Ծիածան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ծիածան (այլ կիրառումներ)
Կրկնակի ծիածան: Ներքևում երևացող լուսանկարչի գլխի ստվերի տեղում գտնվում է ծիածանի աղեղի կենտրոնը:
Վերևից երևացող շրջանաձև ծիածանը:
Ծիածանի ծայրը:

Ծիածան, անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ կամարի տեսքով մթնոլորտի տեսողական երևույթ է։

Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։
Ծիածան չի երևում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից 42°-ից ավելի բարձրության վրա։
Աստվածաշնչում նշվում է, որ ծիածանը հայտնվել է համաշխարհային ջրհեղեղից հետո, որպես մարդկությանը ներելու նշան։ Հայերենում այս երևույթն ունեցել է նաև ծիրանի գոտի, տիրկան կամ տիրական գոտի (Տիր աստծու անունով), աստվածակամար (ըստ Անանիա Շիրակացու), Աստվածածնի գոտի անունները։

Ջրի կաթիլի մեջ մտնելուց հետո սպիտակ լույսը դիսպերսիայի շնորհիվ բաժանվում է մասերի:

Առաջացումը[խմբագրել]

Սովորաբար, ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է բացված արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Դա տևում է մի քանիսից մինչև մի քանի տասնյակ րոպե։

Ծիածանին նման երևույթ կարելի է դիտել նաև ջրվեժներից և շատրվաններից գոյացած շաղերում։

Ծիածանի կենտրոնը գտնվում է Արևի սկավառակով և դիտորդի աչքով անցնող ուղղի վրա։ Ծիածանը երևում է այն ժամանակ, երբ մարդը մեջքով կանգնած է դեպի արևի կողմը։
Ինքնաթիռից ծիածանը կարելի է տեսնել ամբողջությամբ, կենտրոնում այդ նույն ինքնաթիռի ստվերով։

Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի գնդաձև կաթիլներում Արեգակի ճառագայթների բեկման, անդրադարձման երևույթներով, որոնք ուղեկցվում են ալիքի տարբեր երկարության ճառագայթների դիֆրակցիայով և ինտերֆերենցիայով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։

Ծիածանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ առաջնային ծիածանի ներսում երկինքն ավելի վառ է, քան նրա դրսի կողմինը։ Դա նրանից է, որ անձրևի կաթիլները գնդաձև են և նրանցից յուրաքանչյուրը լույսը ցրում է և ամբողջությամբ գունավորվում է երկնքում գտնվող սկավառակը, սակայն այդ սկավառակի միայն եզրային մասն է ստանում այն տեսքը, որին մենք ասում ենք ծիածան։

Գույները[խմբագրել]

Ընդունված է համարել, որ ծիածանն ունի յոթ գույն`

Կարմիր Նարնջագույն Դեղին Կանաչ Երկնագույն Կապույտ Մանուշակագույն

Իրականում այդ գույներն առանձնացված չեն, և մի գույնից մյուսին անցման տեղում լինում են բազմաթիվ միջանկյալ երանգներ։
Առաջնային ծիածանի կարմիր գույնը շրջանի դրսի կողմից է, իսկ մանուշակագույնը՝ ներսի։ Երբեմն առաջինի շուրջը որոշ հեռավորության վրա կարելի է տեսնել երկրորդային ծիածան, որի գույներն ավելի աղոտ են և դասավորված են հակառակ կարգով, մանուշակագույնը դրսի կողմից է, կարմիրը՝ ներսի։

Բառակազմություն[խմբագրել]

Հին հունարեն ἶρις՝ ծիածան բառից է առաջացել իրիդիում քիմիական տարրի անունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • Robert Greenler, Rainbows, Halos, and Glories, (1980) ISBN 0-521-38865-1
  • David K. Lynch & William Livingston, «Color and Light in Nature», 2nd edition (2001) ISBN 0-521-77504-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png