Էլեն Տրաուբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Տրաուբել
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1899(1899-06-16)[1] կամ հունիսի 20, 1899(1899-06-20)[2][3]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 28, 1972(1972-07-28)[1][4][5] (73 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ, օպերային երգչուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Helen Traubel Վիքիպահեստում

Էլեն Ֆրանչեսկա Տրաուբել (անգլ.՝ Helen Francesca Traubel, հունիսի 16, 1899(1899-06-16)[1] կամ հունիսի 20, 1899(1899-06-20)[2][3], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 28, 1972(1972-07-28)[1][4][5], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի օպերային և համերգային կատարող։ Դրամատիկ սոպրնո երգչուհին առավել հայտնի էր վագներյան դերակատարումներով, հատկապես՝ Բրունհիլդայի և Իզոլդայի դերերով[6]։

Ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում և կարիերան սկսել որպես համերգային երգչուհի, որից հետո 1937-1953 թվականներին հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում։ 1950-ական թվականներից սկսած զբաղվել է գիշերային ակումբի ու կաբարեի երգչուհու կարիերայով՝ նկարահանվելով նաև հեռուստատեսությունում, կինոնկարներում և մյուզիքլերում։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Սանտա Մոնիկա քաղաքում և վախճանվել այնտեղ 73 տարեկան հասակում[փա՞ստ]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Helen Traubel in Chitose Air Base, 1952.
Էլեն Տրաուբելը ճապոնական Չիտոս օդանավակայանում 1952 թվականին
Helen Traubel as Fauna
Էլեն Տրաուբելը Ֆաունայի դերում

Ծնվել է Սենթ Լուիս քաղաքում գերմանական արմատներով հարուստ ընտանիքում։ Հայրը՝ Օտտո Ֆերդինանդ Տրաուբելը, դեղագործ էր։ Երգել սովորել է հայրենի քաղաքում Լուիզ Վետտա-Կարստի մոտ, այնուհետև Նյու Յորքում՝ Ջուզեպպե Բոգետիի մոտ, ի թիվս այլ ուսուցիչների։ Համերգային երգչուհու դեբյուտը կատարել է 1923 թվականին Սենթ Լուիսի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ 1926 թվականին ստացել առաջին հրավերը Մետրոպոլիտեն օպերայում երգելու, որից հրաժարվել է ուսումնառությունն ու համերգային երգչուհու կարիերան շարունակելու նպատակով[7]։

Օպերային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերային բեմում առաջին ելույթն ունեցել է 1937 թվականի մայիսի 12-ին, երբ կոմպոզիտոր Վալտեր Դամրոշը նրան խնդրել է Մետրոպոլիտեն օպերայում իր «Անհայրենիք մարդը» օպերայի համաշխարհային պրեմիերայի ժամանակ կատարել Մերի Ռութլեջի դերը[7][8]։ Ավելի ուշ նույն տարում դեբյուտ է կատարել Չիկագոյի քաղաքային օպերայի հետ, որտեղ մնացել է մինչև 1939 թվականին այդ ընկերության սնանկանալը։ 1940 թվականին միացել է Չիկագոյի օպերային ընկերությանն ու մնացել այնտեղ մինչև 1946 թվականը, երբ այդ ընկերությունը նույնպես սնանկացել է։ 1945-1947 թվականների ընթացքում մի քանի ներկայացումներում հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյի օպերայում՝ դեբյուտը կատարելով 1945 թվական հոկտեմբերի 9-ին «Վալկիրիա» օպերայից Բրունհիլդայի դերերգով[9]։

Քանի որ Մետրոպոլիտեն օպերայում արդեն կային երկու առաջնակարգ վագներյան սոպրանոներ Կիրսթեն Ֆլագսթադն ու Մարջորի Լոուրենսը, Տրաուբելի համար սկզբից դժվար էր գտնել իր տեղը։ Որպես ընկերության կանոնավոր անդամ նրա դեբյուտը եղել է 1939 թվականին «Վալկիրիա» օպերայից Սիգլինդի դերակատարումը, որը նա նախկինում երգել էր Չիկագոյի օպերայում։ 1941 թվականին Ֆլագսթադը ԱՄՆ-ից մեկնել է իր հայրենի Նորվեգիա և քաղաքական պատճառներով այլևս չի կարողացել վերադառնալ։ Նույն տարում Լոուրենսը հիվանդացել է պոլիոմելիտով և նրա կարիերան ընդհատվել է[փա՞ստ]։

