Գրենլանդիա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրենլանդիա
Տեսակկղզի
ԵրկիրԴանիա
Վարչատարածքային միավորԳրենլանդիա
Մակերես2 130 800 կմ²
Ամենաբարձր կետըՀուննբորն
Բնակչություն76 186 մարդ (2018)
Քարտեզ
Քարտեզ

Գրենլանդիա, կղզի Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքում։ Ողողվում է Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերով։ Կղզու մակերեսը կազմում է 2 130 800 քառ. կմ, այն աշխարհի ամենամեծ կղզին է[1]։ Պատկանում է Դանիային և մտնում նրա ինքնավար մարզի` Գրենլանդիայի կազմի մեջ։

Կղզու ամենամեծ բնակավայրը Նուուկն է, որի բնակչության թիվը հասնում է 16 583-ի (2013):

Կղզու հյուսիսիային ծայրակետը` Մորիս Ջեսուպ հրվանդանը, մինչև 1900 թվականը` Կաֆեկլուբեն կղզու օգտագործումը, համարվել է հյուսիսային բևեռին ամենամոտ գտնվող ցամաքը։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդիան առանց սառույցի

Գրենլանդիան գրեթե ամբողջությամբ գտնվում է Կանադական վահանի հյուսիսարևելյան հատվածում, իսկ արևելքում և հյուսիսում տարածված են Կալեդոնյան ծալքավորության հատվածներ։ Ապարները, որոնք վահան են կազմել, ներկայացված են գնեյսներով, քվարցիտներով, մարմարներով, արխեյան և պրոտերոզոյան դարաշրջանների գրանիտներով` ունեն միջին պրոտերոզոյան դարաշրջանի հրաբխա-նստվածքային հաստաշերտերի հասակ։ Կալեդոնյան ծալքավորության արևելյան հատվածը վահանից անջատված է խորը կտրվածքով։ Կալեդոնյան գեոսինկլինալի տիրույթը ստեղծվել է ուշ պրետերոզոյի բեկորային և կարբոնատե հաստաշերտերի ու ստորին պալեոզոյի կարբոնատե ապարների միջոցով, որոնք ծալքավորվել են սիլուրի ժամանակ։ Դևոնի ժամանակաշրջանում` միջսարային իջվածքներում, տեղի են ունեցել մայրցամաքային ապարների կուտակումներ։ Պալեոզոյի ավարտից հետո այստեղ պլատֆորմ է զարգանում։ Մեզոզոյան դարաշրջանում այստեղ նստվածք են առաջացրել կավե ավազային ապարները։ Կայնոզոյան դարաշրջանում Գրենլանդիան բարձրացել է և նրա որոշ հատվածներ առանձնացել են, որոնց պատճառով առաջացել է բազալտի հսկայական պաշար։

Օգտակար հանածոները վերագրվում են արխեյան և վաղ պրետորոզոյան հասակի ապարների տարիքին (կրիոլիթը Գրենլանդիայի հարավում, իսկ գրաֆիտն ու մարմարը` Գրենլանդիայի արևմուտքում), գորշ ածխի հանքավայրերը վերագրվում են մեզոզոյան դարաշրջանին։ Կալեդոնյան ծալքավորության արևելյան հատվածից հայտնաբերվել են կապարի ու ցինկի հանքավայրեր, և ուրանի հանքանյութ։ Հայտնաբերվել են նաև նավթի և գազի պաշարներ։

Սառցապատում և ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդիայի և նրա սառցե վահանի քարտեզ-սխեման

Անթրոպոգենի ժամանակաշրջանում սկսվել է սառցապատումը, որը սառույցով է ծածկել Գրենլանդիայի մեծ մասը, սառցադաշտերով է ծածկված 1834.000 քառ. կմ տարածք (այդ թվում 1726.000 քառ. կմ-ը սառցե վահանով, որը զբաղեցնում է ամբողջ ներքին հատվածը և մի քանի առափնյա շրջաններ, այսինքն` կղզու տարածքի 81%-ը)։ Սառցե վահանի մակերևույթը աստիճանաբար ափերից բարձրանում է դեպի կղզու ներսը։ Վահանի համեմատաբար բարձր հատվածը ունի թեք կամարի տեսք, որը ձգվում է հյուսիսից հարավ և ընկած է հյուսիսային լայնության 66°—67° 30' միջև գտնվող 2 հսկայական երկնակամարների միջև։ Հյուսիսային երկնակամարը ունի է 3300 մ բարձրություն (հյուսիսային լայնության 71° և արևմտյան երկայնության 39°), հարավայինը` 2730 մ (հյուսիսային լայնության 64° և արևմտյան երկայնության 44°): Սառցադաշտի խորքային հատվածն ունի գոգավոր տեսք։ Նրա մակերևույթի արևմտյան հատվածները գտնվում են 600 մ բարձրության վրա, արևելյան հատվածը և հարավային կամարի շրջակայքը` 1000 մ բարձրության վրա, իսկ կղզու կենտրոնը` 0- 100 մ (կան վայրեր, որոնք ցածր են օվկիանոսի մակարդակից)։ Սառցադաշտի միջին հաստությունը 2300 մ է, առավելագույնը` 3400 մ։ Սառույցի ծավալը` 2,6 մլն կմ³: Մակերևույթը ծածկված է ձյան շերտով, որը քամիների փոխազդեցությամբ անհամաչափ շարժվում է։ 1800 մ-ից ցածր գտնվող մակարդակներում այն բաժանված է ջրային վտակների, որոնք առաջանում են ամռանը` սառույցի և ձյան հալման հետևանքով, իսկ ծայրամասերը (100- 1500 մ բարձրության վրա) ունեն 30-40 մ խորության ճաքեր։ Սառցադաշտի ֆիռնածածկ (խոշորահատիկ ձյուն) հատվածը գտնվում է 1200-1500 մ բարձրությունների վրա։ Տարվա կտրվածքով սառույցի վերին շերտերը 150 մ-ով սառցադաշտի կենտրոնից տեղափոխվում են դեպի նրա արևմտյան և արևելյան հատվածներ։ Եզրային հատվածներում արագությունը մեծանում է, առանձին տեղամասերում շարժման մեջ է մտնում սառույցի ամբողջ շերտը և ստեղծվում է ձևավոր սառույցի տեսակներ` նեղ, երկարավուն, որոնք հասնում են մինչև օվկիանոս։ Ձևավոր սառցադաշտերը օրական շարժվում են 20-40 մ արագությամբ` հիմք հանդիասանալով սառցասարերի ստեղծմանը (ծովի մակարդակից 100-135 մ բարձրության վրա), որոնք շարժվում են դեպի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը և նավագնացության համար շատ մեծ վտանգ են հանդիսանում։ Վահանի հյուսիսային լանջին սառույցը դժվար է շարժվում։

Հարավային ափը ողողվում է Արևելա-Գրենլանդական սառը հոսանքով և գրեթե ամբողջ տարվա ընթացքում փակված է լողացող սառույցներով, որոնք Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կենտրոնական հատվածից են։ Ծովից ավելի մատչելի է հարավարևմտյան ափը, որը ողողվում է Արևմտա-Գրենլանդական տաք ջրերով։ Կղզու հյուսիսային ափը փակված է սառույցով ամբողջ տարվա ընթացքում։ Ափերը կտրարտված են երկար և խորը ծովախորշերով, որոնք հասնում են մինչև սառցե վահանի ծայրերը։ Առափնյա գոտու ընդհանուր երկարությունը կազմում է 39 000 կմ։

Լանդշաֆտ` Նանորտալիկի (կղզու հարավային հատվածը) մոտակայքում` սարեր և լողացող սառույցներ
Սատանայի ամրոցը (սար)

