Հովհաննես Վանանդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Վանանդեցի
արմտ. հայ.՝ Յովհաննէս Վանանդեցի
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Ամիրզադէ Միրզայեան
Ծնվել է1772[1]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 3, 1841(1841-02-03)[1]
Վախճանի վայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1]
Մասնագիտությունբանաստեղծ և մշակութային գործիչ
Ազգությունհայ
ԿրթությունԿտուց վանք[1]
ԱշխատավայրՄեսրոպյան վարժարան[1]
ԶավակներՏեր Մարգար Միրզայան

Հովհաննես Վանանդեցի, Հովհան (Ամիրզադե Միրզայի Միրզայան, 1772[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 3, 1841(1841-02-03)[1], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1]), հայ բանաստեղծ, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կտուց անապատում։ 1798 թվականին ավարտել է Կ․ Պոլսի «Մայր դպրատուն»-ը։ 1799 թվականից Վանանդեցին աստվածաբանություն և հայկաբանություն է դասավանդել Զմյուռնիայի նորաբաց Մեսրոպյան վարժարանում։ Իր առաջին գործում՝ «Ճառ ներբողական ի սուրբ Խաչն Քրիստոսի եւ պատմագրական առասացութիւն ի Սուրբ Նշանն Գ․ Վանանդեցի Յ․ Վանանդեցի Վարագայ» (1816, հրատարակվել է 1853), տալիս է Վարագա վանքի կառուցման պատմությունը, մատնանշում քրիստոնեական կրոնի դերը հայ ժողովրդի կյանքում։ 1829 թվականին Վանանդեցին ավարտել է «Տեսարան հանդիսիցն Հայկայ, Արամայ եւ Արայի» (հրատարակվել է 1856) դյուցազներգությունը, որի նյութը հայ ժողովրդի պատմական-առասպելական անցյալն է։ Հեղինակը հիմնականում հետևել է Խորենացուն, թեև կան որոշ հավելումներ ու շեղումներ։ Մյուս՝ «Արփիական Հայաստանի» (1836) դյուցազներգությունում (10 հազար տող) շարադրված է հայ ժողովրդի՝ քրիստոնեություն ընդունելու պատմությունը (ըստ Ագաթանգեղոսի)։ Որոշ ընդմիջումից հետո Վանանդեցին գրել է իր վերջին՝ «Ոսկի դար Հայաստանի» (1841) դյուցազներգությունը (5500 տող)։ Ունենալով հարուստ գիտելիքներ, տիրապետելով հայ բանաստեղծական արվեստի օրինաչափություններին՝ հեղինակը ստեղծել է բարձրարժեք գործ։ Իր այս երեք դյուցազներգություններով Վանանդեցին որոշակի ձև և ուղղություն է տվել հայկական կլասիցիզմի իզմիրահայ թևին և առաջադիր սկզբունքներ թելադրել առհասարակ հայկական կլասիցիզմի համար։ Վանանդեցու բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաստան»-ը (առավելապես իր առաջին տողով՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»), որ երգի է վերածել Կոմիտասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 268