Ալբերտ Գալատին
Ալբերտ Գալատին | |
Կուսակցություն՝ | Դեմակրատական-հանրապետական կուսակյություն |
---|---|
Կրթություն՝ | Ժնևի համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, հակապատերազմային ակտիվիստ, փաստաբան, լեզվաբան, գրող և ազգագրագետ |
Ծննդյան օր | հունվարի 29, 1761[2][3][4][…] |
Ծննդավայր | Ժնև, Ժնև, Շվեյցարիա |
Վախճանի օր | օգոստոսի 12, 1849[2][3][4][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Աստորիա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Ս․ Երրորդություն եկեղեցու գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Ժնևի հանրապետություն և ԱՄՆ |
Զավակներ | Ալբերտ Ռոլազ Գալատին[6], Ֆրենսիս Սթիվենս[6] և James Gallatin? |
Ինքնագիր | |
Աբրահամ Ալֆոնս Ալբերտ Գալատին (անգլ.՝ Abraham Alfonse Albert Gallatin, հունվարի 29, 1761[2][3][4][…], Ժնև, Ժնև, Շվեյցարիա - օգոստոսի 12, 1849[2][3][4][…], Աստորիա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), շվեյցարական ծագում ունեցող ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ ֆինանսների 4-րդ նախարարը։ Ազգաբան, լեզվաբան, պատմաբան, հրապարակախոս, դիվանագետ և կոնգրեսական։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Գալատինը ծնվել է Ժնևում՝ Ժան Գալատենի և Սոֆի Ալբերտինա Ռոլազի հարուստ ընտանիքում[7]։ Գալատենների ընտանիքը մեծ ազդեցություն է ունեցել Շվեյցարիայում, և նրա շատ անդամներ կարևոր պաշտոններ են զբաղեցրել մագիստրատուրայում և բանակում։ Գալատինի վաճառական հայրը մահացել է 1765 թվականին, իսկ նրա մայրը՝ 1770 թվականի ապրիլին։ Որբացած Գալատինը հանձնվել է օրիորդ Պիկտեն, որը հոր՝ Գալատինի հեռավոր ազգականն էր։ 1773 թվականի հունվարին ուղարկվել է գիշերօթիկ դպրոց[8]։
1779 թվականին Գալատինն ավարտել է Ժնևի համալսարանը բնական փիլիսոփայության, մաթեմատիկայի և լատիներենի թարգմանչի դիպլոմներով։ Գալատինը խորապես ուսումնասիրել է Ժան-Ժակ Ռուսոյի, Վոլտերի և ֆրանսիացի ֆիզիոկրատների փիլիսոփայությունը. նա դժգոհ էր Ժնևի ավանդապաշտությունից։ Լինելով լուսավորականության աշակերտ՝ նա հավատում էր մարդու բնությանը, և որ երբ մարդն ազատ է սոցիալական սահմանափակումներից, նա ցույց կտար ազնիվ որակներ և մեծ արդյունքներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական առումով[9]։ Միացյալ Նահանգների ժողովրդավարական ոգին գրավել է նրան, և ընտանիքից գաղտնի իր համադասարանցի Անրի Սերրիի հետ 1780 թվականի ապրիլին լքել է Ժնևը։ Մայիսին նրանք ամերիկյան նավով մեկնել են Ֆրանսիայից։ Հուլիսի 14-ին ժամանել են Քեյփ-Էնն, իսկ հաջորդ օրը եղել են Բոստոնում՝ ձիով անցնելով երեսուն մղոն[10]։
Ամերիկյան ճամփորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգնելով Բոստոնի միապաղաղ կյանքից՝ տղամարդիկ ուղևորվել են Մաչայաս գյուղ, որը գտնվում է Մեն նահանգի հյուսիսարևելյան վերջնակետում։ Մաչայասում Գալատինը բարտերային ձեռնարկություն է ղեկավարել։ Նրան դուր էր գալիս պարզ կյանքը և շրջապատող բնությունը[11]։ 1780-1781 թվականների ձմռանը Գալատինը նույնիսկ իշխել է Մեն նահանգի կայազորը[11]։ Գալատինն ու Սերը Բոստոն են վերադարձել 1781 թվականի հոկտեմբերին՝ հրաժարվելով Մաչայասի իրենց բարտերային ձեռնարկությունից։ Գալատինն սկսել է ֆրանսերենի դասեր տալ՝ գոյատևելու համար։ Դրանից կարճ ժամանակ անց նա նամակ է ուղարկել օրիորդ Պիկտեին, որին անկեղծորեն գրել է Ամերիկայում ունեցած դժվարությունների մասին։ Պիկտեն որոշել է օգնել Գալատինին և կապվել է դոկտոր Սամուել Կուպերի հետ, որը Բոստոնի հայտնի հայրենասեր էր, որի թոռը ուսանող է եղել Ժնևում։ Կուպերի աջակցությամբ Գալատինը կարողացել է 1782 թվականի հուլիսին Հարվարդի քոլեջում ֆրանսերեն դասավանդել։
Փենսիլվանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասավանդողի մասնագիտությունում աշխատած առաջին գումարով Գալատինը 370 հեկտար հողատարածք է գնել Փենսիլվանիա նահանգի՝ Փիթսբուրգից հարավ գտնվող Փոյնթ Մերիոնից ոչ հեռու Ֆայետ շրջանում, որը, նրա կարծիքով, հարմար էր գյուղատնտեսության համար։ Գալատինը սեփականությունը անվանել է «Ֆրենդշիպ Հիլ»։ Նա այնտեղ է տեղափոխվել 1784 թվականին։ 1789 թվականի գարնանը Գալատինը փախել է տանտիրուհու գրավիչ աղջկա Սոֆիա Ալեգրեի հետ, որի մայրը հավանություն չէր տալիս նրանց հարաբերություններին։ Ցավոք, Սոֆիան մահացել է իրենց ամուսնությունից 5 ամիս անց։ Մահվան հնարավոր պատճառները կարող էին լինել ծննաբերությունից հետո բարդությունները կամ մրսածությունը։ Մի քանի տարվա սուգի ընթացքում նա լրջորեն մտածում էր Ժնև վերադառնալու մասին։ Սակայն 1793 թվականի նոյեմբերի 1-ին ամուսնացել է նավատորմի ազդեցիկ սպա Ջեյմս Նիքոլսոնի դստեր՝ Հաննա Նիքոլսոնի հետ։ Զույգը երկու որդի և չորս դուստր է ունեցել։
1794 թվականին Գալատինը տեղեկացել է եվրոպացիների զանգվածային միգրացիայի մասին, որոնք փախչել էին Մեծ ֆրանսիական հեղափոխությունից։ Նրա մոտ մի գաղափար է ծագել այդ գաղթականների համար բնակավայր ստեղծելու մասին։ 1795 թվականի գարնան և ամռան ընթացքում Գալատինը վայր էր փնտրում, և, վերջապես, ընտրել է Փորթ Ուիլսոնը՝ գետի ափին գտնվող քաղաք, որը Ֆրենդշիպ Հիլից տեղակայված էր մեկ մղոն հեռավորության վրա։ Չորս այլ ներդրողների հետ համագործակցությամբ, որոնց շարքում կային նաև երեք շվեյցարացիներ, Գալատինը ստեղծել է «Albert Gallatin & Company» գործընկերությունը։ Միասին նրանք ձեռք են բերել Փորթ Ուիլսոնը, Ջորջթաուն և գետով դեպի Գրինսբորո ճանապարհին գտնվող դատարկ հողատարածքներ։ Գործընկերներն իրենց նոր բնակավայրն անվանել են «Նոր Ժնև»։ Ջորջ Քրիքի երկայնքով ֆիրմային խանութով, ապակու գործարանով, զենքի գործարանով, անտառահատման գործարանով, ջրաղացով, գինու գործարանով, լիկյոր-օղու գործարանով և նավի արհեստանոցով գործընկերները սկսեցին սպասել առաջին բնակիչներին։ Սակայն Եվրոպայում իրավիճակի բարելավումը և 1796-1797 թվականների տնտեսական անկումը Գալատինի գործընկերությանն ակնկալվող հարստություն չբերեցին։ Ալբերտի միակ հաջող մտահղացումը եղել է ապակու գործարանը, որն իր արտադրությունը սկսել է 1798 թվականի հունվարի 18-ին։ Այդ գործարանում առաջին բաժակը լցվել է Ալեգաններից դեպի արևմուտք։ Ապակե բիզնեսը սկզբում մի փոքր շահույթ է բերել։ Սակայն մինչև 1800 թվականը բիզնեսը սկսել է զարգանալ։ 1807 թվականին գործարանը տեղափոխվել է Գրինսբորո՝ այդ շրջանում ածուխի առկայության պատճառով։ Ավելի ուշ 1816 թվականին Գալատինն ապակյա գործարանն անվանել է իր «ամենաարդյունավետ սեփականությունը»։
