Գաբրիել Ֆորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Ֆորե
Բնօրինակ անունֆր.՝ Gabriel Urbain Fauré[1]
Ի ծնե անունֆր.՝ Gabriel Urbain Fauré[2]
Ծնվել էմայիսի 12, 1845(1845-05-12)[3][4][5][…]
Պամիե[6]
Երկիր Ֆրանսիա[7]
Մահացել էնոյեմբերի 4, 1924(1924-11-04)[6][3][5][…] (79 տարեկան)
Փարիզ[6]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն[2][8]
Ժանրերօպերա, ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն[9][10] և դասական երաժշտություն
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, ուսուցիչ, դաշնակահար և Կապելմայստեր
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունNiedermeyer school in Paris?
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԱմուսինMarie Fauré?[2][11]
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և

Q62096450? (մարտ 1909)

Ստորագրություն
Ստորագրություն
 Gabriel Fauré Վիքիպահեստում

Գաբրիել Ուրբեն Ֆորե (ֆր.՝ Gabriel Urbain Faure, մայիսի 12, 1845(1845-05-12)[3][4][5][…], Պամիե[6] - նոյեմբերի 4, 1924(1924-11-04)[6][3][5][…], Փարիզ[6]), ֆրանսիացի երգահան, երգեհոնահար, դաշնակահար, խմբավար և մանկավարժ։

Ծնվել է 1845 թ. մայիսի 12-ին Ֆրանսիայի Պամիե քաղաքում, մաթեմատիկայի ուսուցչի և նապոլեոնյան բանակի կապիտանի դստեր ընտանիքում։ Նա ընտանիքում վեցերորդ երեխան էր։ Իր առաջին երաժշտական փորձերը Ֆորեն կատարում է տեղի փոքրիկ եկեղեցու ֆիսհարմոնի վրա։ Տեսնելով նրա անասելի հակումը դեպի երաժշտությունը՝ ծնողները փոքրիկ Գաբրիելին ուղարկում են եկեղեցական երաժշտության ուսումնարանին կից գործող դպրոց, որը կաթոլիկ եկեղեցու կարիքների համար պատրաստում էր երգեհոնահարների և խմբավարների։ Դպրոցի տնօրենն էր ֆրանսիացի ականավոր երգահան և մանկավարժ Լուի Նիդերմեյերը (1802-1861 թթ.), իսկ դասավանդողների թվում էր ֆրանսիացի մեծ երգահան Քամիլ Սեն-Սանսը (1835-1921 թթ.), որի սաների թվում էր նաև Ֆորեն։ Դպրոցում ուսանելու 11 տարիները և հատկապես Սեն-Սանսի հետ մտերմությունը խիստ բարեբեր ազդեցություն են ունենում ապագա մեծ երգահանի ներաշխարհի վրա։ Սեն-Սանսի միջոցով նա նաև ծանոթանում է Ռոբերտ Շումանի, Ֆերենց Լիստի, Ռիխարդ Վագների և եվրոպական երաժշտության մյուս մեծերի ստեղծագործություններին, որոնք տվյալ ժամանակահատվածում այնքան էլ հայտնի չէին Ֆրանսիայում։ Որպես այս ամենին ի երախտիք՝ Ֆորեն Սեն-Սանսին է նվիրում դաշնամուրային մի մոտիվ, որը վերջինս օգտագործում է իր Դաշնամուրի և նվագախմբի երկրորդ կոնցերտի առաջին մասում (op. 22, 1868 թ.)։ Ֆորեի և իր ուսուցչի մտերմությունը շարունակվում է մինչև Սեն-Սանսի մահը՝ 1921 թվականը։

Ֆորեն ավարտում է Եկեղեցական դպրոցը երկու առաջին մրցանակներով՝ կոմպոզիցիայի և դաշնամուրի համար։ Դրանից հետո նա սկսում է շրջագայել քաղաքից քաղաք՝ եկեղեցիներում հանդես գալով որպես երգեհոնահար, ինչպես նաև զանազան սրահներում ներկայացնելով իր դաշնամուրային ստեղծագործությունները՝ արդեն որպես դաշնակահար։ 1870 թվականին, երբ սկսվում է ֆրանս-պրուսական պատերազմը, Ֆորեն զորակոչվում է բանակ և մասնակցում Փարիզի պաշտպանությանը։ Հետագայում, երբ Եկեղեցական երաժշտության ուսումնարանը տեղափոխվում է Շվեյցարիա, Ֆորեն միանում է նրանց և Ֆրանսիա վերադառնում միայն Փարիզի կոմունայի ճնշումից հետո։ Վերադառնալուց հետո Ֆորեն որոշ ժամանակ զբաղեցնում է Սեն-Սյուլպիս եկեղեցու երգեհոնահարի և խմբավարի պաշտոնը, իսկ 1874 թվականից տեղափոխվում Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցի՝ որպես Սեն-Սանսի օգնական (Սեն-Սանսն այստեղ աշխատում էր որպես խմբավար)։ 1877 թվականին Սեն-Սանսը անցնում է թոշակի, իսկ Ֆորեն զբաղեցնում է նրա տեղը։ Ի դեպ, նույն թվականին ստեղծվում է Ֆորեի վաղ ստեղծագործական շրջանի լավագույն գործերից մեկը՝ Ջութակի սոնատը (op. 13)։ Սեն-Սանսը, լինելով ստեղծագործության առաջին ունկնդիրներից մեկը, իր տպավորություններով կիսվում է ֆրանսիական հեղինակավոր «Journal de Musique» ամսագրում՝ սոնատն անվանելով «հանճարեղ ստեղծագործություն» և երաժշտական փայլուն ապագա խոստանալով Ֆորեին[12]։

Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում աշխատելու տարիներին է, որ Ֆորեն բացահայտվում է նաև որպես հոգևոր ստեղծագործությունների անզուգական հեղինակ։ Հենց այս տարիներին է ստեղծվում Ժան Բատիստ Ռասինի խոսքերով գրված նրա «Օրհներգը»՝ երգչախմբի և երգեհոնի համար (op. 11)։

1880-ական թվականները համարվում են Ֆորեի ստեղծագործական հասունության ժամանակահատված։ Նախ 1880 թվականին գրվում է նրա հանրահայտ «Էլեգիան» (op. 24, սկզբնապես գրվել է թավջութակի և դաշնամուրի համար, հետագայում Ֆորեն գործիքավորում է այն նվագախմբի համար), որը մինչ այժմ համարվում է Ֆորեի ամենասիրված երկերից մեկը։ Ապա 1886 թվականին ստեղծվում է նրա Երկրորդ դաշնամուրային կվարտետը (op. 45), որն ըստ նրա կենսագիր Ռոբերտ Օռլեջի՝ ջրբաժան հանդիսացավ երգահանի վաղ և հասուն ստեղծագործական շրջանների միջև։ Բացի այդ, սա Ֆորեի միակ խոշոր ստեղծագործությունն է, որտեղ օգտագործվում է ցիկլային ձևը։ Կվարտետի առաջին կատարումը տեղի է ունեցել 1887 թ. Փարիզում՝ հեղինակի (դաշնամուր), Գիյոմ Ռեմիի (ջութակ), Լուի Վան Վաֆելգեմի (ալտ) և Ժյուլ Դելսարի (թավջութակ) կատարմամբ։

1880-ականները բեկումնային են լինում նաև Ֆորեի անձնական կյանքում։ Մարիաննա Վիարդոյի (հայտնի օպերային երգչուհի Պոլինա Վիարդո-Գարսիայի դուստրը) հետ տարիներ տևած անհաջող սիրավեպից հետո Ֆորեն 1883 թ. ամուսնանում է Մարի Ֆրեմիեի հետ (վերջինս հայտնի քանդակագործ Էմանուել Ֆրեմիեի դուստրն էր)։ Զույգն ունենում է երկու որդի, որոնցից ավագը՝ Էմանուելը, հետագայում դառնում է ջրային կենսոլորտի խոշոր մասնագետ, իսկ կրտսերը՝ Ֆիլիպը, հայտնի արձակագիր։

1896 թ. Ֆորեն ստանձնում է Փարիզի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի պրոֆեսորի պաշտոնը, իսկ 1905 թ. դառնում է նույն կոնսերվատորիայի ռեկտորը։ 1989 թ. այցելում է Լոնդոն, որտեղ ներկայացնում է Մորիս Մետերլինկի «Պելլեասն ու Մելիսանդան» պիեսի համար գրված իր երաժշտությունը։ Ներկայացումն ունենում է մեծ հաջողություն։

Կյանքի վերջին 20 տարում մեծ երգահանը տառապել է աստիճանաբար զարգացող խլությամբ։ Հիվանդությունը սկսել է գլուխ բարձրացնել 1903 թ., իսկ ամբողջական խլությունը վրա է հասնում 1920 թ., և չնայած դրան, Ֆորեն համառորեն շարունակել է ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը։ Հիվանդության հենց այս դժվարին ժամանակատվածում՝ 1913 թվականին է ծնվում Ֆորեի «Պենելոպա» օպերան, որը փառքի գագաթնակետին հասցրեց իր հեղինակին։ Ժամանակակիցները այս օպերան դրեցին 20-րդ դարի ֆրանսիական թատրոնի համար բեկումնային հանդիսացած Կլոդ Դեբյուսիի «Պելլեասն ու Մելիզանդան» օպերայի կողքին, ընդ որում այս կարծիքը կիսում էին օպերայի առաջին ներկայացմանը գտնված Քամիլ Սեն-Սանսը, Իգոր Ստրավինսկին և հենց ինքը՝ Կլոդ Դեբյուսին։

