Ղևտական
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղևտական (եբրայերեն` וַיִּקְרָא (Վա-յիկրա «Եվ կանչեց»)́, լատիներեն` Leviticus; հին հունարեն` Λευϊτικόν), Հին Կտակարանի և Հնգամատյանի երրորդ գիրքը։ Նվիրված է Իսրայելի կյանքի կրոնական-պաշտամունքային կողմին: Բաղկացած է 27 գլխից: Գիրքը մանրամասն ներկայացնում է եբրայական կրոնական օրենքը, ծեսերը, նվիրական անոթները, քահանաների և սպասավորների՝ ղևտացիների (այստեղից էլ՝ գրքի անվանումը) պարտականությունները: Գրքի նպատակը կամ գլխավոր գաղափարն է իսրայելից Աստծու ժողովուրդ կազմել, որը Տիրոջ հետ կլինի հոգևոր, բարոյական սերտ հաղորդակցության մեջ: Այդ նպատակին են ծառայում Ղևտականում զետեղված հրամանները`
- զոհաբերումների տեսակները և կատարման կարգը (Ա-Է գլուխներ)
- հոգևորականների կարգման արարողությունները (Ը-Ժ գլուխներ)
- մաքրության և անմաքրության վերաբերյալ (բոլոր տեսակի անմաքրությունների ցանկը, որոնք խոչընդոտում են մարդուն Աստծո հետ հաղորդակցվելու, ԺԱ-ԺԶ գլուխներ)
- Աստծո ժողովրդի անձնական սրբությունը կենցաղում ու հասարակական կյանքում, ծեսերի, պասշտամունքների մատուցման սրբությունն ու կարգը, սրբազան օրերը և այլն (ԺԷ-ԻԷ)