Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաա
ابن مقفع
Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաա.jpg
Ծնվել է 724[1]
Ծննդավայր Բասրա,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն
Վախճանվել է 756[2]
Վախճանի վայր Բաղդադ,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն
Մասնագիտություն արձակագիր
Լեզու արաբերեն[3]
Ազգություն պարսիկ
Քաղաքացիություն Flag of Iran.svg Իրան
Ժանրեր Հեքիաթ, Առակ
Ուշագրավ աշխատանքներ «Ադաբ Քաբիր»
«Ադաբ Սաղիր»
«Քալիլա և Դիմնա»
Ibn al-Muqaffa' Վիքիպահեստում

Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաա (724 / 106 հիջրա – 759 / 142 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ - أبو مٰحَمَّد عبد الله روزبه بن داذویه‎‎, Աբու Մուհամմադ 'Աբդալլահ Ռոզբիհ իբն Դազոի, պարսիկ մուսուլման գրականագետ և արձակագիր, համարվում է ադաբի գրականության հիմնադիրը: Ստեղծագործություններից ամենահայտնին արևելյան առակների ժողովածու Քալիլա և Դիմնա-ի թարգմանությունն ու վերապատումն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն ալ-Մուկաֆֆաան ծնվել է 724 թվականին Իրաքի Բասրա քաղաքում, Իրանի Ֆարս նահանգից սերող ընտանիքում: Հայրը Օմայյաների (661-750) իշխանության շրջանում հարկահան պաշտոնյա էր, ով պաշտոնական դիրքը չարաշահելու համար պատժվում է և դառնում հաշմանդամ (արաբերեն՝ مقفع, մուկաֆֆաա): Իբն ալ-Մուկաֆֆաան սպանվել է Աբբասյան երկրորդ խալիֆ Աբու Ջաֆար ալ-Մանսուրի հրամանով՝ հերետիկոսության մեղադրանքով[4]: Պարսիկ բանասերը զրադաշտական էր, որ ձևականորեն իսլամ էր ընդունել [5]:

Իբն ալ-Մուկաֆֆաայի Քալիլա ուա Դիմնան համարվում է միջնադարյան արաբամուսուլմանական մշակույթի գոհարներից մեկը: Այն թարգմանված է Պանչատանտրա (սանսկր.՝ पञ्चतन्त्र, բառացիորեն՝ «Հինգ գիրք», «Հինգ ձեռնարկ» կամ «Հինգ ուղեցույց») գրքից, և հարստացված է պարսկական ու արաբական հեքիաթներով: Նա հիմք է դրել արաբական արձակին և ճանապարհ հարթել հետագա գրականագետների ու արձակագիրների համար"[6]: Ստեղծագործել է միջին պարսկերեն և արաբերեն լեզուներով:

Իբն ալ-Մուկաֆֆաան և ադաբի գրականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիլան՝ աջից, Դիմնան՝ ձախից

«Ադաբ» տերմինը զգալի բովանդակային էվոլյուցիա է ապրել: Օրինակ, նախաիսլամական Արաբիայում «ադաբ» ասելով հասկանում էին նախնիների ժառանգված ավանդական սովորույթերը, բարքերն ու վարվելակերպի կանոնները: Իսլամական շրջանում այս տերմինն այլ բովանդակություն ստացավ և սկսեց նշանակել բարձր հոգևոր արժանիքների, բարեկրթության, հարգալից վարմունքի, քաղաքացու՝ ադիբի էթիկայի հասկացությունների յուրօրինակ համակցություն, որը հակադրվում էր բեդվինների անգրագիտությանն ու կոպիտ բարքերին: Այս հասկացության մեջ մտնում էր գիտելիքների այն ամբողջ կոմպլեքսը, որին պետք է տիրապետեր կիրթ մարդը՝ ադիբը: Այն առաջին հերթին ներառում էր պատմամշակութային և բանասիրական այն հսկայանկան նյութը, որը կազմում էր արաբական մշակույթի հիմքը: 8-րդ դարից խալիֆայության այլ ժողովուրդների մշակույթների հետ արաբների շփման հետևանքով ադաբի բովանդակությունը ընդլայնվեց պարսկական, հունական և այլ մշակույթների հաշվին: Այսինքն ադաբի տակ հասկանում ենք բազմակողմանի բնույթի կրթվածություն:

