Թագադրական (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագադրական
Ստեղծման թնական1897
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Wartski
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ալմաստ, արծնապակի, թավիշ, պլատին, սուտակ, Լեռնային բյուրեղապակի, ժադեիտ և կինովար
Բարձրություն12,7 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Թագադրական» (ռուս.՝ Коронационное), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Ձուն պատրաստվել է 1897 թվականին[1] և նվիրված է Նիկոլայ II կայսեր թագադրման մեկամյակին։ «Թագադրականը» Նիկոլայ II-ը նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։

Ոսկերիչ վարպետներն են՝ Միխայիլ Պերխինը, Հենրիկ Վիգսթրյոմը և Գեորգ Շթեյնը[3]։

Այսօր «Թագադրական» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[4]։ «Թագադրական» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[3]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի անակնկալ

«Թագադրական» կայսերական ոսկերչական ձուն պատված է կանաչավուն դեղին էմալով, որն արված է ճառագայթաձև շեղանկյունանման նախշերով։ Ձուն պատված է ոսկե նրբաճաղով, որոնք արված են դափնու տերևի տեսքով։ Այն կայսրուհու հագուստի վերարտադրությունն է, որով մասնակցել է թագադրման արարողությանը։ Ձվի գագաթին նրբաճաղերը հատվում են ադամանդների դրասանգով։ Նրբաճաղերի հատման տեղերում տեղադրված են երկգլխանի արծիվներ։ Դրանք սև էմալից են, վահանների վրա ադամանդներ են, իսկ ժապավեններին՝ երկնագույն էմալ[5]։ Ձվի գագաթի մեծ ադամանդի տակ տեղադրված է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագիրը՝ վարդազարդ՝ սուտակներով և ադամանդներով[5]՝ սպիտակ էմալե ֆոնի վրա։ Ձվի մյուս գագաթին ամրացված է ծաղկաբաժակի տեսքով ոսկի, իսկ կենտրոնում սև և սպիտակ էմալով գրված է ստեղծման տարեթիվը[2]՝ «1897». այն գտնվում է մեծ ադամանդի տակ՝ շրջապատված մանր ադամանդներով[6]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի ներսում սպիտակ թավիշով է պատված, որտեղ պահվում է 1793 թվականի Եկատերինա II-ի կայսերական ծածկակառքի մանրակերտ կրկնօրինակը[7]։ Վերջինիս երկարությունը 100 մմ է։ Այդ ծածկաքառքն է օգտագործվել Նիկոլայի և Ալեքսանդրայի թագադրման արարողության ժամանակ, որն անցկացվել է Մոսկվայի Վերափոխման մայր տաճարում։ Ծածկակառքի մանրակերտը ստեղծված է խիստ մանրամասնորեն։ Այն պատված է մորեգույն կարմիր էմալով, ադամանդակուռ է։ Տանիքին, անկյուններին և կողային հատվածներում կայսերական արծիվներ են, իսկ կենտրոնում՝ Ռուսական կայսրության թագը։ Դռներին Ռուսական կայսրության զինանշանն է՝ ոսկյա, ադամանդակուռ։ Ապակիները լեռնային բյուրեղապակուց են։ Վարագույրները նկարազարդված են և վեր բարձրացված։ Դուռը բացելիս կարելի է իջեցնել փոքրիկ ոտնատեղը։ Ծածկակառքի ներսում նստատեղերը և բարձերը պատված են թափանցիկ մորեգույն կարմիր էմալով, առաստաղը նկարազարդված է խաղողի վազով, բաց երկնագույն էմալե մեդալիոններով, ոսկե դրասանգներով, իսկ կենտրոնում ոսկե կեռիկ կա։ Կառքը տեղադրված է ոսկե ռեսորների վրա, անիվները ոսկուց են՝ պատված պլատինից անվադողերով[7]։

Ծածկակառքի ներսում, առաստաղին կեռիկից կախված է եղել զմրուխտից կամ ադամանդից կախազարդ, թափանցիկ ժադեիտից տակդիր և արծաթից ոսկեջրած թելեր. այսօր դրանք կորսված են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ի և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի թագարդրումը (Լաուրից Թուքսեն, 1898 թվական)

