Մարգարիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարգարիտը փափկամարմինների (մոլյուսկների) խեցիներում արտադրվող պինդ, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման (որսի) դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարիտ բառը, բազմաթիվ մշակույթներում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ հազվադեպ, հիանալի և ցանկալի մի բան։

Մարգարիտը, որ համարվում է բնության պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային կալցիումից։ Առաջանում է խեցու մեջ կողմնակի առարկա (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։

Ընդհանրապես, կարծիք կա, որ մարգարիտն անմիջական կապ ունի մի շարք տիեզերական մարմինների հետ, որոնք ոչ միայն պայմանավորում են նրա ծնունդը, այլև կյանքը (թանկարժեք քար լինելուց բացի մարգարիտը նախ և առաջ կենդանի քար է), այսպես, մարգարտի ծագումը և աճը հաճախ կապվում է Նեպտունի էներգիայի հետ, նրա գերզգայնաթյունը և էներգիան համարվում են Լուսինի «ընծան», լավ ճաշակի նշան և շքեղության տարր լինելը պայմանավորում է Վեներան։

Ինչևէ, Ռուսաստանում այն հայտնի դարձավ միայն 10-րդ դարում, իսկ 13-17-րդ դարում այն ազնվականների հագուստի, կանացի գլխազարդերի և անգամ հոգևորականության հանդերձանքի զարդարման համար օգտագործվող ամենանախընտրելի քարն էր։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները գետի մարգարիտը ևս օգտագործում էին իբրև զարդեր։ Հարավային ծովամերձ երկրներում, բնականաբար, առավել ընդունված էր ծովային մարգարիտը, որի լավագույն տեսակներն էին համարվում Պարսից ծոցից կամ Պոլինեզիայի լագունաներից «պեղած» մարգարտահատիկները։ Այսօր ևս մարգարիտի որսը շատ ծանր և վտանգավոր զբաղմունք է։ «Որսորդները» դրանք ձեռք բերելու համար նախ ծովերի հատակներից հավաքում են փափկամորթներին, և միայն ափին բացում են դրանց խեցիները։ Սովորաբար 30-40 խեցիներից միայն մեկում է մարգարիտ լինում։ Չնայած երբեմն մեկ խեցում կարող են լինել 2-3 կամ նույնիսկ ավել մարգարտահատիկներ։

Չափսերը, գույնն ու ձևը[խմբագրել]

Մարգարտի չափերը ևս տարբերվում են. հանդիպում են ասեղագլխի չափից մինչև աղավնու ձվի չափ ունեցող մարգարիտներ։ Մինչ այժմ գտնված 450 կարատ մեծությամբ ամենամեծ մարգարիտը պահվում է Լոնդոնի Երկրաբանական թանգարանում։ Հենց անգլիական արքայական թագն են զարդարում նաև ամենահայտնի սև մարգարիտները։

Margarit-003.jpg

Մարգարիտը կարող է լինել սպիտակ, դեղնավուն, կրեմագույն, արծաթագույն, ոսկեգույն, մոխրագույն կամ երկնագույն։ Իսկ ըստ ձևի այն կարող է լինել՝ կանոնավոր, գնդաձև, կիսագնդաձև, երկարավուն, արցունքաձև, ինչպես նաև՝ լինել «պարագոն»՝ ունենալ օրինակ գորտ կամ ձիու գլուխ հիշեցնող ձև։ Սա հավասարապես վերաբերում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական մարգարիտներին։

Բնականի և արհեստականի տարբերումը[խմբագրել]

Միմյանցից կարելի է տարբերել անգամ ամենապարզ մեթոդով, օրինակ՝ մարգարտահատիկն ատամներով սեղմելով, կամ պինդ մակերեսին հարվածելով։ Բնական մարգարիտը՝ իր հարաբերական փափկությամբ հանդերձ տվյալ դեպքերում ամբողջական կմնա, իսկ արհեստականը ամենայն հավանականությամբ կփխլվի և կփշրվի։ Սակայն, պետք է նշել, որ արհեստական մարգարտի ստեղծումը բնականի որսումից ոչ պակաս բարդ գործ է։

Արհեստական «աճեցում»[խմբագրել]

