Արմեն Մանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Մանասյան
Արմեն Մանասյան, դաշնակահար.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էՀուլիսի 22, 1988 (33 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան
ԺանրերԴասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ,դաշնակահար
Գործիքներդաշնամուր, երաժշտական ստեղնաշար
Գործունեություն2001- մինչև այժմ
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՊողոսյան մրցանակ

Արմեն Մանասյան, (հուլիսի 22, 1988(1988-07-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) դաշնակահար, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիա մշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր[1], գործադիր տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մանասյանը ծնվել է Երևանում, հուլիսի 22-ին (ըստ որոշ աղբյուրների՝ հուլիսի 17-ին)։ Ավարտել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ստացել մագիստրոսի կոչում։ Որպես ասպիրանտ ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։

Արմեն Մանասյանը հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային նախագծերում ու փառատոններում, այդ թվում՝ «Ennio Porrino», «Barbizon Festival», «Yakov Flier Festival», ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի մշակութային տարվա, «Կոմիտաս-140» միջազգային գիտամշակութային փառատոնի, «Yamaha Artists» նախագծի շրջանակում։ 2016 թվականից Մոսկվայի պետական ակադեմիական երաժշտական թատրոնի հրավիրված սոլիստ է։ Ուսանելու տարիներին Մանասյանն աշխատել է նաև 6-րդ միջազգային Դելֆյան խաղերի կազմկոմիտեում՝ որպես երաժշտական անվանակարգերի պատասխանատու։

2013-2016 թվականներին կրթությանը զուգահեռ աշխատել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին կից արվեստի ակադեմիայում՝ որպես մշակութային և հումանիտար ծրագրերի ղեկավար, ինչպես նաև «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար խորհրդի հիմնադիր անդամ է։

Կյանքի որոշ շրջան ապրելով Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում` 2017 թվականից ընտրվել է որպես ֆրանսիական "L'Heure Musicale au Marais" երաժշտական գործակալության արտիստ։ Ստեղծագործում է, ունի 100-ից ավելի չափածո ստեղծագործություն։

Արմեն Մանասյանի կատարումներով 2009, 2012 և 2016 թվականներին թողարկվել են ձայնասկավառակներ․ Չայկովսկու «Տարվա եղանակները» (CBN productions), Կոմիտասի և Լիստի դաշնամուրային ստեղծագործությունները (BirlMusic studio, Jean Eckian production)։

Մանասյանը համարվում է հայ լավագույն դաշնակահարներից։ Նրա երաժշտական ցանկը կազմել են ինչպես համաշխարհային դասական կոմպոզիտորների՝ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջոակինո Ռոսսինիի, Կլոդ Դեբյուսիի, Ֆրանց Լիստի, Պյոտր Չայկովսկու, նաև հայ դասականների՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Լևոն Չաուշյանի և այլոց ստեղծագործությունները։ Ժամանակակիցների կարծիքով՝ Մանասյանը վիրտուոզ դաշնակահար է, սակայն ավելի շատ զբաղվում է երաժշտական պրոդյուսինգով։

Մանասյանի սակավաթիվ պահպանված ձայնագրություններից է նաև «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանին նվիրված «Յուրի Հայրապետյան-85» միջազգային երաժշտական փառատոնի՝ հանդիսավոր փակման արարողության գալա-համերգի ծրագրում Բեթհովենի Ֆանտազիա դաշնամուրի, նվագախմբի և երգչախմբի համար op.80-ը (դիրիժոր` Կ. Օրբելյան)[2]։

Արմեն Մանասյանը, գործունեությունը շարունակելով որպես «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր, մի շարք կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել և իրականացրել է մշակութային բազմաթիվ միջոցառումներ և խոշոր նախագծեր[3]՝ բարեգործական[4], կրթական սեմինարներ[5], համերգներ[6], ցուցահանդեսներ[7], փառատոններ և այլն։

