Ասպիրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասպիրին, (ացետիլսալիցիլաթթու,Aspirin. acetylsalicylic acid)։ Օրգանիզմում ասպիրինն արագորեն կենսաձևափոխվում է սալիցիլաթթվի, որն էլ այս դեղի ազդեցությունների զարգացման հիմնական պատասախանատուն է։ Այլ ազդեցությունները որոշ մակրոմոլեկուլների(այդ թվում COX-ի) ացետիլացման արդյունք են։ Լինելով ամենահին ցավազերծիչ հակաբորբոքային դեղերից՝ ասպիրինը մինչ օրս գործնական կիրառություն ունի։

Ցավազերծող, տենդամարիչ և հակաբորբոքային ազդեցությունները[խմբագրել]

Մորֆինանման դեղերի հետ համեմատած՝ ասպիրինն ավելի թույլ ցավազերծիչ է։ Ասպիրինի 600 մգ-ը ≤կոդեինի 60 մգ-ին։ Ասպիրինը մեղմում է բորբոքային, հյուսվածքների վնասման հետ կապված, շարակցական հյուսվածքի և ծածկույթի ցավերը, սակայն գրեթե անարդյունավետ է ընդերային և իշեմիկ ցավերի դեպքում։ Ցավազերծող ազդեցությունը հիմնականում հետևանք է ծայրամասային ցավաընկալիչների զգայունության նվազման, ինչը պայմանավորված է նյարդային վերջույթիների՝ PG-ով միջնորդված գերզգայունության վերացմամբ։ Առկա նաև ազդեցության կենտրոնական բաղադրիչ՝ ենթակեղևային մակարդակով ազդեցության արդյունքում ցավազգայնության շեմքի բարձրացում։ Ասպիրինին բնորոշ չեն հանգստաբեր ազդեցությունը, հոգեհուզական ոլորտի փոփոխությունները, ընտելացումը և ֆիզիկական կախյալությունը։

Ասպիրինը, ազդելով ենթատեսաթմբում տեղակայված ջերմակարգավորման կենտրոնի վրա, ակտիվացնում է ջերմատվությունը. տենդի դեպքում արագ իջեցնում է մարմնի ջերմաստիճանը(քրտնարտադրություն, մաշկի անոթների լայնացում)։ Սակայն միևնույն ժամանակ ասպիրինը չի իջեցնում ջերմագոյացումը։

Հակաբորբոքային ազդեցությունը դրսևորվում է մեծ դեղաչափերով կիրառելիս(3-6գ/օր, կամ 100մգ/կգ/օր)։ Բորբոքման ախտանիշները՝ ցավը, գերզգայունությունը, այտուցը, անոթալայնացումը և լեյկոցիտային ինֆիլտրացումը ընկճվում են։ Սակայն բուն հիվանդության ընթացքը(ռևմատաբնույթ հոդաբորբը, ռևմատիզմը, ոսկրահոդաբորբը (օստեոարթրիտ)) մնում է անփոփոխ։