Արհեստական մարգարիտ շատ դժվար է «աճեցվում». 1000 խեցիներից կեսը, որոնցում տեղադրվում է օտար մարմին, մահանում են՝ չդիմանալով այդ ներխուժմանը։ Եվս 20 տոկոսը մահանում է այն երկու տարիների ընթացքում, երբ տեղի է ունենում մարգարտի աճը։ Իսկ երբեմն տեղի է ունենում գաղտակուր խեցիների զանգվածային մահ. այդպիսի մի զարմանալի դեպք տարիներ առաջ գրանցվել է Ճապոնիայում. այնտեղ վախճանվեց մարգարիտ աճեցնող ամենահայտնի ընկերություններից մեկի տերը, իսկ կես տարի չանցած մահացան նաև ընկերության բոլոր՝ 100 հազար խեցիները։ Ինչևէ, մեր օրերում մարգարտի՝ նորաձևության ասպարեզում չափազանց կարևոր տարր դառնալու պայմաններում անասելի կարևորվում է արհեստական մարգարիտը, որն իր ձևով, փայլով և նույնիսկ գնով չի զիջում բնական մարգարտին, որի 7-8 մմ տրամագծով մեկ հատիկը՝ գնահատվում է մի քանի հազար եվրո։ Ավելին, ճապոնական, երբեմն նաև ավստրալական ընկերությունների կողմից ստեղծված արհեստական մարգարիտները կազմում են ողջ աշխարհում սպառվող մարգարիտների վաճառքի ծավալի 90 տոկոսը։ Եվ այսօր երկրագունդը համակած մարգարտամոլության պայմաններում այնքան էլ չի կարևորվում դրա ծագումը. չէ որ, ի վերջո, ինչպես մարգարիտների վաճառքով զբաղվող Golary ընկերության նախագահն է ասում «Աճեցված մարգարիտը բնականից տարբերվում է այնքանով, որքանով այգում աճեցված ծաղիկը դաշտայինից»։ Ի դեպ, միայն Golary–ում տարեկան աճեցվում է մոտ 400 կիլոգրամ մարգարիտ, որից միայն հատընտիր մարգարիտներն են օգտագործվում ոսկերչական գլուխգործոցներ ստեղծելու համար։ Առաջին արհեստական մարգարիտները, որ «աճեցրել» էին ճապոնացիները, վաճառքի հանվեցին 20-րդ դարի սկզբին։

Margarit-002.jpg

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Բարձրաշխարհիկ տիկին Փեգի Հոփքինս Ջոնսը՝ ստիպելով իր ամուսնուն երեք հարյուր հազար դոլար ծախսել ոչ թե հերթական զբոսանավի, այլ իր քմահաճույքի՝ երեք մետրանոց մարգարտաշարի վրա. սիրում էր կրկնել՝ «Զբոսանավերից երբեմն սիրտս խառնում է, մարգարիտներից՝ երբեք»։ Մարգարիտն էր հենց, որ շատ չանցած դարձավ Կոկո Շանելի պաշտամունքի առարկան, դարի կեսերից այն դարձավ «բարձր ոճի մարմնացում» համարվող Ժակլին Քենեդիի զարդատուփի ամենակարևոր պարագան։ Մարգարտային վերջին բումը տեղի ունեցավ անցյալ դարի 90-ականներին. այդ ժամանակ գրեթե ոչինչ հնարավոր չէր պատկերացնել առանց մարգարտի։ Մադոննան իր «Like a Virgin» տեսահոլովակում հայտնվեց մարգարտյա կոլյեով, Պրինցն իր ձայնասկավառակն անվանեց «Diamonds and Pearls»։ 21-րդ դարում մարգարիտը սեքս-խորհրդանիշ դարձրեց Սքարլեթ Յոհանսոնին՝ «Մարգարտյա ականջօղով աղջիկը» ֆիլմի դերակատարուհուն, իսկ Myla-ն իր հաճախորդներին առաջարկեց մարգարիտներով զարդարված էրոտիկ մատանիներ։ Չնայած, ընդհանրապես մարգարտի պարունակած «էրոտիկ խորհուրդն» ավելի հին պատմություն ունի։ Սակայն այսօր ականջը գարդարող արցունքանման մարգարտահատիկ-ականջօղը ոչ միայն էլեգանտություն է հաղորդում այն կրողին կամ խոսում նրա բնածին նուրբ ճաշակի մասին, այլև շատ դիզայներների կողմից օգտագործվում է իբրև միջոց, որ լավագույնս ընդգծում է կանացի զգայականությունը։ Չնայած ոմանք գտնում են, որ մարգարիտը միշտ էլ օգտագործվել է որոշակի «էրոտիկ կոնտեքստով», տեսակետ, որի կողմնակիցները վկայակոչում են հենց մարգարտի ծագումը՝ ինչ-որ մարմինների հետ ունեցած «ինտիմ փոխհարաբերությունների» արդյունքում։ Հայտնի է նաև, որ դեռևս Հին Եգիպտոսում և Չինաստանում այն օգտագործում էին իբրև կոսմետիկական միջոց և ենթադրում էին, որ մարգարիտը կարող է ուժգնացնել հակառակ սեռի հրապուրանքն այն կրողի հանդեպ։ Իսկ տիբեթցի ճգնավորներն, ըստ ավանդության, ունեին այնպիսի «հմայության մարգարիտներ», որոնք ավելացնում էին «սիրային ախորժակը» այնպես, որ դրանց գայթակղությանը չէր կարող դիմակայել և ոչ ոք։ Ավելին, կարծիք կա անգամ, որ մարգարիտը, բառի բուն իմաստով, ապրում է իր տիրոջ կյանքով՝ փայլում է նրա առողջությամբ և գունատվում՝ տկարության դեպքում։