Նիկոլայ II-ի և նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի թագադրումը պատճառ դարձավ, որպեսզի ստեղծվի «Թագադրական» ոսկերչական ձուն[1]։ Թագադրման արարողությունը տեղի է ունեցել 1896 թվականի մայիսի 14-ին[2]։ Այդ օրը կայսեր գահը, որը նախկինում եղել է Միխայիլ Ռոմանովինը, զարդարված էր 870 ադամանդով, սուտակներով և մարգարիտներով[4]։ Կայսրուհու փղոսկրե գահը, որը նախկինում եղել է Իվան III-ինը, նույնպես զարդարված էր բազմաթիվ թանկարժեք քարերով[5]։

Ձվի սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրն ընտանիքի հետ: Ձախից աջ՝ Օլգա, Մարիա, Նիկոլայ, Ալեքսանդրա, Անաստասիա, Ալեքսեյ և Տատյանա: Լիվադիա, 1913 թվական

«Թագադրական» ոսկերչական ձուն կայսրը նվիրել է կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1897 թվականի Զատկի տոնին։ Այն գտնվել է կայսրուհու սենյակում՝ Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում։ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը բռնագրավում է ձուն և Անիչկովների պալատի զարդերի հետ տեղափոխում Կրեմլի զինապալատ։ 1922 թվականին ԽՍՀՄ ազգային կոմիսարների խորհուրդը վաճառքի է հանում կայսերական ձուն։

Հետագա տեղափոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսմեն Արմանդ Համմերը 1921 թվականին ձեռք է բերում 11 կայսերական ձու։ Սակայն «Թագադրական» ձվի գնի շուրջ չի կարող պայմանավորվածություն ձեռք բերել։ 1927 թվականին ձուն գնում է Էմանուել Սնոումենը լոնդոնյան «Wartski» պատկերասրահի համար։ 1934 թվականին ձուն վաճառվում է կոլեկցիոներ Չարլզ Փարսոնսին, սակայն 1945 թվականին կրկին հայտնվում է «Wartski» պատկերասրահում։ «Թագադրական» ձուն այստեղ է մնում ընդհուպ մինչև 1979 թվականը[8]։

XX դարի վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի մարտին ձուն վաճառվում է Մալկոլմ Ֆորբսին՝ 2.160.000 դոլարով «Երեք մանրակերտով նարդոսավարդագույն ձվի» հետ միասին[6]։ 2004 թվականի փետրվարի 4-ին Սոթբիս աճուրդի տունը հայտարարեց, որ Վիկտոր Վեկսելբերգը գնել է Ֆաբերժեի 180 արվեստի գործ, այդ թվում և 9 հազվագյուտ ոսկերչական ձու[9]։ Սոթբիսը չհայտարարեց «Թագադրականի» գինը։ Սակայն CNN-ը հաջորդ օրը, վաճառքից հետո հայտարարեց. «…այն շատ լուրջ առաջարկություն էր Ֆորբս ընտանիքի համար»։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ ձվի գինը կազմել է 24 միլիոն դոլար։

... Հավաքածուն իրականում անգին է։ Դրա նշանակությունը ռուսական պատմության համար հսկայական է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ կարողացա այն գնել և վերադարձնել մեր հայրենիքին։
- Վիկտոր Վեկսելբերգ

Ձուն մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թագադրական» ձվի ճշգրիտ կրկնօրինակը օգտագործվել է «Օուշենի տասներկու ընկերները» քրեական ֆիլմում, որը թողարկվել է 2004 թվականին։ Կրկնօրինակը պատրաստվել է «Vivian Alexander» դիզայն-ստուդիայում։ Ձվի կրկնօրինակի գինը կազմել է մոտավորապես 4000 դոլար։ Ֆիլմում ձուն գողանում են Հռոմի թանգարաններից մեկից՝ Օուշենի տասներկու ընկերների կողմից։

1983 թվականին Ջեյմս Բոնդի մասին նկարահանված «Ութոտնուկը» ֆիլմում կա մի դրվագ, որտեղ խորհրդավոր կերպով «Թագադրական» կեղծ ձուն հայտնվում է Արևմտյան Բեռլինում Միացյալ Թագավորության դեսպանատանն անցկացվող երեկույթին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Коронационное - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  3. 3,0 3,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Яйцо Коронационное Фаберже 1897». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  6. 6,0 6,1 «Глава из книги «Сокровища российской империи» про Коронационное яйцо». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. 7,0 7,1 «Թագադրական ձվի անակնկալը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. 1897 Coronation Egg Արխիվացված 2012-03-31 Wayback Machine (անգլ.)
  9. Российский бизнесмен оптом купил яйца Фаберже: уникальная коллекция возвращается в Россию

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]