Մազաթափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մազաթափություն (ալոպեցիա), ճաղատություն կամ հերատություն՝ գլխի, նրա որոշ մասերի մազերի խիստ նոսրացումը կամ թափվելը։ Նկատվում է ցանկացած տարիքում և հաճախ կապված է առողջության խանգարումների հետ։ Կարող են թափվել ոչ միայն գլխի մազերը, այլ նաև հոնքերը, թարթիչները, մորուքը, անութների (թևատակերի) մազերը և այլն։

Մազաթափության պատճառները:[խմբագրել]

Hair 20loss.JPG

Ինչպես արդեն նշվեց, մազաթափությունը հիմնականում մարդու օրգանիզմում որոշակի հիվանդությունների կամ խանգարումների արդյունք է։ Տարեց և ծեր մարդկանց մազերի նոսրացումը կապված է մաշկի տարիքային փոփոխությունների հետ ու նույնքան բնական է, որքան և մազերի սպիտակումը, օրգանիզմի ընդհանուր ծերացումը։ Սակայն երբ մազաթափությունը նկատվում է վաղ տարիքում ու մեծ չափերով, արդեն մտահոգության տեղիք պիտի տա։ Հաճախ մազաթափությունը (հատկապես երեխաների գլխի) դիտվում է ծանր ընթացող վարակիչ հիվանդություններից (գրիպ, դիզենտերիա և այլն) հետո, օրգանիզմում վիտամինների (A, C, B1, B6) անբավարարության, ստամոքսաղիքային համակարգի, լյարդի, վահանագեղձի, սեռական գեղձերի, նյարդային համակարգի քրոնիկական հիվանդությունների դեպքում։ Մազաթափությունը և ճաղատությունը կարող են նաև որոշակի վարակիչ հիվանդությունների, օրինակ՝ սիֆիլիսի բնորոշ ախտանշան լինել, որի դեպքում մազերը ոչ միայն ընդհանուր նոսրանում են, այլև տեղ-տեղ թափվում։

Հաճախ ուժեղ մազաթափություն է նկատվում գերհոգնածության, անքնության ժամանակ, ուսանողների մոտ՝ քննական շրջանում, իսկ կանանց մոտ՝ որոշ սանրվածքների դեպքում՝ մազերի ուժեղ ձգման տեղերում։

Ճաղատությունը, հատկապես տղամարդկաց դեպքում, կարող է նաև սերտորեն կապված լինել մաշկի կազմության ժառանգական առանձնահատկությունների հետ։

Մազաթափության այլ պատճառների շարքում կարելի է ընդգծել ուժեղ սթրեսները կամ հոգեբանական տրավմաները (հաճախ դա կարող է կապված լինել ապահարզանների կամ աշխատավայրում անհաջողությունների հետ), էնդոկրին համակարգի գործունեության խանգարումն ու հորմոնալ փոփոխություններ, որոնք կատարվում են կնոջ օրգանիզմում հղիությունից հետո, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման դադարեցումից հետո, սեռական գեղձերի ֆունկցիաների մարման շրջանում։

Քիմիական կամ ջերմային այրվածքները (կարող եք այդ այրվածքները ստանալ քիմիական գանգրացման, մազերի ներկման ժամանակ, ինչպես նաև ջերմային վարսափաթթուկի ժամանակ (бигуди)) և որոշ դեղահաբերի ընդունումը ևս կարող են դառնալ մազաթափության անմիջական պատճառ։


Մազաթափության տեսակները:[խմբագրել]

Ժամանակակից գրականության մեջ տարբերում են ճաղատության 5 հիմնական տեսակ, որոնցից յուրաքանչյուրի համար պահանջվում է համապատասխան բուժում։

1. Անդրոգեն ճաղատացում (տղամարդկային տիպ)

2. Մազերի ժամանակավոր կորուստ (կանացի տիպ)

3. Օջախային ճաղատացում

4. Մազերի աճի բարձր առաջնային գիծ

5. Մազերի հետվնասվածքային կորուստ։


Տղամարդկանց 95%-ի և կանանց 5%-ի մոտ լինում է անդրոգեն տիպի մազաթափությունը։ Մազերը ախտահարվում են հաճախ երիկամներում տեղի ունեցող փոխանակային պրոցեսների խանգարման պատճառով, մասնավորապես տեստոստերոնի չեզոքացման և արտազատման խանգարման հետևանքով։ Սեռական հասունացման ընթացքում, երբ տեստոստերոնի քանակությունը տղամարդկանց մոտ աճում է մի քանի անգամ, արդեն իսկ 20 տարեկանում հնարավոր է առաջին նշանների հայտնաբերում։

