Եղևնու զարդարանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատված զարդարված եղևնուց

Եղևնու զարդարանքներ գնդեր, ֆիգուրներ կամ այլ զարդարանքներ, որոնցով զարդարում են ամանորյա (կամ սուրբծննդյան) եղևնին, ինչպես նաև՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների ժամանակ շինությունների ինտերիեր և էքստերիեր։

Հիմնական փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարդարված եղևնիները որպես Սուրբծննդյան տնային ատրիբուտ, հայտնվում են 17-րդ դարի առաջին կեսին Գերմանիայում և Մերձբալթիկայում։ Առաջին զարդարանքները բավականին հասարակ էին և արտահայտում էին քրիստոնեական խորհրդանիշերը՝ կատարին՝ Բեթղեհեմյան աստղն էր, ճյուղերից կախվում էին Բարին և Չարը ճանաչելու հնարավորություն տվող Կյանքի ծառի պտուղները խորհրդանշող խնձորներ, մոմեր էին ամրացվում և վառվում՝ որպես հրեշտակային մաքրության խորհրդանիշեր։ Ավանդույթի ձևավորմանը համընթաց զարդարանքները բարդացան, եղևնու վրա սկսեցին կախել արհեստական զարդարանքներ, քաղցրավենիքներ և ընկույզներ[1]։

Ավանդույթներից մեկի համաձայն եղևնու ապակյա առաջին խաղալիքները հայտնվել են Սաքսոնիայում 16-րդ դարում, այսինքն՝ նույնիսկ ավելի վաղ, քան սուրբծննդյան ծառի առաջին փաստացի տեղադրումը։ Մեկ այլ ավանդույթ դրանց ի հայտ գալը կապում է 1848 թվականին Գերմանիայում տեղի ունեցած խնձորի անբերրիության հետ։ Այդ ժամանակ ապակի փչող բանվորները Թյուրինգիայի Լաուշա կոչվող վայրում պատրաստեցին փոխրինող ապակյա «խնձորներ» և հաջողությամբ վաճառեցին դրանք, ինչ սկիզբ դրեց տոնին ընդառաջ զարդարանքների կանոնավոր արտադրությանը։ Այդուհետ Սաքսոնիայում ևս սկսեցին ապակյա զարդարաներ փչել՝ պատրաստել։ Դժվար է դատել՝ որքանով են այս ավանդույթները առասպելական և որքանով են դրանք կապված տարբեր վայրերի ապակի փչող բանվորների հետ մրցակցության հետ։ Փաստը փաստ է մնում, որ 19-րդ դարի կեսին Լաուշայի ապակի փչելու արդյունաբերությունը մնում է եղևնու ապակյա զարդարանքների ամենահին արտադրություններից մեկը։ 1867 թվականին բացվեց գազի առաջին գործարանը, որի արհեստավորները, օգտագործելով հեշտ կարգավորելի, բարձր ջերմաստիճանի կրակ ունեցող գազային այրիչներ, արդեն սկսեցին արտադրել մեծ բարակ պատերով գնդեր (ռուս.՝ шары)[2]:

Եղևնին վառվող մոմերով զարդարելու ավանդույթը պոտենցիալ հրդեհավտանգ է, բայց մարդիկ գնացին այդ ռիսկին հանուն ավանդույթը շարունակելուն և զարդարանքների «բնականության»:Ավելի անվտանգ էլեկտրական զարդաշղթա օգտագործելու գաղափարը առաջ բերեց ամերիկյան հեռագրիչ Ռալֆ Մորրիսը Նոր Անգլիայից, 1870-ական թվականներին։ Այնուամենայնիվ, նա առանձնապես ոչինչ չհնարեց, քանի որ փոքրիկ էլեկտրական ազդանշանային լամպիկները արդեն իսկ օգտագործվում էին հեռախոսների կառավարակետերի (ռուս.՝ пульт) վրա։ Մորրիսը միայն կռահեց դրանք տոնածառերի վրա կախելը։ Գաղափարը գնահատվեցին գործընկերները, ապա՝ յուրացրվեց արտադրողների կողմից։ 1895 թվականին ԱՄՆ-ում պատրաստվեց փողոցային առաջին էլեկտրական լուսաշղթան, որը զարդարեց Սպիտակ տան առջևի եղևնին։

