Jump to content

Գալուստ Կոստանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալուստ Կոստանդյան
արմտ. հայ.՝ Գալուստ Կոստանդեան
Դիմանկար
Ծնվել է1840[1]
ԾննդավայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 15, 1898(1898-08-15)[1]
Մահվան վայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա և բնագետ

Գալուստ Կոստանդյան (1840[1], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 15, 1898(1898-08-15)[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]), հասարակական գործիչ, հրապարակախոս, լուսավորական, մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, բնագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի առաջին քառորդից Գալուստ Կոստանդյանի գերդաստանը մեծ դեր էր կատարում Զմյուռնիայի 6-7 հազար մարդուց բաղկացած հայկական համայնքում։ Հատկապես բարի համբավ է թողել Գրիգոր Կոստանդյանը՝ Գալուստ Կոստանդյանի հայրը։ Նա ժամանակին աշակերտել է Հ. Վանանդեցուն։ Գաղթօջախի լուսավորյալ մարդկանցից էր։ Հրատարակել է աշխարհաբար թարգմանություններ, աշխատակցել է «Արշալույս արարատյան» թերթին՝ Գ. Կ. ստորագրությամբ։ Գործնական մասնակցություն է ունեցել գաղթօջախի հասարակական-լուսավորական շարժմանը, հովանավորել է գիտությամբ զբաղվողներին, 1843 թվականին հանդես է եկել արևմտահայերենը բարելավելու, «կարգ ու կանոնի» ենթարկելու նախաձեռնությամբ։ Գաղթօջախի առաջադեմ կին գործիչներից էր Հռիփսիմե Կոստանդյանը՝ Գալուստ Կոստանդյանի մայրը։ Նրա ջանքերով 1846 թվականի հրդեհից այրված դպրոցական շենքը կրկին կառուցվել է ու դարձել աղջիկների դաստիարակության կենտրոն։ Գրիգոր և Հռիփսիմե Կոստանդյանների հարկի տակ էլ 1840 թվականին ծնվել է նրանց միջնեկ որդին՝ Գալուստը։ Ծնողների հոգատարությամբ նա ստացել է լայն ու հիմնավոր կրթություն և տակավին պատանի հասակում ցուցաբերել է բազմակողմանի տաղանդ, հոր հետ շրջագայել է եվրոպական քաղաքներում, ծանոթացել օտար լեզուների, հմտացել դրանցում։ Գիտելիքները ձեռք է բերել հիմնականում ինքնակրթությամբ։ Տիրապետել է ֆրանսերենին, գերմաներենին, հունարենին և այլ լեզուների, ուստի հեշտությամբ կարդացել է բնագիտության բոլոր բնագավառներին վերաբերող նորագույն հրատարակությունները։ Տեսական գիտելիքների ստացմանը զուգընթաց՝ նա բնագիտական հետազոտություններով և պրակտիկ փորձարկություններով է զբաղվել իր սեփական լաբորատորիայում և աստղադիտարանում։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդյանը եղել է Զմյուռնիայի «Հաշտենից և Վասպուրական» երիտասարդական ընկերության հիմնադիրն ու ղեկավարը, այդ ընկերության «Միություն» պարբերականի խմբագիրը, ինչպես նաև աշխատակցել է «Ծաղիկ» հանդեսին։ Կոստանդյանը Փարիզի արևելագետների ֆրանսիական ընկերության լիիրավ անդամ էր [«Օրիան» («Orient») մատենաշարով ֆրանսերեն հրատարակել է հայագիտական-ազգագրական նյութեր]։ Բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով 1858 թ.-ին «Հասարակաց թանգարան» խորագրով հրատարակել ու անվճար տարածել է բնագիտության տարբեր բնագավառներին վերաբերող 16 գրքույկներ։

Վաղ շրջանում Կոստանդյանը եղել է իդեալիստ լուսավորական։ Սակայն, քննադատորեն վերլուծելով համաշխարհային փիլիսոփայության բնագիտական միտքը, յուրացնելով ժամանակի գիտության նվաճումները և ըմբռնելով հայ հասարակական-մտավոր կյանքին առաջադրվող պահանջները՝ նա աստիճանաբար անցել է մատերիալիստական-աթեիստական աշխարհըմբռնման։ Կոստանդյանի աշխարհայացքի շրջադարձին նպաստել է նաև 1861 թ.-ին Միքայել Նալբանդյանի հետ Կոստանդինապոլսում ունեցած հանդիպումը։