Խնամքը[խմբագրել]

Margarit-007.jpg

Ընդհանրապես լինելով ամենահարգի զարդի վերածված կենդանի էակ, մարգարիտն իր մեջ պարունակում է օրգանական նյութ, որը ժամանակի ընթացքում չորանում է ու փտում՝ սահմանելով մարգարտի կյանքի տևողությունը, մի ժամանակահատված, որի ընթացքում մարգարիտն աստիճանաբար «սփրթնում» է, շերտավորվում և քայքայվում։ Սակայն, ճիշտ խնամքի դեպքում դրանց կյանքը կարելի է երկարաձգել մինչև 200 տարի։ Դա իրականացնելու համար նախ պետք է այն անընդհատ կրել։ Չի կարելի մարգարիտը պահել շատ խոնավ և չոր վայրերում, ինչպես նաև՝ երկար թողնել արևի տակ։ Իսկ եթե մարգարիտը սփրթնել է, ապա պետք է այն լվանալ աղաջրով և մշակել ածխաթթվի կալցիումով, ապա և՝ եթերով։ Կարելի է նաև լվանալ թույլ օճառաջրով և փայլեցնել աղաթթվում թրջած լաթով կամ խցանածառի փոշով։ Մարգարտի երկարակեցությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում նաև մարգարտյա զարդերը լողանալուց առաջ հանել, հնարավորինս խուսափել դրանց և օծանելիքի, յուղերի, սոսնձի շփումից։ Բացի այդ մարգարտաշարը կազմելիս խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մարգարտահատիկն անցկացնելուց հետո քարկապ գցել թելը և միայն հետո անցկացնել երկրորդը։ Եվ այդպես շարունակ։ Դա կկանխի մարգարտահատիկների՝ միմյանց համար որոշակիորեն վնասակար անմիջական շփումը, իսկ թելը, որի վրա հավաքված են մարգարիտները, պետք է փոխել 2-3 տարին մեկ։

Արժեքը[խմբագրել]

Իսկ ինչ վերաբերում է մարգարտի արժեքին, ապա դրա գինն աճում է տրամագծի յուրաքանչյուր միլիմետրի հետ։ Բացի չափերից գնի վրա ազդում են նաև մարգարտի վրա հանդիպող բծերն ու անհարթությունները, փայլը, գույնը։ Իսկ սրանք հանգամանքներ են, որ նախ և առաջ պայմանավորված են մարդկային համբերությամբ, քանի որ կապված են այն բանի հետ, թե որքան ժամանակ է մարգարիտն աճեցվել, որքան երկար է մարգարտի աճման պրոցեսը, այնքան ավելի արտասովոր և խորհրդավոր է նրա փայլը։ Հայտնի են, օրինակ դեպքեր, երբ չափերով և նրբերանգներով իրարից շատ չտարբերվող սև մարգարիտներից մեկ կոլյե ստեղծելու համար պահանջվել է 12 տարի։ Այս տեսակետից այսօր առավել «երկար սպասված» և հարգի են վարդագույն մարգարիտները։

Վարդագույն մարգարիտ[խմբագրել]

Ըստ վիճակագրության վարդագույն մարգարիտ առկա է 10 000 խեցիներից միայն մեկում, իսկ գտնվածներից էլ միայն ամեն տասներորդն է իրենից ոսկերչական արժեք ներկայացնում։ Ըստ այդմ, տարեկան որսվում է 500-800 մարգարիտ, որոնք վաճառքի են հանվում միայն առասպելական գումարների դիմաց։

Հնում կարծում էին, որ մարգարիտը կարող է ուժգնացնել հակառակ սեռի հրապուրանքն այն կրողի հանդեպ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg


margarit@ nayev handes e galis mardkayin anmamb qani vor shat gexecik anun e es unem barekam ayd anunov