Jump to content

Արշակ Բուրջալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ա. Բուրջալյանից)
Արշակ Բուրջալյան
Ծնվել էհունվարի 7, 1880(1880-01-07)[1]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էսեպտեմբերի 4, 1946(1946-09-04)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] կամ Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԿրթությունԱստրախանի ռեալական ուսումնարան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռեժիսոր և դերասան
ԱշխատավայրՉղջիկ[1], Կորշի թատրոն[1] և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ և մրցանակներ

Արշակ Սարգսի Բուրջալյան (հունվարի 7, 1880(1880-01-07)[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 4, 1946(1946-09-04)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] և Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ ռեժիսոր, դերասան։

Դերասան Գևորգ Բուրջալյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բուրջալյանը ծնվել է Աստրախանում։ Պապը ամբողջ մարզում հայտնի գինեգործ է եղել, իսկ հայրը՝ Սարգիս Բուրջալյանը, XIX դարի կեսերին տեղափոխվում է Մոսկվա, զբաղվում առևտրով՝ լինելով թատրոնի սիրահար։ 1859 թվականից սկսած նա ակտիվ մասնակցում է մոսկովյան հայ ուսանողերի խմբակի բեմադրություններում։ Բուրջալյանի ավագ որդին՝ Գևորգը, դառնում է ռուսական թատրոնի հայտնի գործիչ, Կ. Ստանիսլավսկու մտերիմ բարեկամն ու համախոհը, ով հաճախ էր լինում Բուրջալյանի տանը։

Ավարտելով Աստրախանի ռեալական ուսումնարանը՝ Բուրջալյանը ուսումը շարունակելու համար մեկնում է Մոսկվա։

Մոսկվայում, ապրելով հոր տանը, 17-ամյա Արշակը հաղորդակից է դառնում ավագ եղբոր թատերական առօրյային։ Շուտով Արշակը մոռանում է տատին տված խոստումը և, առևտրական դպրոցի փոխարեն, ընդունվում է «Արվեստի ու գրականության ընկերություն»։ Երբ երիտասարդ Բուրջալյանն ընդունվում է «Ընկերություն», որը ղեկավարում էր Ստանիսլավսկին, այն հայտնի էր ամբողջ Ռուսաստանով մեկ։ Երկու տարի (1896-1898 թվականներ) Ա. Բուրջալյանն աշխատում է այնտեղ։

Գևորգ Բուրջալյանը 1898 թվականին դառնում է Ստանիսլավսկու առաջին օգնականը Գեղարվեստական թատրոնի կազմակերպման գործում, իսկ Արշակ Բուրջալյանը մեկնում է Ս. Պետերբուրգ՝ ծովային ուսումնարան ընդունվելու։ Նա ծովային կարիերայի մասին երազել է պատանեկան տարիներից։ Մինչև կյանքի վերջը Արշակը, կամ ինչպես նրան կոչում էին Արկադի Սերգեևիչը, անտարբեր չի մնացել ծովի հանդեպ։ Նա հաճախ պարծենում էր, որ ինքը ծովային է։ Ա. Բուրջալյանը շատ է սիրել նավաստու կաշվե բաճկոնը, որից չի բաժանվել մինչև կյանքի վերջին տարիները։

Արշակ Բուրջալյանի կյանքի տասը տարիները (1898-1908 թվականներ) մնում են նրա կենսագրության անհայտ էջերը։

Հայտնի է, որ ծովային եռամյա ուսումնարանը Բուրջալյանն ավարտել է 1902-1903 թվականներին։ Հայտնի է նաև, որ տատի մահից հետո, նրա կտակի համաձայն ժառանգություն ստանալով՝ Բուրջալյանը մեկնել է Փարիզ։ Այնուհետև, Մոսկվա վերադառնալուն պես, Ա. Բուրջալյանը Ստանիսլավսկու հանձնարարականով ընդունվում է «Չղջիկ» թատրոնը[3][4]։

Ռեժիսորական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Բուրջալյանի համար «Չղջիկ» թատրոնը եղել է իսկական դպրոց։ «Չղջիկը» ստեղծվել է Ստանիսլավսկու նախաձեռնությամբ, Գեղարվեստական թատրոնի դերասանների կազմակերպած հայտնի կատակախաղերից։ «Չղջիկի» ոգին ՄԽԱՏ-ի հայ դերասան Մկրտիչ Բալյանն էր (Նիկիտա Բալիև)։ «Չղջիկ» թատրոնի ներկայացումների գլխավոր սկզբունքը կայանում էր Գեղարվեստական թատրոնի դերասանների խաղեղանակները նմանակելու մեջ։ «Չղջիկ»-ում Ա. Բուրջալյանը սովորում է գնահատել դերասանի վարպետությունը, խաղի տեխնիկան, մարմնին տիրապետելու կարողությունը։

Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Բուրջալյանը շատ մեծ նշանակություն է տվել «արհեստի տարրին», պայքարել է հայ դերասանի վարպետության, խաղի տեխնիկայի կատարելագործման համար։ Ռեճիսորի այս նախասիրությունն դաստիարակվել է «Չղջիկում» աժխատելու տարիներին։ Միևնույն ժամանակ, հենց այնտեղ, Գեղարվեստական թատրոնի վարպետների հետ սերտ շփման մեջ, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, Բուրջալյանի մեջ դաստիարակվում է ապրումի թատրոնի համոզված կողմնակիցը, Ստանիսլավսկու դպրոցի ռեժիսորը։

Ա. Բուրջալյանը ռեժիսորական արվեստը սովորել է ոչ միայն «Չղջիկում», այլև Կորշի թատրոնում։ 1882 թ.-ին հիմնադրված այդ թատրոնում ստեղծվել են հետաքրքիր ներկայացումներ, որոնց մեջ հանդես են եկել ռուսական բեմի շատ հայտնի վարպետներ։ Այստեղ աշխատել են ռեժիսորներ Ֆ. Կոմիսարժևսկին, Ա. Սանինը, Կ. Մաջանիշվիլին, Ա. Թայիրովը և շատ ուրիշներ։

1919 թվականին Կորշի թատերախմբի հետ Բուրջալյանը մեկնում է հյուրախաղերի Դոնի Ռոստով, հանդես է գալիս իբրև դերասան, ռեժիսոր, խմբի ղեկավար։ Սպիտակգվարդիական հարձակման հետևանքով Մոսկվայից կտրված Կորշի թատերախումբը շուտով ցրվում է, իսկ Բուրջալյանը մնում է Ռոստովում աշխատելու։ Այստեղ նրա եռանդուն մասնակցությամբ ստեղծվում է «Չղջիկի» տիպի «Առլեկին» ռուսական թատրոնը։ Շուտով բացվում է «Չղջիկի» տիպի ևս մի թատրոն «Գրոտեսկ» անունով։

«Առլեկին» և «Գրոտեսկ» թատրոններում Բուրջալյանը հաճախ հանդես է գալիս իբրև դերասան։ Շատերը գնում էին հատկապես նրա խաղը դիտելու։ Բուրջալյանի վարպետությունն այնքան ակնառու էր, որ Ռոստովի «Ռենեսանս» կինոստուդիան հրավիրել է նրան դիմախաղի մասին դասախոսություններ կարդալու։ Ռոստովում էլ Բուրջալյանին վիճակվում է առաջին անգամ աշխատակցել դրամատուրգ Ալեքսանդր Աբելյանի նախաձեռնությամբ ստեղծված հայկական թատերախմբին։

Հայկական երաժշտական թատերախումբը Ռոստովում բեմադրում էր եվրոպական և արևելյան օպերետներ։ Մի շարք օպերետների բեմադրողը դառնում է նաև Բուրջալյանը, ով շուտով մեկնում է Թիֆլիս։

Թիֆլիսում եղած առաջին ամիսներին Բուրջալյանը, ինչպես և Ռոստովում, աշխատում է մինիատյուրային «Դիմակներ» և «Առլեկին» թատրոններում։ Լավ տիրապետելով կաբարե-թատրոնի ժանրի «գաղտնիքներին», Բուրջալյանը շատ շուտով հայտնի է դառնում ամբողջ Թիֆլիսում։ Այստեղ Բուրջալյանն իր բեմադրությունները հագեցնում է հանդիսատեսին ապշեցնող գունագեղությամբ.«Միդասի դատը», «Ֆրանսիական հովհար», «Անվանակոչուհին», «Կոկորդիլոսն ու Կլեոպատրան», «Կույր Թոմի պանդոկը», «Մադմազել Բուրդեի խանութը» և այլն։

Ռեժիսորը հրավիրվում է Թիֆլիսի «Հեղափոխական գեղարվեստական թատրոնը» մի շարք ագիտ-պիեսներ բեմադրելու։ Նա փայլուն կերպով հաղթահարում է նոր առաջադրանքը, ստեղծում հեղափոխական ոգով ներծծված ներկայացումներ, որոնց մեջ կիրառվում են ռեժիսորական բոլորովին այլ եղանակներ։