Կոստանդյանի մատերիալիզմի ու աթեիզմի նվաճումը «Մեթոդի վրա» (հրատարակված 1878) երկն է։ Հեղինակն այն բնութագրել է որպես՝ «պզտի հանրագիտարան մը... նյութապաշտ դպրոցի ամենեն ահավոր զենքերու», իսկ ժամանակակիցները՝ մի երկ, որը կոչված է «հռչակելու և քաջալերելու դրական կամ գիտական մտքին հաղթանակը»։ Կոստանդյանը առաջին հայ մտածողներից է, որ ծանոթ է եղել Կարլ Մարքսի «Կապիտալ»-ին և հիշատակել է իր գրքում։ Եկեղեցու պահանջով գիրքը վաճառքից հանվել է ու ոչնչացվել, իսկ երկրորդ հատորի ձեռագիրը, ամբողջ արխիվի հետ միասին, Կոստանդյանի մահից հետո այրվել է։

«Մեթոդի վրա» երկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին հայ աթեիստական միտքը հասավ իր զարգացման գագաթնակետին և հաստատուն դիրք գրավեց հայ լուսավորական գաղափարախոսության մեջ։ Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ աթեիստական միտքը, ինչպես նաև լուսավորական գաղափարախոսության մյուս կողմերը, հենվում էին ժամանակակից բնական գիտությունների նվաճումների վրա, և դրանցից բխող աթեիստական հետևություններն ու պրոպագանդան հանդիսացել են միստիկայի և «տերտերականության» դեմ պայքարելու առավել մատչելի ձև։ Չնայած, որ Կոստանդյանի ստեղծագործական կյանքի վաղ շրջանում մեծ տեղ ունեին իդեալիստական և ոգեփիլիսոփայական կրոնա-միստիկական մտքերը, այնուամենայնիվ բնագիտության ուսումնասիրումն ու կյանքի հանգամանքները նրան ստիպեցին իդեալիզմը, ոգեփիլիսոփայությունը և կրոնը սուտ ու սխալ ուսմունքներ համարել։

Գալուստ Կոստանդյանի աթեիստական ժառանգության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա հանգել է աթեիզմին՝ զինված իր ժամանակի առաջավոր բնագիտական գիտելիքներով, որոնցից նա առատորեն օգտվում էր՝ ընդգծելով կրոնի և եկեղեցու դեմ վճռական պայքարի կենսական անհրաժեշտությունը։ Կոստանդյանը մի կողմից ցույց էր տալիս իդեալիզմի և կրոնի նույնականությունը, մյուս կողմից էլ՝ երկուսի հիմունքները խորտակելով, ցույց էր տալիս, որ երկուսն էլ հավասարապես «սուտ, անհեթեթ և ամուլ մասալներ են»։

Օգտագործելով կրոնի պատմությունը հենց կրոնի բացասման համար՝ Կոստանդյանը ցույց է տալիս, որ, ինչպես ցանկացած բնական երևույթ և մարդ, աստվածները նույնպես ծնվում, զարգանում, ապա մահանում են։ Համեմատելով տարբեր կրոնների աստվածությունները՝ Կոստանդյանը դրանք նույնականացնում էր իրենց նախորդների հետ, նշելով, որ դրանք իրենց նախորդների կատարելագործված և զարգացած տեսակներն են։ Համադրելով զանազան կրոնական ուսմունքները՝ Կոստանդյանը ապացուցում էր, որ ամեն մի կրոն աստվածների, հրաշքների, գերբնական ուժերի մասին հեքիաթների մի սիստեմ է։

