Էքսպրոմտ (երաժշտական պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էքսպրոմտ, (լատին․՝ expromtus, պատրաստի, ձեռքի տակ), իմպրովիզացիոն բնույթի գործիքային, առավելապես՝ դաշնամուրային պիես։ Առանձնանում է արտահայտման պոռթկուն և քնարական կերպարների անմիջականությամբ։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է XIX դարի սկզբին (Յոհան Վոլֆգանգ Վորժիշեկ, Հայնրիխ Մարշներ) և բնորոշ էր ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործությանը։ Էքսպրոմտի դասական նմուշներ են ստեղծել Ֆրանց Շուբերտը (1827 թվական), Ֆրեդերիկ Շոպենը (1834 թվական), Ֆերենց Լիստը (1852 թվական), նաև Ռոբերտ Շումանը, Անտոնին Դվորժակը, Գաբրիել Ֆորեն, Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի–Կորսակովը, Պյոտր Չայկովսկին, Ալեքսանդր Սկրյաբինը։ Հայ երաժշտության մեջ Տիգրան Չուխաջյանը գրել է «Cascade de Couz» («Քուզի ջրվեժը») առաջին Էքսպրոմտը։ Էքսպրոմտներ են ստեղծել նաև Կարո Զաքարյանը (1940 թվական), Վաղարշակ Կոտոյանը (1954 թվական), Առնո Բաբաջանյանը (1954 թվական), Ավետ Տերտերյանը («Ինչ լավ է այստեղ»՝ ձայնի և դաշնամուրի համար, ըստ Ալեքսեյ Տոլստոյի, 1956 թվական), Էդուարդ Աբրահամյանը (1957 թվական), Վ. Արարատյանը (1959 թվական), Ստեփան Ջրբաշյանը (Էքսպրոմտ-ֆանտազիա, 1960 թվական), Ստեփան Նաղդյանը (1960 թվական), Գենարիոս Ղորղանյանը, Գեորգի Սարաջևը, Լևոն Չաուշյանը (1964 թվական) և ուրիշներ։

Էքսպրոմտը սովորաբար գրվում է ազատ երաժշտական ձևով (սոնատային, բարդ եռամաս, վարիացիոն և այլն)։ Գործածվում է նաև XX դարի վոկալ-կամերային երաժշտության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։