Թիրոիդ հորմոններ
Թիրոիդ հորմոններ, զույգ հորմոններ՝ եռյոդթիրոնին (Т3) և թիրօքսին (Т4), որոնք արտադրվում են վահանագեղձի կողմից։ Այս հորմոնները սինթեզվում են թիրոզինի հիմքի վրա և կարգավորում են նյութափոխանակությունը։ T3 և T4 մոլեկուլները պարունակում են յոդ՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար 3 և 4 ատոմ։ Յոդի անբավարարության դեպքում այս հորմոնների սինթեզը վահանագեղձի կողմից նվազում է և հանգեցնում է վերջինիս ախտաբանական մեծացման։ Այս հիվանդությունը հայտնի է տեղային խպիպ անվանումով։ Թիրոիդ հորմոններից արյան մեջ ավելի մեծ քանակությամբ հանդիպում է թիրօքսինը։ T4/T3 հարաբերությունը արյան մեջ կազմում է մոտ 14։1[1]։ T4-ի փոխակերպումը կենսաբանորեն մոտ 4 անգամ ավելի ակտիվ Т3-ի իրականացվում է բջիջներում՝ դեյոդինազ ֆերմենտի 3 իզոֆորմների մասնակցությամբ։ T4-ից T3-ի առաջացմանը հաջորդում է դեկարբօքսիլացում և յոդի անջատում՝ համապատասխանաբար առաջացնելով յոդթիրոնամին և թիրոնամին։ Յոդինազ ֆերմենտի երեք իզոմերները պարունակում են սելեն և վերջինիս պարունակությունը սննդի մեջ շատ կարևոր է T3-ի սինթեզի համար։
Առաջին անգամ թիրօքսինը մնացած նյութերից առանձնացվել է Էդվարդ Քելվին Քենդըլի (անգլ.՝ Edward Calvin Kendall) կողմից[2]։ 2016 թվականին ԱՄՆ-ում թիրոիդ հորմոններն իր պահանջվածությամբ զբաղեցրել են 119-րդ հորիզոնականը և դրանք ձեռք բերելու համար գրանցվել է ավելի քան 6 մլն․ դեղատոմս[3]։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրոիդ հորմոնների ազդեցություննը տարածվում է գրեթե բոլոր բջիջների վրա։ Նրանք բարձրացնում են ընդհանուր նյութափոխանակության մակարդակը, ակտիվացնում են սպիտակուցների սինթեզը, կարգավորում են երկար ոսկորների աճը (աճի հորմոնի հետ միասին) և նյարդային հյուսվածքի ձևավորման ու հասունացման գործընթացները, ինչպես նաև մեծացնում են բջիջների զգայունությունը կատեխոլամինների (օր․՝ ադրենալին) նկատմամբ։ Թիրոիդ հորմոններն անհրաժեշտ են բոլոր բջիջների զարգացման և տարբերակման համար։ Այս հորմոնները կարգավորում են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակությունը, մասնակցում են բջջի էներգիայի աղբյուրների օգտագործման գործընթացներին։ Նրանք մասնակցում են նաև վիտամինների նյութափոխանակությանը։ Թիրոիդ հորմոնները պատասխանատու են մարդու օրգանիզմում ջերմակարգավորման գործընթացների համար։
Բժշկական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]T3 և T4 հորմոնները կիրառվում են օրգանիզմում դրանց պակասորդի (հիպոթիրոիդիզմ) դեպքում։ Նրանք հեշտությամբ ներծծվում են աղիքներում, այդ պատճառով էլ օգտագործվում են դեղահաբերի տեսքով։ T4-ը որպես դեղամիջոց հայտնի է Լեվոթիրօքսին անվանումով։ Բնական թիրոիդ հորմոնները ստացվում են խոզի վահանագեղձի մզվածքից, որը բացի վերոնշյալ հորմոններից պարունակում է նաև կալցիտոնին։
Առաջին անգամ սինթետիկ թիրօքսինը սինթեզվել է 1926 թվականին Շառլ Ռոբերտ Հարինգթոնի (Charles Robert Harington) և Ջորջ Բարգերի (George Barger) կողմից։
Հիպոթիրոիդիզմի բուժման ժամանակ մեծ կիրառություն ունի լեվոթիրօքսինը և նրա անալոգները[4][5][6]։ Կիրառվում է նաև կաթնասունների վահանագեղձի մզվածքը[6][7][8]։ Լեվոթիրօքսինը պարունակում է միայն T4 և կիրառելի չէ այն հիվանդների համար, որոնց օրգանիզմում խախտված է T4-ից T3-ի ստացման գործընթացը[9]։ Այս հիվանդների համար ցուցված է բնական թիրոիդ հորմոնները, որոնք պարունակում են և՛ T4, և՛ T3[6][10][11][12][13], կամ էլ սինթետիկ T3 պարունակող դեղամիջոցներ[14]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրոիդ հորմոնները արտադրվում են վահանագեղձի բշտիկանման բջիջների կողմից և նրանց արտադրությունը կարգավորվում է մակուղեղի առաջնային բիլթում արտադրվող Թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) միջոցով։ Հյուսվածքներում թիրօքսինը ձևափոխվում է եռյոդթիրոնինի․ վերջինս իր կենսաբանական ակտիվությամբ 3-5 անգամ գերազանցում է թիրօքսինին։
