Վիտիլիգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտիլիգո հիվանդության ախտանշանները ձեռքերին

«Վիտիլիգո» արտահայտությունը կազմված է լատիներեն vitium՝ արատ բառից ու igo ածանցից, որը թարգմանվում է` արատավոր հիվանդություն։ Վիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է։ Վիտիլիգոյի ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են աճելու, ավելի մեծանալու։ Համարվում է, որ այս հիվանդությունը` վիտիլիգոն, կյանքի ու առողջության տեսանկյունից վտանգ չի ներկայացնում։ Սակայն, բավական է միայն նայես հայելու մեջ, որ ընկնես մտատանջության մեջ։ Բացի գեղագիտական «անհարմարությունից» կամ կոսմետիկական թերություն համարվելուց, այն ահազանգում է օրգանիզմում կատարվող խախտումների մասին։ Ցավոք, երկար ժամանակ վիտիլիգոյին լուրջ ուշադրություն չէր հատկացվում, քանի որ բժշկությունն ավելի «լուրջ» խնդիրներով էր զբաղված։ Հայտնի է, որ հիվանդությունն աուտոիմունային է։ Դա նշանակում է, որ երբեմն մարդու իմունային համակարգում ինչ-որ լուրջ բան է կատարվում. սեփական օրգանիզմի բջիջները սխալմամբ օտարի տեղ են ընդունվում, ու իսկական որս է սկսվում դրանց նկատմամբ։ Այսօր հայտնի է աուտոիմունային ծագման ավելի քան 80 հիվանդություն։ Դրանցից է շաքարային դիաբետը, ցրված սկլերոզը, հեպատիտի որոշ տեսակներ, ռևմատոիդ արթրիտը, գայլախտը, փսորիազը։

Առաջացման պատճառները[խմբագրել]

Այս հիվանդության առաջացման պատճառները լավ ուսումնասիրված չեն, ինչը բարդացնում է դրա բուժումը։Ենթադրվում է, որ այն նյարդաներզատիչ խանգարումների հետևանք է։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է։ Վիտիլիգոն ավելի շատ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց՝ ոչ միայն։

Նախանշանները[խմբագրել]

Բծերի հատվածում աճող մազերը նույնպես գունազրկվում են

Այս հիվանդության ժամանակ քայքայվում են մաշկի գունավոր բջիջները` մելանոցիտները, և առաջանում են սպիտակ բծեր: Դրանցում բացակայում է մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը: Բծերը մեծանում են, միաձուլվում և առաջացնում կաթնասպիտակավուն շատ մեծ հատվածներ, որտեղ աճող մազերը նույնպես գունազրկվում են: Հիվանդությունը չի ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա, բայց հիվանդին անհանգստացնում է սոսկ որպես կոսմետիկական արատ: Առանձին բծեր կարող են ինքնուրույն անհետանալ: Վիտիլիգոն աստիճանաբար վերածվել է լուրջ խնդրի: Եթե ծովափին ուշադիր զննեք, ապա կնկատեք, որ յուրաքանչյուր քսաներորդը նման խնդիր ունի: Պաշտոնական վիճակագրությունը ևս նման տվյալներ է տալիս, ինչը նշանակում է, որ աշխարհում ավելի քան 40 մլն մարդ տառապում է վիտիլիգոյով: Հիվանդանում են հավասարապես թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք` անկախ տարիքից, բայց գերազանցապես` 20 տարեկանից բարձր։ Տարեցտարի հիվանդների թիվն ավելանում է։ Վիճակը վատ է այդ առումով Արևմտյան Եվրոպայում։ Իսկ Իտալիայում ու Շվեյցարիայում մասնագիտացված կլինիկաներ են գործում։ Շատ հայտնի մարդիկ են տառապում այս հիվանդությամբ, սակայն մի բան լավ է, որ վիտիլիգոն վարակիչ չէ, քոր ու ցավ չի առաջացնում։ Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար։ Սակայն փոխանցվում է ոչ թե հենց հիվանդությունը, այլ գենը, որը պատասխանատու է իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար։ «Մաքուր» վիճակով վիտիլիգո հազվադեպ է պատահում։ Հիմնականում այն ուղեկցում է այս կամ այն աուտոիմունային հիվանդությանը, օրինակ` վահանագեղձի գործունեության, աղիների, շաքարախտի հետ կապված խնդիրներին։ Իսկ դա նշանակում է, որ հաճախ իմունային համակարգում որոշակի անհարթություններ են տեղի ունենում` այն սխալմամբ սեփական օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար բջիջներ և սկսում դրանց որսը։ Հայտնի է մոտ 80 տեսակի աուտոիմունային հիվանդություն։ Այն կարող է միանգամից հայտնվել, ասենք, անսովոր վնասվածքից հետո։ Հայտնի են դեպքեր, երբ հիվանդությունն առաջացել է ավտովթարից հետո։ Երբեմն վիտիլիգոն անվանում են ընտրյալների հիվանդություն։ Հաճախ են հիվանդանում հասարակության այն խավի ներկայացուցիչները, որտեղ զուգընկեր պետք է ընտրել սահամանափակ շրջանակներում` ըստ նյութական ու սոցիալական դիրքի։ Հաճախ հիվանդանում են թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ։

Բուժում[խմբագրել]