Կոստանդյանը պնդում էր, որ քրիստոնեությունը պակաս անհեթեթ չէ, և առանձին կրքոտությամբ էր հարվածում դրա հիմքերին՝ այն համարելով ստի ու սխալի ամենամշակված ձևը։ Ըստ նրա՝ քրիստոնեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախորդող կրոնական մի շարք համակարգերի կատարյալ միաձուլում։ Նա դիտում էր քրիստոնեությունը որպես «Հին աստվածաբանության մեկ նոր ծիլ»։ Կոստանդյանը պաշտպանել է այն տեսությունը, որը կրոնի ծագումը բացատրում է տգիտությամբ և բնության տարերքների հանդեպ ունեցած վախով։ Նա հավատացած էր, որ մարդկության պատմության մեջ եղել է մի երկարատև ժամանակաշրջան, երբ մարդու հնագույն նախնիները ոչ մի կրոն չեն ունեցել, և պաշտպանում էր այն տեսակետը, որ կրոնն առաջ է եկել բնական ճանապարհով, ու դրա ստեղծողը մարդն է։ Այսինքն՝ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, հաղթահարել դրա տարերային ճնշող ուժերը, սակայն դրանց պատճառները հասկանալու անզորությունը, դրանց հանդեպ ունեցած վախը նրա մոտ ստեղծել են գերբնական ուժերի մասին հավատ, որը հետագայում կրոնական տարբեր հավատալիքների ու ծեսերի տեսք է ստացել։

Կոստանդյանը իր հետազոտություններում առանձնահատուկ նշանակություն է տվել երևակայությանը՝ դիտարկելով այն որպես մարդու իմացությունը խթանող գործոն։ Նրա կարծիքով կրոնի պատմության մեջ մեծ դեր է խաղացել ֆետիշիզմը՝«փոսային» մարդու կողմից նյութական առարկաներին գերբնական հատկություներ վերագրելը։ Կոստանդյանը կրոնն ընկալում էր որպես մի զենք շահագործողների ձեռքում՝ ուղղված աշխատավոր ժողովրդի դեմ՝ ասելով. «Կրոնը, որ աշխարհի անբարոյականության գլխավոր պատճառներեն մին եղած է, ընտրած է միշտ ժողովուրդը անոթի, մերկ, բոբիկ ու տգետ թողուլ… ժողովուրդը բռնի տգետ պահել, որպեսզի չարթնանա ու կղերի շինած սիստեմները չխառնե»։

Կոստանդյանը գտնում էր, որ ստի ու կեղծիքի վրա հիմնված կրոնը չի կարող բարոյականության հիմք ծառայել. «այս է ու այս եղած է բոլոր ժամանակներու կղերներու սկզբունքը. ժողովուրդը տգիտության մեջ պահել, երեսս բարոյականի պատրվակով և ի ներքուստ իրենց շահին համար…»։ Հակադրվելով նրանց, ովքեր փորձում են կրոնը կանգուն պահել՝այն հաշտեցնելով գիտության հետ՝ կամուրջ գցելուվ դրանց միջև՝ նա պնդում է, որ անհնար է դա անել, քանզի կրոնը հիմնված է կույր հավատի, հրաշքների ու բացարձակ իդեալների վրա, իսկ գիտութունը՝ ընդհակառակը՝ հիմնվում է օբյեկտիվ իրականության, ստուգված փաստերի ու պրակտիկայի վրա. «հուսալ, թե կարելի է տակավին կրոնե գիտության հարիլ ու հավասարակշռության մը գալ, կը նմանի ուղտը երկաթուղիին կապելու, ծառի մը արմատները տերևներուն խառնելու և կամ երեկը այսօր ընելու»։

Ըստ Կոստանդյանի՝ կրոնը վերջնականապես խորտակվելու և դեն է նետվելու հենց մարդու կողմից, այն մարդու, ով արդեն գիտության տերն ու ստեղծողն է։ Նա բացարձակապես ժխտում է կրոնը, և գտնում, որ այդ դարավոր գոտեմարտում գիտությունը հաղթելու է։ Փիլիսոփայության այն հիմնական հարցին, թե արդյոք աստված է ստեղծել աշխարհը, Կոստանդյանը պարզ ու անհերքելի տրամաբանությամբ ապացուցում է, որ աստված չէր կարող աշխարհի ստեղծողը լինել, քանի որ ինքը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախամարդու ֆետիշիզմի-անիմիզմի արդյունք։ Այսպիսով՝ ըստ Կոստանդյանի՝ ոչ թե աստվածն է ստեղծել մարդուն, ինչպես դա պնդում են բոլոր կարգի իդեալիստները, այլ՝ ընդհակառակը՝ մարդն է ստեղծել աստծուն։ Ուստի աստված ոչ մի դեր չէր կարող խաղալ աշխարհի ստեղծման մեջ։