Իրականացրած խոշոր ծրագրերից են ՕՊՈւՍ միջազգային փառատոնը՝ հինգ համերգաշրջաններով [8](Մոսկվայում`2016 թվականին, Երևանում` 2017 թվականին, Փարիզում` 2018-2019 թվականներին, իսկ 5-րդ համերգաշրջանը տեղի է ունեցել առցանց՝ հաշվի առնելով 2020 թվականի համավարակով պայմանավորված իրավիճակը), ինչպես նաև «Հայկական վիոլա» հայ-գերմանական երաժշտական նախագիծը (Գերմանիա – Հայաստան, 2017 թվական)[9]։

«Արտկոնցեպտ»-ի հերթական խոշոր միջազգային նախագիծը 2020 թվականին Մյունխենի քաղաքապետարանի և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ցտեսություն Ծիտ» կամերային օպերայի բեմադրությունն էր՝ ըստ Արամ Պաչյանի համանուն վեպի։

2018 թվականին, Երևանի 2800-ամյակին ընդառաջ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ, կազմակերպել է «Երևան 2800» միջոցառումների շարքը՝ ընդգրկելով կերպարվեստի ցուցահանդեսներ, համերգ, աուդիովիզուալ ինստալացիա, գրական ընթերցումներ, կլոր սեղան նվիրված Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին և պանելային քննարկում` Երևանի արդի մշակութաբանական խնդիրների մասին։

«Նարեկացի» արվեստի միության գործակցության արդյունքում անգլերեն և գերմաներեն թարգմանվել և տպագրվել է ականավոր կոմպոզիտոր և մանկավարժ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» աշխատությունը։ Անգլախոս և գերմանախոս երկրներում գրքի տարածման գործընթացը շարունակվում է։

2018 թվականին «Արտկոնցեպտ»-ը մասնակցել է «Նարեկացի» արվեստի միության մասշտաբային ծրագրին` ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում Հայաստանի դեսպանության, «Սալենտո» միջազգային փառատոնի, «Համազգային» մշակութային միության, և մի շարք այլ կազմակերպությունների հետ գործակցությամբ։ Նախագծի շրջանակում «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը համերգային շրջագայությամբ 7 համերգով հանդես է եկել Ստամբուլ, Տրիկազե, Հռոմ, Միլան, Փարիզ, Ալֆորվիլ և Ժնև քաղաքներում։

Արվեստի ոլորտի պրոդյուսինգը շարունակելով, Մանասյանը 2019 թվականին նախաձեռնում է ամառային դպրոց՝ Հայաստանի մարզերից և Արցախից մի քանի տասնյակ պատանիների համար՝ հատուկ մշակված ծրագրով։ Համավարակի հետևանքով ձևաչափը փոխվեց և 2020 թվականին «Արվեստանոց» ուսումնագեղագիտական ծրագիրը սկսվեց կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի շարքով՝ նվիրված հայ արդի կերպարվեստի նշանակալի դեմքերին և զարգացումներին։ Ֆիլմերում նկարահանվել են մի շարք ժամանակակից հայազգի արվեստագետներ և արվեստաբաններ, գեղանկարիչներ և քանդակագործներ[10]։

2021 թվականից Արմեն Մանասյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսերն է։ Մինչ օրս իրականացվող բազմաժանր համերգային ծրագրերին զուգահեռ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության հետ նախաձեռնել ու իրականացնում է բազմաթիվ նախագծեր, որոնցից է նաև «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը։ Կրթամշակութային հանդիպում-դասախոսությունների շարքը լայն ընդգրկում ունի. բոլոր մարզերում 30 արվեստագետի հետ հանդիպումներին մասնակցում են 600 դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտներ։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «www.artconcept.am»։ www.artconcept.am 
  2. Symphony Orchestra of the Alexander Spendiaryan Opera and Ballet National Academic Theater (General and Artistic Director: Constantine Orbelian) "Divisi" Choir of Armenia (Artistic Director: Marina Alaverdyan) Piano: Armen Manassian Conductor: Constantine Orbelian International Music Festival "Yuri Hayrapetyan-85", Yerevan, (06.11.2018)։ «Ludwig van Beethoven - Fantasy for Piano, Orchestra and Choir op. 80» 
  3. Հատկապես հիշարժան են՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀԲԸՄ և ԹՈՒՄՈ-ի հետ համատեղ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի 3-րդ հանրապետական ներառական փառատոնը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, վարպետության դասեր և արվեստանոց։  
  4. Բարեգործական համերգ -  «Երևան» լարային քառյակ, 29.05.2018, Երևան․ Համերգային երեկոյի ընթացքում «Երևան» լարային քառյակի կատարմամբ հնչել են Արտեմի Այվազյանի և Ռուբեն Ալթունյանի լարային կվարտետները։ Համերգի հասույթը փոխանցվեց է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ին։
  5. Լեոպոլդո Սիանո  - Երաժշտական հանդիպումներ Գեորգի Գյուրջիևի հետ. Ֆ. Բեյլ, Պ. Շեֆեր, Ջ. Շելսի, Դ.Հայքս, Ք.Ջարեթ (Նվիրված` Գ. Գյուրջիևի 140-ամյա հոբելյանին) 08.03.2017 Շուշան Հյուսնունց  - Հնչյունի և լռության վարպետները՝ Ջիաչինտո Շելսի և Լուիջի Նոնո 07.03.2018 Շուշան Հյուսնունց  - Մորտոն Ֆելդմանի ստեղծագործությունը երաժշտության և կերպարվեստի միջև. 09.03.2019 Արսեն Բաբաջանյան  - Կերպարվեստը երաժշտության մեջ.15.03.2019
  6. Դաշնամուրային մենահամերգ  - Տիգրան Պողոսյան (Ֆրանսիա) 13.09.2019, Երևան Դաշնամուրային համերգ  - Լևոն Կարապետյան (Ֆրանսիա) 19.05.2018, Երևան PR համերգաշար  - Լիանա Մկրտչյան (Գերմանիա) 08.09.2018, Երևան
  7. «The limb of the sound» լուսանկարչական էքսպոզիցիա Քյոլնի «Բունկեր» ցուցասրահում 03.11 – 05.11.2017  - Բեռլին, Atelier Soldina 12.11 – 19.11.2017 - Քյոլն, Bunker k101 «Հնչյունի եզրագիծը» խորագրի ներքո, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան Գերմանիայի երկու հեղինակավոր ցուցասրահներում կազմակերպեց Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները։
  8. «Օպուս»-ը երաժշտության միջազգային փառատոն է, որն իր մեջ հաճախ ներառում է նաև արվեստի այլ ճյուղեր՝ նպատակ ունենալով ակտիվացնել կապը տարբեր արվեստների ներկայացուցիչների, ինչպես նաև արվեստասերների միջև։ Փառատոնի շրջիկ բնույթը միտված է արվեստի ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, արվեստագետների փորձի փոխանակմանը։
  9. «Armenian Viola International Project» 
  10. Ստեղծագործողներից յուրաքանչյուրն իր արվեստանոցում խոսում է արվեստի մասին, կիսում իր մտորումները գեղագիտության, բնության ու հայրենիքի, ընտանիքի, աշխատասիրության ու կրթության վերաբերյալ։ Զուգահեռ ներկայացվում են արվեստագետների գործերը տարբեր միջավայրերում և նրանց աշխատանքի ընթացքը։ Ոլորտի հմուտ մասնագետները դիտողին են փոխանցում իրենց գեղագիտական հայացքները, ինչպես նաև որոշակի տեսական և գործնական գիտելիքներ։
  11. Մանասյան Արմեն (2011)։ «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ»։ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]