Մելանոցիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանոցիտ և մելանին

Մելանոցիտներ (հուն.՝ μέλας - սև, մուգ և հուն.՝ κύτος - տարա, այստեղ՝ բջիջ ) - մելանին գունակ արտադրող մասնագիտացված բջիջներ։ Տեղակայված են հիմնականում մաշկում՝ վերնամաշկի հիմային բջիջների շերտում, մազի մատրիքսում, ինչպես նաև, համեմատաբար քիչ քանակով, աչքի միջին թաղանթում (անոթաթաղանթ), ներքին ականջում, մենինգեալ թաղանթում, ոսկրերում և սրտում։ Մարդկանց մոտ պայմանավորում են մաշկի գույնը։

Ծագումը[խմբագրել]

Մելանոցիտները ունեն էկտոմեզենքիմային ծագում։ Մելանոբլաստներից նրանց վերջնական տարբերակումը կատարվում է նյարդային կատարում և նյարդային խողովակում, հյուսվածքային շրջապատի և հիպոֆիզի մելանոտրոպին հորմոնի ազդեցության տակ։ Մարդու էպիդերմիսում առաջին մելանոցիտները հայտնվում են էմբրիոգենեզի 2-րդ ամսում, իսկ դերմայում՝ դրանից 2 շաբաթ առաջ։

Կառուցվածքը[խմբագրել]

Մելանոցիտները ելուստավոր, դենդրիտային բջիջներ են։ Ելուստները պարունակում են բազմաթիվ մելանոսոմներ, ռիբոսոմներ և հաղորդակցվում են հարակից կեռատինոցիտների հետ դեսմոսոմների միջոցով։ Յուրաքանչյուր մելանոցիտ իր այդ ելուստներով կապված է մի խումբ հարևան կեռատինոցիտների հետ. այդպիսի կառուցվածքը անվանում են էդիդերմալ-մելանոցիտային միավորում։

Մելանինը մելանոցիտներում տեղակայվում է հատուկ օրգանելների՝ մելանոսոմների մեջ, որոնցում և տեղի է ունենում մելանինի սինթեզը։

Մելանոցիտներից դեպի կեռատինոցիտներ մելանինի տեղափոխման մեխանիզմը դեռևս մինչև վերջ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն իրականացվում է կեռատինոցիտի կողմից առանձին մելանոսոմները կամ նրանց խմբերը ֆագոցիտոզի ենթարկելու եղանակով։

Ֆունկցիաները[խմբագրել]

Մելանոցիտները կատարում են պաշտպանական ֆունկցիա. օրգանիզմը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ի պատասխան ՈՒՄ-ճառագայթման ուժգնացման տեղի է ունենում մելանինի քանակի ավելացում մելանոցիտներում։ Մելանինը ընտրողաբար կլանում է արևային ճառագայթման ուլտրամանուշակագույն սպեկտրը։ Բացի այդ մելանինը կատարում է նաև յուրահատուկ ջերմամեկուսիչ ֆունկցիա։

Մաշկի գույնը պայմանավորված է ոչ թե էպիդերմիսում մելանոցիտների քանակով (որն ընդհանուր առմամբ հաստատուն է տարբեր ռասայի ներկայացուցիչների մոտ), այլ մելանոսոմների՝ մելանինով հագեցվածությամբ։ Տարբերում են էումելանոսոմներ և ֆեոմելանոսոմներ, որոնք պարունակում են համապատասխանաբար էումելանին և ֆեոմելանին գունակներ, և պայմանավորում են մաշկի գույնի համապատասխանաբար մուգ (սև-դարչնագույն) և բաց (դեղնա-կարմիր) երանգները։

Հիվանդություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Кожные и венерические болезни. Учебное руководство. В.П. Адаскевич, В.М. Козин. 2006, ISBN 5-89677-076-6

Արտաքին հղումներ[խմբագրել]