Արարատյան կողմնակալություն
Արարատյան կողմնակալություն։ Վարչատարածքային իշխանատիրույթ Զաքարյան Հայաստանում 1206-1236 թթ-ին։ Ստեղծվել է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների կողմից։ 1236 թ-ից, մոնղոլական բռնատիրությունից հետո, շարունակել է գոյությունը մինչև 1350-ական թվականները՝ սահմանային որոշ կորուստներով։
Սահմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագած սարի ներկայիս Հառիճ գյուղի մոտակայքից հասել է Ծաղկունյաց լեռնաշղթա, թեքվել է հարավ հասել մինչև Հրազդան գետը, գետի հունով իջել մինչև Երևան, իջել Արարատյան դաշտի հարավային մասով մինչև Երասխ գյուղը՝ Արաքս գետ, գետի հունով բարձրացել մինչև Շիրակի սահմանը և այդ սահմանին զուգահեռ բարձրացել մինչև Արագած սարի գագաթը։ Պայմանականորեն այս տարածքը ընդգրկում է ներկայիս Արագածի, Ապարանի, Եղվարդի, Արտաշատի, Արարատի, Վաղարշապատի, Աշտարակի, Թալինի տարածաշրջանները։ Արարատի կողմնակալության տարածքով են անցել Թավրիզ-Դվին-Լոռի-Թիֆլիս, Թավրիզ-Դվին-Աշտարակ-Անի-Կարս-Ախալքալաք-Սև ծով, Թավրիզ-Դվին-Աշտարակ-Եղվարդ-Սոտք-Դադիվանք-Խոխանաբերդ-Գանձակ ռազմավարական-առևտրային ճանապարհները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանատիրույթի առաջին կողմնակալ-հրամանատար է նշանակվել Վաչուտյան տոհմից Վաչե Ա-ն ստանալով իշխանաց-իշխան կոչումը։ Նա գահակալել է 1206-1235 թթ-ին։ 1221 թ-ից նրա հետ համագահակալել է որդին՝ Քուրդ Ա իշխանաց-իշխանը, որը ինքնուրույն գահակալել է 1231-1270 թթ-ին։ Նրա հետ համագահակալել է որդին՝ Վաչե Բ-ն։ Սակայն նա ինքնուրույն չի գահակալել, քանի որ 1261 թ-ին մահացել է։ 1270-1295 թթ-ին գահակալել են Քուրդ Ա-ի որդիներ Հասանը և Դավիթը։ 1295-1340 թթ-ին գահակալել է Քուրդ Ա-ի թոռը՝ Տայիրի որդի Քուրդ Բ իշխանաց-իշխանը։ Նրա գահակալության վերջին տարիներին համագահակալ է եղել որդին՝ Թեոյդոս իշխանաց-իշխանը։ Վերջինիս իշխանությունը դադարել է 1350-ական թթ-ին։
Մայրաքաղաքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանատիրույթի առաջին մայրաքաղաքը եղել է Ամբերդ բերդաքաղաքը, որը զգալապես վերակառուցել ու ամրացրել են նոր բերդապարիսպներով ու եռահարկ դղյակով։ Մոնղոլների կողմից Ամբերդի ավերումից հետո Քուրդ Ա-ն մայրաքաղաք է դարձրել Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղը, որը ներկայիս Վարդենիս գյուղն է։ Նա այստեղ կառուցել է երկհարկանի պալատ և պարսպապատել։ Այստեղ էլ 1254-1255 թվականներին հյուրնկալել է Կարակորում մեկնող և վերադարձող Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ին։ Քուրդ Բ իշխանաց-իշխանը թեև վերականգնել է Ամբերդ բերդաքաղաքը, բայց մայրաքաղաք է դարձրել Կարբի գյուղաքաղաքը՝ վերակառուցելով Կարբիի բերդը։
Հոգևոր կենտրոնը
[խմբագրել | խմբագրել կոդը]1243 թ-ին Կոնստանդին Ա Բարփրբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով։ 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մկրտիչ եպիսկոպոսը, Մամիկոնյան-Համազասպյան տոհմի ներկայացուցիչներ Համազասպ և Ներսես եպիսկոպոսները, Վասիլ եպիսկոպոսը, Աբրահամ եպիսկոպոսը։
Մշակութային կենտրոնները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաչուտյան իշխանավորներն ու տիրուհիները իշխանատիրույթի սեփական տարածքում կառուցել են Սաղմոսավանքի, Հովհաննավանքի, Տեղերի, Եղիպատրուշի, Աստվածընկալի, Ուշիի վանական համալիրները, Կարբիի հաղթակամար-եկեղեցին, Թեղենյաց վանքի գավթիի շինարարությանը։ Իրենց իշխանատիրույթից դուրս կառուցել են Սանահնի վանքի մեծ գավիթը, Մակարավանքի գավիթը, Կեչառիսի Սբ.Նշան եկեղեցին, Հոռոմոսի գրատունը։ Նպաստավորել են Այրիվանքի կաթողիկե եկեղեցու, Մակարավանքի կաթողիկե եկեղեցու, Նոր Վարագավանքի կաթողիկե եկեղեցու, Թանահատի եկեղեցու կառուցումը։ Նրանց ենթակա իշխանավորները կառուցել են Եղվարդի եկեղեցին, Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցին։ Կառուցել ու վերակառուցել են բերդեր, ամրոցներ, իջևանատներ /Ամբերդ, Վարդենիս, Աստվածընկալ, Կարբի, Արա (գյուղ), Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)/։ Կառուցել են Աշտարակի կամուրջը /հետագայում ավերվել է/։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ։ Երևան, 2001 թ., 364 էջ։
- Տիգրան ՊետրոսՅանց, Վաչուտյաններ, Ե., 2023: