Մարդու վերարտադրողական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմացման նշանակությունը[խմբագրել]

Կյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների իրենց նմաններին վերարտադրելու ֆունկցիան է։ Դա իրականանում է բազմացման միջոցով։ Գոյություն ունի բազմացման երկու հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական։

Հայտնի է,որ անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմը զարգանում է մայրական օրգանիզմի մեկ բջջից կամ բջիջների խմբից։ Բազմացման առավել կատարյալ եղանակաը սեռական բազմացումն է,որին մասնակցում են երկու՝ արական և իգական անհատներ։ Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ,իգականում՝ ձու կամ ձվաբջիջ,արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ։ Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ,որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ։

Սաղմի զարգացման ընթացքում աստիճանաբար խիստ հաջորդականությամբ առաջանում են տվյալ օրգանիզմի բնորոշ առաձնահատկություններ։

Արական սեռական համակարգ[խմբագրել]

Արական սեռական օրգանների համակարգ
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արական սեռական համակարգ

Մարդու արական սեռական համակարգի օրգաններն են ամորձիները,սերմնածորանները,սերմնաբշտերը,շագանակագեղձը և առնանդամը։

Ամորձիները՝ սերմնարանները,զույգ խառը գեղձեր են,տեղավորված են ամորձապարկի մեջ և կազմված են գալարուն խողովակներից,որոնցում զարգանում են սպերմատոզոիդներ և սինթեզվում արական սեռական հորմոններ։ Սպերմատոզոիդը մանրադիտակային մեծությամբ է,ունի պոչ,որի ալիքաձև շարժումներով ինքնուրույն տեղաշարժվում է։ Սերմնարաններում արտադրված սեռական հորմոնները նպաստում են արական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշների՝ ցածր ձայնի,դեմքի,մազերի,մարմնակազմվածքի ձևավորմանը և կարգավորում են սեռական ֆունկցիաները։ Ամորձուց սպերմատոզոիդներն անցնում են սերմնածորանի մեջ,որն ամորձու հետևով բարձանում է վեր ու սերմնալարի կազմում մտնում որովայնի խոռոչ,ապա իջնում կոնքի խոռոչ։

Սերմնաբշտերը սպերմատոզոիդների պահեստ են,գտնվում են կոնքի խոռոչում,արտադրվում են նրանց կենսունակությունն ապահովող հեղուկ,որի մեջ վերջնականապես հասունանում են։ Սերմնաբշտիկց սկսվում է արտազատող ծորան,որը միանալով նույն կողմի սերմնածորանին,շագանակագեղձի սահմանում բացվում է միզուկի մեջ։

Շագանակագեղձն իր անվանումն ստացել է շագանակի ձև ու մեծություն ունենալու շնորհիվ։ Այն տեղավորված է միզապարկի տակ,արտադրում է սպերմատոզոիդների ակտիվությունն ու կենսունակությունն ապահովող հեղուկ,որը ծորաններով լցվում է գեղձի հաստության միջով անցնող միզուկի մեջ։ Սպերմատոզոիդների և նշված հեղուկների խառնուրդը կոչվում է սերմ (սպերմա)։

Իգական սեռական համակարգ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իգական սեռական համակարգ

Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները,արգանդափողերը,արգանդը,հեշտոցը և ամոթույքը։

Ձվարանները զույգ խառը գեղձեր են,տեղավորված են որովայնի խոռոչում։ Նրանցում զարգանում են իգական սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ և սինթեզվում սեռական հորմոններ։ Վերջիններս ապահովում են իգական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները (բարձր ձայն,կաթնագեղձերի մեծացում,մարմնի որոշ մասերում ճարպի կուտակում,մարմնակազմվածքի ձևավորում) և սեռական ֆունկցիաները։ Ձվարանը կազմված է կեղևային և միջուկային շերտից։ Կեղևային շերտում կան ձվարանային բշտեր՝ պարկուճներ (ֆոլիկուլներ),որոնց մեջ զարգանում են ձվաբջիջներ։ Նորածին աղջկա ձվարանում կա 400000 չհասունացած ձվաբջիջ,որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300-500-ը։ Մնացածներն ապաճում են։ Հասունացած ձվաբջիջը կենդանական աշխարհի ամենամեծ բջիջն է և երևում է անզեն աչքով։ Ձվարանի միջուկային շերտը կազմված է շարակցական հյուսվածքից և պարունակում է արյունատար անոթներ,նյարդեր։

Արգանդափողերը (ձվատար փողերը) սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին։ Նրանք ճկույթի հաստությամբ խողովակներ են,ձվարանին մոտեցնող ծայրը ձագարաձև է,ծոպավոր,որի մեջ ձվարանից անցնում է հասունացած ձվաբջիջը։ Արգանդափողի խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելային հյուսվածքով։ Թարթիչների տատանողական շարժումների ու փողերի գալարակծկումների շնորհիվ ձվաբջիջը մղվում է արգանդի խոռոչ։

Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է,որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Խոռոչում զարգանում է պտուղը,ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը։ Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը,տեղավորված է հեշտոցում։ Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է,որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը,իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ։ Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ,ապա արգանդափողերի մեջ։ Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է։

Կույսերի հեշտոցի ստորին բացվածքը ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ կուսաթաղանթով։ Նրա վրա կա փոքր անցք դաշտանային արյունը դուրս գալու համար։ Հեշտոցի մուտքի մոտ գտնվում է միզուկի արտաքին բացվածքը։ Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հիպոֆիզի հորմոնի ազդեցությամբ հասունանում է մեկ ձվաբջջով ֆոլիկուլ։ Ձվաբջջի հասունացումից հետո ֆոլիկուլի արտաքին շերտը խիստ բարակում է,երկրորդ շաբաթվա վերջում պատռվում,և ձվաբջիջն արտամղվում է ֆոլիկուլից,որը կոչվում է ձվազատում։ Այդ պահին արգանդափողի ծոպերը դասավորվում են ձվարանի շուրջը,և արտամղված ձվաբջիջն ընկնում է արգանդափողի մեջ,որտեղ ավարտվում է նրա հասունացումը և կարող է բեղմնավորվել։7 օրվա ընթացքում այն մղվում է արգանդի մեջ։ Պատռված ֆոլիկուկի խոռոչը լցվում է դեղնավուն ճարպանման նյութ պարունակող բջիջներով ու վերածվում դեղին մարմնի,որը ժամանակավոր ներզատական գեղձի դեր է կատարում։ Նրա արտազատված հորմոնը կասեցնում է հաջորդ ֆոլիկուլի հասունացումը,արգանդի լորձաթաղանթը նախապատրաստում ընդունելու բեղմնավորված ձվաբջջից զարգացող սաղմին։ Արգանդի արյան մազանոթներն արյունալեցվում են սաղմի սնուցումն ապահովելու համար։ Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվել,ձվազատման 13-14-րդ օրը դեղին մարմինը դադարում է արտազատել հորմոն,արգանդի լորձաթաղանթը պոկվում է և պատռված մազանոթների արյան ու քայքայված ձվաբջջի հետ արտամղվում դեպի հեշտոց և հեռանում օրգանիզմից։ Դա տևում է 3-5 օր և կոչվում է դաշտանային շրջան։ Դրանից հետո արգանդի լորձաթաղանթը վերականգնվում է։ Դաշտանային փուլը կրկնվում է յուրաքանչյուր 28-30-րդ օրը և կապված է ֆոլիկուլի և ձվաբջջի հասունացման հետ։

Տես նաև[խմբագրել]