Բելգրադի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Բելգրադի ամրոց
Despotova kula6.jpg
Տեսակամրոց
Վարչական միավորԲելգրադ
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա
ՊատվիրողՀուստինիանոս Ա
ԻրադարձություններSiege of Belgrade?
Կայքbeogradskatvrdjava.co.rs
Belgrade Fortress Վիքիպահեստում

Բելգրադի ամրոց (սերբ.՝ Београдска тврђава), պատմամշակութային հուշարձան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Գտնվում է Սավայի ու Դանուբի միախառնման տեղանքին մոտ՝ Կալեմեգդան այգում: Գտնվում է Ստարի Գրադ համայնքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Բելգրադի տարածքում մարդկային գոյության ամենահին նշանները քարե զենքերն են, որոնք առնչվում են մուստիերյան մշակույթին: Հայտնաբերվել են նաև գտածոներ, որոնք վերաբերում են օրինյակի և գրավետի մշակույթներին: Քաղաքի տարածքում մշտական բնակությունը սկսվել է նեոլիթի դարաշրջանից: Այստեղ բնակիչները զբաղվել են հողագործությամբ և տարբեր արհեստներով[1]:

Մ. թ. ա. 3-րդ դարի սկզբին Բալկաններ են ներխուժել կելտերը, և ժամանակակից Բելգրադի տարածքում հաստատվել է կելտական սկորդիսկի ցեղը: Նրանց ամրացված բնակավայրը կոչվել է Սինգիդունում: Վարկածներից մեկի համաձայն՝ այն նշանակում է Կլորավուն քաղաք: Մեկ այլ տարբերակով կելտերի ներթափանցման ժամանակ այստեղ հաստատված էր թրակիական սինգի ցեղը, որի անունով էլ կելտերն անվանակոչել են քաղաքը: Բացի Կարաբուրմայում և Ռոսպա Չուպրիում հայտնաբերված այս շրջանի գտածոներից՝ Սինգիդունումի մասին կելտերից այլ վկայություն չի պահպանվել[2]: Համաձայն հնագիտական պեղումների՝ կելտերի ամրությունը գտնվել է ժամանակակից Կարաբուրմայի տարածքում[3]:

Բելգրադի ամրոցի հիմքում հայտնաբերվել են հռոմեական կաստրումի մնացորդներ

Մ. թ. ա. 1-ին դարում հռոմեացիները Մակեդոնիայի տարածքից հարձակվել են իլլիրիական ու սկորդիսկի ցեղերի վրա: Գայ Սկրիբոնիոս Կուրիոնը ներթափանցել է կղզու խորքը՝ հասնելով Դանուբին: Բալկանների այդ մասի գրավման մասին քիչ բան է հայտնի, սակայն ևս մի քանի տարի տեղի բնակչությունը փորձել է պայքարել Հռոմի դեմ: Մակեդոնիայի փոխկոնսուլ Մարկ Լիցինիոս Կրասը մ. թ. ա. 29 թվականին այստեղ ճնշել է բաստարների ապստամբությունը[4]: Ճշգրիտ հայտնի չէ, թե երբ են այս հողերն ընդգրկվել հռոմեական Մյոզիա նահանգի մեջ: Դիոն Կասիոսի համաձայն՝ Մյոզիան որպես նահանգ գոյատևել է 1-ին դարի հենց սկզբին, որն այն ժամանակ ղեկավարում էր Ցեցինան[5]:

Հռոմեական կառավարման սկզբում Սինգիդունումի ամրությունները բաղկացած են եղել հողաթմբերից: Շուտով ձևավորվել է 560 մ երկարությամբ ու 350 մ լայնությամբ ամրություն: Այն գտնվել է ներկայիս Վերին քաղաքի ու Կալեմեգդանի միջև[3]:

Սինգիդունումի՝ որպես ռազմական կենտրոնի նշանակությունն աճել է 3-րդ դարում, երբ հռոմեացիները գոթերի և վայրի այլ ցեղերի ներխուժումից հետո թողել են Դակիան, և սահմանն անցել է Դանուբով: Սինգիդունումը դարձյալ դարձել է կայսրության սահմանային ամրոց: Քաղաքով է անցել Via militaris հայտնի ճանապարհը, որի երկայնքով մի շարք ամրություններ են կառուցվել[2]:

Կայսրության բաժանումը կատարվել է ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ: Դառնալով սահմանային ամրոց՝ Սինգիդունումը դարձել է Արևելյան հռոմեական կայսրություն ներխուժող շատ ցեղերի թիրախ: 5-րդ դարի առաջին կեսին այն բազմիցս պաշարվել է, սակայն 441 թվականին հոներին հաջողվել է այն նվաճել գրոհով, ինչից հետո քաղաքն այրվել է: 454 թվականին Բյուզանդիայի զորքերը կարողացել են վերադարձնել այն, սակայն շուտով այն գրավել են սարմատները: 470 թվականին Սինգիդունումը գրավել են օստգոթերը: 188 թվականին այն գրավվել է հեպիդների կողմից, սակայն 504 թվականին օստգոթերը նորից գրավել են քաղաքը: Մի քանի տարի անց համաձայնագրով այն վերադարձվել է Բյուզանդիային: 512 թվականին կայսր Անաստասիոս Ա-ն որոշում է այնտեղ բնակեցնել հերուլներին, որպեսզի նրանք պաշտպանեն կայսրությունը հեպիդներից Դանուբի մյուս ափից[6]:

Հուստինիանոս I-ի օրոք Սինգիդունումի շուրջ քարե հզոր ամրություններ են կառուցվել: 584 թվականին քաղաքը գրավել ու ավարի են մատնել ավարներն ու սլավոնները, որոնք, իմիջիայլոց շուտով լքել են այն, և Սինգիդունումը կրկին վերածվել է բյուզանդական կայազորի: 6-7-րդ դարերում քաղաքը եղել է բյուզանդացիների հենակետը, երբ Մորիկ կայսրը արշավանքներ է կազմակերպել սլավոնացիների ու ավարների դեմ: 602 թվականին ավարները կրկին գրոհով վերցրել են Սինգիդունումը և թալանել այն: Մոտ 630 թվականին տեղանքում հաստատվում են սերբերը: Հարկ է նշել, որ բազմիցս թալանված քաղաքն արդեն կորցրել էր իր պաշտպանական նշանակությունը: Դրանից հետո այն մոտ երկու հարյուրամյակ այն չի հիշատակվել գրավոր աղբյուրներում: Միայն 878 թվականին Հռոմի պապի՝ իշխան Վլադիմիր-Միխայիլին ուղղված նամակում խոսվում է քաղաքի մասին, բայց արդեն սլավոնական Բելգրադ անունով: Այս շրջանում այն մտել է Բուլղարիայի առաջին թագավորության մեջ[6]: Բելգրադը բուլղարացիներից գրավել են հունգարները, սակայն որոշ ժամանակ անց Բուլղարիային կրկին հաջողվել է վերադարձնել քաղաքը: 1018 թվականին քաղաքը դարձել է Բյուզանդիայի մասը և կարևոր դեր կատարել որպես կայսրության սահմանային ամրոց[6]:

1040 թվականին Պոմորավիեում Պյոտր Դելյանի գլխավորությամբ ապստամբություն է սկսվել բյուզանդացիների դեմ: Ապստամբած քաղաքներից է եղել նաև Բելգրադը, որտեղ Դոլյանը իրեն հռչակել է բուլղարացի Սամուել Կոմսաձագ արքայի թոռ և հռչակվել բուլղարական արքա Պյոտր II անունով: 1041 թվականին բյուզանդացիները ճնշել են ապստամբությունը: 14-12-րդ դարերում քաղաքը եղել է Բյուզանդիայի ու Հանգարիայի կռվի թատերաբեմը: Բացի այս երկրների բանակներից՝ այն մի քանի անգամ այն ավերել են խաչակիրները, որոնք այդ շրջանով Սուրբ հող էին գնում[6]:

1284 թվականին Սերբիայի թագավոր Դրագուտինը Հունգարիայի թագավորից ստացել է Մաչվա շրջանը Բելգրադով: Նա սկսել է այն ինտենսիվորեն բնակեցնել սերբերով. քաղաքում մեծացել է Սերբիայի ուղղափառ եկեղեցու ազդեցությունը: Ընթացել է ակտիվ շինարարություն: 1319 թվականին՝ Դրագուտինի մահից մի քանի տարի անց, հունգարացիները գրավել ու ավերել են քաղաքը: 14-րդ դարի ողջ ընթացքում այն եղել է սահմանային ամրություն, որին հունգար թագավորները որպես արգելք են դիտարկել Սերբիայի սահմանները դեպի հյուսիս ընդարձակելու հարցում: Կոսովոյի ճակատամարտից հետո հունգարները, փորձելով ուրիշի միջոցով պաշտպանել Դանուբը, Բելգրադը հանձնել են Ստեֆան Լազարևիչին[7]: Նա վերակառուցել է քաղաքը և այնտեղ հզոր ամրություններ կառուցել: Բելգրադը բաժանվել է երկու մասի՝ Վերին քաղաք և Ներքին քաղաք[8]:

Ստեֆանի հետնորդը՝ Դուրաջ Բրանկովիչը, ստիպված է եղել քաղաքը վերադարձնել Հունգարիային: Բելգրադի ամրոցի օրինակով նա կառուցել է Սմեդերևի ամրոցը: Այդ ընթացքում հունգարական կառավարմամբ Բելգրադն արագ կորցրել է իր տնտեսական ու մշակութային դերը: Բացի այդ՝ բացասաբար է անդրադարձել և այն հանգամանքը, որ Սիգիզմունդ I արքան քաղաքը բնակեցրել է հունգարներով, իսկ սերբերին արգելվել է մտնել նրա կենտրոնական հատված[8]:

Բելգրադի պաշարումը 1456 թվականին
Բելգրադի ամրոցը XVI դարում

Բելգրադի գրավումը կարևոր խնդիր է եղել Օսմանյան կայսրության համար, քանի որ այն բացում էր դեպի Հունգարիա ճանապարհը՝ թուրքերին թույլ տալով շարունակել զավթողական արշավանքներն այդ ուղղությամբ: 1440 թվականին Բելգրադը պաշարել է թուրքական մոտ 100.000-ոց բանակը սուլթան Մուրադ II-ի գլխավորությամբ: Նրան չի հաջողվել գրավել քաղաքը, սակայն Ավալայի գագաթին՝ սերբական Ժրնով ամրության տեղում, թուրքերը ամրոց են կառուցել՝ այնտեղ թողնելով մեծ կայազոր, որը դարձել էր նրանց հենակետը հետագա հարձակումների համար: 1456 թվականին թուրքերը նախաձեռնել են քաղաքի ևս մեկ ապարդյուն պաշարում: Մինչև դարավերջ ամրոցի շուրջ կատաղի մարտեր են ընթացել: 1521 թվականի սուլթան Սուլեյման I-ը գրավել է Բելգրադը[9]:

1683 թվականին Վիեննայի ճակատամարտում պարտություն կրելով՝ թուրքերը սկսել են կորցնել իրենց եվրոպական տարածքները, իսկ 1688 թվականին քաղաքը գրավել են ավստրիացիները[10]: Նրանք անմիջապես սկսել են ժամանակակից ամրոցի կառուցումը Արդրե Կորնարի նախագծով: Երկու տարի անց թուրքական զորքերը կրկին գրավել են ամրոցը: Պաշարման ժամանակ վնասվել է Վերին քաղաքի ամրոցի աշտարակներից մեկը, քանի որ ամրոցում հրդեհ էր սկսվել, որի հետևանքով պայթել էր վառոդի պահեստը: Մահացել է ավելի քան 1.000 մարդ, իսկ Ստեֆանի ամրոցը քանդվել է: Ամրոցը գևավելուց հետո թուրքերը սկսել են վերակառուցել այն Կորնարի նախագծով, քանի որ վերջինս ծառայության էր անցել նրանց մոտ[3]:

Բելգրադի պաշարումը ավստրիացիների կողմից 1717 թվականին

Մի քանի տարի քաղաքը եղել է թուրքական սահմանային ամրոց: 1717 թվականին այն կրկին տիրել են Ավստրիական կայսրության զորքերը: Ամրոցը վերակառուցվել է ներկայիս նախագծով, բացի այդ՝ ամրությունները գոտևորել են ողջ քաղաքը: Ավստրիայի տիրապետության տակ այն որոշ ժամանակով վերելք է ապրել. կառուցվել են մեծ թվով շինություններ, աշխուժացել է առևտուրը[11]: Քաղաքի բնակիչների մեջ մեծ թիվ են կազմել հունգարները, գերմանացիները, ֆրանսիացիները, չեխերը: Հերթական պատերազմի արդյունքում Ավստրիան ստիպված է եղել Բելգրադը կրկին զիջել թուրքերին, երբ 1739 թվականին Սիստովում հաշտություն է կնքվել: Այդ ընթացքում Բելգրադը փակ էր ենիչերիների համար: Մուստաֆա փաշայի մահից հետո 1801 թվականին ենիչերիներին հաջողվել է քաղաքում վերցնել իշխանությունը[12]: Նրանց հաստատած ապօրինություններն ու ահաբեկչությունը հանգեցրել են Սերբական առաջին ապստամբությանը[9][9]:

Ամրոցի աերոլուսանկար, 1914

1804 թվականին սկսված ապստամբության նպատակներից մեկը Բելգրադի ազատագրումն է եղել: 1807 թվականին սերբական զորքերին Կարագեորգիի գլխավորությամբ հաջողվել է տիրել քաղաքին: Ապստամբներն այն գտել են վատ վիճակում. քաղաքն անկման մեջ էր, շատ շինություններ քանդվել էին ամբողջությամբ կամ մասնակիորեն: Կարագեորգին Բելգրադը հռչակել է երկրի մայրաքաղաք և անցել նրա վերականգնմանը: Մայրաքաղաքի զարգացումն ընդհատվել է 1813 թվականի ապստամբությամբ[13]: Բելգրադը գրաված թուրքական կայազորը բռնություններ է կիրառել, որոնք հանգեցրել են Սերբական երկրորդ ապստամբությանը (1845): Նրա առաջնորդ Միլոշ Օբրենովիչը կարողացել է հասնել Բելգրադի ինքնավարությանը Թուրքիայի կազմում[14]:

1867 թվականի ապրիլի 19-ին՝ երկար բանակցություններից հետո, թուրքական կայազորը լքել է Բելգրադը, և քաղաքը դարձյալ դարձել է երկրի մայրաքաղաք: Այդ պահից ամրոցը կորցրել է իր ռազմական նշանակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շատ ամրություններ քանդվել են, իսկ աշտարակի պատերը խիստ տուժել են: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամրոցը վերածվել է զբոսաշրջային վայրի և Բելգրադի բնակիչների հանգստի վայրերից մեկի: Ներկայումս նրա տարածքում, որը գտնվում է Կալեմեգդան այգու տարածքում, կանոնավոր ձևով կազմակերպվում են մշակութային ու մարզական միջոցառումներ[3]:

Ճարտարապետական համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին քաղաքում[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վիդինի դարպասները կառուցվել են 18-րդ դարում ամստրիական կայազորի կողմից: Դրանից հետո քաղաքն ու ամրոցը կրկին անցել են թուրքերի տիրապետությանը, դարպասները քանդվել ու կրկին կառուցվել են: Դարպասների կողային չորս շինություններում տեղավորվել է պահակազորը[15][16]:
  • Կարլ VI-ի դարպասները կառուցվել են 1736 թվականին բարոկկո ոճով: Դրանք գտնվում են Ներքին քաղաքի հյուսիսարևելյան հատվածում: Նրանք այդպես են կոչվել Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կարլ VI -ի պատվին: Ենթադրաբար դարպասների շինարարությունը ղեկավարել է նշանավոր ճարտարապետ Բալթազար Նոյմանը, որը նաև ռազմական ինժեներ էր: Դարպասները զարդարված են զինանշանով, որն ամենահինն է Բելգրադում[17][18]:
  • Եզրային դարպասները գտնվում են Ներքին քաղաքի հյուսիսարևելյան հատվածում: Նրանք կառուցվել են 15-րդ դարում: Թուրք ճանապարհորդ Եվլիա Չելեբիան 1680 թվականին կատարած իր գրառումներում դրանք անվանել է Փոքր դարպասներ: Եզրային դարպասները 1947 թվականին հայտնաբերվել են կնքված, 14 տարի անց կատարվել են հնագիտական պեղումներ[19]:
Վերին քաղաքում[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարագեորգիի դարպասներ
  • Բարոկկո ոճով դարպասներ
  • Դեֆտերդարի դարպասներ
  • Լեոպոլդի դարպասներ
  • Սահաթի դարպասներ
  • Ստամբոլի դարպասներ (արտաքին)
  • Ստամբոլի դարպասներ (ներքին)
  • Թագավորական դարպասներ
  • Վերին քաղաքի փոքր դարպասներ
  • Բանտային դարպասներ
  • Ստեֆանի հարավային դարպասներ: Գտնվում են ամրոցի հարավարևելյան հատվածում: Կառուցվել են 1404 և 1427 թվականների միջակայքում, երբ ամրոցում իշել է Ստեֆան Լազարևիչը[20]:
Սավայի լանջին[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մռայլ դարպասները կառուցվել են 1740-160 թվականներին: Նրանք արևմտյան ամրությունների մի մասն են և գտնվում են Սավայի դարպասների առաջ: Մռայլ դարպասները տարբեր ժամանակներում անվանել են նաև Սավայի, Շաբացկու, Բոսնիական դարպասներ: Այն մուտքն է պաշտպանական բաստիոնի միջոցով[21][22]:
  • Սավայի դարպասները գտնվում են ամրոցի արևմտյան հատվածում: Առաջին անգամ կառուցվել են 14-րդ դարում, հետագայում բազմիցս վերափոխվել են: Երբ 1740 թվականին թուրքական կայազորը ոչնչացրել է ավստրիացիների կառուցած ամրությունները, կառուցվել են նոր դարպասներ: Երկար ժամանակ դրանք մնացել են Բելգրադի ամրոցի ամենից լավ պահպանված դարպասներից մեկը, սակայն 1944 թվականին, երբ դաշնակիցների զորքերը գնդակոծել են Բելգրադը, 2-3 ռումբ ընկել է դարպասների վրա և ամբողջությամբ ոչնչացրել այն: 2007 թվականին դարպասների մոտ անցկացվել են հնագիտական պեղումներ, իսկ դարպասները մասամբ վերականգնվել են[23][24]:

Բացի դրանից՝ այստեղ են գտնվում հետևյալ հաստատուոյունները.

