Հիպոֆիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպոֆիզ, ստորին մակուղեղ (hypophysis cerebri, glandula pituitaria), մարդու և ողնաշարավոր կենդանիների ներզատիչ գեղձ, որը կարևոր դեր է խաղում հորմոնային կարգավորման պրոցեսներում։ Գտնվում է գանգի խոռոչում՝ թրքական թամբի փոսիկում և ոտիկով միացած է գլխուղեղի հետ։ Հիպոֆիզի ձևը, չափերը և կշիռը առանձին տեսակների մոտ տարբեր են և կախված են տարիքից ու օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից։ Մարդու Հիպոֆիզի կշիռը 0, 5—0, 6 գրամ է։

Նշանակություն[խմբագրել]

Հիպոֆիզը բաղկացած է երեք բլթից. առաջային՝ գեղձային (ադենոհիպոֆիզ), միջին (միջանկյալ) և ետին՝ նյարդային (նեյրոհիպոֆիզ)։ Առավել բարդ և բազմազան է հիպոֆիզի առաջային բլթի ֆիզիոլոգիական դերը, նրա բնականոն ֆունկցիայով են պայմանավորված օրգանիզմի աճն ու բազմացումը, հիմնական, ածխաջրային, հանքային, ճարպային և սպիտակուցային փոխանակությունը։ Առաջային բլթի մզվածքից անջատել են 6 հորմոն՝ աճի կամ սոմատոտրոպ հորման, թիրեոտրոպ հորմոն, ֆոլիկուլախթանիչ հորմոն, լյուտեինացնող հորմոն, պրոլակտին (լյուտեոտրոպ հորմոն), և ադրենոկորտիկոտրոպ (ԱԿՏՀ)։ Միջանկյալ բիլթն արտադրում է մելանոխթանիչ (ինտերմեդին) հորմոնը, որը մասնակցում է մաշկի և աչքի ցանցաթաղանթի գունավորման (պիգմենտացիայի) կարգավորմանը։ Ետին բլթի հիմնական զանգվածը բաղկացած է նեյրոգլիայից, որի մեջ պարփակված են նյարդաթելերի խրձեր։ Մասնակցում է արյան ճնշման, միզարտադրության (վազոպրեսին) և արգանդի մկանունքի գործունեության (օքսիտոցին) կարգավորմանը։

Հիպոֆիզի արյունամատակարարումը հարուստ է և բազմաթիվ նյարդային հաղորդչական ուղիներով կապված է գլխուղեղի, մասնավորապես՝ հիպոթալամուսի հետ։ Նեյրոգլիայի և նյարդային թելերի միջև կուտակվում է արտազատուկ, որը մշակվում է հիպոթալամուսի կորիզների բջիջներում և անցնում արյան հոսքի մեջ։ Հիպոֆիզի բնականոն գործունեության խանգարումները կարող են արտահայտվել նրա առանձին ֆունկցիաների ուժեղացմամբ (հիպերպիտուիտարիզմ) կամ թուլացմամբ (հիպոպիտուիտարիզմ), հազվադեպ՝ լրիվ անհետացմամբ։ Հիպոֆիզի գերֆունկցիան արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում գիգանտիզմի, մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացմամբ։ Ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է գաճաճահասակությոմւ, հոգեկան թերզարգացում, ինֆանտիլիզմ, ածխաջրային և ճարպային փոխանակության խոր փոփոխություններ, օքսիդացման պրոցեսների նվազում, մեծահասակների մոտ՝ ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։ Որոշ հիպոֆիզային հիվանդությունների (Իցենկո-Կուշինգի, անշաքար դիաբետ, վաղաժամ սեռական հասունացում) զարգացման մեխանիզմում կարևոր դեր ունեն հիպոթալամուսի գործունեության առաջնային խանգարումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png