Ներկայումս շատ բաներում որոշիչ են նորաձև միտումները, որոնք առաջադրում է ամանորյա-սուրբծննդյան «Սուրբծննդյան աշխարհ» (անգլ.՝ Christmasworld) տոնական զարդարանքերի ավանդական միջազգային ցուցահանդեսը, որը անց է կացվում հունվարի վերջին Ֆրանկֆուրտ-Մայնում սկսած 1996 թվականից։ Ցուցահանդեսը աչքի է ընկնում իր մասշտաբներով՝ ավելի քան 1000 մարդ ցուցադրում են իրենց ցուցանմուշները՝ եղևնու ամենատարբեր խաղալիքներ, ամանորյա բիժուտերիա[3]։

Անգլիայում և ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծննդին եղևնի զարդարալու ավանդույթը Բրիտանիա է եկել 19-րդ դարում գերմանացի ներգաղթյալների հետ, և, ինչպես մինչ այդ մայրցամաքային Եվրոպայում, շատ արագ տարածվեց կղզիներում։ Այստեղ գերմանական ավանդույթները խաչավորվեցին կելտական և դրուիդյան ավանդույթների և հավատալիքների, ավելի շուտ՝ ճագումի պաշտամունքի և նրան վերագրվող յուրահատկությունների հանդեպ եղած հավատալիքի հետ։ Ավելի վաղ ևս գոյություն ուներ ճագումից պատրաստված պսակի բացառիկ մաքրող հատկություն ունենալու հավատալիքը։ Համարվում էր, որ հակառակորդները պսակի տակ հանդիպելիս պարտավոր էին կողք դնել զենքը և չդիպչել նրան մինչ հաջորդ օրը։ Համբույրը ճագումի պսակի տակ անմեղ և անարատ էր համարվում։ Սուրբծննդյան նոր ավանդույթների հետ զուգակցվելով՝ սա հանգեցրեց սուրբծննդյան պսակի՝ որպես տների դռների (կամ մուտքերի) սովորական զարդարանքի, հայտնվելուն։

Կելտական ավանդույթ է եղևնու և բնակարանի զարդարելը փշատերև փշարմավի ալ-կարմիր պտուղներով ստեղծված պսակով։ Այն վայրերում, որտեղ այս բույսը չի աճում, օգտագործվում էին նրա մոտիկ ազգակիցները, այժմ հաճախ ձեռք է բերվում դրա գեղարվեստական նմանօրինակները։

ԱՄՆ-ում զարդարված եղևնիների ավանդույթը ևս ներմուծվել է գերմանացի ներգաղթյալների միջոցով, իսկ մասսայական գործածության մեջ մտավ 1850 թվականից։ Այդ թվականին հայտնի «Godey’s Lady’s Book» կանացի պատկերազարդ ալմանախը հրատարակեց «Թագավորական ընտանիքը Սուրբծննդյան եղևնու մոտ»փորագրանկարը։ Դա 1847 թվականի բրիտանական «Illustrated London News»-ից վերցված փորագրանկարի թեթևակի ամերիկանացված (հագուստի և սանրվածքի ոճերի առումով) տարբերակն էր։ Փորագրանկարում օրինակելիորեն զարդարված, ներքևում՝ նվերներ, եղևնու առջև՝ պատկերված էին երիտասարդ Վիկտորիա թագուհին և նրա ամուսինը՝Ալբերտը՝ իրենց երեխաների հետ։ Կարելի է ասել, որ այս չափազանց հանրահայտ փորագրանկարը ոչ միայն հիմանավորեց Սուրբ Ծննդի ավանդույթը ԱՄՆ-ում, այլ նաև տոնն անցկացնելու և զարդարանքերի ոճ թելադրեց հետագայի համար։

ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրությունում հայրենական զարդարանքների արտադրությունը այդքան էլ նշանակալի չէր, բայց դրանք զանգվածաբար ներմուծում էին Եվրոպայից, մասնավորապես՝ Գերմանիայից։ Զարդարանքների հայրենական ամենահին արտադրողը համարվում էր Կլինի ապակեգործական (ապակի փչող) ձեռնարկությունը, որը հիմնադրվել էր Մենշիկովի հրամանով դեռևս 18-րդ դարի սկզբին։ Այս ավանդույթը չընդհատվեց և շարունակվում է հարևան Վիսոկովսկում գտնվող «Տոնածառ» ԲԲ Ընկերության շնորհիվ, որի անմիջապես կողքին է գտնվում տոնածառի խաղալիքների թանգարանը[4]։

Հեղափոխությունից հետո Սուրբծննդյան տոնակատարությունների անցկացումը սկսվեց ավելի ու ավելի հալածվել, սկզբնական շրջանում՝ անուղղակի ձևով, ապա նաև՝ պաշտոնապես։ Ի վերջո, 1929 թվականի նախօրեին տոնը նշելը և տանածառ դնելը ուղղակիորեն արգելվեցին։ Բայց քաղաքացիները չդադարեցին եղևնին գաղտնաբար զարդարել, իսկ խաղալիքներ շարունակում էին արտադրել տնայնագործական միջոցներով։ Հենց « արգելանքի շրջանին» են վերաբերում ամենահազվադեպ հանդիպող և թանկարժեք խորհրդային կոլեկցիոն տոնածառի խաղալիքները։ Իրավիճակը փոխվեց միայն 1935 թվականի նախօրեին «Պրավդա»-ում Պ.Պ. Պոստիշևի հայտնի առաջարկից՝ վերադարձնել տոնը խորհրդային երեխաներին, հետո։ Հասկանալի է՝ խոսքն արդեն ոչ թե Հիսուսի Ծննդյան տոնակատարության մասին էր, այլ՝ Նոր տարին նշելու։ Բոլոր հին ու նոր ավանդույթները մաքրազարդվում էին կրոնական երանգներից։ Դա իր ազդեցությունն ունեցավ նաև երկրում եղևնու զարդարանքների, խաղալիքների արտադրության վրա։

  • Վեցաթև ոսկե կամ սպիտակ Բեթղեհեմյան աստղի տեղը զբաղեցրեց հնգաթև կարմիր աստղը։ Ինչպես նաև, սկսեցին օգտագործել պարզապես դեկորատիվ «գագաթներ»։
  • Գնդերի և հրեշտակների փոխարեն ի հայտ եկան մարդկային, կենդանական, մրգային, բանջարեղենային ամենատարբեր ֆիգուրներ։ Ընդհանրապես եղևնու ճյուղերին տարատեսակ գունավոր ֆիգուրներով խորհրդային տոնածառերը տարբերվում էին արևմտյանից, որտեղ զարդարանքները կարող էին լինել երփներանգ, բայց՝ միատեսակ։