Մասուրիերի նկարը Փարիզի թանգարանում

Վիտիլիգոն դժվար բուժվող հիվանդություն է համարվում գուցե այն պատճառով, որ դա ոչ միայն մաշկի, այլև ողջ օրգանիզմի հիվանդություն է։ Վիտիլիգո հիվանդությունը բուժում է բժիշկը։ Բծերին կարելի է քսել գրիմ, հեղուկ դիմափոշի, կալիումի գերմանգանատի լուծույթ։ Պետք է խուսափել արևի տակ երկար գտնվելուց, որովհետև թուխ մաշկի վրա սպիտակ բծերն ավելի ցայտուն են դառնում։ Իսկ գոյություն ունեցող միջոցները հիմնականում ուղղված են մաշկային մակերևույթի բուժմանը։ Մինչդեռ, կրկին նշենք, հիվանդությունը ողջ օրգանիզմն է ախտահարում։ Հայտնի է, որ մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը ղեկավարվում է մելանոտրոպ հորմոնով, որն էլ իր հերթին արտադրվում է հիպոֆիզում։ Որոշ մասնագետներ պնդում են, որ այս հորմոնի արտադրման հետ կապված խնդիրներն էլ հանգեցնում են վիտիլիգո հիվանդության զարգացման։ Վիտիլիգոյի բուժման նորանոր մեթոդներ են առաջ գալիս, սակայն վերջնականապես բուժել այն դեռևս չի հաջողվում։ Այս հիվանդության համար շատ օգտակար է «սառը» արևը, իսկ ահա հարավային արևը` վնասակար է։ Հիվանդությունը հաճախ սրվում է գարնանն ու ամռանը` տաք կուրորտներից հետո։ Վիտիլիգոն հաջողությամբ բուժվում է Մեռյալ ծովում ու Իսրայելում։ Կան խորհուրդներ, որոնց կարելի է հետևել ու ամեն անգամ հայելուն նայելով` չտխրել։ - Փոքրիկ բծերը կարելի է տոնային քսուքներով կամ էլ արևայրուքի տպավորություն ստեղծող լոսյոններով ծածկել։ - Արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով փողոց դուրս գալիս պաշտպանական միջոցներ կիրառել։ - Ընդունել B, A, E ,C վիտամիններ և միկրոտարրեր, ինչպիսիք են` պղինձը, ցինկն ու մանգանը։

Ժողովրդական միջոցներ[խմբագրել]

- Ջրոսպի փոշին խառնել մեղրի հետ ու խմել 1-2 գր., օրը 3 անգամ։

- Բծերին օրը 2 անգամ քսել խավարծիլի արմատների թարմ պատրաստված հյութ։

- Բծերը կարելի է մաքրել թեյի գույնով։ Դրա համար 1 թեյի գդալ թեյի գույնի վրա պետք է լցնել 1/4 բաժակ եռջուր ու եռացնել 2-3 րոպե, այնուհետև քամել, սառեցնել մինչև մաշկի ջերմաստիճանին։ Այն պետք է պահել սառնարանում, ոչ ավելի, քան 2 օր։

- Կարելի է ընդունել սրոհունդի լուծույթ` 1։10 հարաբերությամբ` օրը 3 անգամ, 1 ճաշի գդալից, ուտելուց հետո։ 3-շաբաթյա օգտագործումից հետո անպայման պետք է 1 շաբաթ ընդմիջում տալ։ Բուժումը տևում է 4-6 ամիս։ Միաժամանակ խորհուրդ է տրվում նաև կատարել արտաքին բուժում` սրոհունդի յուղով։ Այն պատրաստվում է սրոհունդից և բուսական յուղի 1։10 հարաբերությամբ։ Այս խառնուրդը 3 ժամ տաքացնում են ջրային գոլորշու վրա, հետո լավ քամում են ու քսում բծերին։ Սրոհունդը բարձրացնում է մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ, այդ պատճառով այս պրոցեդուրայից հետո կարելի է արևային լոգանք ընդունել։ Կարելի է սկսել 1-2 րոպեից։ Բուժման ընթացքը տևում է մոտավորապես 30 օր։

- Հում կարտոֆիլի հյութը շատ օգտակար է մաշկի բծերը վերացնելու համար, ինչպես նաև՝ մարսողության խանգարման դեպքում։ Այն մաքրում է օրգանիզմը խարամներից։

- 40 կանաչ ընկույզի պտուղները 2 լ ջրում եփել մարմանդ կրակին մոտ 2 ժամ, այնուհետև ավելացնել 0,5 կգ մեղր կամ շաքար, եփել ևս 10 րոպե ու քամել։ Ստացված օշարակից ընդունել օրը 3 անգամ` ուտելուց առաջ։ Միաժամանակ ուտել եփած 1 ընկույզ։

Հետազոտողները պարզել են, որ պիպերինը, որով պայմանավորված է սև աղացած պղպեղի բաղադրության հիմնական համն ու հոտը, կարող է մաշկի համար խթանիչ հանդիսանալ։ Այն կարող է օգնել վիտիլիգոյի բուժմանը։ Պարզվել է, որ պիպերինը խթանիչ է հանդիսանում մելանոցիտների համար, և դրանք սկսում են արտադրել մաշկի համար անհրաժեշտ պիգմենտը` մելանինը։

Արտաքին հղումներ[խմբագրել]