Այդուհանդերձ օրեցօր ահագնացող խլությունը ավելի ու ավելի դժվար էր դարձնում ստեղծագործական և հատկապես մանկավարժական գործունեությունը։ Մանկավարժությունը Ֆորեն վերջնականապես թողեց միայն 1920 թ.՝ համեստ կենսաթոշակով անցնելով հանգստի և իրեն ամբողջովին նվիրելով ստեղծագործական գործունեությանը։

Ֆորեն կյանքից հեռանում է 1924 թ. նոյեմբերի 4-ին, Փարիզում, 79 տարեկան հասակում։

Ֆորեի ինքնագիրը (Ռեքվիեմ)

Ֆորեն ստեղծագործել է իր ժամանակին տարածված գրեթե բոլոր երաժշտական ժանրերում։ Նրա գլուխգործոցն է համարվում մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Ռեքվիեմը» (op. 48, 1887-1890 թթ.), որն ունեցել է երեք հեղինակային խմբագրում՝ գրված 1888, 1893 և 1900 թվականներին։ Երգչախմբի համար գրված ուշագրավ գործերից է նաև «Մադրիգալը»՝ ըստ Արման Սիլվեստրի բանաստեղծությունների։ Նվագախմբային առավել հաջողված ստեղծագործություններից է «Պելլեասն ու Մելիսանդան» սյուիտը (op. 80, ըստ Մորիս Մետերլինկի պիեսի)։ Ֆորեի միակ սիմֆոնիայի (op. 40) ձեռագիրը կորսվել է և հետագայում հեղինակը դրա պատառիկները օգտագործել է ջութակի երկրորդ և թավջութակի առաջին սոնատներում (opp. 108 և 109)։ Ֆորեն գրել է նաև երկու օպերա՝ «Պրոմեթևս» (երեք գործողությամբ, 1900 թ.) և «Պենելոպա» (երեք գործողությամբ, 1913 թ.)։

Ֆորեն համարվում է ֆրանսիական ռոմանսի խոշորագույն ներկայացուցիչը։ Տարբեր հեղինակների խոսքերով նա գրել է շուրջ 100 ռոմանս, որոնցից ամենաուշագրավը «Արթնացումն» է՝ Ռոմեն Բյուսսինի բանաստեղծության հիման վրա (op. 7, No. 1, 1877 թ.)։ Ռոմանսը հայտնի է նաև ջութակի և թավջութակի գործիքային խմբագրումներով։ Ֆորեն ռոմանսներ է գրել նաև Լեկոնտ Դե Լիլի, Պոլ Վեռլենի, Շառլ Վան Լերբերգի և այլ հայտնի հեղինակների խոսքերով։

Ֆորեն հսկայական ավանդ ունի նաև ֆրանսիական դաշնամուրային դպրոցի կայացման գործում։ Նրա բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններից առանձնանում են հատկապես թվով 13 նոկտյուրնները, 13 բարկարոլլաները, 9 պրելյուդները, 6 էքսպրոմտները և 4 վալս-կապրիսները, որոնք առանձնանում են իմպրովիզացիոն թարմությամբ և ինքնատիպությամբ։ Նրա երկու դաշնամուրային կվարտետները (opp. 15 և 45), երկու դաշնամուրային կվինտետները (opp. 89 և 115), ինչպես նաև դաշնամուրային տրիոն (op. 120) մինչ այժմ էլ լավագույն գործիքային անսամբլների երգացանկում են ընդգրկված։ Սոնատային ժանրում խիստ բարձրարժեք են նաև Ֆորեի երկու ջութակի (opp. 13 և 108) և երկու թավջութակի (opp. 109 և 117) սոնատները։

Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմի» անզուգական կատարողներից էր հայ մեծ դիրիժոր Օհան Դուրյանը։

Կարծիքներ կան, որ Ֆորեի նվագախմբային երկերը գործիքավորվել են ոչ թե իր, այլ աշակերտների կողմից (իհարկե՝ իր ցուցումներով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nndb.com/people/370/000093091/
  2. 2,0 2,1 2,2 Notable Names Database — 2002.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Форе Габриель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. http://www.nytimes.com/1985/12/08/arts/faure-s-requiem-in-chamber-form.html
  8. https://cimetiere-de-passy.com/personnalites/gabriel-faure/
  9. http://www.arkivmusic.com/classical/Name/Tom-Etheridge/Performer/390558-2
  10. http://www.sinfinimusic.com/uk/learn/composers/gabriel-faure
  11. marriage certificate
  12. Михайлович, Сигитов Сергей (2007). «Сокровенное искусство Габриеля Форе и творческие искания ХХ века». Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. 8 (34). ISSN 1992-6464.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]