Տոնի հանրահայտությունը նպաստեց եղևնու զարդարանքների արտադրության վերականգնմանը, սկզբում՝ որպես տարբեր ձեռնարկություններին հարակից (կողմանակի) արտադրանք, ապա նաև՝ որպես ինքնուրույն արտադրություն։ Միևնույն ժամանակ, պատերազմից հետո Լաուշա քաղաքը հայտնվեց ԳԴՀ-ի տարածքում և շարունակեց եղևնու զարդարանքների ավանդական արտադրութունը։ Այդ պատճառով, 1970-ական թվականներին ԽՍՀՄ-ը սկսեց ԳԴՀ-ից եղևնու զարդարանքների հավաքածուներ գնել, որոնք ներկայանում էին արտահանմանը բնորոշ ռուսերեն գրություն ունեցող փաթեթավորմամբ։ Ապակյա զարդարանքների հավաքածուները ներառում էին «գագաթ», 16 գունավոր գնդեր և 5 այլ ձև ունեցող զարդարանքներ։ Այս 5 զարդարանքների տարբերակները, ինչպես նաև գնդերի գույները տարբեր տարիների տարբեր էին լինում։ Հավաքածուները ԽՍՀՄ-ում դեֆիցիտ էին և ամանորյա շուկաներում ամենացանկալի գնումն էին համարվում, չնայած ԽՍՀՄ-ի չափանիշներով բավականին բարձր գին ունենալուն (1938 թվականին մեկ հավաքածուն արժեր 9 ռուբլի)։ Իրենց որակյալ լուծումներով, փաթեթավորմամբ, ամրացմամբ (առկա էին մետաղալարե կեռիկներ՝ իրենց թելերով) և ընդհանուր «արևմտյան» տեսքով դրանք առանձնանում էին ամանորյա մնացած ասորտիմենտներից։

Հետաքրքրական է նշել, որ արտահանվող տուփերի վրա ռուսերեն էր գրվում «Շնորհավոր Նոր տարի»`«С Новым годом!», այն դեպքում, երբ դեռևս 19-րդ դարից Լաուշայի գործարանների արտադրանքը ավանդաբար կոչվում էր «Զարդարանքներ Թյուրինգիայից` Քրիստոսի ծառի համար» (գերմ.՝ Thüringer Christbaumschmuck)։ Այս անվանումը առաջացել էր տուփերի վրայի նկարների տակ արվող գրադարձությամբ՝ մատնանշելու համար արտադրողին՝ «Արտադրված է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Թյուրինգեր Քրիստբաումշմուկ ազգային ձեռնարկությունում»։ Ներկայումս եղևնու զարդարանքների ասորտիմենտը, ընդհանուր առմամբ, նման է եվրոպականին։ Այդ տեսականու նշանակալի մասը արտադրվում է Չինաստանի ձեռնարկություններում։

Տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Բրազիլիա Նոր տարին Բրազիլիայում ամառն է, և այդ ժամանակ այս երկրի բնակիչները եղևնին զարդարում են բամբակյա փոքրիկ գնդիկներով, կարծես թե դրանք թափվող ձյան փաթիլներ են։
Գվատեմալա Գվատեմալա Գվատեմալայի բնակիչները եղևնին հիմնականում զարդարում են աստվածաշնչյան թեմատիկայի ֆիգուրներով։
Գրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա Գրենլանդիայում եղևնին ներկրում են, քանի որ իրենց ցուրտ կլիմայի պատճառով այստեղ եղևնիներ չեն աճում։ Բնակիչները «օտարեկրացուն» զարդարում են մոմերով և պայծառ զարդերով։
Իռլանդիա Իռլանդիա Իռլանդիայում եղևնին զարդարում են գունագեղ լապտերիկներով և տոնածառի կեղծափայլերով, գնդերը այդքան էլ պահանջարկ չեն վայելում։
Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկական տների մեծ մասում գլխավոր զարդարանքը համարվում է (իսպ.՝ El Nacimiento)-ն՝ ֆիգուրներով կոմպոզիցիաներ, որոնք արտահայտում են Քրիստոսի ծննդյան աստվածաշնչյան տեսարանները (Սուրբծննդյան տիկնիկախաղ)։ Սակայն զարդարված եղևնի ևս տներում ինչ-որ տեղ դնում են։
Շվեդիա Շվեդիա Շվեդիայում եղևնիները զարդարում են աստղերով, արևանման և փաթիլանման խաղալիքներով, կենդանիների ծղոտե և փայտյա ֆիգուրիկներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История ёлочных игрушек». TUT.BY. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. Иван Охапкин. «Ёлочные украшения: история одной традиции». Наука и технологии России. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. Топ-16 фактов о елочных украшениях
  4. Наталья Соколова. «История страны на ёлке». Русское географическое общество. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]