Բազմամյա խոտաբույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմամյա խոտաբույսեր, երկամյա և բազմամյա բույսեր, որոնք օգտագործվում են որպես կեր (խոտ, կանաչ կեր, սիլոս, երբեմն էլ՝ հատիկ)։ Մշակվում են դաշտային և կերային ցանքաշրջանառություններում, ինչպես նաև ցանքաշրջանառությունից դուրս։ Մեծ մասամբ աճում են խոտհարքներում և արոտավայրերում։ Բազմամյա խոտաբույսեր հիմնականում բուսաբանական երկու ընտանիքներից են՝ ընդավորների և հացազգիների։ ԽՍՀՄ–ում մշակվող բազմամյա խոտաբույսերից կերային բարձր արժեք ունեն ընդավորները՝ առվույտ, կորնգան, երեքնուկ, իշառվույտ։ Դրանցից ստացված խոտը հարուստ է մարսելի սպիտակուցներով, կալցիումով, ֆոսֆորով, կարոտինով։ Առվույտի 1 կգ կանաչ զանգվածը պարունակում է 0,17, չոր զանգված (խոտ) 0,52 կերային միավոր, կորնգանինը՝ համապատասխանաբար 0,18 և 0,54, կարմիր երեքնուկինը՝ 0,21 և 0,54։ Առվույտի կանաչ զանգվածի մեկ կերային միավորը պարունակում է 212 գ, չոր զանգվածինը՝ 236 գ մարսելի սպիտակուց, կորնգանինը՝ համապատասխանաբար 155 և 196 գ, կարմիր երեքնուկինը՝ 129 և 152 գ։ Ընդավոր բազմամյա խոտաբույսերը հողը հարստացնում են ազոտով։ Հացազգի բազմամյա խոտաբույսեր՝ սիզախոտը, շյուղախոտը, սանրանըման սեզը, ռայգրասը, ցորնուկը, ոզնախոտը, բերքի քանակով և ագրոտեխնիկական նշանակությամբ զիջում են ընդավորներին։ Երկարակյաց են և դիմացկուն անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Լինում են աշնանացան, կիսաաշնանացան, գարնանացան։ Աշնանացանները ցանքի տարում տալիս են կարճ հանգույցներով ընձյուղներ, հաջորդ տարիներին՝ մեկ հար (շյուղախոտ, ոզնախոտ)։ Կիսաաշնանացան խումբը օգտագործման տարիներին տալիս է մեկ կամ երկու հար (երկրորդ հարի ժամանակ ընձյուղները թույլ զարգացած ծաղկաբույլեր են ունենում՝ սանրանման սեզ, անքիստ ցորնուկ)։ Գարնանացան խումբը օգտագործման տարիներին հնձվում է մեկ անգամ (սիզախոտ, անկոճղարմատավոր սեզ, բարձրացողուն ռայգրաս, բազմահար ռայգրաս)։ Հացազգի բազմամյա խոտաբույսերը ցանվում են ընդավորների հետ որպես խոտախառնուրդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 214