Jump to content

Դոլորես Ամբրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Թեմիմի նախագծած զգեստը, որը կրել է Իմելդա Սթոնթոնը Դոլորես Ամբրիջի դերում:

Դոլորես Ջեյն Ամբրիջը Ջ. Ք. Ռոուլինգի ստեղծած հարրիփոթերյան շարքի գեղարվեստական կերպարներից է։ Ամբրիջը երկրորդական անտագոնիստն է հինգերորդ վեպում՝ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքում, որի մեջ Մոգության նախարարությունը նրան ուղարկել է  Հոգվորթս՝ խլելու իշխանությունը Հարրի Փոթերից և Ալբուս Դամբլդորից, որոնք փորձում էին կախարդների աշխարհին տեղյակ պահել Լորդ Վոլդեմորի վերադարձի մասին։

Հոգվորթսում աշխատելու ժամանակ Ամբրիջի իշխանությունը աճում է, և Մոգության նախարարությունը նրան նշանակում է բարձրագույն ավագ տեսուչ՝ փորձելով վերահսկել դպրոցը։ Չնայած Ամբրիջը նշանակվել էր Սև ուժերից  պաշտպանության ուսուցիչ, բայց հրաժարվում էր գործնական բաներ սովորեցնել առարկայի շրջանակներում, ինչը հանգեցնում  է Դամբլդորի բանակի կազմավորմանը՝ որպես ուսանողներին ինքնապաշտպանություն սովորեցնելու ձև։ Ամբրիջը գրքում նկարագրվում է որպես գեր,  լայն ու  կախ ընկած բերանով դոդոշանման կին՝ մեծ ժապավենով, որը հաճախ ամրացնում էր մազերին։

Քննադատները Ամբրիջին համարում են շարքի ամենաատելի, ինչպես նաև ամենաազդեցիկ չարագործներից մեկը։ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1» ֆիլմերում Ամբրիջի դերը մարմնավորել է Իմելդա Սթոնթոնը[1][2]։

Գեղարվեստական կերպարի կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլորես Ջեյն Ամբրիջը ծնվել է կախարդ հորից և մագլ մորից, ունեցել է կրտսեր եղբայր, որը սքվիբ էր։ Հոր ազդեցության տակ լինելով՝ Դոլորեսը մեծացել է՝ ատելով մորն ու եղբորը կախարդական ունակությունների պակասի պատճառով։ Մոգության և հմայության դպրոց Հոգվորթսում նա Սլիդերին ֆակուլտետում էր սովորում և ատում էր դպրոցը, քանի որ չուներ իշխանական որևէ դիրք։

Հոգվորթսն ավարտելուց հետո Ամբրիջը Մոգության նախարարությունում ստանում է նշանավոր և ազդեցիկ պաշտոն Կախարդանքի անհարկի կիրառման գրասենյակում։ Որոշ ժամանակ անց Ամբրիջը դառնում է մոգության նախարար՝ Կոռնելիուս Ֆաջի ավագ տեղակալը։ Ամբրիջը օգտագործում էր այս իշխանական դիրքը՝ բավարարելու իր ատելությունը կիսամարդկանց հանդեպ, օրինակ մարդագայլերի դեմ օրենսդրության միջոցով, որը Ռեմուս Լյուպինի համար գրեթե անհնարին էր դարձնում նոր աշխատանք գտնելը Սև ուժերից պաշտպանության պրոֆեսորի պաշտոնը 1994 թվականին թողնելուց հետո։

Լորդ Վոլդեմորի վերադարձի մասին ասեկոսեների տարածման և Կոռնելիուս Ֆաջի ահագնացող մտասևեռման պատճառով  Ամբրիջը երկու դեմենթոր է ուղարկում Լիթլ Վինգինգ՝ Հարրի Փոթերի և նրա զարմիկ Դադլի Դարսլիի հետևից՝ փորձելով Հարրիին հեռացնել Հոգվորթսից, քանի որ նա դպրոցից դուրս կախարդանք էր օգտագործել։ Հարրի դատավարության ընթացքում Ամբրիջը փորձում է վախեցնել նրան՝ թուլացնելու նրա պաշտպանությունը. Հարրիի պնդմամբ՝ ինքը օգտագործել էր Պատրոնուս կախարդանքը միայն այն պատճառով, որ դեմենթորները պատրաստվում էին ընդմիշտ խեղել իրեն և Դադլիին։ Ի վերջո, Ամբրիջը, Ֆաջը և դատարանի մի քանի այլ անդամներ կողմ քվեարկեցին  Հարրիի դատապարտմանը, սակայն վերջինս ազատվեց մեղադրանքներից։