  • Բնագիտության թանգարան (սերբ.՝ Природњачки музеј)
  • Ռազմական թանգարան (սերբ.՝ Војни музеј)
  • Բելգրադի հուշարձանների պահպանության ինստիտուտ (սերբ.՝ Завод за заштиту споменика града Београда)
  • Ազգային աստղադիտարան (սերբ.՝ Народна опсерваторија)
  • Ռուժիցա եկեղեցի (սերբ.՝ Црква Ружица)
  • Սուրբ Պետկայի եկեղեցի (սերբ.՝ Црква свете Петке)
  • Հաղաթողի արձան (սերբ.՝ Победник)
  • Ազգային հերոսների դամբարան (սերբ.՝ Гробница народних хероја)
  • Բելգրադի կենդանաբանական այգի (սերբ.՝ Београдски зоолошки врт)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Историjа» (սերբերեն)։ Վերցված է 2017-02-21 
  2. 2,0 2,1 «Антички период» (սերբերեն)։ Վերցված է 2017-02-21 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Историја Београдске тврђаве» (սերբերեն)։ Сайт Белградской крепости։ Վերցված է 2018-07-12 
  4. Парфёнов В. Н., 2001, էջ 30
  5. Парфёнов В. Н., 2001, էջ 182
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Византија» (սերբերեն)։ Վերցված է 2017-02-21 
  7. История Югославии, 1963, էջ 111
  8. 8,0 8,1 «Средњовековни српски Београд» (սերբերեն)։ Վերցված է 2017-02-21 
  9. 9,0 9,1 9,2 «Турска и аустријска владавина» (սերբերեն)։ Վերցված է 2017-02-21 
  10. История Югославии, 1963, էջ 210
  11. История Югославии, 1963, էջ 214
  12. История Югославии, 1963, էջ 310
  13. История Югославии, 1963, էջ 325
  14. «Ослобођење Београда» (սերբերեն)։ Վերցված է 2017-02-21 
  15. «Видин капија» (սերբերեն)։ Сайт Белградской крепости։ Վերցված է 2018-07-18 
  16. «Видин капија» (սերբերեն)։ Завод за заштиту споменика културе града Београда։ Վերցված է 2019-12-12 
  17. «Капија Карла VI»։ Сайт Белградской крепости։ Վերցված է 2018-07-18 
  18. «Капија Карла VI» (սերբերեն)։ Завод за заштиту споменика културе града Београда։ Վերցված է 2019-12-12 
  19. «Пристанишна капија» (սերբերեն)։ Сайт Белградской крепости։ Վերցված է 2018-07-18 
  20. «Јужна капија деспота Стефана Лазаревића» (սերբերեն)։ Сайт Белградской крепости։ Վերցված է 2018-07-18 
  21. «Мрачна капија» (սերբերեն)։ Сайт Белградской крепости։ Վերցված է 2018-07-18 
  22. «Мрачна капија» (սերբերեն)։ Завод за заштиту споменика културе града Београда։ Վերցված է 2019-12-12 
  23. «Остаци Сава капије» (սերբերեն)։ Сайт Белградской крепости։ Վերցված է 2018-07-18 
  24. Марко Поповић։ «Сава капија Београдске тврђаве»։ Часопис «Наслеђе» (журнал Института охраны памятников Белграда)։ Վերցված է 2018-07-18 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Парфёнов В. Н. Император Цезарь Август: Армия. Война. Политика. — Спб: Алетейя, 2001. — 278 с. — ISBN 5-89329-396-7
  • Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — 448 с. — ISBN 978-5-7777-0431-3
  • История Югославии. — М.: Издательство Академии Наук СССР, 1963. — Т. 1. — 736 с.
  • История Югославии. — М.: Издательство Академии Наук СССР, 1963. — Т. 2. — 438 с.
  • Kalić J. A millennium of Belgrade (Sixth-Sixteenth centuries). A Short Overview // Balcanica. — 2014. — № 45. — С. 71—96.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]