Նոր Ժնևում եղած ևս մեկ ճյուղ էր հրացանների արտադրությունը։ 1797 թվականին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև չհայտարարված պատերազմ է սկսվել։ Փենսիլվանիայից պահանջել են հրացաններ, սվիններ և փամփուշտներ աշխարհազորի համար։ Պայմանագիրը տրամադրվել է մասնավոր արտադրողների։ 1799 թվականի հունվարին Գալատինը սվիններով 2000 հրացանների արտադրման պայմանագիր է կնքել։ Սակայն որակյալ աշխատուժի և որակյալ պողպատի բացակայությունը, ինչպես նաև վատ կառավարումը, դանդաղեցրել են գործընթացը։ 1801 թվականի ապրիլին արտադրվել է ընդամենը 600 հրացան։ Հասկանալով, որ չի կարողանում, Գալատինը պայմանագրային բոլոր պարտավորությունները փոխանցել է Մելխիոր Բեյքերին և Աբրահամ Ստյուարթին։
1819 թվականի տնտեսական խուճապի պատճառով Գալատինը ստիպված է եղել վաճառել և՛ իր գործարանը, և՛ սիրած Ֆրենդշիպ Հիլը՝ պարտքերը մարելու համար։
Սենատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]1789 թվականին ընտրվել է կոնվենտ, որը ստեղծվել էր Փենսիլվանիա նահանգի սահմանադրության վերանայման համար։ 1793 թվականի ընտրությունների արդյունքում անցել Է ԱՄՆ Սենատ։ 1793 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ կազմավորվել է 3-րդ Կոնգրեսը, նա երդում է տվել, բայց նույն օրը Փենսիլվանիայի նահանգի 19 ֆեդերալիստներ բողոք են ներկայացրել Սենատ այն մասին, որ Գալատինը չուներ նվազագույն իննամյա քաղաքացիություն, որը պահանջվում էր սենատորի պաշտոնի համար։ Երկար դատավարություններից հետո գործը հասել Է Սենատում քվեարկության, որտեղ Գալատինը հեռացվել է նրանց շարքերից՝ 14 կողմ և 12 դեմ ձայներով։ Երկար ժամանակ սենատորի կարգավիճակում գտնվելը, սակայն, չի խանգարել Գալատինին աչքի ընկնել Համիլթոնի ֆինանսական քաղաքականության հմուտ ընդդիմախոսությամբ[12]։
Ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուն վերադառնալուց հետո նա հայտնաբերել է, որ արևմտյան փենսիլվացիները (հիմնականում Շոտլանդիայի իռլանդացիները) դժգոհ էին ալկոհոլի հարկից, որը 1791 թվականին ընդունվել էր Կոնգրեսի կողմից Ալեքսանդր Համիլթոնի պահանջով, որպեսզի գումար հավաքեին պետական պարտքը սպառելու համար։ Ագարակատերերը վնասներ էին կրում։ Իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձել, երբ Ջորջ Վաշինգտոնը բանակի գլխավորությամբ ուղևորվել է ապստամբությունը ճնշելու։ Այս իրավիճակում Գալատինը չի կորցրել հոգու դիրքը, քաջությամբ և համոզիչ հռետորական արվեստով նա կարողացել է համոզել բոլոր խռովարարներին, և խուսափել զինված բախումից։ Գալատինը վիսկիի հարկի կրճատման առաջարկի շուրջ աջակցել է ագարակատերերին։ Կոնգրեսն ընդունել է այդ առաջարկը, իսկ հետո ընդհանրապես չեղարկել հարկը։ 1795 թվականին նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատի կազմում, որտեղ դարձել է ժողովրդավա-հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը։
Կուսակցության առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալատինը 1795 թվականից ի վեր եղել է Ջեֆերսոնի կուսակցության գլխավոր խոսնակը՝ Ներկայացուցիչների պալատում ֆինանսների գծով։ 1797 թվականին նա փոխարինեց Մեդիսոնին, որը հրաժարական տվեց Ներկայացուցիչների պալատում կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Նա վճռականորեն դեմ էր հանդես գալիս Ֆեդերալիստական կուսակցության ազգային ծրագրերին, ինչպես նաև 1795 թվականին կքնված Ջեյ պայմանագրին, որը, նրա կարծիքով, ձեռնտու էր միայն բրիտանացիներին։