Վերահսկողությունը Հոգվորթսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավարությունից հետո Մոգության նախարարությունը Ամբրիջին նշանակում է  Հոգվորթսում Սև ուժերից  պաշտպանության նոր ուսուցիչ, ինչը թույլ է տալիս Նախարարությանը վերահսկել Հոգվորթսի գործունեությունը և հատկապես դպրոցի տնօրեն Ալբուս Դամբլդորին։ Ֆաջը անմիտ համոզմունք ուներ, որ Դամբլդորը փորձում է զբաղեցնել նախարարի իր պաշտոնը և օգտագործում է ուսանողներին այդ նպատակի համար։ Արդյունքում Ամբրիջը հրաժարվում է ցանկացած տեսակի  գործնական կախարդանք սովորեցնելուց և դպրոց վերադառնալը հնարավորություն է համարում՝ իշխանություն ձեռք բերելու այն մարդկանց նկատմամբ, որոնք հրաժարվել էին դպրոցական տարիներին նրան որևէ պատասխանատու պաշտոն տալ[3]։

Ամբրիջը  Հոգվորթսի ուսանողների վրա վատ տպավորություն է թողնում ուսումնական տարվա մեկնարկի տոնակատարության ժամանակ, որտեղ նա կոպտորեն ընդհատում է Դամբլդորին և ուսանողների հետ խոսում հովանավորչական տոնով։ Նա սկսում է խանգարել Հոգվորթսում սովորող ուսանողներին՝ հրաժարվելով սովորեցնել որևէ կախարդանքի գործնական կիրառում՝ չնայած սև ուժերից պաշտպանության պրոֆեսորի պաշտոնին։ Վոլդեմորի ակնհայտ վերադարձի պատճառով, որը նախարարությունը չէր բարձրաձայնում, ուսանողները, ինչպիսիք են Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին, Հերմայոնի Գրեյնջերը և Դին Թոմասը սկսում են բացահայտ ընդդիմանալ Ամբրիջի՝ կախարդանքի տեսական կիրառման հաստատակամությանը։ Հարրիի մշտական առարկությունները Ամբրիջի դասերին, թե ինքը ներկա է եղել Վոլդեմորի վերադարձին և ականատես է եղել Սեդրիք Դիգըրիի սպանությանը, պատճառ են դառնում, որ  Ամբրիջիը պատժի նրան։ Նա ստիպում է Հարրին գրել «Ես չպետք է ստեմ» արտահայտությունը կախարդական փետրագրիչով, որը բառերը դաջում է նրա ձեռքին։

Ամբրիջը նախարարության կողմից նշանակվել էր բարձրագույն ավագ տեսուչ[4]՝ գնահատելու, հետևելու և աշխատանքից ազատելու ցանկացած ուսուցչի, որը, ըստ նրա, չի բավարարում պահանջներին։ Սրա պատճառով Ամբրիջը հաճախ վիճաբանության մեջ էր մտնում Կերպարանափոխության պրոֆեսոր և Գրիֆֆինդոր ֆակուլտետի ղեկավար Միներվա ՄաքԳոնագոլի հետ։ Ամբրիջը կազմալուծում է բոլոր ուսանողական խմբավորումները, որոնք ներառում էին նաև ֆակուլտետների քվիդիչի թիմերը։ Ի վերջո, Հարրին, Ռոնը և Հերմայոնին ձևավորում են Դամբլդորի բանակը՝ որպես ուսանողներին պաշտպանողական հմայքների գործնական կիրառությունը սովորեցնելու միջոց։ Խմբավորումը գաղտնի կազմակերպություն էր, որը հանդիպում էր Հոգվորթսի թաքնված Կարիքների սենյակում:

Երբ Հարրին «Քվիբլեր»-ում հարցազրույց է տալիս, որտեղ խոսում է Վոլդեմորի վերադարձի մասին, Ամբրիջը արգելում է այդ ամսագիրը Հոգվորթսում։ Նա նաև սահմանափակում է Հարրիի արտոնությունները։ Ամբրիջը անտեղյակ էր, որ ամսագրի արգելումը Սթրեյզանդի էֆֆեկտը կունենա՝ Հոգվորթսում շատերին դրդելով  կարդալ հարցազրույցը։ Երբ Ամբրիջը հարցեր էր տալիս, ուսանողները տարբեր հմայքների միջոցով ամսագիրը կերպարանափոխում էին անվնաս դասագրքի՝ հոդվածը թաքցնելով նրա տեսադաշտից։ Այս  ամենի պատճառով ավելի շատ մարդիկ են սկսում ընդդիմանալ նրա ներկայությանը ամրոցում։

