանագրով դուրս է եկել հայկական գերիշխանությունից։ 387 թ. Մեծ Հայքի բաժանումից հետո Գուգարք նահանգը կցվել է Վիրքին և ստեղծվել Վրաց մարզպանությունը։ 337 թվականին քրիստոնեությունը հայտարարվեց պետական կրոն։
Ծիսակատարության լեզուն հունարենն ու ասորերենն էին, օգտագործվող այբուբենը՝ հունականն ու ասորականը։ Վահանանց պատերազմի ժամանակ հայ-վրացական զորքերը Ճարմանայի դաշտում ծանր պարտություն կրեց պարսկական զորքից։ 862-1022 թվականներին Վիրքը եղել է Հայ Բագրատունիների տերության մեջ։ Սելջուկյան արշավանքների և տիրապետության ժամանակ զգալի թվով հայեր գաղթել են Վրաստան։
Վիրքը իր հզորության գագաթնակետին է հասել Դավիթ Շինարար թագավորի օրոք։ Վրաց Թամար թագուհին հայ-վրաց. զորքրով Զաքարե և Իվանե եղբայրների օգնությամբ ազատագրել են Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ 1199 թ. վերջնական ազատագրվում է Բագրատունյաց Հայաստանի սիրտ Անին։ Ազատագրած տարածքները տրվեցին հիմնականում Զաքարյաններին։ Վրաց Բագրատունիների թագավորությունը ավարտվեց 1801 թվականին, երբ Վրաստանի զգալի մասը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ։ Վիրքի տարածքում այժմ Վրաստանն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիրք կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 306)։ |