Դառը օշինդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դառը օշինդր
Դառը օշինդր
Դառը օշինդր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Anthemideae
Ենթատրիբա Artemisiinae
Ցեղ Օշինդր (Artemisia)
Տեսակ Դառը օշինդր (A. absinthium)
Միջազգային անվանում
Artemisia absinthium

Դառը օշինդր (աբսինթ, լատ.՝ Artemísia absínthium), արծաթագույն բազմամյա խոտաբույս՝ սուր բնորոշ հոտով և դառը համով: Օշինդր ցեղի տիպական տեսակն է, պատկանում է աստղազգիների ընտանիքին: Հնագույն դեղաբույս է, աբսինթ խմիչքի հիմնական բաղադրամասը: Եվրասիա մայրցամաքի և Հյուսիսային Աֆրիկայի բարեխառն գոտու բնիկ բույս է[1]:

Տարածվածություն և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ բույսը ծագել է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և արևմտյան Ասիայում: Հայաստանում դառը օշինդրը տարածված է համարյա ամենուրեք, աճում է թփուտներում, գետերի, ջրամբարների ափերին, այգիներում, աղբոտված վայրերում: Կլիմայավարժեցվել է Կանադայում և ԱՄՆ-ում[2]:

Նախընտրում է չափարով խոնավությունը և չեզոք թթվայնությամբ հողերը: Բերքատվությունը մարգագետիններում՝ 15-20 կգ/հա չոր ցողուն:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառը օշինդրի բույսը

Բույսի բարձրությունը՝ 50—200 սմ է[3], աճում է կիսաթփուտներում, ունի առանցքային ճյուղավորված արմատ և ուղղաձիգ ցողուն՝ արծաթագույն գունավորմամբ:

Ցողունն ուղղաձիգ է, վերին հատվածում՝ շատ տերևներով, հիմքում հաճախ առաջանում են կարճացած անպտուղ ընձյուղներ: Ստորին տերևները երկարակոթուն են, կրկնակի կամ եռակի փետրաձև ջղավորմամբ, միջին հատվածի տերևները՝ կարճ կոթունավոր են կրկնակի փետրավոր, վերին տերևները՝ համարյա նստադիր են:

Ծաղիկները բոլորը խողովակավոր են, դեղին, ծայրային ծաղիկները վարսանդային են, կենտրոնականները՝ առէջային: Զամբյուղը գնդաձև է՝ 2.5-3.5 մմ տրամագծով:

Պտուղը գորշ դարչնագույն սրացած սերմիկ է՝ մոտ 1 մմ երկարությամբ: Բազմանում է սերմերով, ցրտադիմացկուն և չորադիմացկուն է:

Բուսական հումք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական հումքի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական նպատակներով օգտագործում են տերևները (լատ.՝ Folium Absinthii), որոնք հավաքում են ծաղկումից առաջ կամ հետո: Խոտաբույսերը հավաքում են հունիս-օգոստոս ամիսներին, արմատները՝ աշնանը:

Դեղաբանական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ բույսի քիմիական ակտիվ նյութերը կարողանում է գրգռել բերանի խոռոչի համային ընկալիչները, այն օգտագործվում է որպես մարսողական համակարգի գեղձերի ֆունկցիայի խթանիչ: Եթերային յուղի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա նման է կանֆորայի յուղի ազդեցությանը: Քամազուլենն ակտիվացնում է մոնոնուկլեար ֆագոցիտային համակարգը, որը մեծացնում է բույսի հակաբորբոքային և հանգստացնող հատկությունները:

Մեծ քանակով օգտագործելիս առաջացնում է էպիլեպսիային նմանվող ջղաձգություններ և երիկամային խանգարումներ[4]:

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկման շրջանում բույսի վերին հատվածը և տերևները՝ մինչև ծաղկումը պարունակում են սեսքվիտերպենային լակտոններ, դառը գլիկոզիդներ, որոնք բույսին տալիս են բնորոշ դառը համը, սապոնիններ, ֆլավոնոիդներ, ֆիտոնցիդներ, ասկորբինաթթու, դաբաղիչ նյութեր, կալիումական աղեր, արտեմիզետին, եթերային յուղ (0,2—0,5 %), կարոտին, օրգանական թթուներ (խնձորաթթու, սաթաթթու):

Եթերային յուղը խիտ լուծույթ է՝ կապտավուն կամ մուգ կանաչավուն երանգով և ուժեղ դառը համով: Եթերային յուղի բաղադրության մեջ մտնում է տույիլ սպիրտ (մինչև 10—25 %[5]), տույոն (մինչև 10 %[5]), պինեն, կադինեն, ֆելանդրեն, β-կարիոֆիլեն, γ-սելինեն, β-բիզաբոլեն, կուրկումեն և քամազուլենոգեն: Դառը օշինդրի ստորգետնյա մասում հայտնաբերվել են աբսինտին, անաբսինտին, օրտաբսին, պրոքամազուլենոգեն, A և B կետոլակտոններ, օքսիլակտոն և արտեմիզետին:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղի «Արտեմիզիա» անվանումը հունարեն «արտեմես» բառից է, որը նշանակում է «առողջ»։ Ոմանք այդ անունը կապում են Մավզոլ թագավորի կնոջ՝ Արտեմիզիայի անվան հետ, որն իբր, ըստ Պլինիոսի, բուժվել է այս բույսով։

Ուրիշներն այդ անունը կապում են հունական աստված Արտեմիսի հետ։ «Աբսինթիում» հունարեն նշանակում է «տհաճ»` ելնելով բույսի տհաճ դառնությունից։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբսինթով լցված բաժակը՝ աբսինթի գդալի հետ:

Դառը օշինդրի թուրմն օգտագործվում է աբսինթ խմիչքի պատրաստման համար: Հենց դառը օշինդրն է աբսինթին տալիս իր բնորոշ և անկրկնելի համը: Դառը օշինդրը նաև վերմուտի, գինու և մի շարք այլ ալկոհոլային խմիչքների հիմնական բաղադրամասերից է: Դառը օշինդրը օգտագործվում է նաև որպես համեմունք, հատկապես՝ յուղոտ մսային ճաշատեսակներում: Շատերը սիրում են դառը օշինդրի դառը համն ու հոտը: Միջնադարում օգտագործվել է որպես մեղրագինու համեմունք, Մարոկկոյում պատրաստում են թեյ[6]: 18-րդ դարի Անգլիայում հաճախ օգտագործվել է գարեջուր պատրաստելիս՝ գայլուկի փոխարեն[7]:

Բուժական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառը օշինդրն ունի միզամուղ, լեղամուղ, քարամուղ, ճիճվամուղ ջերմը իջեցնող, հակաբորբոքային ազդեցություն: Օգտագործվում է աթերոսկլերոզի, դեղնուկի, ռևմատիզմի, ճիճվակրության, ջրգողության, միզապարկի, փայծաղի, խոցային կոլիտների, գերթթվային գաստրիտների, անեմիայի, անքնության, բերանի վատ հոտի, աղեփքանքի, հիպերտոնիկ հիվանդության, միզաքարային և այլ հիվանդությունների ժամանակ:

Կենցաղային կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառը օշինդրն օգտագործվում է որպես ֆիտոնցիդ և ինսեկտիցիդ: Այստեղից էլ ծագել է բույսի անգլերեն անվանումը՝ wormwood (worm` որդ և wood` փայտ): Բույսի հոտը հեռու է պահում շատ միջատների՝ ցեցերի, մրջյունների, լվերի և խավարասերների: Վերգետնյա մասը կարող է կիրառվել որպես ներկ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Altervista Flora Italiana, Assenzio vero, Artemisia absinthium L.
  2. Flora of North America Vol. 19, 20 and 21 Page 519 Common wormwood, armoise absinthe, Artemisia absinthium Linnaeus, Sp. Pl. 2: 848. 1753.
  3. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 226—227. — ISBN 5-06-000085-0
  4. Olsen RW (April 2000). "Absinthe and gamma-aminobutyric acid receptors" . Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 97 (9): 4417–8. doi:10.1073/pnas.97.9.4417 . PMC 34311 . PMID 10781032
  5. 5,0 5,1 Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 226—227. — ISBN 5-06-000085-0
  6. Grieves, M. (1931)։ «Wormwood, Common»։ Botanical.com։ Արխիվացված օրիգինալից 28 May 2010-ին։ Վերցված է 2010-07-12 
  7. Hartley Dorothy (1985) [1954]։ Food in England։ Futura Publications։ էջ 456։ ISBN 0-7088-2696-2