Ամբրիջը աշխատանքից հեռացնում է Բախտագուշակության պրոֆեսոր Սիբիլ Թրելոնիին, բայց Դամբլդորի միջամտության պատճառով չի կարողանում վտարել ամրոցից։ Դամբլդորը այնուհետև միտումնավոր բախտագուշակության պրոֆեսոր է նշանակում Ֆիրենցե անունով կենտավրոսին՝ իմանալով Ամբրիջի ատելությունը ոչ մարդկային կախարդական էակների հանդեպ։

Ի վերջո, Ռեվենքլո ֆակուլտետի ուսանող Մարիետա Էջքոմին մատնում է Դամբլդորի բանակը։ Ամբրիջը սպառնացել էր աղջկան, որ եթե վերջինս չմատնի նրանց, Մարիետայի մայրը կկորցնի աշխատանքը նախարարությունում։ Ամբրիջը փորձում է Հարրին հեռացնել Հոգվորթսից, բայց Դամբլդորը իր վրա է վերցնում բանակի կազմավորման մեղքը և ձերբակալությունից խուսափելու համար անհետանում Հոգվորթսից։

Ֆաջը Ամբրիջին նշանակում է Հոգվորթսի նոր տնօրեն[3][4]։ Ամբրիջը ձևավորում է Հսկիչ  ջոկատ, որը ամբողջովին բաղկացած էր Սլիդերինի ֆակուլտետի ուսանողներից, նրանցից էր օրինակ Դրաքո Մալֆոյը: Չնայած Դամբլդորի բանակը արգելված էր, սակայն Ամբրիջի դեմ ապստամբությունները շարունակվում էին, որոնք հիմնականում արտահայտվում էին Ֆրեդ և Ջորջ Ուիզլիների շարունակական բնույթ կրող կատակներով։ Նախքան Ամբրիջը կհասցներ բռնել երկվորյակներին, նրանք, ցախավելներին նստած, փախչում են Հոգվորթսից՝ խրախուսելով դպրոցի պոլտերգեյսթ Փիվզին շարունակել տանջել Ամբրիջին իրենց բացակայության ընթացքում։ Ամրոցն էլ էր կարծես հասկացել, որ Ամբրիջը իրական տնօրենը չէ. Հոգվորթսն արգելում էր նրան մուտք գործել տնօրենի աշխատասենյակ։

Երբ Ամբրիջը աշխատանքից հեռացնում է Կախարդական արարածների խնամքի պրոֆեսոր Ռուբիուս Հագրիդին կիսածին լինելու պատճառով, Պրոֆեսոր ՄաքԳոնագոլը փորձում է միջամտել, ինչի արդյունքում Ամբրիջը և մթնքաղների մի բանակ այնքան դաժանորեն են հարձակվում պրոֆեսորի վրա, որ նա տեղափոխվում է սբ. Մունգոյի հիվանդանոց: Ամբրիջը նաև արգելել  էր բոլոր տեսակի հաղորդակցական միջոցները՝ թույլ չտալով Հարրին կապվել իր կնքահոր՝ Սիրուս Բլեքի և Փյունիկի միաբանության հետ, նույնիսկ այնքան հեռուն էր գնացել, որ վնաս էր հասցրել  Հարրի բվին՝ Հեդվիգին։

Ի վերջո, Ամբրիջը բռնում է Հարրին, որը փորձում էր նրա աշխատասենյակում օգտագործել Բուխարիների ցանցը Սիրիուսի հետ կապվելու համար։ Սրա պատճառով Դամբլդորի բանակի անդամներին՝ Հարրին, Ռոնին, Հերմայոնին, Նեվիլ Լոնգբոթոմին, Ջիննի Ուիզլիին և Լունա Լավգուդին Հսկիչ ջոկատը հավաքում և պահում է Ամբրիջի գրասենյակում։ Երբ Հարրին հրաժարվում է որևէ տեղեկություն տալ, Ամբրիջը կանչում է Դեղաթուրմերի ուսուցիչ Սևերուս Սնեյփին, որպեսզի նա իրեն տրամադրի ճշմարտությունը պատմող թուրմը՝ Վերիտասերումը, բայց Սնեյփը հայտնում է Ամբրիջին, որ վերջինս վատնել է  ողջ պաշարը ուսանողներին հարցաքննելիս։ Ամբրիջը հավատացած էր, որ անօրինական Կռուցիատուս անեծքը կստիպի Հարիին խոսել։ Հերմայոնին փորձում է ընդդիմանալ, բայց Ամբրիջը արհամարհում է նրան և բացահայտում, որ ամռանը ինքն է հրամայել դեմենթորներին հարձակվել Հարրի և Դադլիի վրա։

Հերմայոնին Ամբրիջին ծուղակն է գցում՝ ասելով, որ հետևի իրեն և Հարրին դեպի Արգելված անտառ՝ Դամբլդորի ենթադրյալ «գաղտնի զենքը» գտնելու։ Ամբրիջը բախվում է կենտավրոսների երամակին, որոնց նա վիրավորում է՝ ռասայական խաչասերում կոչելով։ Հետո նա հարձակվում է մի կենտավրոսի վրա։ Արդյունքում  երամակը Ամբրիջին տանում է և գրեթե սպանում[4]:: Նա ողջ է մնում Դամբլդորի օգնությամբ, որին հաջողվում է հանգստացնել երամակը իր հանդեպ ունեցած հարգանքի շնորհիվ, և նրանք բերում են Ամբրիջին առանց քերծվածքների, բայց շոկային ծանր վիճակում[4]։

Երբ Մոգության նախարարությունում Վոլդեմորին տեսնում են շատերը, այդ թվում՝ Ֆաջը, Դամբլդորը վերանշանակվում է Հոգվորթսի տնօրենի պաշտոնում, իսկ Ամբրիջը հեռացվում է աշխատանքից։ Նա փորձում է գաղտնի հեռանալ դպրոցից, բայց հանդիպում է Փիվզին, որը, ի ուրախություն ինչպես ուսանողների, այնպես էլ ուսուցիչների, հետապնդում է նրան՝ ՄաքԳոնագոլի ձեռնափայտը ձեռքին։

Վերադարձ Մոգության նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգվորթսում պաշտոնանկումից հետո Ամբրիջը վերադառնում է նախարարություն, որպես նոր նախարարի՝ Ռուֆուս Սքրիմգորի ավագ փոխքարտուղար։ Նա միտումնավոր շարունակում է Հարրին տանջել՝ հայտնելով նախարարին Հարրիի մթնքաղ դառնալու երազանքի մասին։ Հարրին չի վստահում Սքրիմգորին կամ Մոգության նախարարությանը, քանի որ Ամբրիջը չի հեռացվում աշխատանքից կամ չի ձերբակալվում իր արարքների համար[3]։

Ամբրիջը հետո հայտնվում է Դամբլդորի թաղմանը՝ փորձելով պատշաճ կերպով մռայլ երևալ։ Նա վախենում է՝ Ֆիրենցեին տեսնելով, քանի որ ակներևաբար տրավմատիկ վիճակում է կենտավրոսների հետ հանդիպումից հետո։

Երբ Վոլդեմորը գրավում է Մոգության նախարարությունը, Ամբրիջը վերահսկում է մագլածին վհուկների և կախարդների (որոնց երբեմն անվանում են տղմարյուններ) գրանցումը և հետապնդումը Մագլածինների գրանցման հանձնաժողովում։ Իր պաշտոնում նա կողմնակալ դատավարություններ էր անցկացնում, որոնց ժամանակ մագլածին վհուկներին և կախարդներին հպատակեցնում է դեմենթորների ներկայությամբ և ուղարկում Ազքաբան՝ «իրական վհուկներից և կախարդներից կախարդություն գողանալու» հիմքով։ Ալասթոր Մուդիի սպանությունից հետո Ամբրիջը ինչ-որ կերպ ձեռք է բերում նրա պրոթեզային աչքը և ամրացնում իր գրասենյակի դռանը, որպեսզի նախարարության աշխատողներին ահաբեկի և հիշեցնի, որ ինքը մշտապես աչքը նրանց վրա է պահում։

Ինչ-որ պահի Ամբրիջը գող Մանդանգուս Ֆլեչերի կողմից վզնոց է ստանում՝ որպես կաշառք։ Կախազարդը իրականում Սալազար Սլիդերինի վզնոցն էր՝ Վոլդեմորի հորքրուքսներից մեկը, որի մասին Ամբրիջը տեղյակ չէր։ Ամբրիջի դաժան բնույթի պատճառով հորքրուքսը հզորացնում է նրա կախարդական ունակությունները։

Անարդար դատավարությունների ընթացքում Ամբրիջը մեղադրում է Մերի Քեթրմոլին կախարդական փայտիկը գողանալու համար և պնդում, որ նա վհուկ չէ։ Հարրին զայրույթից դուրս է գալիս անտեսանելիության թիկնոցի տակից և հարձակվում Ամբրիջի վրա, Հարրին և Հերմայոնին նրանից խլում են Սլիդերինի վզնոցը, որ ոչնչացնեն Հորքրուքսը։ Հերմայոնին կրկօրինակում է վզնոցը և կեղծը թողնում Ամբրիջի մոտ՝ կասկածները փարատելու համար։

Երբ Հոգվորթսի ճակատամարտում Հարրին պարտության է մատնում Վոլդեմորին և նոր նախարար Քինգզլի Շեքլբոլթը վերականգնում է Մոգության նախարարությունը, Ամբրիջը դատապարտվում է ցմահ ազատազրկման մագլածինների դեմ կատարած հանցագործությունների համար և բանտարկվում Ազքաբանում[3]։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրիջը վեպերում պատկերված է որպես չար, դաժան, իշխանատենչ, մոլեռանդ և քամահրելի կին, որը ներկայացնում է ամենավատ քաղաքական ուժը՝ քողարկված բարի կերպարի տակ, շրջապատված կատվի ձագերով, փափկամազ մորթով և աղջկականությամբ։ Ենթադրվում է, որ նա սադիստ է և այնքան այլասերված, որ հաճույք էր ստանում ուսանողներին տանջելուց։ Հարրին Ամբրիջին նկարագրում է Սիրուսին՝ ասելով, որ նա բավականին զզվելի է մահակեր լինելու համար, չնայած նրանց շարքերում չէ։

Ամբրիջը նաև նկարագրված է որպես նախապաշարմունքներ ունեցող մարդ, որը այնքան էր արհամարհում կիսածիններին և մագլածին վհուկներին ու կախարդներին, որ Հագրիդին աշխատանքից ազատում է կիսահսկա լինելու պատճառով։ Նա ի ցույց է դնում իր անհանդուրժողականությունը Ֆիրենզ կենտավրոսի նկատմամբ՝ ռասայական բնույթի վիրավորանքներ հասցնելով Արգելված անտառում իրեն հանդիպած կենտավրոսների երամակին։ Ամբրիջը «մաքուր արյան գերապաշտ» էր և փորձում էր թաքցնել իր կիսարյուն կարգավիճակը՝ հաճախ վիրավորելով իր մագլ մորը և սքվիբ կրտսեր եղբորը։

Դոլորես Ամբրիջը ի վերջո բանտարկվում է Ազքաբանում հարցաքննությունների ժամանակ մագլածինների դեմ կատարած հանցագործությունների պատճառով, քանի որ իր հարցաքննած և տանջած մարդկանցից ոչ բոլորն են ողջ մնացել[5]։

Ընդունումը և ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլորես Ամբրիջը բոլոր ժամանակների ամենաատելի գեղարվեստական կերպարներից մեկն է համարվում իշխանատենչ դիրքորոշման և բռնակալ կեցվածքի, ինչպես նաև ռասիստական վերաբերմունքի և երեխաներին տանջելու պատճառով[6]։ «Բասթլի» ամսագրից Շառլոթ Ահլինը նշել է գրականության ամենաատելի կերպարներից մի քանիսին.

«Վոլդեմորը կարող է լինել Հարրի Փոթերի աշխարհի ամենավատ կերպարը, բայց Դոլորես Ամբրիջը անկասկած ամենաատելին է։ Ի տարբերություն Վոլդեմորի՝ նա իշխանատենչության վերացական ձևը չի ներկայացնում։ Նա հենց այն ստոր ուսուցչուհին է, որ ունեցել եք ավագ դպրոցում, այն մայրիկը, որը կարծում է՝ ռեփ երաժշտությունը կործանում է Ամերիկան… Նրա մոլեռանդությունը հարազատ երևույթ է, իսկ նրա գարշելիությունը ամեն կարդացող իր մաշկի վրա զգում է։

IGN-ի դասակարգմամբ՝Ամբրիջը 17-րդ լավագույն կերպարն է գրքաշարում:

Այս կինը կարծում է, թե ուսանողին պատժելու ճիշտ ձևը նրան ստիպելն է ծես իրականացնել, որի պատճառովուսանողն անդադար կարնահոսի, դաամենազազրելի արարքներից մեկն է։ Այն փաստը, որ Ամբրիջը խոսում էր բացահայտ կեղծ երգեցիկ ձայնով և հագնում անճաշակ վարդագույն հագուստ, միայն ավելացնում էր նրա գարշելիությունը։ Որքան էլ Ամբրիջի կերպարը ֆիլմում զզվելի է,գրքում նրա կերպարը էլ ավելի վատն է[7]։

«Փյունիկի միաբանությունը» վեպին գնահատական տալիս գրող Սթիվեն Քինգը հայտատարել է, որ Ամբրիջն իր հանդիպած ամենալավ անտոգոնիստներից մեկն է:

Նրբորեն ժպտացող Դոլորես Ամբրիջը՝ իր աղջկական ձայնով, դոդոշի դեմքով, սեղմած, կծկված մատներով, Հաննիբալ Լեկտերից հետո հայտնված ամենավատ չարագործն է։ Պետք չէ երեխա լինել հիշելու համար Իրոք Սարսափելի Ուսուցչուհուն, որն այն աստիճանի էր վախեցնում մեզ,որ չէինք համարձակվում առավոտյան դպրոց գնալ և թերթում էինք էջերը՝ հոգու խորքում ջերմ հույսեր տածելով, որ նա կստանա իր հասանելիքը, բայց նաև սարսափելով, թե հետո ինչ է անելու։ Որովհետև, անշուշտ, այն ուսուցիչը, որը կարողացել է արգելել Հարրի Փոթերին քվիդիչ խաղալ, ընդունակ է ամեն ինչի:.[8][9]

Իրական կյանքի համեմատություններ և ոգեշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն իրական կյանքի հասարակական գործիչներին բացասական արարքների պատճառով համեմատում են Ամբրիջի հետ։ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը համեմատվել են Ամբրիջի հետ 2016 թվ.-ի ԱՄՆ-ի նախահագական ընտրությունների ժամանակ[10][11]։ Ըստ ռեժիսոր Դեյվիդ Յեյթսի և դերասանուհի Իմելդա Սթոնթոնի՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը ազդեցություն է ունեցել ֆիլմի էկրանավորման ժամանակ կերպարի ստեղծման վրա[12]։ Ռոուլինգը պնդել է, որ Ամբրիջը իրականում հիմնված է իր ուսուցչուհու կերպարի վրա և ուղղակիորեն ոգեշնչված չէ Թետչերից[13][14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Imelda Staunton still scares people after Harry Potter role». list.co.uk (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  2. «'Harry Potter' Star Hates Professor Umbridge, Just Like Everyone Else Does». EW.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Dolores Umbridge by J. K. Rowling». Pottermore (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին – via Wizard World.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Harry Potter and the Order of the Phoenix. New York: Scholastic Press. 2003.
  5. Flood, Alison (2014 թ․ հոկտեմբերի 31). «JK Rowling reveals the secrets of Dolores Umbridge». The Guardian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Top 10 most hated fictional characters». Times Live (անգլերեն). 2013 թ․ մայիսի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  7. «Top 25 Harry Potter characters». IGN (անգլերեն). 2019 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  8. King, S. (2009 թ․ օգոստոսի 1). «Harry Potter and the Order of the Phoenix». Stephen King Review. Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  9. «How Dolores Umbridge made our skin crawl». Wizarding World (անգլերեն). 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  10. Dry, Jude (2018 թ․ ապրիլի 4). «Imelda Staunton knows her Harry Potter character Dolores Umbridge parallels Donald Trump». IndieWire.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  11. Battersby, Matilda (2016 թ․ նոյեմբերի 2). «The US election explained using Harry Potter». INews.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  12. Brown, Steve (2019 թ․ սեպտեմբերի 20). «Imelda Staunton thought of Margaret Thatcher while playing Dolores Umbridge in Harry Potter». Attitude.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  13. Trombetta, Sadie (2015 թ․ օգոստոսի 26). «9 real people who inspired Harry Potter characters». Bustle.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  14. «J.K. Rowling reveals the real-life inspiration behind Dolores Umbridge in new Harry Potter story». Stylist (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  15. Carlo, Andrea (2018 թ․ դեկտեմբերի 16). «Harry Potter and its frightening political parallels: How we're living through The Order Of The Phoenix». Medium.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.