Կանանց 95%-ի մոտ հանդիպում է մազերի ժամանակավոր կորուստ։ Ի տարբերություն անդրոգեն տիպի, մազերի ժամանակավոր կորուստի ժամանակ մազաթափությունը տեղի է ունենում գագաթային մասում և առաջնային աճի գիծը պահպանվում է։ Գտնում են, որ այն կապված է առաջին հերթին գենետիկ նախատրամադրվածության, տարիքի, էնդոկրին համակարգի և հորմոների (անդրոգենների) քանակության խանգարման հետ։

Մազաթափության բուժումը և դրա դեմ պայքարի միջոցները:[խմբագրել]

Ֆոլեկուլային գրաֆիտների մեթոդ

Թեև կան ընդհանուր միջոցներ և խորհուրդներ, որոնք նպաստում են մազաթափության դեմ պայքարելուն, միևնույն է, պետք է իմանալ, որ մազաթափության կամ ճաղատության յուրաքանչյուր ձև պահանջում է յուրովի մոտեցում և բուժում՝ կախված հիվանդության առաջացման պատճառներից։

Եթե օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ, սա նորմայի սահմաններում է։ Սակայն, եթե թափվող մազերի թիվը գերազանցում է նորման, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել աճն ակտիվացնող, մազաթափության դեմ շամպուն։ Մազաթափության առաջին նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է. մազերը կարճ պահել, քանի որ երկար մազերը լվանալիս և սանրելիս ավելի հաճախ են թափվում. մազերը լվանալ առանց կտրուկ շարժումների, ցանկալի է գլուխը խոնավացնել սրբիչով. քիչ օգտվել ֆենից։ Տաք օդը չորացնում է մաշկը, մազերը դառնում են բարակ ու կոտրվող։ Ֆենը գլխին 15սմ-ից մոտ չի կարելի պահել. ճիշտ ընտրել մազերը լվանալու միջոցը։ Շամպունը անմիջապես գլխին չլցնել, այլ ջրով բացել, այնուհետև մի փոքր քսել գլխին։

Ուժեղ մազաթափության դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի։ Ճաղատության նշաններն ի հայտ են գալիս հանկարծակի, փոքր մասով, որը կարող է մեծանալ։ Եթե առաջանում են նոր կլորավուն հատվածներ, որոնք կարծես միաձուլվում են մինչև մազերի թափվելը, պետք է իմանալ, որ այս ձևն ունի խրոնիկ բնույթ, դժվար է բուժվում, իսկ բուժվելուց հետո էլ կարող է կրկնվել։

Հաճախ բուժման լավագույն միջոցը դառնում է մազերի փոխպատվաստումը, որը ենթադրում է միկորվիրահատական պրոցեդուրա, որի ժամանակ մազերն ավելի խիտ հատվածից հանվում են և տեղափոխվում նոսր հատվածները։ Առաջին անգամ նման փոխպատվաստման փորձ է արվել ամերիկացի բժիշկ Օրենտրեյկի կողմից։ Նախկինում մազերի փոխպատվաստում ասելով հասկանում էին արհեստական սինթետիկ մազերի տեղադրում։ Սակայն այս մեթոդը բացասաբար էր ազդում առողջության վրա, ուստի շուտով արգելվեց։ Դոնորային մյուս ձևը՝ փոխպատվաստումը մազափնջով ևս չընդունվեց մասնագետների կողմից, քանի որ շատ ցավոտ էր և արտաքին տեսքն էլ՝ անբնական։ Այդ իսկ պատճառով, այս բնագավառում անընդհատ շարունակվում էին փորձերը, որպեսզի գտնվեն նոր և արդյունավետ միջոցներ։ Ժամանակի հետ ի հայտ եկավ ֆոլեկուլային գրաֆիտների մեթոդը։ Գրաֆիտներն իրենցից ներկայացնում են մազերի անհատական խումբ՝ անպայման ֆոլեկուլներով։ Այդ մազերը վերցվում են գենետիկորեն ամուր ու դիմացկուն հատվածից՝ ծոծրակից։ Դրանք լավ պահպանվում են և ապահովում հնարավորինս բնական տեսք, առողջության վրա էլ բացասական ազդեցություն չեն թողնում։ Մազերի փոխպատվաստման վիրահատությունը կարող է իրականցվել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման միջոցով։ Այս եղանակով մազերի փոխպատվաստումը մասնագետները համարում են <<ոսկե չափանիշ>>։ Սակայն, իհարկե, լավ արդյունք կարելի է ստանալ միայն ճիշտ մասնագիտական մոտեցմամբ։

Գրականություն[խմբագրել]

Հանրամատչելի բժշկական հանրագիտարան, Երևան, 2001թ.

Արտաքին հղումներ[խմբագրել]