Արևայրուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքի արևայրուք

Արևայրուք, մաշկի գույնի փոփոխում, թխացում՝ վերնամաշկում մելանին պիգմենտի քանակի ավելացման հետևանքով։ Տեղի է ունենում արևի կամ լույսի արհեստական աղբյուրների (էլեկտրական աղեղ, սնդիկաքվարցային լամպ), ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների երկարատև ազդեցությունից։ Արևայրուք առաջանում է աստիճանաբար, բազմակի կամ միանվագ ճառագայթումից և կախված է ճառագայթման տևողությունից, խտությունից, մաշկի զգայնությունից։ Երկարատև ճառագայթումը երբեմն բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա, ուստի այն անհրաժեշտ է կատարել բժիշկների թույլտվությամբ և հսկողությամբ։ Արևայրուքի կանխարգելման նպատակով օգտագործում են քինինի և մաշկը պաշտպանող քսուքներ։

Պատճառ[խմբագրել]

Լողափում արևի լոգանք ընդունող կին

Արաևյրուքը մաշկի թխացումն է՝ վերնամաշկում մելանին գունակի ավելցուկային առաջացման հետևանքով: Տեղի է ունենում անդրամանուշակագույն ճառագայթների կամ լույսի արհեստական աղբյուրների (սնդիկաքվարցային լամպեր և այլն) ազդեցության տակ: Արաևյրուքը, որպես կանոն, օրգանիզմի վրա նշված ճառագայթների բարենպաստ ազդեցության արդյունք է, որի դեպքում առաջանում են կենսաբանորեն ակտիվ նյութեր և խթանում նյարդային ու ներզատիչ համակարգերի գործունեությունը, լավացնում նյութափոխանակությունը, բարձրացնում դիմադրողականությունը վարակիչ և այլ հիվանդությունների նկատմամբ: Դա կատարվում է ինչպես անդրամանուշակագույն ճառագայթների վարակազերծող ազդեցության հաշվին, այնպես էլ օրգանիզմի ոչ առանձնահատուկ ռեակտիվության բարձրացման հետևանքով: Նշված ճառագայթների ազդեցության տակ ճարպագեղձերի արտազատուկի կազմության մեջ մտնող էրգոստերինից առաջանում է վիտամին D, որն իր հերթին նպաստում է աղիքներից կալցիումի ներծծմանը: Վերջինս անհրաժեշտ է ոսկրային համակարգի (վիտամին D-ի անբավարարության դեպքում առաջանում է ռախիտ), արյան մակարդող համակարգի:

Արևայրուքը օրգանիզմի պաշտպանական հակազդեցություն է: Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ խթանվում է վերնամաշկիհիմնային շերտի բջիջների աճումը, որտեղ կան մելանինով հարուստ հատուկ բջիջներ՝ մելանոֆորներ: Դրա հետ միաժամանակ տեղի ունեցող մաշկի եղջերաշերտի հաստացումը և ջերմային ճառագայթներ կլանելու մելանինի ունակությունն օրգանիզմը պաշտպանում են երկարալիք անդրամանուշակագույն ճառագայթներից (որոնց երկարատև ներգործությունը կարող է առաջացնել ենթամաշկային շերտի բջիջների ոչնչացում և արևային այրվածք), ինչպես նաև ենթակարմիր ճառագայթներից, որոնք գերտաքացման և արևահարության հիմնական պատճառներից են: Արևի ճառագայթներից պաշտպանության լրացուցիչ միջոց է քրտնարտադրությունը: Քրտինքի բաղադրիչ մասը՝ ուրոկանինաթթուն, ակտիվորեն կլանում է անդրամանուշակագույն ճառագայթները:

Արևի լոգանք ընդունելիս պետք է գլուխը ծածկել գլխաշորով կամ ծղոտե գըլխարկով, դնել մուգ ապակիներով ակնոց: Արևի ճառագայթների ուղղակի ներգործությունից կարող է առաջանալ շաղկապենաբորբ: Ուտելուց անմիջապես հետո կամ քաղցած վիճակում չի կարելի մնալ արևի տակ, խիստ վնասակար է նաև քնելը: Չափից ավելի ճառագայթվելը, որքան կարելի է արագ թխանալը, բացի ընդհանուր հիվանդագին երևույթներից (տկարություն, գրգռվածություն, անքնություն, գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում, դող), կարող են առաջացնել նաև մաշկի այրվածք, երկարատև կարմրություն (էրիթեմա) և արևահարություն:

Նշանակություն[խմբագրել]

Արհեստական արևային լոգանքի սարք

Արևայրուքն օգտակար է ոչ բոլորի համար: Տարեց մարդկանց, մինչև 2 տարեկան երեխաներին, հղի կանանց, ինչպես նաև թոքերի քրոնիկական հիվանդություն (հատկապես՝ տուբերկուլոզ), սիրտանոթային համակարգի հիվանդություններ, նյարդաթուլություն, կարմիր գայլախտ ունեցող մարդկանց հակացուցված է երկար ժամանակ արևի տակ մնալը: Նշված դեպքերում պետք է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ: Երբեմն նկատվում է բարձր զգայնություն արևի ճառագայթների նկատմամբ, որը սովորաբար կապված է մաշկում մելանինի անբավարար քանակության կամ լրիվ բացակայության հետ: Այդպիսի մարդկանց մաշկը չի թխանում, այլ կարմրում է, և արագ այրվածք առաջանում: Բարձր զգայնությունը կարող է առաջանալ նաև հիվանդությունների հետևանքով լյարդի ֆունկցիայի խանգարման, ալկոհոլի չարաշահման, պորֆիրինային փոխանակության ժառանգական խախտումների դեպքերում: Դա արտահայտվում է ճառագայթման ենթարկված մաշկի բաց հատվածների վրա այրոցի, կարմրության, այտուցի, բշտիկների և մաշկաբորբի այլ ախտանշանների առաջացմամբ: Բարձր զգայնության դեպքում չպետք է արևի տակ մնալ, անհրաժեշտ է հագնել բաց գույնի, թեթև կտորից կարված հագոսււտ, մաշկի բաց հատվածներին քսել պաշտպան, քսուքներ, օգտագործել հովանոց և ակնոց: Որոշ մարդկանց մաշկում մելանին պարունակող բջիջներն անհավասար են բաշխված, և արևի տակ մնալուց առաջանում են պեպեններ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png