Տեղափոխում պլազմայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրոիդ հորմոնները արյան պլազմայում մեծ մասամբ տեղափոխվում են հատուկ «տրանսպորտային սպիտակուցների» օգնությամբ։ Հորմոնների միայն չնչին մասն է տեղափոխվում ազատ վիճակում և կենսաբանորեն ակտիվ է։ Բժշկական տեսանկյունից շատ կարևոր է արյան պլազմայում ազատ հորմոնների քանակական որոշումը։ «Կապված» հորմոնները կենսաբանորեն ակտիվ չեն և ազատ T3/T4 -ի հարաբերակցության որոշումը շատ կարևոր է։ Ընդհանուր թիրօքսինի որոշումը արյան մեջ կարող է սխալ եզրահանգման հանգեցնել։
Հորմոնի տեսակ | Պարունակություն (%) |
---|---|
Թիրօքսին կապող սպիտակուցի հետ միացած | 70% |
Տրանսթիրետինի կամ «թիրօքսին կապող պրեալբումինի» հետ միացած | 10-15% |
ալբումինի հետ միացած | 15-20% |
չկապված T4 (ազատ T4) | 0.03% |
չկապված T3 (ազատ T3) | 0.3% |
T3 և T4 հորմոնները ճարպալույծ լինելով հանդերձ՝ բջջաթաղանթով դեպի բջիջ անցնելու համար տեղափոխվում են հատուկ փոխադրող սպիտակուցների միջոցով, որի համար որպես էներգիայի աղբյուր օգտագործվում է ԱԵՖ-ը։
Թիրոիդ հորմոնների նորմալ քանակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորմոնի տեսակ | նմոլ/լ |
---|---|
Ընդհանուր թիրօքսին (Т4) | 62-141 նմոլ/լ |
Ազատ թիրօքսին | 1․5-2․9 մկգ/100 մլ |
Ընդհանուր եռյոդթիրոնին (T3) | 1․17-2․18 նմոլ/լ |
Ազատ եռյոդթիրոնին | 0.4 նգ/100 մլ |
Կալցիտոնին | 5․5-28 պմոլ/լ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pilo A, Iervasi G, Vitek F, Ferdeghini M, Cazzuola F, Bianchi R (1990 թ․ ապրիլ). «Thyroidal and peripheral production of 3,5,3'-triiodothyronine in humans by multicompartmental analysis». The American Journal of Physiology. 258 (4 Pt 1): E715-26. doi:10.1152/ajpendo.1990.258.4.E715. PMID 2333963.
- ↑ «1926 Edward C Kendall». American Society for Biochemistry and Molecular Biology. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Robert Lloyd Segal, MD Endocrinologist
- ↑ «preferred thyroid hormone --Levothyroxine Sodium (Synthroid, Levoxyl, Levothroid, Unithroid)». MedicineNet.com. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Hypothyroidism Causes, Symptoms, Diagnosis, Treatment Information Produced by Medical Doctors». MedicineNet.com. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
- ↑ Cooper DS (1989 թ․ մայիս). «Thyroid hormone treatment: new insights into an old therapy». JAMA. 261 (18): 2694–5. doi:10.1001/jama.1989.03420180118042. PMID 2709547.
- ↑ Clyde PW, Harari AE, Mohamed Shakir KM (2004). «Synthetic Thyroxine vs Desiccated Thyroid -Reply (citing Cooper, DS, above)». JAMA: The Journal of the American Medical Association. 291 (12): 1445. doi:10.1001/jama.291.12.1445-b.
- ↑ Wiersinga WM (2001). «Thyroid hormone replacement therapy». Hormone Research. 56 (Suppl 1): 74–81. doi:10.1159/000048140. PMID 11786691.
- ↑ "Consequences of Not Taking Thyroid Medications - Implications of Failing to Take Prescription Thyroid Drugs" Արխիվացված 2009-02-16 Wayback Machine, Retrieved on 2009-3-27
- ↑ "Armour Thyroid" Արխիվացված 2010-07-21 Wayback Machine, Retrieved on 4-1-2009
- ↑ "Nature-Throid", Retrieved on 4-1-2009
- ↑ "Armour Thyroid Shortages Worsening: What Can Thyroid Patients Do?" Արխիվացված 2009-03-03 Wayback Machine, Retrieved on 2009-3-27
- ↑ Liothyronine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիրոիդ հորմոններ» հոդվածին։ |
|