Ցամաքի սառույցով չծածկված հատվածները անընդհատելի շերտերով ձգվում են կզու ափերի երկարությամբ` տեղ-տեղ հասնելով 200-250 կմ լայնության։ Դրանք առավել զգալի տարածքներ զբաղեցնում են կղզու հարավարևմտյան և հյուսիսային հատվածներում և իրենցից ներկայացնում են 400-600 մ բարձրություն ունեցող բարձրավանդակներ, որոնց հերթագայում են մինչև 1700-2000 մ բարձրություն ունեցող լեռնազանգվածները։ Արևելյան ափը կազմում է սառցադաշտերով ծածկված լեռնաշղթաներ, որոնցից մեկում` Ուիտքինսի լեռնաշղթայում, գտնվում է Գրենլանդիայի և ամբողջ Արկտիկայի ամենաբարձր գագաթը` Հուննբորնը (3700 մ)։ Արևմուտքում մակերևույթ է դուրս գալիս հին բյուրեղային վահանը` ձևավորելով լայն, սակայն ընդհատված լեռնազանգվածների կույտ և բարձրահարթակներ Բաֆֆինի ծովի ափին։ Գրենլանդիայի հյուսիսային ափը` Պիրի Երկիրը, նույնպես ազատ է սառույցից, հաշվի առնելով օդի խոնավության ցածր մակարդակը, որը չի կարող լրացնել սպառված սառույցի քանակը, և նաև սառցե վահանի հյուսիսային ծայրի դժվարաշարժությունը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդիայի առափնյա շրջանների կլիման փոփոխական է։ Այն համեմատաբար մեղմ է հարավարևմտյան ափին։ Կակարտոկում հուլիսյան միջին ջերմաստիճանը +9,6°С է, Նուուկում` +8,3 °С, իսկ հունվարին համապատասխանաբար −7,8 °С և −10,7 °С: Ամռանը ջերմաստիճանը երբեմն բարձր է լինում +21 °С-ից, սակայն հաճախ ամռանը միջին ջերմաստիճանը չի փոփոխվում 0°С-ից։ Ամենացածր ջերմաստիճանը կղզու արևելյան ափին է։ Տուլեում հունվարյան միջին ջերմաստիճանը −27 °С է։ Այստեղ սառցադաշտի մակերևույթից 70 կմ/ժ արագությամբ հաճախ փչում են սառցադաշտային քամիներ։ Ձմռանը Դիսկո կղզու արևմտյան հատվածների ծովախորշերը և ֆյորդերը սառչում են։ Գրենլանդիայի հարավարևմտյան ափին տեղումները բավականին շատ են։ Կակարտոկում տարվա ընթացքում տեղումների քանակը հասնում է 1080 մմ-ի, Նուուկում` 660 մմ-ի, իսկ ծայր հյուսիսում` ընդամենը 100-200 մմ։ Ամռանը ափերին հաճախ մառախուղներ են լինում[2]։ Սառցե վահանի հատվածում սառույցի սպառման քանակը, որն առաջացնում է ամառային հալոցքներ և սառցասարերի մասնատում, չի համակշռվում Գրենլանդիայի ներսում կուտակված սառույցի քանակի հետ, և սառցադաշտը բավականին փոքրանում է` 2000-ից 2008 թվականների ընթացքում սառցադաշտը փոքրացել է 1500 X 109 տոննայով[3], ինչը համարժեք է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի տարեկան բարձրացմանը` 0,46 մմ[4]։ Գրենլանդիայի սառցե վահանի ջրային պաշարները (2,5×106 км³) բավարար է, որպեսզի Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանա 7 մ-ով[5]։ Վերջին 23 000 տարիների ընթացքում Գրենլանդիայի սառցադաշտերի հալվելու պատճառով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 4,6 մետրով[6]։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդիայի բուսականությունն աճում է սառույցից ազատ վայրերում։ Ծայր հարավում հանդիպում են կեչիների անտառներ, արոսենու, լաստենու, ուռենու և գիհենու թփուտներ, ինչպես նաև բոշխի, հավամրգի, հացազգիների և տարազգի բույսերի մարգագետիններ։ Ափերին` մինչև հյուսիսային լայնության 80°-ը տարածված է տունդրա, հարավում` մացառուտ (գաճաճ կեչիներ, կապույտ Հապալասի, ակնաթուփ և այլն), հյուսիսում` մամռաքարաքոսեր, հյուսիսային ափին` արկտիկական անապատների նոսրացած բուսականություն։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափերին բնակվում են հյուսիսային եղջերուն, խոյացուլը (հյուսիսում), սպիտակ արջը (պատկերված է զինանշանի վրա), բևեռաղվեսը, Ալյասկայի գայլը, լեմինգը, ափամերձ ջրերում` գրենլանդական կետը, գրենլանդական փոկը, ծովափիղը և այլն (ընդամենը 30 տեսակի կաթնասուններ)։ Թռչուններից առավել տարածված են այդերուկները, որորները և սպիտակ չիլ կաքավները։ Ձկնորսական նշանակության ձկներից են Ատլանտյան ձողաձուկը, վահանաձուկը, սաղմոնը և շնաձուկը։ Որսում են նաև ծովախեցգետին։ Միջատների դասից հայտնաբերվել է մոտ 700 տեսակ` 13 կարգով, նրանցից ավելի քան 300-ը երկթևանի են, 90-ը` թաղանթաթևավորներ (ներառյալ Bombus hyperboreus և Bombus polaris կրետների 2 տեսակները), 60-ը` բզեզներ (ներառյալ Atheta groenlandica կղզու էնդեմիկը), 50-ը` թիթեռներ։ Սարդակերպերը մոտ 100 տեսակի են, քաղցրահամ ջրերում ապրող խեցգետնակերպերը ունեն 60 տեսակ, քոլեմբոլաները` 40[7] և կան Nysius groenlandicus տեսակի մլակները[7]։ Միջատների ֆաունայի բրածոները ներկայացվում են բզեզների և այլ միջատների մի քանի տասնյակ տեսակներով[8][9], որոնց թվում է նաև ժամանակակից արկտիկական Amara alpina բզեզը[10]։ 2015 թվականի գրքում (Vilhelmsen, 2015) նշվում է նաև Monomorium pharaonis մրջյունի մասին[11]։ Կղզու միջատների մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 1780 թվականին «Fauna Groenlandica» գրքում։ Գրքի հեղինակ Otto Fabricius-ը (1744-1822, հայտնի միջատաբան Յոհան Ֆաբրիցեյի ոչ մոտ ազգականը) նկարագրել է կենդանիների 470 տեսակ, այդ թվում նաև 62 տեսակ միջատներ և 19 տեսակ սարդակերպեր[12]։