Ադաբի գրականությունն ուներ ուսուցողական և կրթական նպատակներ, բայց դրանց մեջ կային նաև այնպիսի հատվածներ, որոնք նախատեսված էին ադիբների հանգստի և զվարճանքի համար: Կար նաև ադաբ տերմինի ավելի նեղ, մասնագիտական մեկնաբանում, ըստ որի ադաբ ասելով հասկանում էին կառավարիչներին ու գրագիրներին (քաթիբ) անհրաժեշտ տեղեկությունների ամբողջությունը իրենց պարտականությունների հաջող իրականացման համար: Ադաբի գրականության ստեղծման մեջ մեծ է Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաայի դերը: Նրա ժամանակ պարսկական կիրթ ընտանիքներում հին իրանական մշակույթի իմացությունը տարածված էր: Հասուն տարիքում նա ընդունում է իսլամ և ստանում Աբդալլահ անունը: Մեզ հասած ստեղծագործություններից առաջինները, որոնք պարունակում են ադաբի գրականության ողջ կոմլեքսը Իբն ալ-Մուկաֆֆաայի ստեղծագործությունն են: Դրանցից են «Ադաբ ալ-սաղիր»-ը (արաբ․՝ أدب الصغير‎‎) և «Ադաբ ալ-քաբիր»-ը (արաբ․՝ أدب الكبير‎‎):

Ադաբ ալ-քաբիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ Քալիլա և Դիմնա գրքից

Այս աշխատությունը գրելիս Իբն ալ-Մուկաֆֆաան մեծապես օգտվել է պարսկական աղբյուրներից և շատ հնարավոր է, որ թարգմանել է միջին պարսկերենից: Դրանցում շոշափելի է հունական, պարսկական և հնդկական փիլիսոփայական մտքի ու մշակույթի մեծ ազդեցությունը: «Մեծ Ադաբը» նախատեսված էր նախ և առաջ կառավարիչների և նրանց ժառանգների, պալատական ու տարբեր բարձրաստիճան անձանց համար՝ որպես խրատական բնույթի ընթերցանություն: Հատկապես մեծ կարևորություն է տրվում երկրի ղեկավարի վարքին ու կենսակերպին, հպատակների հետ նրա հարաբերություններին: Ղեկավարը պետք է լինի գործունյա, համեստ և չպետք է շտապի ենթակաների ճակատագիրը որոշելիս: Ենթականերն էլ իրենց հերթին պետքէ հնազանդ լինեն, բայց շատ չցածրանան իրենց ղեկավարի առջև: Ղեկավարը չպետք է լինի խաբեբա, պարծենկոտ, հիշաչար, ժլատություն ցուցաբերի: Նա երբեք չպետք է երդման խոսքեր արտասանի, քանի որ նրա խոսքերի ճշմարտացիությունը ոչ ոքի կողմից չի վիճարկվում: Այստեղ հեղինակը հատուկ կարևորություն է տալիս ղեկավարի`խելացի խորհրդականի ընտրությանը: Քանի որ ղեկավարները կարող են ունենալ պոռթկումներ և միայն խելացի խորհրդականը կարող է նրանց ետ պահել սխալ քայլերից: Նա պետք է խոսքով դաստիարակի արքային, խելամտություն սովորեցնի և նրա անարդար քայլերը կանխի խելամիտ փաստարկներով: Այստեղ նա առաջ է քաշում այն գաղափարը, որ որպես իդեալական օրինակ պետք է ներմուծել Սասանյան Պարսկաստանի կառավարման համակարգը:

Ադաբ ալ-սաղիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ Քալիլա և Դիմնա գրքից

