Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա (ԵՄՔԱ), անգլերեն` Young Men's Christian Association (YMCA), հիմնադրվել է 1844 թվականի հունիսի 6-ին Լոնդոնում։ Արդեն 1855 թվականին, ի շնորհիվ արագ տարածման, դարձել է համաշխարհային շարժում, որն ըստ ԱՄՆ Նախագահ Ուիլյամ Հ. Թաֆթի 1922 թվականին տված բնութագրման. "...Պատփերազմների համամարդկային պատմության ընթացքում աննախադեպ արդյունքների հասավ իր խաղաղասիրական գործունեությամբ:”

Լինելով քրիստոնեական արժեքները հիմնարար ընդունող կազմակերպություն ու սկիզբ առնելով Բրիտանական կայսրությունում, ԵՄՔԱ-ն ի սկզբանե ունեցել է բողոքական հենք։ Սակայն ժամանակի ընթացքում տարածվելով աշխարհով մեկ, դարձել է համաեկեղեցական շարժում` առաքելությամբ ամփոփված Համաշխարհային ԵՄՔԱ Փարիզյան Հիմնադրույթներում։ Այսօր ԵՄՔԱ շարժումը գործում է աշխարհի 119 երկրներում և ունի շուրջ 58 միլիոն անդամ` միավորված ԵՄՔԱ-ների Համաշխարհային Ալիանսի հովանու ներքո։

ԵՄՔԱ-ն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության հասած առաջին կազմակերպություննեից մեկն էր։ Գյումրիի Զորջ Բայրոնի անվան նորակառույց դպրոցը վերջինիս անմիջական աջակցության օրինակներից մեկն է։ 1994 թվականին ձևավորվեց և պաշտոնապես գրանցվեց ԵՄՔԱ-ների Հայկական Ազգային Միությունը, որի անդամ կազմակերպությունները այսօր համայնքային ծառայություններ են մատուցում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում և Վարդենիսում։ Այն ԵՄՔԱ-ների Եվրոպական Ալիանսի լիիրավ անդամ է։ 2004 թվականից Ստեփանակերտում գործում է նաև Արցախի ԵՄՔԱ-ն, որը հանդիսանում է ԵՄՔԱ-ների Եվրոպական Ալիանսի համագործակցող անդամ` անկախ կարգավիճակով։

Հետաքրքիր Փաստեր[խմբագրել]

ԵՄՔԱ-ում են ստեղծվել Բասկետբոլ և վոլեյբոլ մարզաձևերը, այն նաև հայտնի է "Village People" խմբի YMCA երգով։

Պատմություն[խմբագրել]

Գործունեությունը Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում. 1883-1923 թվականներ[խմբագրել]

Հայերենում գործածվել է նաև Երիտասարդաց քրիստոնեական ընկերակցություն (ԵՔԸ) անունը։

ԵՄՔԱ շարժումը ձևավորվել ու ընդլայնվել է որպես ուղղակի արդյունք բողոքական եկեղեցիների “Մեծ Զարթոնքի” երրորդ ալիքի, որը հատկապես նկատելի հետք թողեց Ամերիկայում։ Միսիոներական շարժման նոր ալիքը այդ զարթոնքի բուն դրսևորումն էր։ 1886 թվականին Ամերիկյան ԵՄՔԱ-ն նախաձեռնում է Օտարերկրյա առաքելությունների ուսանողական կամավորական շարժումը։ Առաջ քաշելով “եվանգելիզացնել աշխարհը մեկ սերնդի միջոցով” հավակնոտ տեսլականը, այս շարժումը Չինաստանի, Ճապոնիայի ու Հնդկաստանի հետ միասին Օսմանյան կայսրությունը ընտրում է որպես հիմնական թիրախ։

