Jump to content

Գուրգեն Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Սահակյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1913(1913-09-10)[1]
Սառնաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 26, 2000(2000-03-26) (86 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Երևանի ֆիզիկայի ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա և աստղաֆիզիկա
Պաշտոն(ներ)դեկան
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1939)[1] և Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1963)
Եղել է գիտական ղեկավարԷդվարդ Չուբարյան
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Gourgen Sahakian Վիքիպահեստում

Գուրգեն Սերոբի Սահակյան (սեպտեմբերի 10, 1913(1913-09-10)[1], Սառնաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 26, 2000(2000-03-26), Երևան, Հայաստան), գիտության ականավոր գործիչ, տեսաբան ֆիզիկոս, աստղագետ, գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)[2]։

Հետազոտությունների ոլորտը՝ տարրական մասնիկներ և միջուկային ֆիզիկա, ճառագայթման և տիեզերական ճառագայթների տեսություն, տիեզերական ձգողականության տեսություն և նրա աստղաֆիզիկական կիրառությունները, այլասերված պլազմայի և գերխիտ երկնային մարմինների տեսություն։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հետ միասին կատարել են սիստեմատիկ ուսումնասիրություններ միջուկային և ավելի խիտ նյութի ջերմադինամիկական հատկությունների վերաբերյալ, ստեղծել այլասերված բարիոնային գազից կազմված աստղերի մոդելը։ Գործածության մեջ է դրել հիպերոնային աստղեր հասկացությունը։

Առաջինն էր, որ սկսեց ուսումնասիրել նուկլոնները՝ վերլուծելով էլեկտրոնների նուկլոնների վրա առաձգական ցրման անկյունային կախման օրինաչափությունները։ Ուսումնասիրել է այլասերված աստղային նյութի ջերմադինամիկայում π-մեզոնի դերը։ Ցույց է տվել էլեկտրոն-միջուկ իոնիզացման առկայությունը՝ նախկինում ենթադրվող չեզոքացման փոխարեն, ինչպես նաև էլեկտրոն-միջուկ պլազմային վիճակից հոծ միջուկային նյութի վիճակի անցման գոյությունը, որի ժամանակ խտությունը թռիչքով մեծանում է մոտ 500 անգամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունը ստանալուց հետո ընդունվել է Գյումրիի շինարարական տեխնիկում և ավարտել է այն 1933 թ.: 1933-1934 թթ. աշխատել է Մեծ Պառնի գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչ։ 1934-1939 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Գերազանցությամբ ավարտելով համալսարանը, 1939 թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Մի քանի ամիս անց զորակոչվել է Կարմիր բանակ։ 1939-1946 թթ. ծառայել է բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Մասնակցել է Հունգարիայի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։

Գուրգեն Սահակյանի հուշատախտակը Երևանի Չարենցի 4 հասցեում

Զորացրվելուց հետո, 1946-1949 թթ. շարունակել է սովորել է ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում խորհրդային հանրահայտ ֆիզիկոսներ Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Իգոր Տամմի ու ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Դմիտրի Բլոխինցևի ղեկավարությամբ։ Առաջին աշխատանքները նվիրված են եղել ատոմական միջուկի ու նուկլոնի կառուցվածքի ուսումնասիրմանը բարձր էներգիաների էլեկտրոնների ցրման միջոցով։ Գուրգեն Սահակյանի կողմից առաջին անգամ դրվել է նուկլոնի բարդ կառուցվածքի հարցը և ներմուծվել է այդ մասնիկների ֆորմֆակտորի գաղափարը։ Հիսունական թվականների կեսերին նուկլոնների կառուցվածքի հետազոտումը դարձավ բարձր էներգիաների ֆիզիկայի առավել կարևոր խնդիրներից մեկը։

Գիտակրթական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թ. Գուրգեն Սահակյանը պաշտպանել է գիտությունների թեկնածուական ատենախոսություն և անցել աշխատանքի Երևանի պետական համալսարանում։ 1951 թ. հիմնադրել է ԵՊՀ-ի Տեսական ֆիզիկայի ամբիոնը, որը ղեկավարել է մինչև 1985 թ.: 1963 թ. Գուրգեն Սահակյանը Մոսկվայում պաշտպանել է գիտությունների դոկտորական ատենախոսություն, 1964 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1965 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982-ին՝ ակադեմիկոս։

Գուրգեն Սահակյանը հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների, մի շարք մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, այդ թվում՝ Равновесные конфигурации вырожденных газовых масс, М., 1972 г., Физика нейтронных звезд, Дубна, 1995 г., Основы релятивистской теории гравитации, Ереван, 1987 г., մենագրությունների, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Համահեղինակ է Քվանտային մեխանիկա, Երևան, 1972, 2009 թ․, ռուսերեն լեզվով՝ 1982 թ․ դասագրքի։ Նա զբաղվել է տարրական մասնիկների ֆիզիկայի և տիեզերական ճառագայթների հետազոտությամբ։ Ստացված արդյունքներն ամփոփվել են Էներգետիկական սպեկտրներ և տիեզերական ճառագայթման մասնիկների միջուկային փոխազդեցություններ, Երևան, 1958 թ․ մենագրության մեջ։

Տեսական աստղաֆիզիկայի բնագավառում Գուրգեն Սահակյանը և Վիկտոր Համբարձումյանը 1960-ական թվականներից սկսած ստեղծեցին նոր ուղղություն՝ գերխիտ աստղերի ֆիզիկա, կառուցեցին գերխիտ աստղային կոնֆիգուրացիաների մոդելներ, հայտնաբերեցին հարաբերականության ընդհանուր տեսության նոր՝ զանգվածի անոմալ պակասորդի երևույթը։ Այս արդյունքները կարևոր նշանակություն ունեն գերխիտ երկնային մարմինների կոսմոգոնիական ուսումնասիրություններում։

Գուրգեն Սահակյանը Նեյտրոնային աստղերի ֆիզիկա գիտական ուղղության հիմնադիրն է։ Նա զարգացրել է այն գաղափարը, որ նեյտրոնային աստղերն առաջացել են տիեզերքի ընդարձակման վաղ շրջանում՝ մյուս բոլոր տեսակի երկնային մարմիններից շուտ, և որ գալակտիկաների կորիզները պետք է գերազանցապես բաղկացած լինեն նեյտրոնային աստղերից և սպիտակ թզուկներից, բացահայտել նեյտրոնային աստղերի կարևոր դերը գալակտիկաների միջուկների ակտիվության մեջ։ 1991-1997 թթ.: Նա մշակել է բաբախիչների ռադիոճառագայթման և բարստերների տեսությունները։ Գուրգեն Սահակյանը գրավիտացիայի տեսության գիտական դպրոցի հիմնադիրն է Հայաստանում։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են գիտությունների թեկնածուական 7 և գիտությունների դոկտորական 10 ատենախոսություններ։ 1967-1972 թթ. Գուրգեն Սահակյանը եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։

Գուրգեն Սահակյանի հմուտ կազմակերպչական գործունեության արդյունքում Տեսական ֆիզիկայի ամբիոնում ձևավորվել է հետազոտական կոլեկտիվ, որը գերխիտ աստղերի ֆիզիկայի բնագավառում համաշխարհային առաջատար խմբերից է։ Այսօր նրա աշակերտներն ղեկավարում են ԵՊՀ ֆիզիկայի ու ռադիոֆիզիկայի ֆակուլտետները, ինչպես նաև մի շարք ամբիոններ։ Սկսած 1979 թ. Տեսական ֆիզիկայի ամբիոնը, Գուրգեն Սահակյանի ղեկավարությամբ, եղել է ԽՍՀՄ գլխամասային ամբիոն Գերխիտ երկնային մարմինների ֆիզիկա թեմատիկայով։

Վճռորոշ էր նրա դերը բուհական առաջին գիտահետազոտական ինստիտուտի՝ Լազերային տեխնիկա գիտաարտադրական միավորման ստեղծման գործում։ Մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ-ում գործող տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։

Պարգևատրվել է Լենինի (1986), Հայրենական պատերազմի 2-րդ կարգի (1945) և Ժողովուրդների բարեկամության (1981) շքանշաններով։

Հիմնարար աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Саакян Г.С., Основы релятивистской теории гравитации (Учебно-вспомогательное пособие), Ереван, «Издательство Ереванского университета», 1987։
  • Саакян Г.С., Пространство - время и гравитация, Ереван, «Издательство Ереванского университета», 1985։
  • Саакян Г.С., Физика нейтронных звезд, Ереван, «Издательство Ереванского университета», 1995։[3]
  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г., Астрономы. Биографический справочник, Киев, «Наукова думка», 1986։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 137.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գուրգեն Սահակյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Սահակյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Սահակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 137