Դիդակտիկ բնույթի այս ստեղծագործությունը նախատեսված է ավելի լայն լսարանի համար: Դրանով հեղինակը նպատակ է ունեցել կատարելագործել հասարակությանը, ուստի այն հասցեագրել է ընթերցողների ավելի լայն շրջանակի: Առաջին հերթին նրան անհանգստացնում էին գեղագիտական խնդիրները և իր կարծիքով իր քարոզած բարոյականությունը պետք է մարդուն երջանիկ դարձներ: Բանականությունը պետք է գերիշխի մարմնի վրա, բանական մարդը պետք է շատ լավ իմանա իր թերությունները և ձգտի վերացնել, ուղղել դրանք, ինքնակատարելագործվի, կառավարի իր գործողությունները: Ըստ նրա՝ մարդն առաջին հերթին պետք է փնտրի հոգեկան ուրախություններ և ոչ թե զգայական վայելքներ, քանզի միայն բանական չափավորությունն է տանում դեպի իսկական երջանկություն: Բանականության կատարելագործմանը պետք է նպաստի ադաբի գրականությունը, առանց որի անհնար է դառնալ կրթված և դաստիարակված անձ՝ ադիբ: Քաղաքական առաջնորդը առաջին հերթին պետք է զբաղվի ինքնակատարելագործմամբ, շատ ուշադիր լինի հասարակության մեջ իր վարքի հանդեպ, սովորի ճարտասանություն և ճիշտ ընտրի ընկերներին և օգնականներին:

Քալիլա և Դիմնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ Քալիլա և Դիմնա գրքից

Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաային մեծ հռչակ է բերել հնդկական բարոյախոսական պատմությունների ժողովածուի թարգմանությունը: Այն վերանվանվել է երկու շնագայլերի անուններով՝ «Քալիլա և Դիմնա»: Հաշվի առնելով մուսուլման ընթերցողների հակումները նա ավելացրել է որոշ գլուխներ, օրինակ նախաբանը, որում խոսում է գրքի նշանակության մասին կամ Դիմնայի հանցագործության հետաքննության մասին գլուխը: Հնարավոր է, որ նրան է պատկանում նաև թագավորի և նրա երեք ընկերների` հայտնի հողատիրոջ որդիների մասին գլուխը, որի իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է խստորեն մնա իր շրջապատի սահմաններում և փորձի վերափոխել իր ճակատագիրը, քանզի բան սահմանված է ի վերուստ: Նա տեքստից հանել է այն ամենը, ինչը կարող էր վիրավորել մուսուլման ընթերցողի զգացմունքները: Արաբականացնելով թարգմանությունը` նա տեքստ է ներմուծել մի քանի մեջբերումներ Ղուրանից: Այն դիդակտիկ բնույթի ստեղծագործություն է, որում հեղինակը ընթերցողին տալիս է կենսական և բարոյական բնույթի խորհուրդներ, սովորեցնում ինչպես պետք է վարվել մարդկանց հետ և ճիշտ ապրել:

Նկարներ Քալիլա և Դիմնա գրքից

Այն հասցեագրված է առաջին հերթին բարձրաստիճան անձանց, իշխաններին ու զինվորական ղեկավարներին: Փորձելով նրանց իրենց հպատակների հետ վարվելակերպի կանոններ սովորեցնել, կոչ է անում չվստահել մատնիչներին և բացբերաններին, չշտապել մեղադրյալներին դատելիս: Գիրքը սկսվում է միջնադարյան արաբական ստեղծագործության համար սովորական դարձած Ալլահի և Մուհամմադ մարգարեի փառաբանմամբ: «Քալիլա և Դիմնա»-ում կա շրջանակային պատմություն հնդկական թագավոր Դաբշալիմի և նրա հպատակ փիլիսոփա Բեյդեբանի մասին, և գրքի շրջանակաձև կառուցվածքը ողջ ստեղծագործությանը տալիս է համաչափ տեսք: Յուրաքանչյուր գլխի սկզբում հետաքրքրասեր թագավորն այդ փիլիսոփային հարց է տալիս կապված այս կամ այն բարոյական, կենսական և այլ խնդրի հետ և պահանջում է պատասխանել հետաքրքրաշարժ ձևով: Վերջինս իր պատմությունները ներկայացնում է նախօրոք որոշված նպատակով, «կենդանիների լեզվով»: Հիմնական առակը, որը պետք է լուսաբանի գլխի գաղափարը, հենց կազմում է գլխի շրջանակը: Պատմողը երբեմն շեղվում է հիմնական պատմություններից մի ինչ-որ նոր առակում մի նոր միտք լուսաբանելու համար: Եվ այդպես առակները ավարտվում են մեկը մյուսի մեջ: Այս թևը կոչվում է շրջանակա–արկղային: Դրանք երկարությամբ նույնանման չեն: Ընդհանուր գաղափարը երբեք դուրս չի գալիս ընթերցողների տեսադաշտից, որն անհամբեր սպասում է վերջաբանին:

Նկարներ Քալիլա և Դիմնա գրքից

«Քալիլա և Դիմնա»-ում կան տարաբնույթ առակներ: Հին ժամանակներում կենդանիները չեն գործում, այլ երկար քննարկում ու հիշեցնում են իրար հետ խոսող մարդկանց և դրանց իմաստը քննարկումների մեջ է: Իսկ մյուս տեսակները հիշեցնում են առակներ և նույնիսկ կենդանի պատմվածքներ՝ հետաքրքրաշարժ բովանդակությամբ: Գործող անձիք մարդիկ են և շատ են փոխաբերությունները: Այս պատմություններում կենդանիները դեռևս օժտված չեն իրենց հատուկ հատկանիշներով և ամեն մի կենդանի պատմության մեջ է ներառվում հանգամանքների բերումով տվյալ գործողությունը կատարելու ունակության, այլ ոչ թե ինչ որ հստակ հատկանիշով օժտված լինելու համար: «Քալիլա և Դիմնա»-ում ոչ միայն մարդիկ են պատմում կենդանիների մասին, այլև կենդանիներն են հաճախ մատնանշում մարդկանց: Հեղինակը մեծ կարևորություն է տալիս ընկերության թեմային և առանձնացնում երկու տեսակ՝ զուտ շահադիտական և հոգեկան մտերմության վրա հիմնված: Նա միջոցներ է առաջարկում ընկերությունն ամրապնդելու համար և կոչ է անում չհավատալ չար լեզուներին՝ բերելով առյուծի և ցլի մասին պատմությունը. մի անգամ առյուծի պալատում հայտնվում է տիրոջ կողմից լքված մի ցուլ: Ցլի ձայնը լսելով առյուծը վախենում է և վախից քարանում: Նրա ծառաներից մեկը՝ Դիմնան, հասկանում է նրա վախի պատճառը և, առիթից օգտվելով, բարձր պաշտոն պահանջում նրանից: Սակայն հանգամանքները այլ կերպ են դասավորվում, որ առյուծը ընկերանում է ցլի հետ: Դիմնան իր վատ արարքներով նպաստում է նրանց միջև ընկերական հարաբերությունների խզմանը: Գաղափարը այն է, որ ղեկավարը չպետք է կուրորեն հավատա իր խորհրդականին և նրա օգնականները պետք է լինեն միայն արժանավորները:

Նկարներ Քալիլա և Դիմնա գրքից

«Քալիլա և Դիմնան» միջնադարյան Արևելքի իմաստության յուրօրինակ գանձարան է և մեծ ազդեցություն է ունեցել գրականության հետագա զարգացման վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118955985 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 14-ին 2015:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb119081409 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. Al-Madaini refers to disarticulation Rouzbeh's limbs and their immolation in an oven (tanour) by Sufyan ibn Muawiyah, governor of Basra, by the order of Caliph Al-Mansur.
  5. Said Amir Arjomand, "`Abd Allah Ibn al-Muqaffa` and the `Abbasid Revolution," Iranian Studies, 27:33 (1994).
  6. Wacks, David A. (2003), Journal of Arabic Literature 34 (1-2): 178–189 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]