Կիրսթեն Ֆլագսթադ
| Կիրսթեն Ֆլագսթադ | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 12, 1895[1][2][3][…] Համար, Հեդմարկ, Նորվեգիա |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 7, 1962[2][3][4][…] (67 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
| Գերեզման | Վեստրե գրավլունդ |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի |
| Երգչաձայն | սոպրանո |
| Ամուսին | Henry Thomas Ingvald Johansen?[3] |
| Պարգևներ | |
Կիրսթեն Ֆլագսթադ (նորվ.՝ Kirsten Malfrid Flagstad, հուլիսի 12, 1895[1][2][3][…], Համար, Հեդմարկ, Նորվեգիա - դեկտեմբերի 7, 1962[2][3][4][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի օպերային երգչուհի (սոպրանո)։
Համարվում է Ռիխարդ Վագների երաժշտական դրամաներում գլխավոր դերերգերի մեծագույն կատարողներից մեկը։ Ֆլագսթադի ձայնը առանձնանում էր ուժով և հնչեղությամբ և միաժամանակ այն ճկուն ու քնարերգական էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրսթեն Ֆլագսթադը ծնվել է երաժիշտների ընտանիքում (նրա հայրը եղել է դիրիժոր, մայրը՝ դաշնակահարուհի)։ Սովորել է Օսլոյում և Ստոկհոլմում։ Օպերային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1913 թվականին Նուրիի ոչ մեծ դերում Էժեն դ’Ալբերի «Մարգագետին» օպերայում (Օսլոյի ազգային թատրոն)։ Դրան հաջորդող 18 տարիների ընթացքում իր կարիերան կապված է եղել միայն Սկանդինավիայի հետ։ Նա կատարել է տարբեր դերեր Վեբերի, Ջուզեպե Վերդիի, Բիզեի, Գունոյի և այլ երգահանների օպերաներում և օպերետներում։
Հայտնի է դարձել 1932 թվականին, երբ նա առաջին անգամ կատարել է Իզոլդայի դերը Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում։ Այդ օրվանից վագներյան դերերը Ֆլագսթադի երգացանկում հիմնական դեր են կատարել։ Արդեն հաջորդ տարի նա հրավիրվել է Բայրոյթյան փառատոնին։ 1935 թվականին նա մեծ հաջողությամբ առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում Զիգլինդայի դերում «Վալկիրիա» օպերայում։ Այդ օրվանից նա հաճախ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում և Լոնդոնում։ Բացի վագներյան դերերից (Իզոլդա, Բրունգիլդա Զիգլինդա, Եղիսաբեթ, Էլզա և այլք), նա հաճախ կատարում էր Լեոնորայի դերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում։ Երգչուհին համագործակցել է բազում հանրահայտ դիրիժորների հետ, ինչպիսիք են Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Ֆրից Ռայները, սըր Թոմաս Բիեմը և այլք։ Նրա խաղընկերն է եղել մեծն տենոր Լաուրից Մելխիորը։
Պատերազմական շրջանում Ֆլագսթադը եղել է Նորվեգիայում։ Այդ ժամանակ նրա ամուսինը մեղադրվել է նացիստների հետ կապերի մեջ և մահացել է բանտում 1946 թվականին։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև երգչուհուն, չնայած որ նա անմասն էր այդ ամենից, սակայն առաջին հետպատերազմյան տարիներին նրա կարիերայի ընթացքը բարդացել էր։ Շուտով նա կրկին հաջողությամբ սկսել է հանդես գալ Նյու Յորքում և Լոնդոնում։ Նրա մեծագույն նվաճումներից մեկը համարվումէ Դիդոնի պարտիան Հենրի Փյորսելի «Դիդոն և Էնեյ» օպերայում։ 1950 թվականի մայիսի 22-ին Լոնդոնում նա երգել է Ռիխարդ Շտրաուսի «Վերջին չորս երգեր» օպերայի պրեմիերային։ 1952 թվականին Կիրսթեն Ֆլագսթադը մասնակցել է «Տրիստան և Իզոլդա»-ի ձայնագրությանը Լյուդվիգ Զյութհաուսի հետ Ֆուրտվենգլերի ղեկավարությամբ. մինչ օրս այդ ձայնագրությունը համարվում է վագներյան կատարողականության բարձունքը։
Կիսրթեն Ֆլագսթադը լքել է բեմը 1955 թվականին (1957 թվականին կայացել է նրա վերջին համերգը որի ժամանակ նա կատարել է Էդվարդ Գրիգի երգերը), 1958—1960 թվականներին նա եղել է Նորվեգական օպերայի գեղարվեստական ղեկավարը։ 1958 թվականին մասնակցել է «Ռեյնի ոսկին» օպերայի ձայնագրությանը՝ Գեորգ Շոլթիի ղեկավարությամբ։
1985 թվականին երգչուհու հայրենի քաղաքում բացվել է Կիրսթեն Ֆլագսթադի թանգարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=Flagstad%2C+Kirsten&type=&aarstall=
- ↑ https://kirsten-flagstad.no/kronologi
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն, լուսանկարներ Արխիվացված 2010-07-12 Wayback Machine
- Կենսագրությունը գերմաներենով
- Լուսանկարներ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրսթեն Ֆլագսթադ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||