«Առաջադիմությունը գիտությամբ» բնաբանը կրող այս գիրքը եղել է Կոստանդյանի ծրագրած մի շարք գիտական, փիլիսոփայական աշխատությունների առաջին հատորը։ Կոստանդյանը փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է մատերիալիստորեն՝ ելնելով մատերիայի («նյութի») առաջնությունից ու հավերժությունից՝ նա գտել է, որ «իրերու սկիզբ ու վերջ մը դավանիլը տղայություն է...նյութը ոչ կավելանա և ոչ կպակսի, այլ կփոխվի» («Մեթոդի վրա», 1961, էջ 134)։

Ըստ Կոստանդյանի՝ մատերիային հատուկ են ձևափոխումը, շարժումը և ջերմությունը։ Մատերիայի այդ ատրիբուտները՝ «ուժերը», անսպառելի են, փոխկապված. «տաքություն ըսվածը շարժման կը վերածվի» և հակառակը։

Կոստանդյանի մատերիալիզմին բնորոշ է հակակրոնական ուղղվածությունը։ Նրա համոզմամբ իդեալիզմը նույնպես կրոն է՝ «կրոնի սխալներն են, որ կնորոգվին ավելի նուրբ ձևերով»։ Նա անհիմն է համարել այն կարծիքը, թե իբր մատերիան աստված է ստեղծել, աստված ինքը «պարապ երևակայության» արդյունք է, «քիմերա»։ Ելնելով աշխարհի նյութականությունից և միասնությունից՝ Կոստանդյանը հաստատել է նաև օրգանական և անօրգանական աշխարհների կապը և որակական տարբերությունը, պնդել անօրգանական նյութից օրգանականի առաջացման գաղափարը։ Կոստանդյանը «մեթոդ» հասկացությունը գործածել է աշխարհայացքի և իրականության ուսումնասիրման, բացատրման և վերափոխման եղանակի իմաստներով։ Աշխարհայացքային նշանակությամբ նա առանձնացրել է «բնազդային», «հավատական», «տրամաբանական» և «գիտական» մեթոդները, որոնցից յուրաքանչյուրը տիրապետող է եղել մարդկային հասարակության զարգացման համապատասխանաբար՝ նախապատմական, հավատական, տրամաբանական և գիտական փուլերում։ Այս ստորաբաժանումը հիշեցնում է Օգյուստ Կոնտի ուսմունքը, որին, իհարկե, հետևել է Կոստանդյանը, սակայն ոչ սուբյեկտիվիստական և ագնոստիկական նշանակությամբ։

Կոստանդյանը գտնում էր, որ մարդկության կյանքը նման է անհատի կյանքին, և հանրային բանականությունը, անհատային իմացականության պես, տարբեր աստիճաններով է առաջանում։ Ինչպես անհատը, այնպես էլ հասարակությունը ունի իր հասակները (մանկություն, պատանեկություն, երիտասարդություն…) և ամեն հասարակություն ունի հատուկ մտքի կամ մեթոդի կարողությունները։ Բայց այդ հասակները որոշելն ու իրարից տարբերելը բարդ է, կարող ենք միայն ասել, որ մարդկության միտքը աստիճանաբար զարգացել է տգիտությունից գիտություն, «վայրենությունից XIX դար»։ Ինչպես գրում է Կոստանդյանը, մարդու կյանքը կարելի է բաժանել մի քանի ժամանակաշրջանների, հետևաբար մարդկության մեթոդը նույնպես կարող ենք բաժանել պատմական հարաբերական շրջանների ու դասակարգել դրանք։