Որպես կուսակցության առաջնորդ՝ Գալատինը մեծ ճնշում է գործադրել ֆինանսների նախարար Օլիվեր Ուոլքոտի վրա։ Նա նաև օգնել է ստեղծել Ներկայացուցիչների պալատի ֆինանսների կոմիտեն։ Այդ ընթացքում ռազմածովային հատկացումների կրճատման նրա միջոցառումները հանդիպեցին ֆեդերալիստների կատաղի թշնամանքին, որոնք մեղադրեցին նրան ֆրանսիական լրտես լինելու մեջ։
Ֆինանսների նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալատինի վարպետությունը պետական ֆինանսներում, Ջեֆերսոնների կուսակցության անդամների շրջանում հազվադեպ հանդիպող կարողությունը հանգեցրել է նրա ավտոմատ ընտրությանը՝ որպես գանձապետարանի քարտուղար չնայած ֆեդերալիստների հակազդեցությանը, որոնք նրան «օտարերկրացի» են համարել ֆրանսիական շեշտադրման պատճառով։ 1801 թվականից մինչև 1814 թվականի մայիս նա քարտուղար է եղել նախագահներ Թոմաս Ջեֆերսոնի և Ջեյմս Մեդիսոնի ղեկավարությամբ, որն այդ պաշտոնում ամենաերկար ժամկետով կառավարածն է եղել ամերիկյան պատմության մեջ։ Ջեֆերսոնն ու Գալատինը կենտրոնացել են պետական պարտքի վրա, որը սպառնալիք էր ներկայացնում Հանրապետական արժեքների համար։
Պետական պարտքը դիտարկվել է որպես կորուստների և կոռուպցիայի ցուցանիշ, և ջեֆերսոնցիները ցանկացել են, որ այն ամբողջությամբ մարվի։ Նրանք նաև ցանկանում էին գնել Լուիզիանան և պայքարել Մեծ Բրիտանիայի հետ, և Գալատինին հաջողվել է ֆինանսավորել այդ մեծ նպատակները, սակայն նա չէր կարող միաժամանակ մարել պարտքը։ 1801 թվականին պարտքը կազմել է 80 միլիոն դոլար։ Գալատինն առանձնացրել է դաշնային եկամուտների երեք քառորդը պարտքը կրճատելու համար։ Չնայած այն բանին, որ 15 միլիոն դոլար է ծախսել Լուիզիանայի վրա և կորցրել է վիսկիի հարկը։ Երբ այն 1802 թվականին չեղյալ է հայտարարվել, Գալատինը կրճատել է պարտքը մինչև 45 միլիոն դոլար։ Կառավարությունը փողերը խնայել է՝ նավատորմն ու բանակը թողնելով փոքր ու վատ անձնակազմով։ Գալատինը դժկամությամբ է աջակցել 1807-1808 թվականների Ջեֆերսոնի էմբարգոյին[13]։ 1812 թվականի պատերազմը թանկ է արժեցել, և պարտքը հասել է 123 միլիոն դոլարի նոր ծանրացուցիչ հարկերով։
Գալատինն օգնել է պլանավորել Լյուիսի և Քլարկի արշավը՝ նախանշելով այն տարածքը, որը պետք էր ուսումնասիրել։ Գտնելով Միսսուրիի գետի աղբյուրը կապիտաններ Լյուիսը և Քլարկը անվանել են երեք վտակների արևելյան մասը Գալատինի պատվին. մյուս երկուսը անվանվել են նախագահ Ջեֆերսոնի և Ջեյմս Մեդիսոնի պատվին։
1808 թվականին Գալատինն առաջարկել է 20 միլիոն դոլարի ներքին բարելավումների տպավորիչ ծրագիր, որի մեջ մտնում էր Ատլանտյան օվկիանոսի ափին և Ապալաչիի միջոցով ճանապարհների և ջրանցքների կառուցումը, որը կֆինանսավորվի դաշնային կառավարության կողմից։ Դա ինչ-որ նոր բան էր, և շատերն այդ ծրագիրը համարում էին բացահայտ հակասահմանադրական։ Այն մերժվել է նրա կուսակցության «նախկին հանրապետականների» կողմից, որոնք բացարձակապես չէին վստահում ազգային կառավարությանը։ Գալատինի առաջարկների մեծ մասը, ի վերջո, իրականացվել է տարիներ անց, սակայն դա արվել է ոչ թե դաշնային կառավարության կողմից, այլ տեղական իշխանությունների և մասնավոր կազմակերպությունների կողմից։ Գալատինը նաև վճռականորեն դեմ էր ռազմածովային նավատորմի ստեղծմանը և հավանություն Է տվել Ջեֆերսոնի ծրագրին՝ խոշոր նավահանգիստների պաշտպանության համար ոչ մեծ կանոնական նավակների օգտագործման վերաբերյալ։ Ծրագիրը 1812 թվականի պատերազմում ձախողվել է, երբ անգլիացիները անարգել վայրէջք են կատարել նավահանգիստների կողքին։
