Քոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղային քոր
Տարածուն քոր

Քոր, տհաճ զգացում, առաջանում է մաշկի ցավազգաց նյարդային վերջույթների կայուն թույլ գրգռումից և ուղեկցվում մաշկը քորելու պահանջով։

Տեսակներ[խմբագրել]

Այն կարող է լինել՝

  • սուբյեկտիվ զգացում՝ տարբեր հիվանդությունների ախտանշան,
  • ինքնուրույն մաշկային հիվանդություն, որը դասվում է նեյրոդերմատոզների շարքը։

Հիվանդությանը բնորոշ են ուժեղ քորի նոպաները (երեկոյան կամ գիշերը, ավելի պակաս՝ ցերեկը), այնուհետև օբյեկտիվ փոփոխությունների առաջացումը՝ սովորաբար քերծվածքների և արյունային կեղևիկների ձևով։ Կախված ախտահարման տարածվածությունից՝ տարբերում են քորի հետևյալ տեսակները՝

Սահմանափակ կամ տեղային քոր, առաջացման պատճառներ[խմբագրել]

Տեղային քորն ամենից հաճախ տեղակայվում է արտաքին սեռական օրգանների ու հետանցքի մաշկի շրջաններում։ Առաջացման պատճառները կարող են լինել որդերի (հատկապես սրատուտ) առկայությունը, ուղիղ աղիքի, հետանցքի, արտաքին սեռական օրգանների բորբոքումները, տեղային խանգարումներով արտահայտվող վեգետոնևրոզը, նյարդա-հոգեկան, նյարդասեքսուալ, ներզատիչ գեղձերի և այլ օրգանների ու համակարգերի գործունեության խանգարումները։

Տարածուն քոր, առաջացման պատճառներ[խմբագրել]

Համընդհանուր կամ տարածուն քորի պատճառ կարող են լինել նաև նյութափոխանակության խանգարումները (ծերունական քոր), թունավորումները (օրինակ, հղիության դեպքում) և այլն։

Քորի պատճառները դեռևս լրիվ պարզաբանված չեն, սակայն հայտնի է, որ նոպայի ժամանակ արյան մեջ ու մաշկում ավելանում են հիստամինի, ացետիլխոլինի ու բրադիկինինի քանակությունները։

Բուժում[խմբագրել]

Հիմնական հիվանդության հայտնաբերում և բուժում։ Նյարդային խանգարումների դեպքում՝ հանգստացնող դեղամիջոցներ (բրոմ, կալցիումի քլորիդ, կատվախոտի թուրմ՝ վալերիանա, քնաբերներ), արտաքին օգտագործման համար՝ քսուքներ, օծանելիքներ և լուծույթներ (ծծմբի, անեսթեզինի, նավթալինի, կորտիկոստերոիդների պարունակությամբ), հակահիստամինային դեղամիջոցներ (դիազոլին, պիպոլֆեն, սուպրաստին, դիմեդրոլ, էտիզին)։ Համառ ու տանջող քորի դեպքում նշանակում են նաև կորտիկոստերոիդային հորմոններ (մի քանի օր), հիպնոս, էլեկտրաքուն, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, առողջարանային բուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png