Գրենլանդիայում հայտնաբերվել է 290 տեսակի տիզ, որոնք պատկանում են Parasitiformes (63 տեսակ Mesostigmata, Ixodida-ի 1 տեսակ) և Acariformes կարգերին (Prostigmata 94, Endeostigmata 5, Oribatida 110, Astigmata 17):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Joshua Calder’s World Island Info
  2. http://krugosvet.ru/enc/Earth_sciences/geografiya/GRENLANDIYA.html%7Cзаглавие=ГРЕНЛАНДИЯ}}(չաշխատող հղում)
  3. Скорость таяния льдов Гренландии превзошла все прогнозы
  4. Partitioning Recent Greenland Mass Loss
  5. Элементы — новости науки: Гренландия всё быстрее теряет свой лед
  6. Уровень Мирового океана повысился на пять метров из-за таяния ледников Гренландии
  7. 7,0 7,1 «The Biodiversity of Greenland — a country study». // Dorte Bugge Jensen & Kim Diget Christensen (Eds.) — Technical Report No. 55, December 2003. Pinngortitaleriffik, Grønlands Naturinstitut.2003. — pp.1-165 (210). ISBN 87-91214-01-7 ISSN:1397-3657
  8. Bennike, O., Björck, S., Böcher, J. & Walker, I. R. (2000). The Quaternary arthropod fauna of Greenland: a review with new data. // Bulletin of the Geological Society of Denmark, Vol. 47, pp. 111—134. Copenhagen.
  9. Bocher J. The Coleoptera of Greenland. Meddelelser om Gronland / J. Bocher // Bioscience. 1988. — Vol.26 . — P. 1—100.
  10. Böcher Jens. (1989). First record of an interstadial insect from Greenland: Amara alpina (Paykull, 1790) (Coleoptera: Carabidae). — Boreas. Volume 18, Issue 1, pages 1-4, March 1989
  11. Vilhelmsen, L. 2015. Hymenoptera (wasps). Formicidae. Page 253 in Böcher, J., N. P. Kristensen, T. Pape and L. Vilhelmsen. The Greenland entomofauna: an identification manual of insects, spiders and their allies. Brill, Leiden, Boston. 882 pp.
  12. Böcher, J. 2015. The inventory of the Greenland entomofauna. Page 37—45 in Böcher, J., N. P. Kristensen, T. Pape and L. Vilhelmsen. The Greenland entomofauna: an identification manual of insects, spiders and their allies. Brill, Leiden, Boston. 882 pp.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրենլանդիա (կղզի)» հոդվածին։