Քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ուռուցք

Քաղցկեղը էպիթելային հյուսվածքից ծագող չարորակ ուռուցք է, որին բնորոշ է բջիջների ինքնավար և անվերադարձ աճը։ Քազցկեղը կազմում է չարորակ ուռուցքների շուրջ 90%-ը։ Բացահայտված է, որ քիմիական և ֆիզիկական քաղցկեղածին գործոններից շատերն օժտված են մուտագեն հատկությամբ, որի պարզաբանմամբ դրվեց քաղցկեղի սոմատիկ մուտացիայի պատճառական տեսության հիմքը։ Դրանով քաղցկեղն որակվեց որպես սոմատիկ բջիջների գենետիկական նյութի որակական փոփոխությունների կամ մուտացիայի հետևանքով առաջացած հիվանդություն։ Ի տարբերություն էքսոֆիտ բնույթ ունեցող էպիթելային բարորակ ուռուցքների, էնդոֆիտ քաղցկեղի դեպքում ուռուցքային բջիջները կամ նրանց խմբերն անսահմանորեն թափանցում, ներաճում են ինչպես տվյալ օրգանի խորանիստ շերտերը, այնպես էլ հարևան հյուսվածքները։ Ուռուցքը ներաճում է դեպի ավշային և արյունատար անոթները, քաղցկեղային բջիջները տարածվում են ամբողջ օրգանիզմում և առաջ բերում ուռուցքային նոր հանգույցներ՝ մետաստազներ։ Դրա հետ մեկտեղ լինում են նաև խառը՝ էքսո-էնդոֆիտ ձևեր, երբ ներաճման հետ նկատվում է նաև էքսոֆիտ աճ դեպի օրգանի կամ հյուսվածքի խոռոչը։ Քաղցկեղային հյուսվածքի արյան շրջանառության խանգարման հետևանքով ուռուցքը խոցակալվում է և դառնում ափսեանման (ստամոքսի, աղիքի քաղցկեղ)։ Երկրորդային փոփոխությունների հետևանքով ուռուցքի հյուսվածքն այտուցվում է, լորձակալվում, անոթները խցանվում կամ քայքայվում են, նկատվում են կիստաների գոյացում, սպիացման և կրակալման, իսկ հազվագյուտ՝ ոսկրացման օջախներ։ Քաղցկեղի անվանումն երբեմն պայմանավորված է բջիջների արտադրած նյութով կամ նրա կառուցվածքով։ Տարբերում են լորձարտադրող, լորձանման, կեղծ-լորձային կամ մատանիանման բջիջներ, որոնք բոլորն էլ գեղձային բջիջներ են և առավել հաճախ նկատվում են ստամոքսի կամ հաստ աղիքի ախտահարման դեպքում։ Երբեմն այսպիսի ուռուցքը կորցնում է իր գեղձային կառուցվածքը, իսկ ուռուցքային բջիջները միայնակ կամ խմբերով տեղակայվում են լորձային զանգվածում (լորձային քաղցկեղ)։ Լորձային քաղցկեղը խիստ չարորակ է և բնորոշվում է վաղ մետաստազավորմամբ։ Մաշկի տափակբջջային քաղցկեղի դեպքում հաճախ առաջանում է եղջերացնող նյութ, այսպես կոչված «քաղցկեղային մարգարիտների» տեսքով, որը գոյանում է բնականոն վերնամաշկի բջիջներից։ Քաղցկեղի առավել ընդունելի անվանումն ադենոկարցինոման է, որը բնորոշում է ուռուցքի ինչպես չարորակ բնույթը, այնպես էլ՝ հյուսվածքային պատկանելությունը։ Գոյություն ունեն քաղցկեղի կլինիկական 2 դասակարգումներ՝ հայրենական և միջազգային։ Համաձայն հայրենական դասակարգման տարբերում են 4 փուլեր։ Առաջին փուլ, փոքր, սահմանափակ ուռուցք՝ առանց մոտակա ավշահանգույցների մետաստատիկ ախտահարման։ Երկրորդ փուլ, ավելի մեծ չափերի ուռուցք նույն օրգանի սահմաններում կամ նույն չափի, ինչ առաջին փուլի դեպքում, մոտակա ավշահանգույցների հատուկենտ մետաստատիկ ախտահարմամբ։ Երրորդ փուլում ուռուցք տարածվում է հարևան օրգանների ու հյուսվածքների վրա և մոտակա ավշահանգույցներում առկա են բազմաթիվ մետաստազներ։ Չորրորդ փուլ, հարակից օրգանների և հյուսվածքների ուռուցքայի տարածուն ախտահարում, մոտակա ավշային հանգույցների կամ հեռավոր օրգանների մետաստատիկ ախտահարմամբ։ Միջազգային կլինիկական դասակարգումը կատարվում է 3 ցուցանիշներով՝ ուռուցքի մեծությամբ, մոտակա ավշահանգույցներում մետաստազների առկայությամբ, ինչպես նաև հեռավոր օրգանների կամ հյուսվածքների մետաստատիկ ախտահարմամբ։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Բուժումը․ պետք է լինի համակցված, կիրառվում են վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման տարբեր եղանակների զանազան զուգորդումներ։ Հիվանդության ելքը պայմանավորված է քաղցկեղի կլինիկական և հյուսվածաբանական տեսակներով, քաղցկեղային բջիջների տարբերակման աստիճանով, ինչպես նաև ուռուցքի տեղակայումով։ Հիվանդության ելքի վրա մեծ ազդեցություն ունի հիվանդ օրգանիզմի իմունաբանական վիճակը (արտահայտված ընկճվածության դեպքում հիվանդության ելքն անբարենպաստ է)։

Գրականություն[խմբագրել]

Эволюция вирусогенетической теории возникновения опухолей, М․, 1975 Эпиде¬миология рака в СССР и США, под ред․ Հայկական Սովետական Հանրագիտարան