  • 1-ին փուլ. Բնազդային: Ճիշտ չի կարելի որոշել, թե այս շրջանը երբ է սկսում և երբ է ավարտվում, քանի որ չգիտենք, թե մարդկությունը որքան հին է։ Երկրաբաններից ոմանք մարդկությանը 100000-200000 տարվա հնություն են տալիս, բայց ըստ Կոստանդյանի՝ Հեգելը բոլորից ճիշտ է ասել, երբ մարդկությանը անհաշվելի հնություն է վերագրել։ Կոստանդյանը այս փուլին վերագրում էր անհիշելի ժամանակներից մինչև գրի գյուտը ընկած շրջանը։ Անշուշտ գրերի ստեղծումն է այս փուլի ավարտը։ Նույն կերպ էլ կարդալ սկսող տղան կարող է իր բնազդային տարիքը լրացած համարել։ Գրերի ստեղծման ճշգրիտ ժամանակ չենք կարող նշել...Շամպոլյոնից մինչև Մասբերո չգիտեն, թե այն երբ է ստեղծվել։ Դեռ Ք. Ա. շատ դարեր առաջ գիրը գոյություն է ունեցել, և գրի ստեղծումը՝ որպես պատմական երևույթ կարող ենք մեթոդի շրջափոխության սկզբնակետը համարել։
  • 2-րդ փուլ. Հավատական: Սկիզբը կարելի է համարել գրերի գյուտը, իսկ ավարտը՝«հելլենական զարթոնքը»։ Զգայության, զգայական կյանքի շրջան, երբ մարդու «միտքը սրտեն կբխի»։ Այս փուլի մարդիկ, ինչպես փոքրիկ երեխաները, ովքեր նոր են կարդալ սովորում, հավատում են իրենց ամեն լսածին և հնազանդվում։ Այս շրջանում մարդիկ հեշտությամբ հնազանդվում են իրենց լսածներին այնպիսի միամտությամբ, ինչպես 7-15 տարեկան պատանիները։
  • 3-րդ փուլ. Տրամաբանական: Ընկած է «հույներից» (Ք.Ա. 7-րդ դ) մինչև 15-16-րդ դարեր (Հունաստանում է, որ անհատի տրամաբանական ոգին իրեն սկսում է դրսևորել)։ Այս շրջանի երևակայությունն ավելի մեղմ է, աստվածները վերանում են և դրդում հավատալու փոխարեն մտածել։ Այս շրջանի հատկությունն են անվերջ տրամաբանական կռիվները, անհատական սնապարծությունը։ Սա մարդկության տարիքային փուլերից ամենահուզական և փոթորկալից հատվածն է, քանի որ հին հավատական մեթոդներն արդեն ընկած էին, բայց դեռ դրական մեթոդներ չկային։ Համարվում է կրքի և անհաստատության շրջան, որը բնորոշ է 20-30 տարեկան երիտասարդների դատողությանը։
  • 4-րդ փուլ. Գիտական: վերածննդի դարաշրջանից մինչ մեր օրերը։ Այս շրջանում է, որ հրաշքները բացատրվում են, հավատականությունն անհետանում է, և մարդը սկսում է աշխարհի երևույթները տեսնել, վերլուծել, հասկանալ։ Ինչպես 30-40 տ. մարդը իր ես-ը մի կողմ թողնելով, ամեն ինչին չեզոք է նայում, այնպես էլ այս շրջանին պատկանող մարդն է սկսում մոտենալ շոշափելի ճշմարտությանը։ Ինչպես որ ժողովրդի մեջ ամեն հասակի անհատներ կան, այնպես էլ մարդկության մեջ ամեն հասակի ազգեր կան։
  1. Հ. Գաբրիելյան-Հայ փիլիսոփայական մտքի պատմություն (հատոր 3.էջ 345-435)
  2. Հ. Գաբրիելյան-Կոստանդյանի կյանքն ու գործերը (ԵՊՀ Գիտական աշխատություններ, հ.23, էջ 183-275)
  3. Գ. Գասպարյան-Գ. Կոստանդյանի «Մեթոդի վրա» գրքի առաջաբանը (էջ 5-56)
  4. Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19-րդ դարավերջ-20-րդ դարասկիզբ», Երևան, 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 615