Սեռական բազմացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։

Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։

Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։

Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։

Սեռական բջիջների զարգացում[խմբագրել]

Սեռական բջիջների բազմացում

Կենդանիների սպերմատոզոիդները և ձվաբջիջները զարգանում են սեռական գեղձերում՝ սերմնարաններում և ձվարաններում։ Սեռական գեղձերում կան 3 գոտիներ, որոնք են.

  • բազմացման գոտի, տեղավորված է սեռական գեղձի ամենասկզբում։ Այս գոտում գտնվում են սկզբնական սեռական բջիջները, որոնք բազմանում են միտոզով, և նրանց թիվը մեծանում է,
  • աճման գոտի, որտեղ ընկնում են սկզբնական սեռական բջիջները և արդեն չեն բաժանվում, այլ սկսում են աճել՝ հասնելով այն չափի, որը հատուկ է յուրաքանչյուր կենդանու տեսակի սեռական բջիջներին,
  • հասունացման գոտի, այստեղ անցնում են սեռական բջիջները, երբ ավարտվում է աճման պրոցեսը, և այդտեղ փոխարկվում են ձվաբջիջների և սպորմատոզոիդների։

Ձվաբջիջների և սպերմատոզոիդների զարգացումը միակերպ չի կատարվում։ Սերմնարանի հասունացման գոտում բաժանումից հետո ստացված բոլոր 4 բջիջները միանման են, բոլորը դառնում են հասուն սպերմատոզոիդներ։ Ձվարանի հասունացման գոտում նույնպես բաժանումից հետո ստացվում են 4 բջիջներ, սակայն մեծությամբ միանման չեն. բջիջներից մեկը մեծ է, իսկ երեքը՝ փոքր։ Մեծ բջիջը փոխակերպվում է հասուն ձվաբջջի, իսկ երեք փոքրերը, որոնք կոչվում են ուղղորդող մարմնիկներ, ոչնչանում են։

Կենսաբանական նշանակություն[խմբագրել]

Սեռական բազմացումն ունի զգալի առավելություններ անսեռ բազմացման նկատմամբ, քանի որ առաջացած նոր առանձնյակն ունենում է ծնողական օրգանիզմներին նման, բայց ոչ միևնույն հատկանիշները։ Դրանք ունենում են նաև կառուցվածքային և բջիջների միաձուլման տարբերություններ: Մայրական և հայրական օրգանիզմների գեների զուգակցումը պայմանավորում է սերունդներում դիտվող գենետիկական զգալի բազմազանությունը: Այսպիսով, սեռական բազմացումը մի կողմից պայմանավորում է սերունդների նմանությունը ծնողական ձևերին, մյուս կողմից նրանց հատկանիշների զգալի տարբերությունը և ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս: Սա ունի չափազանց կարևոր կենսաբանական նշանակություն, քանի որ տեսակի ներսում առանձնյակները ժառանգական առումով միմյանցից տարբերվում են, հետևաբար, ունեն տարբեր հատկանիշներ և միջավայրի փոփոխվող պայմաններում կարող են ցուցաբերել հարմարվածության տարբեր դրսևորումներ: Բնական է, միջավայրի մշտապես փոփոխվող պայմաններում տեսակի ներսում միշտ էլ կգտնվեն առանձնյակներ, որոնց հատկանիշները կհամապատասխանեն փոփոխված պայմաններին: Այդ իսկ պատճառով սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը: Դրանք կգոյատևեն և բեղուն սերունդ կտան՝ ապահովելով տվյալ տեսակի սերնդեսերունդ գոյությունը: Այսպիսով, սեռական բազմացման գլխավոր առավելությունն անսեռ բազմացման նկատմամբ ժառանգական զգալի բազմազանության ապահովումն է, որը մեծացնում է փոփոխականությունը, որն էլ իր հերթին նյութ է բնական ընտրության համար: Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է հենց սեռական բազմացմանը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կենսաբանություն, 10-րդ դասարան, Երևան 2010