1941 թվականի փետրվարի 22-ին տենոր Լաուրից Մելքիորի հետ վագներյան օպերաներից հատվածներ է կատարել ՆԲՍ սիմֆոնիկ նվագախմբի՝ ուղիղ եթերով թողարկվող համերգի ժամանակ։ «RCA Victor» ձայնագրման ընկերությունը հետագայում այդ համերգից հատվածների ձայնագրություններ է թողարկել, ինչպես նաև «Աստվածների մայրամուտը» օպերայից Բրունհիլդայի զոհաբերման տեսարանի հանրահայտ ստուդիական ձայնագրությունը։ Ավելի ուշ փայլուն հանդես է եկել «Տանհոյզեր» և «Տրիստան և Իզոլդա» օպերաներում։ Հայտնի էր իր ուժեղ ձայնով, որը հաճախ նկարագրվել է որպես «փայլատակող սուր»․ նրա դիմացկունությունն ու տոնայնության մաքրությունն անգերազանցելի էին։ Թեև միշտ ցանկացել է երգել իտալական օպերաներում, երբեք մեկ ամբողջական ներկայացմամբ հանդես չի եկել․ հաճախակի է ընդգրկել իտալերեն արիաներ իր երգացանկում։ Մետրոպոլիտենում կարիերայի ավարտին իր երգացանկում ընդգրկել է Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինի դերերգը[8]։

1948 թվականին՝ Մետրոպոլիտենում կարիերայի գագաթնակետին, ԱՄՆ նախագահ Հարի Ս. Թրումանը խնդրել է նրան որպես «խորհրդատու» հանդես գալ իր դուստր Մարգարեթի համար, որը ցանկանում էր դասական երգչուհու կարիերա ստեղծել։ 1959 թվականին լույս տեսած իր «Սենթ Լուիսեցի կինը» ինքնակենսագրականում Տրաուբելն անդրադառնում է այն երեք տարիներին, որոնք նա անցկացրել էր այդ դերում ու նշում, թե վերջում ինչպես է զգացել, որքան բացասաբար է անդրադարձել այդ ժամանակահատվածը երաժշտական աշխարհում ունեցած իր դիրքի վրա, երբ իր անունը կապվել է «այսպիսի հավակնորդի» հետ[10]։

Մետրոպոլիտեն օպերայի հետ աշխատանքային պայմանագիրը չի թարմացվել 1953 թվականին այն բանից հետո, երբ գլխավոր մենեջեր Ռուդոլֆ Բինգը հավանություն չի տվել Տրաուբելի ռադիո և հեռուստանախագծերում հանդես գալուն ու գիշերային ակումբներում շահութաբեր կարիերան ընդլայնելուն։ Տրաուբելը շարունակել է հանդես գալ «Կոպակաբանա» գիշերային ակումբում, ինչպես նաև կամեո հեռուստադերերում[11]։ Մետրոպոլիտենից հետո ելույթ է ունեցել Բրոդվեյում[12], նաև նկարահանվել մի շարք կինոնկարներում ու հանդես եկել «Միկադո» օպերայում։ Գիշերային ակումբում վերջին ելույթը եղել է Ջիմմի Դուրանտեի հետ Harrah's Lake Tahoe ակումբում 1964 թվականին[13]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով բեյսբոլի երկրպագու՝ Տրաուբելը եղել է հայրենի քաղաքի «St. Louis Browns» թիմի համասեփականատերը[13]։ Գրել է երկու գիրք սպանությունների վերաբերյալ՝ 1950 թվականին «The Ptomaine Canary» և 1951 թվականին «The Metropolitan Opera Murders »[14]։

Կյանքի վերջին տարիները նվիրել է երկրորդ ամուսնուն խնամելուն, որի հետ ամուսնացել էր 1938 թվականին։ Առաջին ամուսինը ավտոմեքենաներ վաճառող էր, որի հետ ամուսնացել էր 1922 թվականին, բայց շուտով ամուսնալուծվել[7]։ Մահացել է Սանտա Մոնիկա քաղաքում սրտի կաթվածից 73 տարեկանում և հուղարկավորվել Լոս Անջելեսի Վեստվուդյան գերեզմանատանը[15]։

Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր աստղը[16], իսկ 1994 թվականին ընդգրկվել է Սենթ Լուիսի փառքի ծառուղում[17]։

Ծանոթագրություններ և նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #124399274 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Helen Traubel — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. Hischak (2007) p. 297; Sicherman and Green (1980) p. 697. Note that McHenry (1983) p. 416 and some press obituaries give the year of her birth as 1903.
  7. 7,0 7,1 7,2 Sicherman and Green (1980) p. 697
  8. 8,0 8,1 Metropolitan Opera Archives
  9. San Francisco Opera Performance Archives
  10. Youngstown Vindicator (December 23, 1958), p. 11
  11. See Gettysburg Times (September 29, 1953), p. 6 and Montreal Gazette (July 31, 1972), p. 14.
  12. Hischak (2007) p. 297.
  13. 13,0 13,1 Star-News (July 31, 1972), p. 18
  14. Time Magazine (April 24, 1950)
  15. Montreal Gazette (31 July 1972) p. 14
  16. Hollywood Chamber of Commerce, Hollywood Walk of Fame:Helen Traubel Արխիվացված 2012-03-06 Wayback Machine
  17. St. Louis Walk of Fame, Helen Traubel Արխիվացված 2019-01-19 Wayback Machine

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Տրաուբել» հոդվածին։