Սերբական առաջին ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Բելգրադի նվաճումը» (Կատարինա Իվանովիչ)

Սերբական առաջին ապստամբություն (սերբ.՝ Први српски устанак), 1804-1813 թվականներ, սերբական ժողովրդի ազգային-ազատագրական ապստամբություն Օսմանյան կայսրության դեմ։ Սկիզբ է առել 1804 թվականի փետրվարին՝ Բելգրադի փաշայությունում։ Կարագեորգիի (Գեորգե Պետրովիչ) առաջնորդությամբ ապստամբները պարտության են մատնում թուրքերին Իվանկովացի (1805 թվականի օգոստոսի 6-ին) և Միշարի (1806 թվականի օգոստոսի 1-ին) ճակատամարտերում, 1806 թվականի վերջին 1807 թվականի սկզբին գրավում Բելգրադ և Շաբայ ամրոցները։

Ապստամբների հաջողությանը որոշակիորեն նպաստեց Ռուսաստանի օգնությունը զենքով, ռազմամթերքով, պարենով, ինչպես նաև սերբերի ռազմական գործողություններին ռուսական ջոկատների մասնակցությամբ (1807-թվականից)։ Սկզբում ուղղված լինելով Սերբիայում տեղակայված ենիչերիների դեմ, ապստամբությունն իր երկրորդ փուլում (1806 թվականից) վերաճեց սերբական անկախ պետություն ստեղծելու համար խոշոր ազգային-֊ազատագրական շարժման և ընդունեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բնույթ։ Պայքարի ընթացքում թուրք կալվածատերերը և աստիճանավորները վտարվեցին երկրից, հողն անցավ սերբ գյուղացիությանը, ստեղծվեցին պետական իշխանության մարմիններ․ 1805 թվականին հիմնվեց Սերբական ժողովրդական կառավարական խորհուրդը։ Ռուսաստանի պահանջով 1812 թվականի Բուխարեստի պայմանագրի մեջ մտցվեց հոդված, որը պարտադրում էր Թուրքիային՝ Սերբիային տալ ներքին ինքնավարություն։ Աակայն 1813 թվականի ամռանը Թուրքիան, օգտվելով Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմից, խախտեց պայմանագիրը, հարձակվեց Աերբիայի վրա և կարճ ժամանակով վերականգնեց իր տիրապետությունը։

Չնայած ապստամբությունը ճնշվեց, դրան հաջորդեց 1815 թվականի սերբական երկրորդ ապստամբությունը, որի արդյունքում ձևավորվեց Սերբիայի իշխանությունը (1817)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png