Բուրջալյանին շուտով հրավիրում են Թիֆլիսի Հայ դրամա։ Գրեթե նույն ժամանակ ռեժիսորը հրավիրվում է Հայարտան դրամատիկական սեկցիան ղեկավարելու։ Այսպիսով 1922 թվականը Բուրջալյանի կյանքում դառնում է նշանակալի նրանով, որ ռեժիսորը մոտիկից շփվում է հայ թատերական արվեստին, որին և նվիրաբերում է իր ողջ հետագա կյանքը։

Հայ դրամայում և Հայարտանը նա մոտիկից ծանոթանում է հայ գեղարվեստական մտավորականությանը, նրա այնպիսի ներկայացուցիչներին, ինչպես Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ռ. Մելիքյանը, Գ. Լևոնյանը և ուրիշներ։

Բուրջալյանի առաջին իսկ աշխատանքները Հայ դրամայում ցույց են տալիս նրա ռեժիսորական վարպետությունը. շուտով նրան նշանակում են Հայարտան կից դրամատիկական ստուդիայի ղեկավար։ Երեք տարվա ընթացքում (1922-1924), չհաշված Թիֆլիսի տարբեր թատրոններում բեմադրած տասնյակ ներկայացումները, Բուրջալյանը Հայ դրամայում, հայկական ստուդիայի ուսումնական բեմում և Երևանի Առաջին պետթատրոնում իրականացրել է քսանհինգ բեմադրություն, որոնց թվում «Երևակայական հիվանդը», «Ռևիզորը», «Քաջ Նազարը», «Սկապենի արարքները»։

Առաջին պետթատրոնում չորս տարի աշխատելուց հետո, Ա. Բուրջալյանը 1927-1930 թվականներին նորից ղեկավարում է Թիֆլիսի հայ թատրոնը, մի շարք պիեսներ բեմադրում Պատանի հանդիսատեսի թատրոնում։

1931 թվականին Մ. Գորկու և Ա. Լունաչարսկու անմիջական աջակցությամբ, Դոնի Ռոստովում կազմակերպվում է հայկական դրամատիկական թատրոն, ուր Բուրջալյանը հրավիրվում է իբրև գեղարվեստական ղեկավար։ Ռոստովի թատրոնի ստեղծագործական կյանքը հունի մեջ դնելով, Բուրջալյանը 1931-1932 թվականներին աշխատում է Թիֆլիսի ադրբեջանական թատրոնում իբրև գլխավոր ռեժիսոր։

1932 թվականին Բուրջալյանը հրավիրվում է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոն՝ գլխավոր ռեժիսորի պաշտոնով։ Այստեղ աշխատելու յոթ տարվա ընթացքում ռեժիսորը հսկայական աշխատանք է կատարում երիտասարդ դերասանական ուժերի դաստիարակման համար, բարելավում հայկական օպերայի բեմադրական արվեստը։

1938 թվականի մայիսից նա աշխատում է Երևանի Ջ. Ջաբարլու անվան ադրբեջանական թատրոնում իբրև գեղարվեստական ղեկավար, մեկնում է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջաններ, ուր իրականացնում է հետաքրքիր բեմադրություններ։ 1941-1943 թվականներին ռեժիսորը ղեկավարում է Լենինականի դրամատիկական թատրոնը, չկտրելով իր կապերը Հայաստանի և Վրաստանի այլ թատրոնների հետ։

Բուրջալյանին գործունեության վերջին տարիներին զրկել են մշտական աշխատանքից, ուղարկել մի թատրոնից մյուսը։ 1943 թվականին Ա. Բուրջալյանը ծանր հիվանդանում է և բաժանվում թատրոնից։ Կյանքի վերջին տարիներն նա անց է կացրել Թբիլիսիի Բեսիկի փողոցի տներից մեկում. չի բեմադրել ոչ մի բեմադրություն, քանի որ ծանր հիվանդ է եղել[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 242.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  4. Ռիզաև, Ս Ա (1959 թ․ հունիսի 15). «Արշակ Բուրջալյան». ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների. № 5: 49–54. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արշակ Բուրջալյան. հոդվածներ, նամակներ, ժամանակակիցները նրա մասին (ժող.), Ե., 1959:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Բուրջալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 627