ԵՄՔԱ շարժումը Օսմանյան կայսրություն է ներթափանցում նախորդող միսիոներական ալիքների արդյունքում այնտեղ արդեն ստեղծված կառույցների միջոցով։ Դրանք առաջին հերթին եվրոպացիների և ամերիկացիների հիմնած քրիստոնեական քոլեջներն էին, որտեղ սովորելու մեծ ձգտում ունեին հատկապես հայ երիտասարդները։ Այդ հաստատություններից էին Ռոբերտ քոլոջը Կ.Պոլսում (հիմն. 1863թ.), Անատոլիա քոլեջը Մարզվանում (1886 – 1924թ.թ.), Սբ. Պողոսի քոլեջը Տարսոնում (հիմն. 1888 թ., 1930թ.-ից Տարսոնի ամերիկյան քոլեջ ), Միջազգային քոլեջը Զմյուռնիայում (1891 – 1922թ.թ.)։ Հենց այս քոլեջների ուսանողների շրջանակներում էլ ձևավորվեցին առաջին ԵՄՔԱ խմբակները` ստանձնելով ուսանողական ինքնակառավարման, արտաուսումնական ժամանցն ու հասարակական կյանքը կազմակերպելու գործառույթներ։ Այդ քոլեջների շրջանավարտների միջոցով էլ ԵՄՔԱ շարժումը հետագայում սկսեց տարածվել դեպի Փոքր Ասիա, Կիլիկիա և Արևմտյան Հայաստան, տեղերում ձևավորելով ԵՄՔԱ համայնքային խմբեր և կառույցներ, որոնց հիմնական գործունեությունը շարունակեց մնալ կրթությունը։ Այդպիսիք էին Ադաբազարի, Ադանայի, Զմյուռնիայի, Կ.Պոլսոի, Վանի ԵՄՔԱ-ները։

Սակայն Օսմանյան կայսրությունում ծավալված հետագա իրադարձությունները` Աբդուլ Համիդի և նրա հաջորդների կողմից իրականացվող քրիստոնեաների և հատկապես հայերի բնաջնջումն ու հետևողական հայրենազրկումը, միսիոներներին ընդհանրապես` ԵՄՔԱ շարճմանը մասնավորապես, ստիպեցին որպես առաջնահերթություն արձագանքել այդ հումանիտար աղետներին։ Հազարավոր կյանքեր փրկվեցին շնորհիվ այդ արձագանքի։ Միաժամանակ ԵՄՔԱ-ն, ի դեմս իր եվրոպացի և ամերիկացի քարտուղարների, ականատեսն ու վավերագիրն է եղել այդ իրադարձությունների, մասնավորապես.

Այս վկայությունները փաստագրվել և պահպանվում են Ժնևում ԵՄՔԱ Համաշխարհային Ալիանսի և Միննեսոտայի համալսարանի Է. Լ. Անդերսոնի անվան գրադարանի Քաութս ընտանիքի ԵՄՔԱ արխիվներում։

1923 թվականից հետո հայաթափված Թուրքիայում ԵՄՔԱ գործունեությունը դադարում է շոշափելի առնչություն ունենալ հայերի հետ։ Ավելին, առանց հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների այն միանշանակ և վերջնականապես կորցնում է իր անդամության հենքը բոլոր այն քաղաքներում, որտեղ որ գործել էր մինչ Առաջին համաշխարհային պատերազմը։ Իսկ վերջին մոհիկանը` Կ.Պոլսի ԵՔԱՆ-ն քեմալական վարչակազմի ճնշումների տակ 1939 թվականին վերջիվերջո դադարեցնում է իր գործունեքությունը։

Աղբյուրներ[խմբագրել]

  • ԵՄՔԱ Համաշխարհային Ալիանսի արխիվ. Ժնև, Շվեյցարիա։
  • Միննեսոտայի համալսարանի Է. Լ. Անդերսոնի անվան գրադարանի Քաութս ընտանիքի ԵՄՔԱ արխիվ. ԱՄՆ։
  • Աշճեան, Համբարձում Յ., վեր.. ‘Ատանայի եղեռնը և Գոնիայէ յուշեր (պատմութեան համար)’, Նյու Յորք, 1950։
  • Shedd, Clarence Prouty and others։ ‘History of the World’s Alliance of Young Men’s Christian Associations’, London, 1955.
  • Balakian, Peter։ 'The Burning Tigris - The Armenian Genocide and America's Response', New York, 2003.
  • Steuer, Kenneth։ ‘Pursuit of an 'Unparalleled Opportunity' - The American YMCA and Prisoner of War Diplomacy among the Central Power Nations during World War I, 1914-1923’, Kalamazoo (Michigan), 2008.