1812 թվականին ԱՄՆ-ը ֆինանսապես պատրաստ չէր պատերազմի։ Դեմոկրատ հանրապետականները 1811 թվականին թույլ են տվել Միացյալ Նահանգների առաջին բանկին դադարեցնել իր աշխատանքը, չնայած Գալատինի առարկություններին։ Նա ստիպված է եղել 7 միլիոն դոլար ուղարկել Եվրոպա՝ արտասահմանյան բաժնետերերին վճարելու համար, հենց այն ժամանակ, երբ պատերազմի համար գումար էր պետք։ 1812 թվականի պատերազմի ծանր ռազմական ծախսերը և էմբարգոյի և բրիտանական շրջափակման հետևանքով առաջացած սակագնային եկամուտների կրճատումը կտրել են օրինական առևտուրը (բազմաթիվ մաքսանենգություններ է կատարվել)։
1813 թվականին գանձապետարանը ունեցել է 39 միլիոն դոլարի ծախսեր, իսկ եկամուտը ընդամենը 15 միլիոն դոլար է եղել։ Չնայած Կոնգրեսի զայրույթին, Գալատինը ստիպված էր կրկին Ֆեդերալիստական հարկեր սահմանել, որոնք նա 1798 թվականին դատապարտել էր, ինչպիսիք էին վիսկիի և աղի հարկերը, ինչպես նաև հողի և ստրուկների ուղղակի հարկը:Ազգային բանկի բացակայության և Նոր Անգլիայի ֆինանսիստների կողմից ռազմական գործողություններ իրականացնելու համար գումար տալու մերժման դեպքում Գալատինը դիմել է պատերազմի ֆինանսավորման նորարարական մեթոդներին։ 1813 թվականի մարտին նա նախաձեռնել էր պետական փոխառություններ։ Այսպիսով հաջողվել է ստանալ 16 միլիոն դոլար։ Նրան հաջողվել է 69 միլիոն դոլարի դեֆիցիտ ֆինանսավորել պարտատոմսային փոխառությունների գծով և դրանով իսկ վճարել պատերազմի ուղղակի ծախսերը, որոնք կազմել են 87 միլիոն դոլար։ Նաև որոշում է ընդունվել Ազգային բանկի ստեղծման անհրաժեշտության մասին, որը հիմնադրվել է 1816 թվականին։
Դիվանագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1813 թվականին Ռուսաստանն առաջարկել է իր միջնորդությունը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև, Գալատինը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում արտակարգ դեսպան, իսկ հետո, Միացյալ Նահանգների կառավարության հետ ուղղակիորեն բանակցություններ վարելու Բրիտանիայի պահանջի պատճառով, նա հրաժարական է տվել ֆինանսների նախարարի պաշտոնից և մեկնել Գենտ, որտեղ ստորագրել է խաղաղության պայմանագիրը[14]։
1815 թվականին Գալատինը բանակցություններ էր վարում Անգլիայի հետ առևտրային պայմանագիր կնքելու շուրջ։ Մերժելով ֆինանսների նախարարի նոր նշանակումը՝ 1816-1823 թվականներին Գալատինը եղել է Փարիզում ԱՄՆ-ի դեսպանը՝ ամեն կերպ ջանալով բարելավել հարաբերությունները Բուրբոնների կառավարության հետ։
Քաղաքական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1823 թվականին Գալատինը վերադարձել է Ամերիկա և առաջադրվել Դեմոկրատական-հանրապետական կուսակցությունից փոխնախագահի պաշտոնում, որը 1824 թվականի ընտրություններում նախագահի իր թեկնածու էր ընտրել Ուիլյամ Քրոուֆորդին։ Գալատինը չէր ցանկանում մասնակցել ընտրարշավին և նվաստացած էր, երբ նրան ստիպեցին դուրս գալ քարոզարշավից, քանի որ նա չուներ ժողովրդական աջակցություն[15]։ Սակայն Գալատինն անհանգստացած էր այն հնարավորությամբ, որ նախագահ կարող է դառնալ Էնդրյու Ջեքսոնը, որը «ռազմական սովորությունների մարդ էր և անտեսում էր օրենքներն ու սահմանադրական դրույթները»[16]։
Գալատինը վերադարձել է Փենսիլվանիա, որտեղ ապրել է մինչև 1826 թվականը։ 1825 թվականին Գալատինը հրաժարվել է վերադառնալ ֆինանսների նախարարի պաշտոնին, երբ նախագահ Ջոն Քուինսի Ադամսի կողմից նման առաջարկ է ստացել։
Գալատինը դեմ էր արտահայտվել հյուսիսամերիկյան մայրցամաքում ամերիկյան գերիշխանությանը՝ վախենալով, որ դա կարող էր հանգեցնել կայսրության ստեղծմանը։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալատինն այնուհետև բնակություն է հաստատել Նյու Յորքում, որտեղ 1831 թվականին հիմնադրել է Նյու Յորքի համալսարանը, որը 1896 թվականին վերանվանվել է Նյույորքյան համալսարան․ այժմ այդ համալսարանը Միացյալ Նահանգներում ամենախոշոր մասնավոր համալսարաններից մեկն է։
Նրա վերջին կարևոր ձեռնարկումը Ամերիկյան էթնոլոգիական ընկերության (AES) հիմնադրումն էր։ Ուսումնասիրելով բնիկ ամերիկացիների լեզուները՝ նա կոչվել է «ամերիկյան ազգաբանության հայր»[17]։
Իր գործունեության ընթացքում Գալատինը հետաքրքրվել է հնդկացիների լեզվով և մշակույթով։ Նա իր ուսումնասիրություններում դիմել է կառավարության անդամներին՝ տեղեկություններ հավաքելով Լյուիս Քասսի, հետազոտող Ուիլյամ Քլարկի և հնդկացիների գործերով բյուրոյի անդամ Թոմաս ՄաքՔեննիի միջոցով։ Գալատինն անձնական հարաբերություններ է հաստատել Չերոկի ցեղի առաջնորդ Ջոն Ռիջեմի հետ, որը նրան տեղեկություններ է տրամադրել Չերոկի լեզվի բառապաշարի և կառուցվածքի վերաբերյալ։ Գալատինի հետազոտությունը ի մի են բերվել երկու հրապարակված աշխատանքներում՝ «Միացյալ Նահանգների հնդկական լեզուների աղյուսակ» (անգլ.՝ A Table of Indian Languages of the United States, 1826 թվական) և «Հյուսիսային Ամերիկայի հնդկացի ցեղերի տեսություն» (անգլ.՝ Synopsis of the Indian Tribes of North America, 1836 թվական)։ Նրա ուսումնասիրությունները հանգեցրել են իր այն եզրակացությանը, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ժողովուրդները կապված էին միմյանց լեզվական և մշակութային կապերով, և որ իրենց ընդհանուր նախնիները գաղթել էին Ասիայից նախապատմական ժամանակներում։
1842 թվականին Գալատինը միացել է Ջոն Ռասսել Բարթլեթին՝ Ամերիկյան էթնոլոգիական ընկերությունը հիմնադրելու համար։ Քաղաքականության մեջ Գալատինը հանդես է եկել բնիկ ամերիկացիների եվրոպական-ամերիկյան հասարակության մեջ ձուլման օգտին։ 1848 թվականից նա եղել է AES-ի նախագահ[18]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալատինը մահացել է 1849 թվականի օգոստոսի 12-ին Աստորիայում (այժմ՝ Քուինս, Նյու Յորք) 88 տարեկան հասակում։ Մինչև իր մահը Գալատինը Ջեֆերսոնի կաբինետի վերջին կենդանի անդամն էր և 18-րդ դարի դարի վերջին կենդանի սենատորը։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալատինի պատմական հետազոտությունները, որոնք վերաբերում են հյուսիսային և կենտրոնական Ամերիկայում հնդկացիների կյանքի պայմաններին, վայելում են մեծ ճանաչում․ դրանցից են «Synopsis of the Indian tribes within the United States and in the British and Russian possessions in North America», «Transactions and collections of the American antiquarian Society» և «Semi-civilized nations of Mexico, Yukatan and Central-America, with conjectures on the origin of semi-civilisation in America» աշխատությունները։ Նրա հրատարակած «Memoir on the North-Eastern Boundary» գրքույկը (Նյու Յորք, 1843 թվական) Օրեգոնի մարզի վիճահարույց հարցի վերաբերյալ էր (Գալատինը կողմ էր նրան ԱՄՆ-ին միանալուն)։ 150 հազար օրինակով հրապարակվել է նաև Մեքսիկայի հետ պատերազմի մասին գրքույկը, որտեղ նա դեմ էր արտահայտվել պատերազմին․ այն զգալի ազդեցություն ունեցան այդ հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի վրա։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալատինի՝ որպես ֆինանսների նախարար ունեցած արժանիքները հավերժացվել են, երբ 1805 թվականին Մերիուեզեր Լյուիսը Միսսուրի գետի երեք ակունքներից մեկը անվանել է «Գալատին»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://books.google.com/books?id=dgmDCgAAQBAJ&pg=PT25
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Stevens, John Austin (1888). Albert Gallatin (6 ed.). Boston: Houghton Mifflin. p. 1.
- ↑ Stevens (1888), p2.
- ↑ Henry Adams, Life of Albert Gallatin (1879) p. 16.
- ↑ Stevens (1888), pp. 11–12.
- ↑ 11,0 11,1 Stevens (1888), p16.
- ↑ Butler, Anne M.; Wolff, Wendy (1995). "Case 1: Albert Gallatin". Senate Election, Expulsion and Censure Cases from 1793 to 1990. Washington, D.C.: Government Printing Office. pp. 3–5.
- ↑ Richard Mannix, "Gallatin, Jefferson, and the Embargo of 1808", Diplomatic History (1979) v.3 #3, pp. 151–172.
- ↑ Adams (1879) p. 546.
- ↑ Raymond Walters, Albert Gallatin: Jeffersonian Financier and Diplomat (1957) pp. 320–4.
- ↑ Adams (1879), p599.
- ↑ Dungan, p. 165.
- ↑ Squier, E.G. (1848). Ancient Monuments of the Mississippi Valley. Washington, D.C.: Smithsonian Institution. p. 48.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams, Henry (1879). Life of Albert Gallatin. J.B. Lippincott & Co. online edition Արխիվացված 2005-03-10 Wayback Machine
- Brown, Everett S. (1925). «The Presidential Election of 1824–1825». Political Science Quarterly. 40 (3): 384–403. doi:10.2307/2142211. JSTOR 2142211.
- Burrows, Edwin G. (2000). «Gallatin, Albert». American National Biography. Oxford University Press. doi:10.1093/anb/9780198606697.001.0001 (inactive 2020 թ․ հունվարի 22). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ DOI inactive as of 2020 (link) - Dungan, Nicholas (2010). Gallatin: America's Swiss Founding Father. New York University Press. ISBN 978-0814721117.
- Furlong, Patrick J. (1968). «The Origins of the House Committee of Ways and Means». The William and Mary Quarterly. 25 (4): 587–604. doi:10.2307/1916799. JSTOR 1916799.
- Goodrich, Carter (1958). «The Gallatin Plan after One Hundred and Fifty Years». Proceedings of the American Philosophical Society. 102 (5): 436–441. JSTOR 985588.
- McGraw, Thomas K. (2012). The Founders and Finance: How Hamilton, Gallatin, and Other Immigrants Forged a New Economy. Belknap Press. ISBN 9780674066922.
- Mannix, Richard (1979). «Gallatin, Jefferson, and the Embargo of 1808». Diplomatic History. 3 (2): 151–172. doi:10.1111/j.1467-7709.1979.tb00307.x. ISSN 0145-2096.
- Rothman, Rozann (1972). «Political Method in the Federal System: Albert Gallatin's Contribution». Publius. 1 (2): 123–141. doi:10.1093/oxfordjournals.pubjof.a037841. JSTOR 3329473.
- Stevens, John Austin (1888). Albert Gallatin (6 ed.). Boston: Houghton Mifflin. OCLC 7327639.
- Walters, Raymond Jr. (1957). Albert Gallatin: Jeffersonian Financier and Diplomat. Macmillan. ISBN 978-0822952107. online edition Արխիվացված 2009-01-08 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդային աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Balinsky, Alexander S. (1958). «Albert Gallatin, Naval Foe». 82 (3). The Pennsylvania Magazine of History and Biography: 293–304.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - Cachia-Riedl, Markus Claudius (1998). Albert Gallatin and the Politics of the New Nation. Ph.D. dissertation at U. of California, Berkeley. UMI Dissertation Services. OCLC 427962570.
- Heinlein, Jay C. (1950). «Albert Gallatin: A Pioneer in Public Administration». The William and Mary Quarterly. 7 (1): 64–94. doi:10.2307/1922937. JSTOR 1922937.
- Hickey, Donald R. (1981). «American Trade Restrictions during the War of 1812». Journal of American History. 68 (3): 517–538. doi:10.2307/1901937. JSTOR 1901937.
- Kuppenheimer, L. B. (1996). Albert Gallatin's Vision of Democratic Stability: An Interpretive Profile. Praeger. ISBN 978-0275953881.
- May, Gregory (2018). Jefferson's Treasure: How Albert Gallatin Saved the New Nation from Debt. Regnery History. ISBN 978-1621576457.
- McDonald, Forrest (1976). The Presidency of Thomas Jefferson. University Press of Kansas. ISBN 978-0700603305.
- Nelson, John Robert (1979). Hamilton and Gallatin: Political Economy and Policy-Making in the New Nation, 1789–1812. Ph.D. dissertation, Northern Illinois U.
- Nettels, Curtis (1962). The Emergence of a National Economy, 1775–1815. Holt, Rinehart & Winston. ASIN B07219JL61.
- Rutland, Robert A. (1990). The Presidency of James Madison. University Press of Kansas. ISBN 978-0700604654.
Առաջնային աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams, Henry, ed. (1879). The Writings of Albert Gallatin. Three volumes. Philadelphia, J.B. Lippincott. Volume I (PDF), Volume II (PDF),Volume III (PDF)
- Gallatin, Albert (1976). «The Land West of the Rockies». The Annals of America. 11 volumes. Chicago: Encyclopædia Britannica. էջեր 209–214.
- Gallatin, Albert (1848). Peace with Mexico. Hosted by the Portal to Texas History.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|others=
- Gallatin, Albert (1836). «A Synopsis of the Indian Tribes Within the United States East of the Rocky Mountains, and in the British and Russian Possessions in North America». Zea E-Books in American Studies.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kestenbaum, Lawrence. «Index to Politicians: Gallaher to Gallmeyer». The Political Graveyard. Արխիվացված օրիգինալից օգոստոսի 7, 2006-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 22-ին.
- Ալբերտ Գալատինի գործերը Գուտենբերգ նախագծում
- Friendship Hill National Historical Site
- Albert Gallatin, A Genevan at the root source of the American dream. Exhibition, 14.10.2011–17.03.2012, Library of Genava, Switzerland
- Gallatin, Albert. «REPORT OF THE SECRETARY OF THE TREASURY ON THE SUBJECT OF PUBLIC ROADS AND CANALS». Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- Albert Gallatin's papers at the Indiana State Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Գալատին» հոդվածին։ |
|
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 29 ծնունդներ
- 1761 ծնունդներ
- Ժնև քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1849 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի դեսպանները Մեծ Բրիտանիայում
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի ազգագրագետներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Ամերիկացի լեզվաբաններ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